ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1459-Ն
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասը և 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական վկայագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) պետական վկայագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով ֆինանսական փաստաթուղթ է, կազմակերպության մատուցած ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք, որի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծառայության համար՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ մեկ անձի հաշվարկով նախատեսված գումարի չափով.
2) պետական վկայագրի միջոցով մատուցվող խնամքի ծառայությունները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են նրանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների կամ խնամակալների) ցանկությամբ՝ կամավորության սկզբունքով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1459-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով պետական վկայագիր տրամադրելու միջոցով՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց համար (այսուհետ՝ շահառու) խնամքի ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Յուրաքանչյուր շահառուի, իր գնահատված կարիքին համապատասխան, տրամադրվում է մեկ պետական վկայագիր:
3. Պետական վկայագրի հիման վրա շահառուին խնամքի ծառայությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման համաձայն հավաստագրված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից (այսուհետ՝ կազմակերպություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից:
4. Պետական վկայագրի հիման վրա կազմակերպությունը խնամք է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված կարգով:
5. Պետական վկայագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:
II. ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6. Պետական վկայագրի միջոցով ծառայություն ստանալն ընտրում է շահառուն (կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ խնամակալության մարմինը):
7. Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ խնամակալության մարմինը խնամքի ծառայությունից օգտվելու նպատակով պետական վկայագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով դիմում է՝
1) երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրելու դեպքերում՝ նախարարություն, որը պետական վկայագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված՝ երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացության հիման վրա.
2) երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու դեպքերում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմիններին (այսուհետ՝ ՍԱՏՄ).
3) տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամք (շուրջօրյա, տնային պայմաններում) տրամադրելու դեպքերում՝ ՍԱՏՄ:
8. Շահառուի (կամ նրա օրինական ներկայացուցչի կամ խնամակալության մարմնի) դիմումը 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգով, սույն կարգի 7-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո, երեխաների շուրջօրյա խնամքի դեպքում՝ նախարարությունը, իսկ մնացած դեպքերում՝ ՍԱՏՄ-ն կազմակերպում են խնամքի տրամադրման գործընթացը՝ շահառուին տրամադրելով պետական վկայագիր, և երեք աշխատանքային օրվա ընթացքում ՍԱՏՄ-ն դրա մասին գրավոր տեղեկացնում է նախարարությանը:
III. ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
9. Հիմք ընդունելով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազորված պետական մարմնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ սահմանված կարգով հավաստագրված կազմակերպության դիմումը՝ նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պետական վկայագրով համապատասխան ծառայությունները տրամադրելու մասին պայմանագիր:
10. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է պետական վկայագրով ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկում (այսուհետ՝ ցանկ), որը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերի խզման կամ նոր կազմակերպությունների՝ ցանկում ընդգրկման դեպքում: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագրի լուծման դեպքում:
IV. ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
11. Պետական վկայագրի հետ մեկտեղ շահառուին տրամադրվում է սույն կարգի 10-րդ կետում նշված ցանկը:
12. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը՝ տրամադրված ծառայությունների դիմաց վճարում կատարելու նպատակով կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տվյալներ տրամադրված ծառայության և տվյալ ծառայությունից օգտված անձանց անձնական տվյալների մասին, կազմակերպության և շահառուի միջև կնքված հանձնման-ընդունման արձանագրությունը, պետական վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության կատարողականը:
13. Պետական վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների սահմաններում:
14. Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ խնամակալության մարմինը, ստանալով պետական վկայագիր, տրամադրված ցանկից ընտրում է իրեն անհրաժեշտ ծառայություն մատուցող կազմակերպությունը և ներկայանում համապատասխան ծառայություն ստանալու համար:
15. Կազմակերպությունը որոշմամբ սահմանված կարգով տրամադրում է խնամքի համապատասխան ծառայություն:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1459-Ն որոշման |
Ձև
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Կտրոն
Պետական վկայագրի համարը ------------------------------------------------------------------
1. Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը ______________________________________________
2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _____________________________________________
3. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները _____________________________________________ (անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
4. Խնամքի ծառայության տեսակը _______________________________________________
5. Պետական վկայագրի գինը _______________________________________________
6. Տրամադրման ամսաթիվը ______________________________________________
7. Շահառուի կարգավիճակը ______________________________________________
8. Պետական վկայագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը ________________________________________________
Սույն պետական վկայագիրն ուժի մեջ է մինչև` _____ _____________ 20______թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ N ----
1. Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը _______________________________________________
2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _______________________________________________
3. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները ___________________________________________________ (անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
4. Խնամքի ծառայության տեսակը ______________________________________
5. Պետական վկայագրի գինը ______________________________________________
6. Տրամադրման ամսաթիվը _____________ 20________թ.
7. Շահառուի կարգավիճակը________________________
8. Պետական վկայագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը __________________________________________________ __________________________________________________ Սույն պետական վկայագիրն ուժի մեջ է մինչև` ______ _____________ 20______թ. Սույն պետական վկայագիրը շահառուին տրամադրվում է ԱՆՎՃԱՐ։ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.12.2022, N 1944-Ն | 26.12.2022, N 1459-Ն | |
25.03.2021, N 396-Ն | 01.04.2021, N 1459-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|