Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.18/72(1525).1 Հոդ.930.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.08.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
01.08.2019
Дата вступления в силу
01.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/6171/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/6171/05/15
2019թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

Դատավորներ՝

Ա. Առաքելյան

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Մ. Դրմեյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

 

 

Գ. Հակոբյան

 

 

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարտին Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարտին Մկրտչյանի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանն անվավեր ճանաչելու և իրավունքը վերականգնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարտին Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը և որպես ածանցյալ պահանջ՝ «վերականգնել իր իրավունքը»:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 24.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է և Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.12.2016 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.05.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարտին Մկրտչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ, 237-րդ, 238-րդ, 239-րդ հոդվածները, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ, 56-րդ, 57-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև չի կնքվել լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանի հիմքում ընկած են իրար հակասող երկու ապացույցներ, այն է` փորձագետի եզրակացությունը և անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի տեղեկանքը, որոնք բովանդակում են իրարամերժ տվյալներ Նախարարությանը պատճառված վնասի չափի վերաբերյալ: Հետևաբար սույն գործով վիճարկվող վարչական ակտը որոշակի չէ, քանի որ չի պարունակում նշում այն մասին, թե Մարտին Մկրտչյանը վերջապես ինչ չափով է ենթարկվում նյութական պատասխանատվության: Փաստորեն, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանից հստակ չի երևում, թե Մարտին Մկրտչյանի վրա ինչ պարտականություն է դրվում: Ավելին, վիճարկվող վարչական ակտում նշված չէ, թե Նախարարությունը ինչ փաստական տվյալների վրա է հիմնվել նման ակտ կայացնելիս:

Այսպիսով, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը չի համապատասխանում վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության պահանջներին և ենթակա է անվավեր ճանաչման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)  15.07.2013 թվականին Նախարարության աշխատակազմի ՊՀՀՏ Այրում-Ջիլիզայի սանիտարական կարանտինային կետի պետ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև կնքվել է «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագիր, որով Մարտին Մկրտչյանին է կցագրվել 2007 թվականի արտադրության «Շևրոլե-Նիվա 2130» մակնիշի, գույնը` արծաթափայլ, «578 OU 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Պայմանագրի համաձայն` Նախարարության աշխատակազմը հանձնարարել է, իսկ Մարտին Մկրտչյանը ստանձնել է պատասխանատվություն` Նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված և իրեն կցագրված տրանսպորտային միջոցին կամ վերջինով պատճառված վնասի, ինչպես նաև Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում նյութական պատասխանատվության կիրառման գործընթացի վերաբերյալ։

Նույն պայմանագրի 4.3-րդ կետի համաձայն` Մարտին Մկրտչյանը պարտավոր է հատուցել գործատուին պատճառված վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Պայմանագրի 4.4-րդ կետի համաձայն` հատուցվող պատճառված վնասի չափը որոշվում է ապահովագրական ընկերության կողմից վնասի գնահատման չափով կամ Նախարարության հետ «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքած ընկերության կողմից կատարված ծախսերի չափով: Պայմանագրի 5.4.8-րդ կետի համաձայն՝ Մարտին Մկրտչյանը պարտավոր է լրիվ հատուցել իր մեղքով տրանսպորտային միջոցին կամ վերջինով պատճառված վնասը (հատոր 1-ին, գ.թ. 104-110):

2)  Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից 23.10.2013 թվականին կայացված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» թիվ Մ/Ն-40 որոշման համաձայն` Մարտին Մկրտչյանը 26.09.2013 թվականին՝ ժամը 23։00-ի սահմաններում, վարելով Նախարարության աշխատակազմի կողմից տրամադրված «Շևրոլե-Նիվա» մակնիշի «578 ՕՍ 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ և 66-րդ կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին հակասող գործողություններ, որոնց արդյունքում բախվել է ճանապարհի ձախ կողմում գտնվող գազատար խողովակին, ապա ժայռաբեկորին և ենթարկվել վթարի (հատոր 1-ին, գ.թ. 72-74):

3)  Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետի կողմից 10.10.2013 թվականին կազմվել է համապատասխան եզրակացություն, որով վթարված «Շևրոլե-Նիվա» մակնիշի «578 ՕՍ 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը գնահատվել է 1.046.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 24-26):

4)  Նախարարության հետ «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքած անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից 28.11.2013 թվականին կազմված տեղեկանքի համաձայն` «Շևրոլե-Նիվա» մակնիշի «578 ՕՍ 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերանորոգման շուկայական արժեքը կազմում է 2.284.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 70):

5)  Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանի համաձայն` Նախարարության աշխատակազմի պետական առողջապահական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Մկրտչյանը ենթարկվել է նյութական պատասխանատվության. հրամայվել է 2014 թվականի մարտ ամսից սկսած Մարտին Մկրտչյանի աշխատավարձից կատարել պահումներ` յուրաքանչյուր ամիս նրա աշխատավարձի 50 տոկոսի չափով: Նշված հրամանի ընդունման համար Նախարարության աշխատակազմի ղեկավարը հիմք է ընդունել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ գլխի պահանջները, ՀՀ կառավարության 15.08.2002 թվականի թիվ 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված՝ Նախարարության կանոնադրության 43-րդ կետի «զ» ենթակետը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 24.10.2013 թվականի թիվ 248-Ա հրամանը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Մարտին Մկրտչյանի միջև 15.07.2013 թվականի «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագիրը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժանմունքի պետից ստացված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը՝ կից 10.10.2013 թվականի թիվ 75-ԱՊ փորձագետի եզրակացությամբ, անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից 28.11.2013 թվականին կազմված տեղեկանքը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատարի 18.02.2014 թվականի թիվ 87/ՃՈ-410 գրությամբ ստացված տեղեկատվությունը, Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի 27.02.2014 թվականի զեկուցագիրը (հատոր 1-ին, գ.թ. 23):

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության պահանջների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Մարտին Մկրտչյանին նյութական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը համապատասխանում է վարչական ակտին ներկայացվող որոշակիության և հիմնավորվածության պահանջներին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները. վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) անհատական կամ ներքին իրավական ակտի նախաբանում կամ բովանդակության մեջ պետք է նշվի, թե որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտը՝ որպես անհատական իրավական ակտի տարատեսակ, պետք է համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի որոշակի, ավարտուն, ձևակերպված լինի հստակ, որը կբացառի երկիմաստությունը և տարակարծությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը։ Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտերին ներկայացվող որոշակիության պահանջին՝ արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության սկզբունքը տարածվում է բոլոր իրավական ակտերի վրա: Օրենսդիրը վարչական ակտերի համար իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը կոնկրետացրել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում: Օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, միաժամանակ, վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Այսպիսով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում ամրագրված վարչական ակտի որոշակիության պահանջն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի մասնավոր դրսևորում է: Հաշվի առնելով վարչական ակտի որոշակիության սկզբունքի կարևորությունը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որևէ վարչական ակտ չի կարող համարվել իրավաչափ, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (տե՛ս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընդդեմ «Կրիստալ» ՍՊԸ-ի ՎԴ/65320/03/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.06.2014 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածների վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն. օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը, այսինքն՝ վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները և իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ վարչական ակտը հիմնավորելու՝ վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (տե՛ս Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տե՛ս «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Մարտին Մկրտչյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը: Նշված վարչական ակտով Նախարարության աշխատակազմի ծառայող Մարտին Մկրտչյանը ենթարկվել է նյութական պատասխանատվության. հրամայվել է 2014 թվականի մարտ ամսից սկսած Մարտին Մկրտչյանի աշխատավարձից կատարել պահումներ` յուրաքանչյուր ամիս նրա աշխատավարձի 50 տոկոսի չափով: Այդ հրամանի ընդունման համար Նախարարության աշխատակազմի ղեկավարը հիմք է ընդունել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ գլխի պահանջները, ՀՀ կառավարության 15.08.2002 թվականի թիվ 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված՝ Նախարարության կանոնադրության 43-րդ կետի «զ» ենթակետը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 24.10.2013 թվականի թիվ 248-Ա հրամանը, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Մարտին Մկրտչյանի միջև 15.07.2013 թվականի «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագիրը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժանմունքի պետից ստացված «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը՝ կից 10.10.2013 թվականի թիվ 75-ԱՊ փորձագետի եզրակացությամբ, անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից 28.11.2013 թվականին կազմված տեղեկանքը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատարի 18.02.2014 թվականի թիվ 87/ՃՈ-410 գրությամբ ստացված տեղեկատվությունը, Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի 27.02.2014 թվականի զեկուցագիրը:

Դատարանը բավարարել է Մարտին Մկրտչյանի հայցը՝ անվավեր ճանաչելով Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանը: Դատարանը վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև 15.07.2013 թվականին կնքված պայմանագիրը չի հանդիսանում լիակատար նյութական պատասխանատվությամբ պայմանագիր: Հետևաբար, Մարտին Մկրտչյանը պարտավոր էր հատուցել Նախարարությանը պատճառված վնասը միայն իր երեք ամսվա միջին աշխատավարձի սահմաններում: Բացի այդ, Դատարանը գտել է, որ վիճարկվող հրամանն ընդունվել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ: Ավելին՝ հրամանից պարզ չէ, թե կոնկրետ որքան գումար է կազմել հատուցման ենթակա վնասը, և յուրաքանչյուր ամիս կոնկրետ որքան գումար պետք է պահվի Մարտին Մկրտչյանի աշխատավարձից:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Նախարարության վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը՝ մերժելով հայցը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև 15.07.2013 թվականին կնքված պայմանագրով Մարտին Մկրտչյանը ստանձնել է Նախարարությանը պատճառվելիք վնասների հատուցման լրիվ պատասխանատվություն: Նախարարությանը հասցված վնասի չափը որոշվում է Նախարարության և «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքած ընկերության կողմից կատարված ծախսերի չափով: Տվյալ դեպքում վնասի չափը հիմնված է անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից տրված տեղեկանքի վրա և կազմում է 2.284.000 ՀՀ դրամ: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի՝ վիճարկվող հրամանը հիմնավորված ու որոշակիություն պարունակող վարչական ակտ է և ենթակա չէ անվավեր ճանաչման:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը հիմնված է 15.07.2013 թվականին Նախարարության ծառայող Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև կնքված «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագրի վրա: Այդ պայմանագրով Մարտին Մկրտչյանին է կցագրվել 2007 թվականի արտադրության «Շևրոլե-Նիվա 2130» մակնիշի, գույնը` արծաթափայլ, «578 OU 64» հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Պայմանագրի համաձայն` Նախարարության աշխատակազմը հանձնարարել է, իսկ Մարտին Մկրտչյանը ստանձնել է պատասխանատվություն` Նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված և իրեն կցագրված տրանսպորտային միջոցին կամ վերջինով պատճառված վնասի, ինչպես նաև Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում նյութական պատասխանատվության կիրառման գործընթացի վերաբերյալ։ Նույն պայմանագրի 4.3-րդ կետի համաձայն` Մարտին Մկրտչյանը պարտավոր է հատուցել գործատուին պատճառված վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Պայմանագրի 4.4-րդ կետի համաձայն` հատուցվող պատճառված վնասի չափը որոշվում է ապահովագրական ընկերության կողմից վնասի գնահատման չափով կամ Նախարարության հետ «Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման» պայմանագիր կնքած ընկերության կողմից կատարված ծախսերի չափով: Պայմանագրի 5.4.8-րդ կետի համաձայն՝ Մարտին Մկրտչյանը պարտավոր է լրիվ հատուցել իր մեղքով տրանսպորտային միջոցին կամ վերջինով պատճառված վնասը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 04.12.2001 թվականին, ուժը կորցրել է 01.07.2018 թվականին) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական ծառայողի՝ որպես աշխատողի կողմից աշխատանքային գործունեության արդյունքում պատճառված վնասների հատուցման վերաբերյալ քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ առանձնահատկություններ սահմանված չեն: Հետևաբար, այս իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ նույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, եթե`

1) վնասը պատճառվել է դիտավորությամբ.

2) վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով.

3) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր.

4) վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով.

5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն.

6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշումներում անդրադառնալով աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկությունները հանգում են հետևյալին` պատճառված վնասի համար պատասխանատվության ընդհանուր պայմաններին ավելանում են ևս երկու պայման, այն է` վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: Ընդ որում, պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս տարրերն աշխատողի նյութական պատասխանատվության դեպքում հարկ է դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համատեքստում, որը թվարկում է աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը՝ սպառիչ սահմանելով վնաս պատճառելուն ուղղված հակաիրավական վարքագծի դրսևորումները:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ աշխատանքային հարաբերություններում սահմանված է աշխատողի ոչ լրիվ ծավալով՝ սահմանափակ նյութական պատասխանատվություն, բացառությամբ օրենքով հստակ սահմանված դեպքերի: Ընդ որում, այդ դեպքերի վերլուծությունից հետևում է, որ լիակատար պատասխանատվություն սահմանվում է կա՛մ աշխատողի այնպիսի վարքագծի արդյունքում, որն առավել վտանգավոր է (վնասը պատճառվել է դիտավորությամբ, հանցավոր գործունեության արդյունքում կամ ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ), կա՛մ այնպիսի դեպքերում, որոնք սահմանված են պայմանագրով կամ օրենքով (աշխատողի հետ կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, կամ վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն), կա՛մ եթե վնասը պատճառվել է կոնկրետ գույքի (վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով): Մնացած բոլոր դեպքերում աշխատողը կրում է ոչ լրիվ ծավալով նյութական պատասխանատվություն (տե՛ս «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/3614/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ 15.07.2013 թվականին Նախարարության աշխատակից Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև կնքված «Նյութական պատասխանատվության մասին» պայմանագրի վերլուծությունից հետևում է, որ Մարտին Մկրտչյանի և Նախարարության միջև կնքվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 238-րդ հոդվածի պահանջներին համապատասխան նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, ինչից հետևում է, որ տվյալ աշխատանքային հարաբերություններում սահմանված է աշխատողի ոչ լրիվ ծավալով՝ սահմանափակ նյութական պատասխանատվություն, բացառությամբ օրենքով հստակ սահմանված դեպքերի: Հետևաբար, եթե Մարտին Մկրտչյանի մեղքով Նախարարությանը պատճառված վնասի չափը գերազանցում է վերջինիս երեք ամսվա միջին աշխատավարձի չափը, ապա Նախարարությունը կարող է Մարտին Մկրտչյանին ենթարկել նյութական պատասխանատվության միայն վերջինիս երեք ամսվա միջին աշխատավարձի չափով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանից պարզ չէ թե՛ պատճառված նյութական վնասի կոնկրետ չափը, թե՛ նյութական պատասխանատվության կոնկրետ չափը: Վիճարկվող հրամանում չկա որևէ նշում այն մասին, որ Մարտին Մկրտչյանի նկատմամբ կիրառված նյութական պատասխանատվության չափը չի կարող գերազանցել վերջինիս երեք ամսվա միջին աշխատավարձի չափը: Ավելին՝ հրամանի հիմքում դրվել են վնասի չափի վերաբերյալ հակասական տեղեկատվություն տրամադրող երկու տարբեր փաստաթղթեր` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության 10.10.2013 թվականի թիվ 75-ԱՊ փորձագիտական եզրակացությունը, որով վթարված ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը գնահատվել է 1.046.000 ՀՀ դրամ, և անհատ ձեռնարկատեր Հայկ Գևորգյանի կողմից կազմված տեղեկանքը, որով ավտոմեքենային պատճառված վնասի չափը որոշվել է 2.284.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա հրամանի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում հստակ չի նշվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն կոնկրետ իրավանորմը, որով վերջինս կարող էր ենթարկվել նյութական պատասխանատվության:

Բացի այդ, հրամանում նշված է, որ Մարտին Մկրտչյանի աշխատավարձից պետք է կատարել պահումներ դրա 50 տոկոսի չափով, մինչդեռ հստակ ձևակերպված չէ, թե որքան ժամանակ պետք է կատարվեն այդ պահումները: Այսինքն՝ վիճարկվող հրամանը չի բովանդակում նաև այն ժամկետի ավարտը, որի ընթացքում վարչական մարմինն իրավասու է կատարել Մարտին Մկրտչյանի աշխատավարձից պահումներ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանը` որպես անհատական իրավական ակտ, լիակատար և բավարար հստակությամբ ձևակերպված չէ, չի կարգավորում Նախարարության և Մարտին Մկրտչյանի միջև նյութական պատասխանատվություն ծագելու և կրելու առանձնահատկությունները, քանի որ հնարավորություն չի տալիս նյութական պատասխանատվության ենթարկված անձին ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետևանքները:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը՝ Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանը, չի համապատասխանում վարչական ակտերին ներկայացվող՝ որոշակիության և հիմնավորվածության պահանջներին. այդ վարչական ակտն իր բովանդակությամբ չի համապատասխանում դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, չի պարունակում հիմնավորում, այսինքն՝ հրամանում նշված չեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքները: Բացի այդ, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանը ձևակերպված չէ հստակ և հասկանալի, և դրա բովանդակությունը շարադրված չէ այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իր վրա կոնկրետ ինչ պարտականություն է դրվում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող հրամանն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, 56-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 57-րդ հոդվածի 1-ին մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ և ենթակա է անվավեր ճանաչման: Հետևաբար, Դատարանը, անվավեր ճանաչելով Նախարարության աշխատակազմի ղեկավարի 03.03.2014 թվականի թիվ 376-Ա վիճարկվող հրամանը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարտին Մկրտչյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարտին Մկրտչյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Նախարարության կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.    Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 24.05.2016 թվականի վճռին:

2.    ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Մարտին Մկրտչյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3.    Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ռ. Հակոբյան

Զեկուցող`

Մ. Դրմեյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան