«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 47-Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 30-ի «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 380-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) թափոնների անձնագրավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) թափոնի անձնագրի տիտղոսաթերթի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնի անձնագրի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից (այսուհետ` թափոններ առաջացնող) վտանգավոր թափոնների անձնագրի (այսուհետ` անձնագիր) կազմման, համաձայնեցման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն)
2. Վտանգավոր թափոնների անձնագրավորումն իրականացվում է ռեսուրսների խնայողության ու վտանգավոր թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով և հիմք է հանդիսանում անձնագրավորվող թափոնների հետ կապված տեխնոլոգիական, տնտեսական, իրավական և այլ որոշումների ընդունման համար, մասնավորապես, կապված շրջակա միջավայրի պահպանության պահանջների կատարման, թափոնների անդրսահմանային փոխադրման կարգավորման, թափոնների տեղադրման համար բնապահպանական հարկի օբյեկտ հանդիսացող ծավալների հաշվառման և (կամ) հաշվարկման, ինչպես նաև բնապահպանական իրավախախտումների համար համապատասխան պատժամիջոցների կիրառման, արտադրանքի արտադրության համար որպես երկրորդային հումք թափոնների օգտագործման անհրաժեշտ և նպատակահարմար միջոցների ձեռնարկման, թափոնների վերամշակման նպատակահարմարության հետ և այլն:
(2-րդ կետը փոփ. 26.04.18 N 494-Ն)
3. Անձնագիրը պետք է նպաստի թափոնների տեղափոխման, ինչպես նաև անդրսահմանային փոխադրումների ժամանակ տեխնիկական արգելքների վերացմանը:
4. Անձնագիրը ներառում է թափոններ առաջացնողի մոտ գոյացող վտանգավոր թափոնների (այսուհետ` թափոն) տեսակի, քանակի, վտանգավորության աստիճանի, դրանց կազմի և ռեսուրսային ու հումքային հիմնական հատկությունների մասին տեղեկություններ:
(4-րդ կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն)
II. ԱՆՁՆԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Անձնագիրը կազմում են թափոններ առաջացնողները:
Անձնագիրը հաստատում է տվյալ թափոններն առաջացնող իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և, համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի, համաձայնեցնում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ (այսուհետ` լիազոր մարմին):
(5-րդ կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն, 10.10.19 N 1442-Ն)
6. Անձնագիրը կազմվում է յուրաքանչյուր տեսակի թափոնի համար` սույն կարգի 12-րդ կետով սահմանված բովանդակության համաձայն:
7. Անձնագիրը համաձայնեցվում է այն լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում և գրանցվում գրանցամատյանում:
(7-րդ կետը փոփ. 24.12.15 N 1522-Ն)
8. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված անձնագրի բովանդակության թերի լինելու կամ անճշտությունների առկայության դեպքում անձնագիրը` այն լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է լրամշակման: Կրկնակի ներկայացված անձնագիրը համաձայնեցվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում:
(8-րդ կետը խմբ. 24.12.15 N 1522-Ն)
9. Անձնագիրը համաձայնեցվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված անձնագրի տիտղոսաթերթի ձևին համապատասխան:
10. Եթե թափոններ առաջացնողն ստացել է լրացուցիչ կամ նոր տեղեկություններ տվյալ թափոնի մասին, ապա անձնագիրը ենթակա է վերահաստատման` սույն կարգով սահմանված ընթացակարգով:
(10-րդ կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն)
11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմնի կողմից համաձայնեցված անձնագիրը 2 օրինակով ուղարկվում է տվյալ թափոն առաջացնողին: Թափոն առաջացնողն անձնագիրը հաստատելուց հետո մեկ օրինակն ուղարկում է լիազոր մարմնին:
(11-րդ կետը խմբ. 24.12.15 N 1522-Ն)
III. ԱՆՁՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
12. Անձնագիրը պետք է ներառի հետևյալ պարտադիր տվյալները`
ա) թափոնի անվանումը,
բ) կազմակերպության անվանումը և տվյալները,
գ) թափոնի ծածկագիրը,
դ) անձնագրավորվող թափոնի քանակությունը,
ե) թափոնի վտանգավոր հատկությունների ցանկը,
զ) թափոնի ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի),
է) թափոնի կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը,
ը) թափոնի վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը,
թ) թափոնի հրդեհապայթյունավտանգությունը,
ժ) թափոնի կոռոզիոն ակտիվությունը,
ժա) թափոնի ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը,
ժբ) անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ,
ժգ) թափոնի տեղափոխման սահմանափակումները,
ժդ) լրացուցիչ տեղեկություններ,
ժե) թափոն առաջացնողի հայտարարությունը:
(12-րդ կետը փոփ. 10.09.15 N 1038-Ն)
(հավելվածը փոփ. 10.09.15 N 1038-Ն, փոփ., խմբ. 24.12.15 N 1522-Ն, փոփ. 26.04.18 N 494-Ն, 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
ԹԱՓՈՆԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր N _____
______________________________ ___________ (վտանգավոր թափոնի անվանումը) (ծածկագիրը) ___________________________________________________________ (թափոններ առաջացնողի` իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, անհատ ___________________________________________________________ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը)
|
(հավելվածը փոփ. 10.09.15 N 1038-Ն, 24.12.15 N 1522-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |