ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1160-Լ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-250-13.08.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 9 Երևան |
|
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով բարձրացնել պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների չափերը՝ բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանելով 20000 դրամ, իսկ գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30000 դրամ:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակել և շրջանառում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել արմատական փոփոխություններ՝ կապված բուհերի ուսանողներին հատկացվող ֆինանսական աջակցության նոր սկզբունքների և մոտեցումների ներդրման հետ: Նախարարությունը նախաձեռնել է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Կրթության մասին» ու «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, որոնցով կնախատեսվեն նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողներին պետական կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումներ և մեխանիզմներ:
Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների կրթաթոշակի ֆոնդը կազմում է մոտավորապես 1.7 միլիարդ դրամ:
Ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ քոլեջների), մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների պետական պատվերով սովորող ուսանողների համար սահմանված է կրթաթոշակ՝ նվազագույնը 4.650 դրամից մինչև առավելագույնը 6.300 դրամի սահմաններում: Այսինքն՝ նշված օրենսդրական փոփոխության արդյունքում ծրագրի գծով նախատեսվում է ծախսի ավելացում՝ մոտավորապես 6 անգամ:
Անհրաժեշտ է նշել, որ պարզ չէ, թե ինչ հիմնավորումից ելնելով են հաշվարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից նշված կրթաթոշակների չափերը:
Պետք է հաշվի առնել նաև, որ «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ևս սահմանված են կրթաթոշակներ: Հետևաբար, նպատակահարմար չենք համարում օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը, քանի որ անհրաժեշտ է միանման մոտեցում ցուցաբերել կրթաթոշակ ստացող բոլոր արտոնյալ խմբերի նկատմամբ:
Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակների չափերն օրենքով սահմանելու՝ օրենքի նախագծով նախատեսված մոտեցումը կարող է խնդրահարույց լինել հետագայում կրթաթոշակների չափերի փոփոխության դեպքում՝ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելիս, մասնավորապես, հաշվի առնելով օրենքի ընդունման ընթացակարգերը, այդ թվում՝ ժամկետները: