Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 83
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2017-29.07.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
11.07.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
11.07.2017
Дата вступления в силу
16.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2017 թվականի

թիվ 83

քաղ. Մոսկվա

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 3-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 38-րդ կետի հինգերորդ պարբերությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող ակտերով կամ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2020 թվականի հունիսի 1-ը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.

բ) մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելը, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման.

գ) մինչև 2020 թվականի հունիսի 1-ը թույլատրվում է արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելը՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրված կամ ընդունված՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության դեպքում։

Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Այդպիսի արտադրանքի մակնշումը Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է շահագործման փաստաթղթերով սահմանված՝ այդպիսի արտադրանքի ծառայության նշանակված ժամկետի ընթացքում: Տվյալ արտադրանքի՝ ըստ նշանակության շահագործումը (օգտագործումը) չի թույլատրվում ծառայության նշանակված ժամկետը լրանալուց հետո:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ անդամ պետությունների հետ համատեղ նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկելու համար նախապատրաստել՝

ա) այն միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների.

բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացմամբ։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) ընդունման մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2020, թիվ 82 29.07.2020, թիվ 83
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան