Գլխավոր տեղեկություն
Номер
N 199-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2016
Дата вступления в силу
24.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2016 թվականի N 199-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները`

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 23

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 23-ի N 199-Ա

որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին (այսուհետ` ՌԱ հանձնաժողով) կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդը (այսուհետ` ՌՏԳՏ խորհուրդ) մշտապես գործող մարմին է, որն ուսումնասիրում է գործադիր մարմիններից ստացված ռազմական կարիքների համար պետական պատվերների հայտերը, Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` ՌԱՀ) գործունեության սուբյեկտներից ստացված առաջարկություններն ու համապատասխան եզրակացությամբ ներկայացնում ՌԱ հանձնաժողովին:

2. ՌՏԳՏ խորհրդի կանոնադրությունը և կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

(2-րդ կետը փոփ. 26.07.19 N 1008-Ա)

3. ՌՏԳՏ խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պաշտպանության մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, ՌԱ հանձնաժողովի ու սույն կանոնադրություններով և այլ իրավական ակտերով:

(3-րդ կետը փոփ. 26.07.19 N 1008-Ա)

4. ՌՏԳՏ խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՌԱՀ-ի կազմակերպությունների և ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարմանը մասնակցող այլ կազմակերպությունների հետ համագործակցելով:

5. ՌՏԳՏ խորհրդի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ.

2) հայերեն կրճատ` ՀՀ ՌԱ հանձնաժողովին կից ՌՏԳՏԽ.

3) ռուսերեն լրիվ` Военно-технический и научно-технический совет при военно-промышленной комиссии Республики Армения.

4) ռուսերեն կրճատ` ВТНТС при ВПК РА.

5) անգլերեն լրիվ` The Military-technical and Scientific-technical Counsil of the Military-industrial Commission of the Republic of Armenia.

6) անգլերեն կրճատ` MTSTC at MIC RA:

6. ՌՏԳՏ խորհրդի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0028, քաղ. Երևան, Օրբելի եղբայրների 22:

 

II. ՌՏԳՏ ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. ՌՏԳՏ խորհրդի հիմնական նպատակներն են`

1) իր իրավասության սահմաններում ստորև նշված առաջարկությունների քննարկումը և ՌԱ հանձնաժողովին համապատասխան եզրակացություն ներկայացնելը`

ա. ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության վերաբերյալ,

բ. ՌԱՀ-ի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման վերաբերյալ,

գ. ՌԱՀ-ի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական ծրագրերի վերաբերյալ,

դ. գործադիր մարմիններից, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից ստացված ռազմատեխնիկական և (կամ) գիտատեխնիկական աշխատանքների վերաբերյալ,

ե. ժամանակակից և հեռանկարային սպառազինության մշակումներ կազմակերպելու վերաբերյալ,

զ. ՌԱՀ-ի բնագավառում միջազգային համագործակցության զարգացման վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ռազմատեխնիկական և (կամ) գիտատեխնիկական ծրագրերի մշակման կազմակերպումը՝ համապատասխան պետական մարմինների հետ համատեղ:

 

III. ՌՏԳՏ ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. ՌՏԳՏ խորհրդի հիմնական խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի զարգացման գիտատեխնիկական ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների քննարկումը և սահմանված կարգով եզրակացություն ներկայացնելը.

2) պետական մարմիններից, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից, գիտական կազմակերպություններից, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանցից ստացված առաջարկությունների քննարկումը, անհրաժեշտության դեպքում՝ գիտական և գիտատեխնիկական փորձաքննության պատվիրումը, սահմանված կարգով եզրակացություն ներկայացնելը.

3) ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, ճարտարագիտատեխնիկական կադրերի պատրաստման և վերապատրաստման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը և սահմանված կարգով դրանք ներկայացնելը.

4) այլ երկրների նորարարական գիտատեխնիկական զարգացման վերաբերյալ պարբերական զեկույցների և համապատասխան առաջարկությունների քննարկումը և սահմանված կարգով դրանք ներկայացնելը.

5) ՌԱՀ-ի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման նպատակով միջազգային գիտական համագործակցության իրականացման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը:

 

IV. ՌՏԳՏ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. ՌՏԳՏ խորհուրդը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:

10. ՌՏԳՏ խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահն է:

(10-րդ կետը փոփ. 26.07.19 N 1008-Ա)

11. ՌՏԳՏ խորհրդի նախագահի տեղակալն ընտրվում է ՌՏԳՏ խորհրդի անդամներից՝ խորհրդի նախագահի ներկայացմամբ, բաց քվեարկությամբ, ՌՏԳՏ խորհրդի անդամների ձայների 2/3-ով:

12. ՌՏԳՏ խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը՝ ՌՏԳՏ խորհրդի անդամներից:

13. ՌՏԳՏ խորհրդի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

14. ՌՏԳՏ խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ: ՌՏԳՏ խորհրդի իրավասության սահմաններում գործառնական լուծում պահանջող հարցերի վերաբերյալ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր՝ խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

15. ՌՏԳՏ խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի կողմից հաստատված օրակարգի համաձայն:

16. ՌՏԳՏ խորհրդի նիստին կարող են մասնակցել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչներ` խորհրդակցական ձայնի իրավունքով, և հանդես գալ առաջարկություններով:

17. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչները ՌՏԳՏ խորհրդի նիստերին մասնակցում են խորհրդի նախագահի հրավերով կամ խորհրդի անդամների առաջարկությամբ` խորհրդի նախագահի հրավերով:

18. ՌՏԳՏ խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

19. ՌՏԳՏ խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում` նախագահի ձայնը վճռորոշ է:

20. ՌՏԳՏ խորհրդի նիստերը վարում և որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը կամ վերջինիս բացակայության դեպքում` նրա տեղակալը:

21. ՌՏԳՏ խորհրդի նախագահը համակարգում և ապահովում է խորհրդի բնականոն աշխատանքը:

22. ՌՏԳՏ խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:

(22-րդ կետը փոփ. 26.07.19 N 1008-Ա)

23. ՌՏԳՏ խորհրդի քարտուղարը`

1) նախապատրաստում է խորհրդի նիստերը.

2) ապահովում է ներկայացված առաջարկությունների ընդգրկումը նիստերի օրակարգում.

3) նախապատրաստում է առաջարկություններ խորհրդի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ.

4) համակարգում է խորհրդի քարտուղարության աշխատանքները.

5) վարում է խորհրդի գործավարությունը:

24. ՌՏԳՏ խորհրդի անդամը՝

1) իրավունք ունի խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ ներկայացնելու գրավոր հարցեր` խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) իրավունք ունի ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.

4) պարտավոր է մասնակցել խորհրդի աշխատանքներին.

5) իրավունք ունի իրականացնելու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

25. ՌՏԳՏ խորհրդի՝ ի պաշտոնե անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը: Նրա փոխարեն ՌՏԳՏ խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

26. ՌՏԳՏ խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է 5 տարի (ոչ ավելի, քան անընդմեջ 2 անգամ)՝ բացառությամբ խորհրդի՝ ի պաշտոնե անդամների:

27. ՌՏԳՏ խորհրդի կազմը համալրվում է մեկամսյա ժամկետում` խորհրդի նախագահի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

28. ՌՏԳՏ խորհրդի որոշումները, ստորագրվելուց հետո, սահմանված կարգով, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են ՌԱ հանձնաժողովի նախագահին:

29. ՌՏԳՏ խորհրդի անդամներին խորհրդի որոշմամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին հետևում է խորհրդի քարտուղարը և խորհրդին ներկայացնում համապատասխան տեղեկատվություն:

 

V. ՌՏԳՏ ԽՈՐՀՐԴԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

30. ՌՏԳՏ խորհուրդն ունի հետևյալ ենթահանձնաժողովները՝

1) մեքենաշինության.

2) ֆիզիկայի և ռադիոէլեկտրոնիկայի.

3) քիմիայի և կենսաբանության.

4) տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության.

5) նորարարական (ինովացիոն) տեխնոլոգիաների:

31. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովների նախագահներին նշանակում է խորհրդի նախագահը` ՌԱ հանձնաժողովի համաձայնությամբ:

32. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովների կազմը և գործունեության կարգը հաստատում է խորհրդի նախագահը:

33. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովները համալրվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի գիտնականներով, բարձր որակավորում ունեցող ճարտարագիտատեխնիկական մասնագետներով, ՌԱՀ-ի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներով, գործադիր մարմինների ներկայացուցիչներով:

34. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովների աշխատանքում անհրաժեշտության դեպքում՝ խորհրդի նախագահի որոշմամբ, ժամանակավորապես ներգրավվում են տարբեր գերատեսչությունների, հիմնարկների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական կազմակերպությունների և արտադրության համապատասխան մասնագետներ (համաձայնությամբ):

35. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովներն անհրաժեշտության դեպքում կարող են ստեղծել աշխատանքային խմբեր՝ ներգրավելով խորհրդի անդամներ չհանդիսացող համապատասխան մասնագետների (համաձայնությամբ):

(հավելվածը փոփ. 26.07.19 N 1008-Ա) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան
 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 23-ի N 199-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության գիտության կոմիտեի նախագահ (ՌՏԳՏ խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

 նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարի խորհրդական

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարության գիտատեխնիկական վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարության շուկայի զարգացման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարության ծրագրերի կառավարման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության

 ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ

 գլխավոր վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության

 վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի և ավտոմատ

 կառավարման համակարգերի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության

 զորքերի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի

 վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և

 հրետանու վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի

 ռադիոէլեկտրոնային պայքարի բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

 կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի մեքենաշինության

 ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

 կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ֆիզիկայի և

 ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

 կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի քիմիայի և

 կենսաբանության ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

 կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի տեղեկատվական

 տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողովի

 նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

 կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նորարարական

 տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին

 կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի քարտուղար

(հավելվածը խմբ. 26.07.19 N 1008-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան