ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
9 հուլիսի 2019 թ. |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի հունիսի 6-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում, որի նպատակը Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելն է և այդպիսով` եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների նկատմամբ նվազեցնելն ու բարենպաստ հարկային ռեժիմ, ինչպես նաև կանխատեսելի և կայուն հարկային միջավայր ստեղծելն է:
2. Կոնվենցիայի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- Դանիայի Թագավորության իրավասու մարմնին ծանուցել Հայաստանի Հանրապետության հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին (հոդված 2, կետ 4),
- հարկել Հայաստանի Հանրապետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը (հոդված 8, կետ 1),
- չհարկել Դանիայի Թագավորության ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժիններն այն դեպքերում, երբ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի (հոդված 10, կետ 5),
- չհարկել կամ հարկել նվազեցված դրույքաչափերով Դանիայի Թագավորության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված որոշ տեսակի եկամուտներ, մասնավորապես՝ անշարժ գույքից ստացվող եկամուտը (հոդված 6), ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթը (հոդված 7), տոկոսները (հոդված 11), ռոյալթիները (հոդված 12), գույքի արժեքի հավելաճը (հոդված 13), եկամուտը վարձու աշխատանքից (հոդված 14),
- չհարկել Դանիայի Թագավորության ռեզիդենտ հանդիսացող ուսանողին կամ ստաժորին, որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով (հոդված 19),
- ազատել հարկումից այն պրոֆեսորին կամ հետազոտողին ուսուցման կամ հետազոտության դիմաց ստացած վարձատրության համար, որը ժամանել է Դանիայի Թագավորությունից ոչ ավել, քան վեց ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող համալսարանում կամ այլ նմանատիպ հաստատությունում ուսուցման կամ հետազոտությամբ զբաղվելու նպատակով, և որը անմիջապես մինչ այդ ժամանումը հանդիսացել է Դանիայի Թագավորության ռեզիդենտ` պայմանով, որ այդպիսի վարձատրությունը հարկվում է Դանիայի Թագավորությունում (հոդված 20, կետ 1),
- չհարկել կապիտալը, որը ներկայացված է Դանիայի Թագավորության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերով ու օդանավերով և շարժական գույքով և վերաբերում է նման նավերի և օդանավերի շահագործմանը (հոդված 22, կետ 3),
- բացառել կրկնակի հարկումը Կոնվենցիայի 23-րդ հոդվածին համապատասխան, մասնավորապես, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտն այնպիսի եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կարող են հարկվել Դանիայի Թագավորությունում, ինչպես նաև թույլ տալ, որ այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկը նվազեցվի Դանիայում վճարված եկամտահարկին հավասար գումարով, և այդ ռեզիդենտի գույքից գանձվող հարկի վճարը նվազեցվի Դանիայի Թագավորությունում վճարված գույքից գանձվող հարկին հավասար գումարով,
- բացառել խտրականությունը Կոնվենցիայի 24-րդ հոդվածին համապատասխան, մասնավորապես, Դանիայի Թագավորության ազգային անձանց Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված չսահմանել որևէ պարտավորություն, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես՝ կապված ռեզիդենտության հետ, ենթակա են կամ կարող են ենթակա լինել Հայաստանի ազգային անձինք,
- երաշխավորել, որ Դանիայի Թագավորության ձեռնարկության մշտական հաստատության հարկումը Հայաստանի Հանրապետությունում չլինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ձեռնարկության հարկումը (հոդված 24, կետ 3),
- Դանիայի Թագավորության իրավասու մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն, մասնավորապես, փոխանակել այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայով նախատեսված հարկերի վերաբերյալ ներպետական օրենքների կառավարումը կամ կիրառումը իրականացնելու համար, քանի դեռ հարկումը չի հակասում Կոնվենցիային (հոդված 26, կետ 1),
- երաշխավորել, որ Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն բացահայտվի միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են բոլոր տեսակի հարկերի գնահատման կամ գանձման, հարկադիր բռնագանձման կամ դատական հետապնդման, բողոքարկումների քննման կամ նշված նպատակներով վերահսկողության գործընթացներին, ինչպես նաև երաշխավորել, որ այդ անձինք կամ մարմինները տեղեկությունը օգտագործեն միայն այդպիսի նպատակների համար (հոդված 26, կետ 2),
- օգնություն ցուցաբերել եկամտային հայցերի հավաքագրման գործում (հոդված 27, կետ 1):
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
9 հուլիսի 2019 թվականի ՍԴՈ-1474 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|