ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1454-Լ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-279-12.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 23 Երևան |
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է նվազեցնել հանրային ծառայության բնագավառում խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային ցենզը՝ այն 30 տարեկանից դարձնելով 25 տարեկան՝ ելնելով այդ հայեցողական պաշտոնն առավել լայն շրջանակի արհեստավարժ անձանց համար հասանելի դարձնելու և նրանց ներուժը պետական կառավարման տարբեր ոլորտներում արդյունավետորեն օգտագործելու անհրաժեշտությունից:
Նախագծով առաջարկվող կարգավորումն ընդհանուր առմամբ ընդունելի է:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով ևս նախատեսվել է նույնաբովանդակ կարգավորում: Ավելին, նշված նախագծով, բացի հանրային ծառայության ոլորտում խորհրդականի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց տարիքային ցենզի նվազեցումից, հանվել է նաև հանրային ծառայության կամ աշխատանքային ստաժ ունենալու պահանջը:
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթը (Կ-292-23.09.2019-ՊԻ-011/0):
Ելնելով նշվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով ներկայացված առաջարկությանն անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի (Կ-292-23.09.2019-ՊԻ-011/0) շրջանակներում:
Այնուամենայնիվ, կարգավորումը դրական է և քննարկվելու դեպքում խնդրում ենք հանել նաև հանրային ծառայության կամ աշխատանքային ստաժ ունենալու պահանջը: