ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2019 թվականի N 1140-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 5-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Թամանցիների փողոց 73 հասցեում գտնվող՝ 3948 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.885082 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 82 248 890 դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 82 248 890 դրամ.
3) որ աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.885082 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 40 041 110 դրամ.
4) որ աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսել, որ գնորդը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից՝ եռամսյա ժամկետում.
4) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով.
5) գնորդի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 479 760 դրամ գումարի արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում մուծված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:
5. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել համապատասխան գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 5 Երևան |