Գլխավոր տեղեկություն
Номер
N 754-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 21.06.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.06.2019
Дата вступления в силу
22.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

13 հունիսի 2019 թվականի N 754-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-136-16.05.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 20

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-136-16.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հիմքում դրված մոտեցման վերաբերյալ ունի հետևյալ դիտարկումները և առաջարկությունները.

1. Նախագծով առաջարկվող կարգավորման մեջ օգտագործվում է «ոչ ավանդական սեռական կողմնորոշում» ձևակերպումը, որը քննարկվող հոդվածի դիսպոզիցիան դարձնում է բլանկետային: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում գործածվող բլանկետային դիսպոզիցիաների էությունը կայանում է նրանում, որ դրանցում նկարագրված հանցագործության հատկանիշներն ամբողջությամբ բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել իրավունքի այլ ճյուղերի նորմերին, այլ օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի: Մինչդեռ, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքում, այնպես էլ այլ իրավական ակտերում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում» ձևակերպման սահմանումը բացակայում է, ինչը խնդրահարույց է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի ապահովման տեսանկյունից: Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում ենք, որ քննարկվող ձևակերպման սահմանումն անհրաժեշտ է հստակեցնել կամ Նախագծով առաջարկվող 165.1-ին հոդվածի շրջանակներում, կամ էլ դրա սահմանումն ամրագրել այլ իրավական ակտերում:

2. Նախագծով առաջարկվող 165.1-ին հոդվածի հանցակազմի օբյեկտը 16 տարին չլրացած անձանց սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերություններն են: Մինչդեռ, քննարկվող հոդվածի դիսպոզիցիայում Նախագծի հեղինակը, ի թիվս այլնի, ներառել է «համացանցի և զանգվածային տեղեկատվության ընդհանուր միջոցներով ցանկացած եղանակով ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը», որը փաստացի ուղղված է ոչ միայն 16 տարին չլրացած անձանց սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերությունների, այլև ավելի լայն զանգվածների դեմ: Այս առումով գտնում ենք, որ վերոնշյալ դրույթն անհրաժեշտ է կամ հանել Նախագծից, կամ էլ խմբագրել՝ հաշվի առնելով 165.1-ին հոդվածի անմիջական օբյեկտը:

3. Նախագծով առաջարկվող 165.1-ին հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված որոշ արարքներ գործող քրեական օրենքի այլ հոդվածներով արդեն իսկ քրեականացված են: Այսպես, տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, որպես հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար: Ինչ վերաբերում է նույն արարքին, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունները մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, ապա այդպիսի արարքները որակվում են ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար: Այսպես, քրեական իրավունքի տեսության մեջ և իրավակիրառ պրակտիկայում անառակաբարո գործողությունները ընդունված է բաժանել երկու տեսակի՝ ֆիզիկական և ինտելեկտուալ: Ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններն են համարվում սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ լկտի զրույց տանելը, պոռնկագրական առարկաներ, նկարներ կամ տեսաֆիլմեր ցուցադրելը, պոռնկագրական բովանդակությամբ գրականությանը ծանոթացնելը և նման այլ արարքներ: Վերոգրյալի հիման վրա՝ գտնում ենք, որ Նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ միևնույն արարքի կրկնակի քրեականացումը և քրեաիրավական նորմերի բախումը բացառելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ առաջարկվող փոփոխություններից: