ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1707/05/15
Վարչական գործ
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի |
|
|
Ս. ԱՆՏՈՆՅԱՆի |
|
|
Մ. Դրմեյանի |
|
|
Գ. Հակոբյանի |
|
|
Ռ. Հակոբյանի |
|
|
Տ. Պետրոսյանի |
Ե. Սողոմոնյանի | ||
|
|
Ն. Տավարացյանի |
2017 թվականի մարտի 24-ին,
քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.05.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արթուր Ավթանդիլյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արթուր Ավթանդիլյանը, Հայկ Սահակյանը և Թեհմինե Ենոքյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները, այդ թվում` Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի` կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 15.05.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի միջնորդությունը մերժվել է, և հայցադիմումը վերադարձվել է:
Դատարանի 25.06.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի միջնորդությունը թողնվել է առանց քննության, և հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.05.2016 թվականի որոշմամբ Արթուր Ավթանդիլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.06.2015 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը առանց քննության թողնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Ավթանդիլյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 107-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման` համարելով, որ Դատարանն իրավաչափորեն է գտել, որ հայցադիմումը հստակ չէ, և կրկին ներկայացված հայցադիմումով նույնպես չի հստակեցվել հայցապահանջը: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին 15.05.2015 թվականի միջնորդությունն ամբողջությամբ չի կրկնել նախկինում ներկայացված միջնորդության հիմնավորումները և սահմանափակելով Արթուր Ավթանդիլյանի դատական պաշտպանության իրավունքը` չի ապահովվել ՀՀ Սահմանադրությամբ նախանշված նպատակների և այդ նպատակներին հասնելու միջոցի` կիրառված սահմանափակման համաչափության ողջամիտ հարաբերակցությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.05.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հայցադիմումում բովանդակվող պահանջի ձևակերպման չափանիշների և դրանց չպահպանման դատավարական հետևանքների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաչա՞փ է արդյոք դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումն այն հիմքով, որ ներկայացված հայցապահանջը հստակ չէ, եթե ներկայացված հայցադիմումի բովանդակության ընդհանրական ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ հայցվորի պահանջը ձևակերպված է բավարար հստակությամբ, և պահանջի այդպիսի ձևակերպումը գործի քննության համար արգելք չի հանդիսանում:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են սահմանված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում և 63-րդ հոդվածի 1-ին մասում:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (...).
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել (...) կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները (...):
Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, 57-րդ կետ):
Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 65-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ վարչական դատարանը ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը ձեռնամուխ է լինում միայն այն դեպքում, երբ շահագրգիռ անձն օրենքով սահմանված կարգով հայց է ներկայացնում դատարան: Փաստորեն, հայցն անձանց սուբյեկտիվ իրավունքների և շահերի դատական պաշտպանության միջոց է, որի էությունը հանգում է հետևյալին. հայցը մի անձի` վիճելի նյութական իրավահարաբերությունից բխող և որոշակի իրավաբանական փաստերի վրա հիմնված նյութաիրավական պահանջն է` ուղղված պատասխանողին և միաժամանակ վեճը դատավարության օրենքով սահմանված որոշակի կարգով քննելու և լուծելու պահանջն է` ուղղված իրավասու դատարանին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն հասկանալի լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը` դատական պաշտպանություն հայցելով: Այլ կերպ ասած` հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնելու:
Ասվածը հատկապես կարևոր նշանակություն ունի վարչական դատավարությունում, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին: Այսպես, օրինակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածը, որը սահմանում է ճանաչման հայցատեսակի բովանդակությունը, այդ հայցատեսակի շրջանակներում է ներառում նաև վարչական մարմնի` կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ հայցը: Հետևաբար ճանաչման հայցի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված տվյալ տարատեսակով դատական գործ հարուցելու համար ներկայացված հայցադիմումը պետք է բավարար հստակությամբ նշում պարունակի վարչական մարմնի այն կոնկրետ գործողության կամ անգործության մասին, որի իրավաչափությունը վիճարկվում է հայցվորի կողմից: Տվյալ դեպքում վիճարկվող գործողությունը կամ անգործությունը ճանաչման հայցի քննարկվող տարատեսակի նյութական հիմքն է. այն տվյալ հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է և դատարանի քննությանը հանձնված վեճի նյութական օբյեկտը, որի հստակ և որոշակի ձևակերպումը հայցադիմումում թույլ է տալիս վարչական դատարանին ըստ էության քննության առնել տվյալ վեճը և վերջնական դատական ակտով լուծել հայցը լրիվ կամ մասնակիորեն մերժելու կամ բավարարելու հարցը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցադիմումում հայցվորի պահանջը չբովանդակելու իրավաբանական հետևանքն այն է, որ այդ դեպքում վարչական դատարանը վերադարձնում է ներկայացված հայցադիմումը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ օրենսդրական կարգավորումը պետք է մեկնաբանվի հետևյալ կերպ. վարչական դատարանը պարտավոր է վերադարձնել հայցադիմումն ինչպես այն դեպքում, երբ հայցադիմումում հայցվորի պահանջն իսպառ բացակայում է, այնպես էլ այն դեպքում, երբ հայցվորի պահանջը բավարար չափով հստակ կամ որոշակի չէ: Ըստ Վճռաբեկ դատարանի` հայցվորի պահանջը կարող է դիտարկվել որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված, մասնավորապես, այն դեպքերում, երբ այն հնարավորություն չի տալիս պարզելու հայցի կոնկրետ նյութական օբյեկտը, կամ հայցվորի կողմից ներկայացվող նյութաիրավական պահանջի բովանդակության կապակցությամբ տարակերպ մեկնաբանությունների տեղիք է տալիս և ողջամտորեն անհասկանալի է դարձնում այն` դատարանին հնարավորություն չտալով ըստ էության քննության առնել տվյալ վեճը և վերջնական դատական ակտով լուծել հայցը լրիվ կամ մասնակիորեն մերժելու կամ բավարարելու հարցը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իրավադրույթները դիտարկելով քննարկվող հարցի համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, մի կողմից, օրենսդիրը հնարավորություն է ընձեռել հայցվորին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում վերացնելու հայցադիմումում պահանջի ձևակերպման հետ կապված սխալը և կրկին ներկայացնելու այն վարչական դատարան, որի դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը: Մյուս կողմից, եթե նշված ժամկետում հայցվորը չի վերացնում հայցադիմումում պահանջի ձևակերպման հետ կապված սխալը և հայցադիմումը` նշված թերությունը շտկված վիճակում, կրկին չի ներկայացնում դատարան, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, եթե հայցադիմումի տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները:
Դատարանը 15.05.2015 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է հետևյալ երկու հիմքերով.
1) մերժվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունը,
2) հայցադիմումով ներկայացված պահանջը հստակ ձևակերպված չէ:
Դատարանի 25.06.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի միջնորդությունը թողնվել է առանց քննության, և կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է: Ըստ Դատարանի որոշման` կրկին ներկայացված հայցադիմումում թույլ տրված սխալները չեն վերացվել, մասնավորապես` կրկին ներկայացված հայցադիմումը չի պարունակում հստակ պահանջ, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունն ըստ էության կրկնում է նախկինում մերժված նույնաբովանդակ միջնորդությունը և պետք է թողնվի առանց քննության:
Վերաքննիչ դատարանը 02.05.2016 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը առանց քննության թողնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 25.06.2015 թվականի որոշման դեմ Արթուր Ավթանդիլյանի վերաքննիչ բողոքը և նշված որոշումը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ գտել է, որ Դատարանի 25.06.2015 թվականի որոշումը կայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ: Այսպես, ըստ Վերաքննիչ դատարանի` «(...) կրկին ներկայացված հայցադիմումի պահանջը ներկայացվել է այն նույն բովանդակությամբ, ինչպիսի բովանդակությամբ ներկայացված պահանջը Դատարանը դեռևս 15.05.2015 թվականի որոշմամբ համարել էր ոչ հստակ ձևակերպված: Այսինքն` սահմանված ժամկետում Արթուր Ավթանդիլյանը չի վերացրել հայցադիմումի վերադարձման հիմք հանդիսացած թերությունները, իսկ նման թերությունները չվերացնելն արգելք է ներկայացված հայցադիմումի քննության համար (...)»: Իսկ ինչ վերաբերում է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելուն, ապա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «(...) պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննարկվել և մերժվել է դեռևս 15.05.2015 թվականի (...) որոշմամբ, իսկ այդ որոշումը (...) չի բողոքարկվել, որպիսի պայմաններում Դատարանն իրավացիորեն նախկինում մերժված միջնորդությունը կրկին անգամ քննության չի առել (...)»:
Միևնույն ժամանակ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումն առ այն, որ անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով Դատարանի 25.06.2015 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, իսկ այնուհետև Վերաքննիչ դատարանի 02.05.2016 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկել է հայցվորներից միայն Արթուր Ավթանդիլյանը՝ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ անդրադառնում է վիճարկվող դատական ակտին միայն Արթուր Ավթանդիլյանի մասով։
I. Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Արթուր Ավթանդիլյանի կողմից ներկայացված հայցապահանջի` ոչ հստակ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի կողմից ներկայացված թե՛ սկզբնական հայցադիմումը (հատոր 1-ին, գ.թ. 3-12), թե՛ Դատարանի կողմից այդ հայցադիմումը վերադարձնելուց հետո կրկին ներկայացված հայցադիմումը (հատոր 1-ին, գ.թ. 53-63) բովանդակում են հետևյալ հայցապահանջը, որը Դատարանի կողմից գնահատվել է որպես ոչ հստակ ձևակերպված. «ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների միջամտող գործողությունները, այդ թվում` հայցվորներ Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող»:
Սույն գործով ներկայացված վերոգրյալ հայցապահանջի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Արթուր Ավթանդիլյանը, Հայկ Սահակյանը և Թեհմինե Ենոքյանը վարչական դատարան են դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցով` հայցելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության գործողությունները, որոնք, հայցվորների կարծիքով, միջամտել են իրենց մի շարք հիմնարար իրավունքների և ազատությունների իրացմանը: Սույն գործով ներկայացված հայցապահանջի ձևակերպման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև բուն հայցապահանջի բովանդակությունից հստակ չէ, թե հայցվորները վարչական մարմնի կոնկրետ որ գործողությունների իրավաչափությունն են վիճարկում, սակայն հայցադիմումի բովանդակության ամբողջական ուսումնասիրությունը տալիս է այդ հարցի պատասխանը: Այսպես, ներկայացված հայցադիմումի 2-րդ և 3-րդ էջերում` «Փաստերը, որոնց վրա հենվում են սույն հայցի պահանջները» վերտառությամբ 2-րդ կետում, հստակ և մանրամասն նկարագրված են ՀՀ ոստիկանության աշխատակիցների այն գործողությունները, դրանց կատարման օրը և ժամը, որոնք, ըստ հայցվորների, պետք է ճանաչվեն ոչ իրավաչափ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանի կողմից Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի հայցադիմումը վերադարձնելուց հետո կրկին ներկայացված հայցադիմումում պահանջի ձևակերպման հետ կապված սխալը չշտկելը չէր կարող հիմք հանդիսանալ այդ հայցադիմումի ընդունումը մերժելու համար, քանի որ հայցադիմումի տվյալ սխալը չվերացնելն արգելք չէ գործի քննության համար: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն փաստարկը, որ Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի բովանդակության ամբողջական ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ դեպքում հայցադիմումը բավարար հստակությամբ բովանդակում է հայցվորների պահանջը. հայցադիմումում հստակ և որոշակի ձևակերպված են վարչական մարմնի այն կոնկրետ գործողությունները, որոնց իրավաչափությունը վիճարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցով: Այսինքն` կրկին ներկայացված հայցադիմումում հայցվորների պահանջի ձևակերպումն ինքնին չի խոչընդոտում վարչական դատարանին ըստ էության քննության առնել տվյալ վեճը և վերջնական դատական ակտով լուծել հայցը լրիվ կամ մասնակիորեն մերժելու կամ բավարարելու հարցը:
Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցադիմումում բովանդակվող պահանջի ձևակերպման վերաբերյալ Դատարանի կողմից բարձրացված խնդիրը կարող էր լուծվել նաև հայցադիմումի ընդունելիության փուլի ավարտից հետո` գործը դատաքննության նախապատրաստելիս, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նախնական դատական նիստում իրականացվող գործողություններից մեկը հայցի առարկան և հիմքը պարզելն է:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման` համարելով, որ Դատարանն իրավաչափորեն է հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու հիմքում դրել այն, որ հայցադիմումում թույլ տրված սխալները չեն վերացվել, մասնավորապես` կրկին ներկայացված հայցադիմումը չի պարունակում հստակ պահանջ: Հետևաբար ոչ հստակ պահանջ ներկայացնելու հիմքով Արթուր Ավթանդիլյանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավաչափ չէ, քանի որ ստորադաս դատարանները, ցուցաբերելով չափազանց ֆորմալ մոտեցում, խախտել են կիրառվող միջոցի ու հետապնդվող նպատակի միջև ողջամիտ հավասարակշռությունը` խաթարելով դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը:
II. Անդրադառնալով Դատարանի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով պետական տուրքի հետ կապված խնդիրներին, մասնավորապես, փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյաններն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի թիվ 3-734(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանը, Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած իր վճիռներից մեկում անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և պետական տուրք վճարելու պարտավորության հարաբերակցությանը, նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին ինքնին չհամապատասխանող սահմանափակում: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից` ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար` անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե` ոչ: Համապատասխանաբար, Եվրոպական դատարանն այդ գործով անհրաժեշտ է համարել քննել, թե արդյոք պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին դիմումատու ընկերության դիմումը մերժելով` ՀՀ վճռաբեկ դատարանը հաշվի է առել դիմումատու ընկերության գործի հատուկ հանգամանքները, թե` ոչ, և, առաջին հերթին, վճարելու նրա ունակությունը (տե՛ս, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, 48-րդ կետ): Վերոնշյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս էական նշանակություն ունի անձի վճարելու ունակությունը (գույքային դրությունը) պարզելը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանը 15.05.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունը մերժել է` վերջիններիս գույքային դրությունը հիմնավորված չլինելու պատճառով: Հայցադիմումը վերադարձնելուց հետո կրկին ներկայացված հայցադիմումին կից բերվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդություն: Մինչդեռ Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված դիրքորոշումներից բխում է, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու դեպքում առանցքային նշանակություն ունի անձի վճարելու ունակությունը (գույքային դրությունը) պարզելը: Հակառակ դեպքում` եթե դատարանից չպահանջվի պարզել անձի գույքային դրությունը պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու համար, ապա դատարանը կցուցաբերի չափազանց ճկուն մոտեցում` անիմաստ դարձնելով միայն վճարելու ունակություն չունեցող անձանց պետական տուրքի գծով արտոնություններ տալու օրենսդրական պահանջը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Դատարանը իրավաչափորեն չի քննարկել պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Արթուր Ավթանդիլյանի, Հայկ Սահակյանի և Թեհմինե Ենոքյանի ներկայացրած պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ կրկին ներկայացված նույնաբովանդակ միջնորդությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Դատաքննությունը վարչական դատարանում» վերտառությամբ 17-րդ գլխի 107-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քննարկման ենթակա չէ այն դիմումը կամ միջնորդությունը, որը միայն կրկնում է նախկինում մերժված նույնաբովանդակ դիմումի կամ միջնորդության հիմնավորումները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
107-րդ հոդվածը վերաբերում է գործի դատաքննության փուլի ընթացքում ներկայացվող միջնորդություններին և չի կարող կիրառվել հայցադիմումի ընդունելիության փուլում ներկայացված միջնորդությունների նկատմամբ: Այլ կերպ ասած` Դատարանը պարտավոր էր քննարկել հայցադիմումի ընդունելիության փուլում ներկայացված և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին նախկին միջնորդության հետ նույնաբովանդակ միջնորդությունը և որոշում ընդունել այդ միջնորդության մերժման կամ բավարարման մասին: Հետևաբար, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բերել է միայն Արթուր Ավթանդիլյանը, սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Արթուր Ավթանդիլյանի մասով ներկայացված միջնորդությունը քննարկելու համար: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն պնդումը, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանների կողմից խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասը:
Ելնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծություններից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով հիմնավորվում է բողոքարկվող դատական ակտի կայացման համար հիմք հանդիսացած հանգամանքների ոչ իրավաչափ լինելը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ
դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.05.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 25.06.2015 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը առանց քննության թողնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը` Արթուր Ավթանդիլյանի մասով և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան Ռ. Հակոբյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Մ. Դրմեյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|