ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1171-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 10 Երևան |
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-252-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ:
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունն ընդունելի չէ, քանի որ Հայաստանի անտառները լեռնային են, դասվում են առաջին խմբի անտառների շարքին, ինչը նշանակում է, որ Հայաստանում 2-րդ խմբի անտառներ չկան:
2. Նախագծի 2-րդ հոդվածով ներկայացված առաջարկը ենթադրում է Հայաստանի Հանրապետության անտառների՝ ըստ հիմնական նպատակային նշանակության դասակարգման ընդհանուր վերանայում, որն էլ իր հերթին ենթադրում է ամբողջ անտառային օրենսգրքում մի շարք միմյանց փոխկապակցված հոդվածների վերանայում ևս։
Դեռևս 10-12 տարի առաջ կազմված անտառակառավարման պլաններով Հայաստանի Հանրապետությունում առանձնացվել էին շուրջ 96000 հա արտադրական նշանակության անտառներ, որոնք չեն նույնականացվել սոցիալական նշանակության (սանիտարահիգիենիկ, առողջարարական, ռեկրեացիոն) անտառների հետ: Նշված սոցիալական նշանակության անտառները ներառված են հատուկ նշանակության անտառների կատեգորիայում (տե՛ս ՀՀ անտառային օրենսգրքի 12-րդ հոդվածը)։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման 89.1-ին կետի` ներկայումս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կառավարության քննարկմանը կներկայացվի սահմանված ժամկետում՝ 2019 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Նախարարության մշակած նախագծում ներառվել են հիմնարար դրույթներ, այդ թվում՝ օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածների վերանայում, որը դեռևս մասնագիտական լայն շրջանակների հետ քննարկման կարիք ունի:
Նախարարության կողմից մշակվող նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:
Ելնելով վերը շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող՝ ՀՀ անտառային օրենսգրքի գործող հոդվածները թողնել անփոփոխ և, ըստ անհրաժեշտության, նախագծի դրույթներին անդրադառնալ առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|