ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1246-Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհուրդ և հաստատել դրա աշխատակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքների իրականացման նպատակով ձևավորել խորհրդի ներքո գործող աշխատանքային խմբեր՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 16-ը:
3. Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծի ներկայացման համար վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի դեկտեմբերի 25-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 5 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. սեպտեմբերի 5-ի N 1246-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը կարգավորում է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակման գործընթացների կազմակերպման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) և Խորհրդի ներքո գործող աշխատանքային խմբերի աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Գործունեության ընթացքում Խորհուրդը ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
3. Խորհրդի և աշխատանքային խմբերի գործառույթները սահմանվում են սույն աշխատակարգով:
4. Խորհրդի կազմը սահմանվում է սույն որոշմամբ, իսկ աշխատանքային խմբերի անհատական կազմերը հաստատվում են ՀՀ կառավարության գործունեությունը հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում համակարգող ՀՀ փոխվարչապետի (այսուհետ՝ Փոխվարչապետ) որոշմամբ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության նպատակն է Ռազմավարության մշակումը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիրը և Եվրոպական միության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» նախաձեռնության կողմից իրականացված «Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցը»:
6. Խորհրդի խնդիրներն են՝
1) հանրային կառավարման բարեփոխումների քաղաքականության երկարաժամկետ օրակարգի և ռազմավարական ուղղությունների սահմանումը.
2) Ռազմավարության նախագծի հաստատումը և ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
3) Ռազմավարության մշակման՝ բազմաշահառու մասնակցային գործընթացի ապահովումը և հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպումը։
III. ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԸ
7. Խորհուրդը ղեկավարում է Փոխվարչապետը:
8. Խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են՝
1) ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը (համաձայնությամբ).
2) ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը (համաձայնությամբ).
3) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը.
4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.
5) ՀՀ արդարադատության նախարարը.
6) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը.
7) ՀՀ էկոնոմիկայի նախարարը.
8) ՀՀ պաշտպանության նախարարը.
9) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը.
10) ՀՀ ֆինանսների նախարարը.
11) ՀՀ վարչապետի խորհրդականը:
9. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով ձայնի իրավունքով կարող են հրավիրվել ՀՀ կառավարության՝ Խորհրդի կազմում չընդգրկված անդամները։
10. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել պետական կառավարման մարմինների, միջազգային ֆինանսական կառույցների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ:
11. Աշխատանքային խմբերն են՝
1) Քաղաքականությունների մշակում և համակարգում.
2) Հանրային ծառայությունների մատուցում.
3) Հաշվետվողականություն և բարեվարքություն:
12. Առանձին հարցերի համար կարող են ստեղծվել այլ աշխատանքային խմբեր՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի:
13. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերին մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող են ներգրավվել տեղական և միջազգային փորձագետներ:
14. Ռազմավարության մշակման գործընթացում հանրային քննարկումներ և իրազեկում ապահովելու նպատակով Խորհուրդը ձևավորում է հանրային հարթակ՝ ներգրավելով հասարակական, փորձագիտական և գիտական-ակադեմիական համայնքի ներկայացուցիչների:
IV. ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
15. Խորհրդի գործառույթներն են՝
1) Խորհրդի գործունեության հետ կապված որոշումների ընդունումը.
2) աշխատանքային խմբերի գործունեության վերահսկումը.
3) Ռազմավարության մշակման նպատակով մեթոդաբանական ուղեցույցների և ձևաչափերի հաստատումը.
4) աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը.
5) աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքների արդյունքների քննարկումը և հաստատումը.
6) հանրային հարթակի ձևավորման ընթացակարգի հաստատումը և հարթակի ձևավորումը.
7) Ռազմավարության նախագծի քննարկումը, հաստատումը և ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ:
16. Աշխատանքային խմբերի գործառույթներն են՝
1) աշխատանքային ծրագրի և ժամանակացույցի մշակումը.
2) Ռազմավարության մշակման համար անհրաժեշտ վերլուծական աշխատանքների իրականացումը.
3) Ռազմավարության համապատասխան բաժինների մասով մասնագիտական քննարկումների կազմակերպումը.
4) Ռազմավարության համապատասխան բաժինների մշակումը՝ համաձայն Խորհրդի կողմից հաստատված մեթոդաբանության.
5) Ռազմավարության համապատասխան բաժինների նախագծերի ներկայացումը Խորհրդի քարտուղարություն.
6) հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպմանը մասնագիտական աջակցությունը և մասնակցությունը.
7) աշխատանքների ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը Խորհուրդ:
V. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Փոխվարչապետի գրասենյակին։
18. Խորհրդի քարտուղարության գործառույթներն են՝
1) աշխատանքային խմբերի աշխատանքների կազմակերպումը.
2) հանրային հարթակի հետ աշխատանքների կազմակերպումը.
3) զարգացման գործընկերների հետ համագործակցությունը.
4) աշխատանքային խմբերի աշխատանքների վերաբերյալ Խորհրդին ամսական պարբերականությամբ հաշվետվողականության ապահովումը.
5) Խորհրդի աշխատանքների սպասարկումը.
6) Խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը։
VI. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ:
20. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:
21. Խորհրդի նիստերը վարում է Խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Խորհրդի անդամներից որևէ մեկը` Խորհրդի նախագահի ցուցումով:
22. Խորհրդի նախագահի կամ Խորհրդի քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:
23. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։
24. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասով պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ:
25. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են՝
1) Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
26. Խորհրդի նիստի օրակարգը և օրակարգի հարցերի շուրջ առկա նյութերը Խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային եղանակով Խորհրդի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
27. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ։
28. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է Խորհրդի քարտուղարությունը:
29. Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է Խորհրդի նիստի անցկացման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում և տրամադրվում Խորհրդի անդամներին և աշխատանքային խմբերին:
30. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Փոխվարչապետի գրասենյակում։
VII. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
31. Խորհրդի նախագահը՝
1) հրավիրում և նախագահում է Խորհրդի նիստերը.
2) ստորագրում է Խորհրդի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է կայացնում Խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.
4) Խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.
5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:
32. Խորհրդի անդամը՝
1) անձամբ մասնակցում է Խորհրդի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում՝ նշանակում է փոխարինող իր տեղակալի մակարդակով.
2) կարող է Խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր՝ համապատասխան հիմնավորմամբ.
3) Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.
4) քվեարկում է Խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.
5) Խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.
6) Խորհրդի նախագահի հանձնարարությամբ՝ հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
7) Խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|