Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.18/72(1525).1 Հոդ.930.11
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.08.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
01.08.2019
Дата вступления в силу
01.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/5371/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/5371/05/15
2019թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Դատավորներ՝

Ք. Մկոյան

Գ . Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Ա. Բարսեղյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. Ավանեսյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Գ. Հակոբյան

 

 

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին

դռնբաց դատական նիստում քննելով «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Կազմակերպության ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարի, Հրազդանի քաղաքապետի, Աբովյանի քաղաքապետի, Վանաձորի քաղաքապետի` նշված համայնքների ղեկավարների` համապատասխանաբար 06.08.2015 թվականի թիվ 243, 04.08.2015 թվականի թիվ Ե-1260, 20.08.2015 թվականի թիվ 967 և 18.08.2015 թվականի թիվ 4270 գրությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.05.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը բեկանելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարի, Աբովյան, Հրազդան, Վանաձոր քաղաքների քաղաքապետերի՝ համապատասխանաբար 06.08.2015 թվականի թիվ 243, 04.08.2015 թվականի թիվ Ե-1260, 20.08.2015 թվականի թիվ 967 և 18.08.2015 թվականի թիվ 4270 գրությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 23.05.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.03.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.05.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.05.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ սահմանադրական դատարանը, Կազմակերպության դիմումի հիման վրա քննելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «մասնակցել» և 7-րդ մասի՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 30.01.2018 թվականի թիվ ՍԴՈ-1399 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության՝ «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը» դրույթն այն մասով, որով իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելափակում է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդներին սահմանված կարգով ներկա գտնվելու և աճուրդի ընթացքը դիտարկելու նման ցանկություն հայտնած անձանց, այդ թվում` իրենց կանոնադրական պարտականությունը կատարող կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունը:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող՝ սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ աճուրդի սկսվելու պահից դահլիճ մտնելու արգելքը համապատասխանում է համաչափության և որոշակիության սկզբունքներին և չի սահմանափակում անձի՝ կարծիք արտահայտելու ազատությունը և տեղեկություններ ստանալու իրավունքը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ վերը նշված իրավական նորմերը կիրառել է ՀՀ սահմանադրական դատարանի 30.01.2018 թվականի թիվ ՍԴՈ-1399 որոշմամբ տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել և բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և (կամ) Վերաքննիչ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել՝ նոր քննության կամ փոփոխել այն՝ հայցը բավարարել»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի համայնքապետին, Աբովյանի, Հրազդանի և Վանաձորի քաղաքապետերին հասցեագրված 30.07.2015 թվականի և 12.08.2015 թվականի դիմումներով Կազմակերպությունը խնդրել է Կազմակերպության լրագրողներին թույլ տալ ներկա գտնվելու կազմակերպվող համայնքային սեփականության հողերի աճուրդին՝ դիտարկելու և լուսաբանելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 20-23).

2) Աբովյանի, Հրազդանի և Վանաձորի քաղաքապետերի՝ համապատասխանաբար 04.08.2015 թվականի թիվ Ե-1260, 20.08.2015 թվականի թիվ 967 և 18.08.2015 թվականի թիվ 4270 գրություններով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի վկայակոչմամբ Կազմակերպության դիմումները մերժվել են (հատոր 1-ին, գ.թ. 25-27).

3) Դատարանը մերժել է վերոգրյալ գրությունները, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտի համայնքապետի գրությունն անվավեր ճանաչելու մասին Կազմակերպության հայցը՝ հիմք ընդունելով նաև ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավադրույթը (հատոր 1-ին, գ.թ. 102-125).

4) Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նաև ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված իրավադրույթները, անփոփոխ է թողել Դատարանի վճիռը (հատոր 2-րդ, գ.թ. 112-120).

