Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-270
Տիպ
Հրամանագիր
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.1996-23.06.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/24
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
21.12.1993
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.12.1993
Дата вступления в силу
21.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու, դրա արդյունավետությունը բարձրացնելու, նշված բնագավառում գործադիր իշխանության մարմինների ու կազմակերպությունների ջանքերն ու հնարավորությունները առավելագույնս օգտագործելու, այդ աշխատանքները համակարգելու, ինչպես նաև թմրամոլության դեմ մղվող պայքարում հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, որոշում եմ.

1. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ծրագրերի մշակման ու իրականացման գործում հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների ու կազմակերպությունների աշխատանքների համադրման կազմակերպական ապահովման նպատակով ստեղծել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողով Հայաստանի Հանրապետության պետական նախարար Վ. Սիրադղյանի ղեկավարությամբ` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի, սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարների տեղակալներին, գլխավոր դատախազի տեղակալին, մաքսային վարչության պետի տեղակալին, Երևանի քաղաքապետի, Շիրակի և Լոռվա մարզպետների տեղակալներին, «Մոլորակ» բարեգործական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Հանձնարարել հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

(1-ին կետը փոփ. 27.11.95 ՆՀ-523, խմբ. 25.06.96 ՆՀ-604)

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը, մաքսային վարչությանը, առողջապահության, բարձրագույն կրթության և գիտության, լուսավորության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը` ելնելով իրենց աշխատանքների ֆունկցիոնալ ուղղվածությունից և մեծապես կարևորելով թմրաբիզնեսի և թմրամոլության հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, մեկամսյա ժամկետում մշակել այդ երևույթների դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների գերատեսչական ծրագրեր և ներկայացնել սույն հրամանագրով ստեղծված պետական միջգերատեսչական հանձնաժողովին` հանրապետական համալիր ծրագիր կազմելու, պայքարի պրոֆիլակտիկ, բուժական և վերականգնողական փուլերում շահագրգիռ բոլոր մարմինների ջանքերը համակարգելու, հակաթմրամոլային պրոպագանդա իրականացնելու և այդ բնագավառում հասարակական կարծիք ձևավորելու նկատառումներով:

3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ձևավորել անչափահասների հետ տարվող աշխատանքների տարածքային խորհուրդներ և, ըստ ամենայնի, նպաստել դրանց աշխատանքների ուժեղացմանը.

մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության անմիջական վերահսկողությամբ, գույքագրել իրենց տարածքում գտնվող անչափահասների ստեղծագործական զբաղվածության նպատակներով նախկինում օգտագործվող շենքերը, շինությունները, ակումբները, դահլիճները, հրապարակները և այլ տարածքներն ու միջոցներ ձեռնարկել դրանք անվերապահորեն հիշյալ նպատակներին ծառայեցնելու համար.

միջոցներ ձեռնարկել, ըստ բնակության վայր, երիտասարդության և անչափահասների գեղագիտական, մշակութային, տեխնիկական, ռազմաուսումնական և մարզական դաստիարակության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ղեկավարվելով ՄԱԿ-ին առընթեր թմրադեղերի վերահսկման միջազգային կոմիտեի դրույթներով` մշակել թմրադեղերի, հոգեներգործուն, ուժեղ ազդող և թունավոր դեղերի արտադրության, ներմուծման, արտահանման, պահպանման, հաշվառման և օգտագործման կարգ.

հանրապետությունում արտադրվող և հանրապետություն ներմուծվող դեղամիջոցների հսկողությունը ուժեղացնելու նպատակով նախարարության կազմում ստեղծել անհրաժեշտ կառույցներ.

ներքին գործերի նախարարության, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնել դեղամիջոցների առևտրի համակարգը կանոնավորելու, թմրանյութեր պարունակող դեղամիջոցների վաճառքի նկատմամբ խստագույն հսկողություն սահմանելու ուղղությամբ.

խստորեն վերահսկել առողջապահության հիմնարկների բուժծառայությունների կողմից թմրամիջոցների պահպանության և օգտագործման կարգը.

ստեղծել թմրամոլության գաղտնի երաշխավորված բուժման համակարգ` հանրապետության խոշոր քաղաքներում և բնակավայրերում ձևավորելով համապատասխան ծառայություններ.

ներքին գործեր նախարարության հետ համատեղ առաջարկություններ ներկայացնել թմրամոլության դեմ հարկադրական բուժման համակարգ ստեղծելու մասին:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության, շահագրգիռ մյուս մարմինների ու կազմակերպությունների հետ համատեղ, երկամսյա ժամկետում, առաջարկություններ ներկայացնել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` արդարադատության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության պետական վարչության հետ համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարում միջպետական իրավական դաշտ ստեղծելու նպատակով համապատասխան պայմանագրեր ու համաձայնագրեր կնքելու վերաբերյալ:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ուժեղացնել հսկողությունը թմրամոլությամբ հիվանդների հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության մասին գործող օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու նկատմամբ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

 քննության առնել սույն հրամանագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ու նյութատեխնիկական հնարավորություններ ստեղծելու, նպատակային կարգով անհրաժեշտ հատկացումներ կատարելու հարցերը.

մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել անչափահասների հետ տարվող աշխատանքների տարածքային խորհուրդների օրինակելի կանոնադրությունը.

քննության առնել անչափահասների հետ տարվող աշխատանքների հանրապետական համակարգիչ խորհուրդ ստեղծելու հարցը և ըստ ամենայնի աջակցել նրա աշխատանքներին.

քննության առնել ուսանողների արտալսարանային ստեղծագործական զբաղվածության համար պայմաններ ստեղծելու հարցը` մշակել և իրականացնել հատուկ ծրագիր հանրակացարանաբնակ ուսանողության առողջ ապրելակերպի կազմակերպման համակարգի վերաբերյալ.

միջոցներ ձեռնարկել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի բնագավառում հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով.

տասնօրյա ժամկետում հաստատել թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանրապետական համակարգիչ խորհրդի կազմը և սահմանել նրա գործունեության կարգը.

եռամսյակը մեկ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդին ինֆորմացիա ներկայացնել սույն հրամանագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

9. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 21 դեկտեմբերի 1993 թ.
ՆՀ-270