ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2019 թվականի N 1347-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-266-02.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 7 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-266-02.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է քննչական բաժնի պետին ներառել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում՝ որպես առանձին դատավարական կարգավիճակ ունեցող սուբյեկտ, ում որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ կարող են բողոքներ ներկայացվել դատարան կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածում սահմանված են քննչական բաժնի պետի լիազորությունները, որոնք ըստ բնույթի դասակարգվում են կազմակերպաիրավական և դատավարական լիազորությունների: Այսպես, քննչական բաժնի պետի կազմակերպաիրավական լիազորությունները թվարկված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասում. դրանք են՝
1) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա քննիչին, գործն իրեն ենթակա մի քննիչից հանձնում է մյուսին.
2) հետևում է իրեն անմիջականորեն ենթակա քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելու, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետները պահպանելու, դատախազի ցուցումները և այլ քննիչների հանձնարարությունները կատարելու նկատմամբ.
3) իրեն անմիջականորեն ենթակա քննիչներին ցուցումներ է տալիս իրենց վարույթում գտնվող քրեական գործերով առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.
4) նախաքննության կատարումը հանձնարարում է իրեն ենթակա մի քանի քննիչի:
Նշված լիազորությունների բովանդակությունից հետևում է, որ դրանք ներքին աշխատանքային բնույթ են կրում և չեն դասվում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքին:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված են քննչական բաժնի պետի դատավարական լիազորությունները: Այսպես, նշված հոդվածի համաձայն քննչական բաժնի պետն իրավունք ունի մասնակցելու իրեն անմիջականորեն ենթակա քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարելու նախաքննությունը՝ օգտվելով քննիչի լիազորություններից: Այսինքն, նշված քրեադատավարական կարգավորումներից հետևում է, որ քննչական բաժնի պետը քրեական վարույթի շրջանակներում կարող է հանդես գալ որպես քննիչ: Հետևաբար, քննչական բաժնի պետը դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումներ ընդունելիս կամ գործողություններ կատարելիս ունի քննիչի կարգավիճակ, որը ձեռք է բերում՝ քրեական գործն իր վարույթ ընդունելով:
Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում խոսքը գնում է այնպիսի որոշումների և գործողությունների մասին, որոնք ոչ թե կազմակերպաիրավական, այլ դատավարական բնույթ են կրում: Այդ նկատառումներից ելնելով՝ օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում համապատասխան սուբյեկտների շարքում չի ներառել քննչական բաժնի պետին, քանի որ, ինչպես արդեն նշել էինք, նախաքննություն կատարելիս քննչական բաժնի պետը հանդես է գալիս որպես քննիչ:
Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|