5) ՀՀ սահմանադրական դատարանը, Կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «մասնակցել» և 7-րդ մասի՝ «աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 30.01.2018 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1399 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության՝ «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը» դրույթն այն մասով, որով իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելափակում է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդներին սահմանված կարգով ներկա գտնվելու և աճուրդի ընթացքը դիտարկելու նման ցանկություն հայտնած անձանց, այդ թվում` իրենց կանոնադրական պարտականությունը կատարող կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, հակասում է ՀՀ Սահմանադրության 42-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ նույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 որոշմամբ անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` (...) աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է (...):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բալահովիտ համայնքի ղեկավարի, Աբովյան, Հրազդան, Վանաձոր քաղաքների քաղաքապետերի՝ համապատասխանաբար 06.08.2015 թվականի թիվ 243, 04.08.2015 թվականի թիվ Ե-1260, 20.08.2015 թվականի թիվ 967 և 18.08.2015 թվականի թիվ 4270 գրություններով Կազմակերպության դիմումները մերժվել են՝ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի վկայակոչմամբ: Կազմակերպությունը, դիմելով դատարան, պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել իր դիմումները մերժելու մասին գրությունները:

Դատարանի վճռով Կազմակերպության հայցը մերժվել է՝ հիմք ընդունելով նաև ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավադրույթը: Դատարանը պատճառաբանել է, որ օրենսդիրը հստակորեն հատկորոշել է աճուրդի «մասնակից» և «մասնակից չհամարվող» եզրույթները` միաժամանակ սահմանելով նաև այն անձանց շրջանակը, որոնք ընդհանրապես իրավունք չունեն լինելու աճուրդի մասնակից: Մասնավորապես, եթե աճուրդի (մատնանշված օրենքի իմաստով` նաև հրապարակային սակարկության) մասնակիցները նույն օրենքով սահմանված կարգով նախավճար վճարած և հրապարակային սակարկությունների միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձինք են, ապա մասնակից չհամարվող անձինք աճուրդի կանոնակարգով նախատեսված կարգով աճուրդին ներկա գտնվելու ցանկություն հայտնած անձինք են, որոնք իրենց ցանկությունն արտահայտում են աճուրդի մուտքի համապատասխան վճարը (աճուրդի կանոնակարգով վճար նախատեսված լինելու դեպքում) վճարելով կամ առնվազն աճուրդին ներկայանալով (աճուրդի կանոնակարգով աճուրդին ներկա գտնվելու համար մուտքի վճար նախատեսված չլինելու դեպքում): Փաստորեն, աճուրդին ներկա գտնվող անձինք համարվում են աճուրդին մասնակից չհամարվող անձինք: Կազմակերպության ներկայացուցիչները փաստացի չեն ներկայացել համայնքների ղեկավարների կողմից կազմակերպված աճուրդների անցկացման վայր, այլ ընդամենը Կազմակերպությունը ներկայացրել է կազմակերպված աճուրդներին ներկա գտնվելու իր ցանկության վերաբերյալ դիմումներ` դրանով իր վարքագծին տալով պասիվ դրսևորում:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նաև ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված իրավադրույթները, անփոփոխ է թողել Դատարանի վճիռը՝ վերահաստատելով Դատարանի հայտնած իրավական դիրքորոշումը:

ՀՀ սահմանադրական դատարանը, Կազմակերպության դիմումի հիման վրա` ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «մասնակցել» և 7-րդ մասի՝ «աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 30.01.2018 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1399 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության՝ «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը» դրույթն այն մասով, որով իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելափակում է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդներին սահմանված կարգով ներկա գտնվելու և աճուրդի ընթացքը դիտարկելու նման ցանկություն հայտնած անձանց, այդ թվում` իրենց կանոնադրական պարտականությունը կատարող կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, հակասում է ՀՀ Սահմանադրության 42-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված՝ «Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ նույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 30.01.2018 թվականի թիվ ՍԴՈ-1399 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել Դատարանի կողմից կիրառված ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.05.2017 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

Սույն գործի փաստերը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ սահմանադրական դատարանի 30.01.2018 թվականի թիվ ՍԴՈ-1399 որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.05.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.05.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկվի նոր քննության, քանի որ հակասահմանադրական ճանաչված նորմի կիրառման արդյունքում Կազմակերպության համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի նոր քննության դեպքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.05.2017 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան