ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3798/02/16 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3798/02/16 Դատավորներ՝ Ն. Բարսեղյան
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
ս. Թորոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ե. Խունդկարյան | |
|
զեկուցող |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
|
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
|
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
|
|
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
|
|
Տ. Պետրոսյան |
|
|
Է. Սեդրակյան |
|
|
Ն. Տավարացյան |
2019 թվականի հունիսի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Հակոբյանի ներկայացուցիչ Համլետ Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Նարինե Հակոբյանի ընդդեմ Արմեն Հակոբյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նարինե Հակոբյանը պահանջել է Արմեն Հակոբյանից հօգուտ Նարինե Հակոբյանի որպես իրենց երեխաների՝ Աբել Արմենի Հակոբյանի (ծնված` 09.12.2005 թվականին), Անանիա Արմենի Հակոբյանի (ծնված` 21.06.2010 թվականին), Արեն Արմենի Հակոբյանի (ծնված` 04.06.2014 թվականին) համար բռնագանձել յուրաքանչյուր երեխայի համար ալիմենտ` կայուն դրամական գումարով` ամսական 50.000 ՀՀ դրամ` մինչև երեխաների չափահաս դառնալը: Ալիմենտի բռնագանձման սկիզբ համարել 05.09.2016 թվականը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ամալյան) (այսուհետ՝ Դատարան) 11.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Արմեն Հակոբյանից հօգուտ Նարինե Հակոբյանի խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաներ՝ Աբել Արմենի Հակոբյանի, Անանիա Արմենի Հակոբյանի, Արեն Արմենի Հակոբյանի, բռնագանձվել է կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 50.000 ՀՀ դրամ` մինչև երեխաների չափահաս դառնալը: Ալիմենտի բռնագանձումը կատարվել է 09.09.2016 թվականից:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.09.2018 թվականի որոշմամբ Արմեն Հակոբյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին մերժվել է, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Հակոբյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նարինե Հակոբյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, չկատարելով գործի նյութերի բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն, ըստ էության առանց որևէ օրինական հիմքի մերժել է գործին մասնակից չդարձած անձի վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը, ինչով խախտել է անձի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով պաշտպանող իրավունքներն ու օրինական շահերը:
Վերաքննիչ դատարանի կողմից վերոհիշյալ իրավական նորմի խախտման փաստը հաստատվում է նրանով, որ գործի նյութերից ակնհայտ հետևում է, որ Դատարանը գործը քննել է` խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 53-րդ, 78-րդ, 109-րդ հոդվածների պահանջները, որի արդյունքում կայացվել է անօրինական և անհիմն դատական ակտ:
Այսպես՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է անձի սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրականացման իրավունքը, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն անհիմն պատճառաբանությամբ, որ եթե մի հասցեով Արմեն Հակոբյանի անվամբ ուղարկվել է վճռի օրինակը, և այն ստացվել է ինչ որ անձի կողմից, ապա Արմեն Հակոբյանը համարվում է պատշաճ ծանուցված:
Սույն դեպքում առկա է մարդու իրավունքների և ազատությունների առերևույթ հիմնարար խախտում, քանի որ ինչպես գործի նյութերով, այնպես էլ Վերաքննիչ դատարան ներկայացված ապացույցներով հաստատվում է, որ Արմեն Հակոբյանը երբևէ չի բնակվել Երևանի Կորյուն փողոցի թիվ 23 շենքի 43-րդ բնակարանում, քանի որ իր կողմից ներկայացված ապացույցներով հաստատվում է, որ գործի քննության ընթացքում Արմեն Հակոբյանը բնակվել է Ղազախստանում, հետևաբար սույն գործով առկա է Արմեն Հակոբյանի իրավունքների հիմնարար խախտում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է, և դրա վարույթ ընդունելը ենթակա է մերժման: Վճռաբեկ բողոքի մեջ, որպես դատավարական ժամկետը բաց թողնելու հիմնավորում նշվել է այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը կայացվել է 11.04.2018 թվականին, սակայն դրա գոյության մասին բողոքաբերը տեղեկացել է 02.08.2018 թվականին, երբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ստացել է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը: Մինչդեռ վճիռը բողոքաբերին ուղարկվել է պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի հասցեով, իսկ հետադարձ ծանուցման թերթիկը 17.04.2018 թվականին ստորագրվել և փոստային բաժանմունքի կողմից հետ է վերադարձվել Դատարան: Բողոք բերած անձը չի հիմնավորել փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ ոչ պատշաճ անձի հանձնելու հանգամանքը:
Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարանի) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով (տե´ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը ևս 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Սույն գործով Նարինե Հակոբյանը 06.09.2016 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արմեն Հակոբյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին: Պատասխանողի հասցեն հայցադիմումում նշվել է` քաղաք Երևան Նոր Նորքի 7-րդ զանգված թիվ 19 շենք 34-րդ բնակարան: Դատարանի 09.09.2016 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (1-ին հատոր, գ.թ. 2-4): Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը Արմեն Հակոբյանին է ուղարկվել քաղաք Երևան Նոր Նորքի 7-րդ զանգված թիվ 19 շենք 34-րդ բնակարան հասցեով, որը սակայն հետ է վերադարձվել Դատարան` «ՀՀ-ից բացակայում է» նշումով (1-ին հատոր, գ.թ. 15, 17): Դատարանը, 28.03.2017 թվականին ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, գրություն է ուղարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին: Միաժամանակ դատական նիստի ծանուցագիրը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (1-ին հատոր, գ.թ. 32, 34): Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի`05.05.2017 թվականի գրության համաձայն`«(…)Արմեն Հակոբյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցել չի հաջողվել, քանի որ նշված անձը չի բնակվում ք. Երևան Նոր Նորքի 7-րդ զանգված 19 շենք բնակարան 34 հասցեում» (1-ին հատոր, գ.թ. 40): Նարինե Հակոբյանը, 15.08.2017 թվականին դիմում է ներկայացրել Դատարան, հայտնելով, որ Արմեն Հակոբյանի ծանուցման հասցեն է` քաղաք Երևան Կորյուն փողոց թիվ 23 շենք բնակարան 43-րդ (1-ին հատոր, գ.թ. 50): Դատարանի կողմից Արմեն Հակոբյանին դատական ծանուցագիրն ուղարկվել է հայցվորի կողմից հայտնած՝ Երևանի Կորյուն փողոց թիվ 23 շենք բնակարան 43-րդ հասցեով, որը վերջինս, ըստ գործում առկա հանձնման հավաստագրի, ստացել է (1-ին հատոր, գ.թ. 71): Դատարանի 11.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն (1-ին հատոր, գ.թ. 88-96): Դատարանի վճիռն Արմեն Հակոբյանին ուղարկվել է Երևանի Կորյուն փողոց թիվ 23 շենք բնակարան 43-րդ հասցեով (1-ին հատոր, գ.թ 98, 100):
Արմեն Հակոբյանը 06.08.2018 թվականին Դատարանի 11.04.2018 թվականի վճռի դեմ փոստային առաքմամբ ներկայացրել է վերաքննիչ բողոք (2-րդ հատոր, գ.թ. 30)՝ միջնորդելով հարգելի համարել բողոք բերելու ժամկետի բացթողումը, քանի որ նշված վճռի մասին տեղեկացել է 03.08.2018 թվականին, երբ ստացել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի Վեդու բաժանմունքի հարկադիր կատարող Ս. Մկրտչյանի կողմից 31.07.2018 թվականին կայացրած որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասին: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից Արմեն Հակոբյանը ներկայացրել է անձնագրի պատճենը, որից հստակ երևում է, որ Արմեն Հակոբյանը հաշվառված է` քաղաք Արարատ Խանջյան փողոց թիվ 45 շենք բնակարան 46-րդ հասցեում (2-րդ հատոր, գ.թ.22-23):
Վերաքննիչ դատարանը Արմեն Հակոբյանի վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետի բաց թողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...)սույն քաղաքացիական գործի նյութերում առկա է Արմեն Հակոբյանի հասցեով Դատարանի վճիռն ուղարկելու վերաբերյալ ապացույցներ: Ըստ այդմ` վճիռը բողոքաբերին ուղարկվել է պատվիրված նամակով հետադարձ ծանուցմամբ, հետադարձ ծանուցման թերթիկը 17.04.2018 թվականին ստորագրվել և փոստային բաժանմունքի կողմից հետ է վերադարձվել Դատարան» (2-րդ հատոր, գ.թ. 33-34): Այսպիսով, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է պատասխանողի կողմից հետադարձ ծանուցման թերթիկը ստորագրված լինելու հիմքով, մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով պատասխանողի կողմից ներկայացրած անձնագրի պատճենը, հարկ է համարում նշել, որ վճիռը Դատարանի կողմից ուղարկվել է հայցվորի կողմից հայցադիմումում, ինչպես նաև Դատարան ներկայացված դիմումում հայտնած հասցեներով, որոնք տարբեր են պատասխանողի իրական հասցեից, և պատասխանողը փաստացի այդ հասցեների հետ որևէ առնչություն չի ունեցել:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Արմեն Հակոբյանին հանձնված և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և´ վճռի հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և դրանք համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և վերը նշված ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգնման:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ե. Խունդկարյան Զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Ա. Բարսեղյան Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Տ. Պետրոսյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|