Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.18/72(1525).1 Հոդ.930.19
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.08.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
01.08.2019
Дата вступления в силу
01.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական 
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/4024/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/4024/05/17
2019թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան

Դատավորներ՝

Կ. Բաղդասարյան

Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Մ. Դրմեյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

 

 

Գ. Հակոբյան

 

 

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին

դռնբաց դատական նիստում քննելով Առնո Չիլինգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Առնո Չիլինգարյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` Ծառայության 03.04.2017 թվականի թիվ 1705913604 որոշումն (այսուհետ՝ Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Առնո Չիլինգարյանը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 27.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.09.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է, և Առնո Չիլինգարյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցման գումար։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Առնո Չիլինգարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասը, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորին վերագրված իրավախախտումը կատարելու փաստը հիմնավորող իրեղեն ապացույց հանդիսացող տեսանյութի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Որոշմամբ հիշատակվող տրանսպորտային միջոցի վարորդը խաչմերուկ է մուտք գործում և հատում «հոծ գիծ»-ը լուսացույցի դեղին ազդանշանի առկայությամբ: Հետևաբար խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատեր նախընտրած ուղղությամբ՝ անկախ ելքի լուսացույցի ազդանշանից։ Հետևաբար տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշների համապատասխանությունն առնվազն կասկած է հարուցում: Այդ պայմաններում Առնո Չիլինգարյանը չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության։

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշման դեմ բողոքներով ֆիզիկական անձն ազատված է պետական տուրքի վճարումից` անկախ դատաքննության ելքից և իրադարձությունների հետագա զարգացման տրամաբանությունից: Հետևաբար տվյալ դեպքում Առնո Չիլինգարյանի վրա չէր կարող դրվել Ծառայության կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականություն, քանի որ Առնո Չիլինգարյանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Նման դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ մասնակիորեն բեկանել և փոփոխել դատական ակտը»։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)   Ծառայության Որոշման համաձայն՝ Առնո Չիլինգարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 20.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 21.03.2017 թվականին՝ ժամը 17:21-ին, Երևան քաղաքի Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկի հատվածում չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին (գ.թ. 9),

2)   Որոշմամբ Առնո Չիլինգարյանին վերագրվող արարքն ամրագրող տեսանյութում երևում է, որ Առնո Չիլինգարյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը հատում է «Կանգ-գիծ» գծանշումը լուսացույցի կարմիր ազդանշանի ներքո (էլեկտրոնային կրիչ, գ.թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

 

1) Վճռաբեկ բողոքի առաջին հիմքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է հետևյալին.

Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված տեսանյութում ամրագրված արարքը կարո՞ղ է արդյոք հիմք հանդիսանալ Առնո Չիլինգարյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթարկելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

 

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետի համաձայն` լուսացույցներում կիրառվում են կանաչ, դեղին, կարմիր և լուսնասպիտակ գույների լուսային ազդանշաններ:

Նույն որոշման նույն հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

1) (...).

2) (...).

3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը (...) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.

4) (...).

5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև՝ թարթող, արգելում է երթևեկությունը (...).

6) (...):

Նույն որոշման նույն հավելվածի 18-րդ կետի համաձայն` լուսացույցի (...) արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (...) առջև (...):

Նույն որոշման նույն հավելվածի 19-րդ կետի համաձայն` դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների նշված խախտումը հաճախ հայտնաբերվում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (...) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (...):

 

Հաշվի առնելով վերոգրյալ իրավադրույթների մեկնաբանության վերաբերյալ Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով 30.04.2015 թվականին և Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով 27.11.2015 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այսինքն՝ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը հայտնաբերվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա ըստ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի՝ այդ արարքի կատարման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմանն այն է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չհարուցի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կամ այն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստի առկայությունը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում կարող է կասկած չհարուցել միայն այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պարունակում է միանշանակ տվյալներ այն մասին, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին: Այլ կերպ ասած՝ քննարկվող իրավիճակում վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պետք է բովանդակի այնպիսի տեղեկություններ, որոնք անառարկելիորեն վկայում են այն մասին, որ լուսացույցի արգելող ազդանշանին ենթարկվելու պահանջները ենթադրյալ իրավախախտման կատարման պահին տարածվել են տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի վրա, և վերջինս չի կատարել այդ ազդանշանի պահանջները:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտ ընդունելու իրավական նախադրյալն այն է, որ այդ վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարով կամ տեսանյութով ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Առնո Չիլինգարյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը։ Նշված վարչական ակտով Առնո Չիլինգարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 20.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 21.03.2017 թվականին՝ ժամը 17։21-ին, Երևան քաղաքի Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկի հատվածում չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին:

Դատարանը բավարարել է Առնո Չիլինգարյանի հայցը՝ պատճառաբանելով, որ տեսանյութում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, որպիսի պայմաններում իրավախախտման հատկանիշը չի կարող համարվել պարզված, ուստի և իրավախախտման փաստի առկայությունը հիմնավորված չէ: Դատարանը գտել է, որ սույն գործով չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Առնո Չիլինգարյանին պատկանող «NISSAN» մակնիշի 14SS358 համարանիշի ավտոմեքենան չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Ծառայության հատկորոշած ճանապարհահատվածում հայցվորն իր վարած տրանսպորտային միջոցով տեսանկարահանող սարքի ցուցիչով ժամը 17:20:59-ից անշարժ դիրքում է «Կանգ-գիծ» գծանշման առջև: Ընդ որում, տվյալ պահին միացած է նաև հայցվորի նախընտրած ուղղությամբ երթևեկությունը թույլատրող լուսացույցի կանաչ ազդանշանը: Տեսանկարահանող սարքի ժամային ցուցիչով ժամը 17:21:07-ից միանում է նաև հայցվորի երթևեկության ուղղությամբ երթևեկությունն այլևս արգելող լուսացույցի կարմիր ազդանշանը: Այնուհետև տեսանկարահանող սարքի ցուցիչով ժամը 17:21:09-ից հայցվորը սկսում է երթևեկությունը` փաստացի այդ պահից մուտք գործելով խաչմերուկ և շարունակելով իր նախընտրած ուղղությամբ երթևեկությունն արդեն այն պայմաններում, երբ իր ուղղության երթևեկությունը կարգավորող լուսացույցի վրա վառված է կարմիր` երթևեկությունն արգելող ազդանշանը: Փաստորեն, տվյալ իրադրությունում հայցվորը, հասնելով խաչմերուկ և երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով լուսացույցի թույլատրող ազդանշանի առկայության պայմաններում չկարողանալով մուտք գործել խաչմերուկ, իրավացիորեն կանգ է առնում սահմանված տեղում, բայցևայնպես, երթևեկությունը սկսելով` մուտք է գործում խաչմերուկ և շարունակում երթևեկությունն իր նախընտրած ուղղությամբ` այդ ուղղությամբ երթևեկությունն արգելող կարմիր ազդանշանի պայմաններում` փաստացի խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջն առ այն, որ լուսացույցի կարմիր ազդանշանն արգելում է երթևեկությունը: Ընդ որում, հայցվորի մատնանշված վարքագիծն ակնհայտ է տեսանյութի ամրագրած տվյալներով: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում տեսանյութը հնարավորություն տալիս է հատկորոշել վարորդի արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների միջև ուղիղ համապատասխանությունը, որը կասկած չի հարուցում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության հարցը լուծելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված տեսանյութով ամրագրված արարքի և իրավախախտման, այսինքն՝ լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու, հատկանիշների համապատասխանությունը կասկած հարուցում է, թե՝ ոչ։

Սույն գործի փաստերից երևում է, որ Որոշմամբ Առնո Չիլինգարյանին վերագրվող արարքն ամրագրող տեսանյութը, որն առանձին էլեկտրոնային կրիչով ներկայացվել է Ծառայության կողմից, պարունակում է այնպիսի տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է ապացուցել, որ Առնո Չիլինգարյանին պատկանող տրանսպորտային միջոցի մոտենալու պահին լուսացույցն ուներ երթևեկությունն արգելող ազդանշան: Տեսանյութից ակնհայտ է, որ Առնո Չիլինգարյանին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը հատում է «Կանգ-գիծ» գծանշումը լուսացույցի կարմիր ազդանշանի ներքո, որը ողջամտորեն տարածվում էր վերջինիս վրա:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ տվյալ դեպքում տեսանյութում ամրագրված արարքի և Առնո Չիլինգարյանին վերագրվող իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, և Որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

 

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է հետևյալին.

արդյո՞ք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա կարող է դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն այն դեպքում, երբ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատման ձևով օրենքի ուժով սահմանված արտոնության՝ դատական բողոքարկման փուլերում կիրառման առանձնահատկություններին անդրադարձել է Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է դատական ծախսերի բաշխման հարցն այն իրավիճակում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման պահանջի հիման վրա հարուցված դատական գործը վարչական դատարանում լուծվում է հայցվորի օգտին, վարչական դատարանի դատական ակտը վերադաս դատական ատյան է բողոքարկվում ոչ թե հայցվորի, այլ պատասխանող վարչական մարմնի կողմից, և այդ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվում է ի վնաս հայցվորի: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել իրավական դիրքորոշումներ ձևավորել հենց այդ խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:

Նպատակ ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ներդնել վարչական գործերով իրավակիրառ պրակտիկայի հիմքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության. եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն: Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից: Այդ դեպքում վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող վարչական մարմնի կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված (տե´ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առնո Չիլինգարյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերության հիմքով ազատված է Որոշման՝ որպես անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի, վիճարկման հայցով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից:

Դատարանը, ինչպես նշվեց, բավարարել է Առնո Չիլինգարյանի հայցը՝ Որոշումը ճանաչելով անվավեր:

Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է պատասխանող Ծառայությունը: Ծառայությունն ազատված չէ վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականությունից և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է պետական տուրք՝ 10.000 ՀՀ դրամի չափով: Սակայն Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը՝ հայցը մերժել է: Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին՝ Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի կիրառմամբ Առնո Չլինգարյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Ծառայության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ֆիզիկական անձի՝ Առնո Չիլինգարյանի վրա:

Մինչդեռ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում սույն որոշմամբ արված իրավական հետևությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Առնո Չիլինգարյանի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվոր Առնո Չիլինգարյանի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Առնո Չիլինգարյանի վրա պետական տուրք վճարելու (փոխհատուցելու) պարտականություն դնելու փոխարեն, պարտավոր էր վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող Ծառայության կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առնո Չիլինգարյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի 6-րդ պարբերության ուժով ազատված է վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Առնո Չիլինգարյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2018 թվականի որոշման՝ վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման մասը, և այդ մասով այն փոփոխել՝ վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան