Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-31-Ո-Կ-10
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.520
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
30.05.2019
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
30.05.2019
Дата вступления в силу
30.05.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

   Ք. Երևան

 30 մայիսի 2019 թ.

ԲԴԽ-31-Ո-Կ-10

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.

 

նախագահությամբ` Բարձրագույն
դատական խորհրդի
նախագահի
պաշտոնակատար

Գ. Դանիելյանի,

 

մասնակցությամբ` անդամներ

Ա. Բեկթաշյանի,

Ա. Խաչատրյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ս. Մեղրյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

Հ. Հովհաննիսյանի,

   

Երևան քաղաքի առաջին
ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի դատավոր

Ա. Գաբրիելյանի,

 
Դատավորների ընդհանուր ժողովի
կարգապահական հարցերի
հանձնաժողովի նախագահ
 
Մ. Պապոյանի,
 

Դատավորների ընդհանուր ժողովի
կարգապահական հարցերի
հանձնաժողովի անդամ

Մ. Մակյանի,
   
քարտուղարությամբ՝

Մ. Թելոյանի,

 

դռնփակ նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով) N-Կ-10/2019 որոշմամբ ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Արտուշ Գաբրիելյանին (այսուհետ` Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 21-ի թիվ N-Կ-4/2019 որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել թիվ ԵԷԴ/0025/01/16 քրեական գործով տուժողի իրավահաջորդ Անժելիկա Նազարյանցի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ին Կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացված հաղորդումը։

Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թվականի հունվարի 21-ին Դատավորի նկատմամբ կայացրել է կարգապահական վարույթ հարուցելու մասին թիվ N-Կ-4/2019 որոշումը: Թիվ N-Կ-4/2019 կարգապահական վարույթը կարճվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թվականի մարտի 4-ի որոշմամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն՝ տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ:

Կարգապահական հարցերի հանձնաժողովը գործի նյութերի ուսումնասիրությունից պարզել է, որ տուժողի իրավահաջորդը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված պահանջին համապատասխան չէր ներկայացրել դիմում, հետևաբար Դատավորի կողմից կատարված որևէ խախտում չէր հայտնաբերվել, և գործի վարույթը կարճվել էր:

Կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորից պահանջվել են նյութեր, որոնց ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Դատավորի կողմից դատական ակտի պատճենը չի հանձնվել նաև դատավարության այն մասնակիցներին, որոնց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն պետք է հանձնվեր դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում՝ անկախ որևէ դիմումի առկայությունից:

Հարուցված թիվ N-Կ-4/2019 կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրության ընթացքում Կարգապահական հարցերի հանձնաժողովը պարզել է, որ թիվ ԵԷԴ/0025/01/16 քրեական գործով Դատավորի կողմից 2018 թվականի օգոստոսի 27-ին կայացված դատավճռի պատճենը դատապարտվածներին, նրանց պաշտպաններին և մեղադրողին հանձնվել է նույն թվականի դեկտեմբերի 3-ին, մինչդեռ դատավճռի պատճենը վերջիններիս պետք է հանձնվեր դրա հրապարակվելուց հետո` 5 օրվա ընթացքում:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թվականի մարտի 4-ին Դատավորի նկատմամբ առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերման առիթով կայացրել է կարգապահական վարույթ հարուցելու մասին նոր որոշում, իսկ նույն թվականի ապրիլի 5-ին՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ N-Կ-10/2019 որոշումը:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Կարգապահական հարցերի հանձնաժողովը, որպես իր դիրքորոշման իրավական հիմքեր, նշել է Սահմանադրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավական նորմերը: Հարուցված կարգապահական վարույթում առկա նյութերի, վկայակոչված իրավական ակտերի, ինչպես նաև Դատավորի ներկայացրած գրավոր բացատրության ուսումնասիրության արդյունքում Կարգապահական հարցերի հանձնաժողովը գտել է, որ թիվ ԵԷԴ/0025/01/16 քրեական գործով դատավճիռը՝ դատապարտվածներին, նրանց պաշտպաններին և մեղադրողին Դատարանի կողմից ուղարկվել է օրենքով սահմանված ժամկետի ակնհայտ խախտմամբ: Ավելին, դատավճռի պատճենը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված 5-օրյա ժամկետի խախտմամբ` այն հրապարակելուց ավելի քան երեք ամիս հետո դատապարտվածներին, նրանց պաշտպաններին և մեղադրողին ուղարկելը հանգեցրել է քրեադատավարական իրավունքի նորմի կոպիտ խախտման:

Անդրադառնալով Դատավորի կողմից Կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացված բացատրության մեջ հիշատակված՝ Սահմանադրական դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1394 որոշմանը՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովն արձանագրել է, որ նշված որոշման տրամաբանությունից չի բխում, որ օրենքով սահմանված իմպերատիվ դատավարական ժամկետի նմանատիպ խախտումը կարելի է դիտարկել ողջամիտ, անկախ գործի առանձնահատկություններից, քանի որ քննարկվող դեպքում Դատավորի կողմից անհրաժեշտ գործողություններն իրականացվել են սահմանված ժամկետն ավելի քան քսան անգամ գերազանցող ժամկետում:

Վերոնշյալ որոշմանն անդրադառնալիս Դատավորը նշել է նաև, որ նման իրավիճակում չեզոքանում է անձի կողմից դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման բոլոր հնարավոր խոչընդոտները, դրանով միաժամանակ չեզոքանում են դատական ակտը սահմանված ժամկետից ուշ տրամադրելու արդյունքում վրա հասնող բացասական հետևանքները: Միաժամանակ, Դատավորը նշել է, որ քննարկվող գործով դատավարության բոլոր մասնակիցներն օգտվել են դատական ակտը բողոքարկելու իրենց իրավունքից, բողոքներն ընդունվել են վարույթ և ներկայումս քննվում են Վերաքննիչ քրեական դատարանում, հետևաբար՝ որևէ անձի իրավունք չի ոտնահարվել:

Վերոշարադրյալի կապակցությամբ Կարգապահական հարցերի հանձնաժողովը գտել է, որ նման պարագայում բացասական հետևանքների վրա հասնելու հարցը հնարավոր չէ քննարկել միայն դատական ակտը բողոքարկելու համար օրենքով սահմանված ժամկետի առկայության տեսանկյունից, քանի որ, եթե անգամ անձն ունենում է դատական ակտը բողոքարկելու համար օբյեկտիվ հնարավորություն, ուստի դատական ակտն ավելի ուշ ստանալու պարագայում անձի համար այն բողոքարկելու հնարավորությունը ծագում է նույն ժամանակահատվածին համապատասխանող ժամանակահատվածով ավելի ուշ: Այնուամենայնիվ, ելնելով վերոգրյալից, պետք է փաստել, որ անձը մինչև դատական ակտն ստանալը չի ունենում ողջամիտ ժամկետում դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրացնելու հնարավորություն:

Կարգապահական հարցերի հանձնաժողովը նաև նշել է, որ Դատարանի նախագահ Ռ.Վարդազարյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 511-Ա հրամանի համաձայն՝ Դատավորը 2018 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ՝ 15 աշխատանքային օր տևողությամբ, գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում: Կարգապահական հարցերի հանձնաժողովը գտել է, որ 2018 թվականի օգոստոսի 27-ին կայացված դատավճռի պատճենն օրենքով սահմանված ժամկետներում դատավարության կողմերին չհանձնելու պարագայում, այն էլ այն դեպքում, երբ, ըստ Դատավորի, առկա է եղել գերծանրաբեռնվածություն, ինչպես նաև քննարկվող դատական ակտը վերստին ստուգելու, տպագրելու երկարաժամկետ, ծավալուն, աշխատատար և ժամանակատար գործընթացի անհրաժեշտություն, այդ ժամանակահատվածում Դատավորն օգտվել է իր ամենամյա հերթական արձակուրդից:

Անդրադառնալով դատավորի կողմից ներկայացված այն պատճառաբանությանը, որ քննարկվող ժամանակահատվածում նա ունեցել է առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը նշել է. «...չխախտելով դատավորի կողմից ներկայացված հանգամանքի հավաստիության կանխավարկածը, այնուամենայնիվ, պետք է նշել, որ նշված պատճառաբանությունը հավաստող որևէ ապացույց դատավորի կողմից չի ներկայացվել»:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Կարգապահական հարցերի հանձնաժողովին և գրավոր պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին:

Կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրած գրավոր բացատրության մեջ Դատավորը նշել է, որ թիվ ԵԷԴ/0025/01/16 քրեական գործը քննվել է 3 (երեք) ամբաստանյալի նկատմամբ՝ յուրաքանչյուրին առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրանքի սահմաններում, վարույթին ներգրավված են եղել 3 (երեք) տուժողի իրավահաջորդներ, 55 (հիսունհինգ) վկա, դատաքննությամբ ներկայացվել են միջնորդություններ, այդ թվում՝ ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Գործով իրականացվել է ընդհանուր առմամբ 74 (յոթանասունչորս) դատական նիստ: Գործի ընդհանուր քննությունը տևել է շուրջ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս, գործով դատավճիռը բաղկացած է եղել «128 էջից»:

Դատավորն իր բացատրության մեջ նշել է նաև, որ գործի դատաքննության ընթացքում ենթարկվել է սրտի վիրահատության և գտնվել է բուժման մեջ, իսկ հետվիրահատական և վերականգնողական բուժումը համընկել է տվյալ գործով դատական ակտ կայացնելուց հետո ընկած ժամանակահատվածի հետ:

Դատավորը հավելել է, որ ներկայումս իր վարույթում քննվում է հանրային հնչեղություն ունեցող «Սասնա ծռեր»-ի գործը, իսկ քննարկվող ժամանակահատվածում վարույթում քննվել է թվով 81 քրեական գործ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, անհապաղ քննության ենթակա միջնորդություններով, այլ միջնորդություններով և դատական հանձնարարությունների հետ կապված հարցերի վերաբերյալ՝ թվով 463 դատական գործ, որոնցից վերջիններով ավարտել է թվով 432 գործ, իսկ քրեական գործերից ավարտել է 50-ը:

Քննարկվող դատական ակտը հրապարակելուց հետո վերը նշված ծանրաբեռնվածության պայմաններում դատական ակտը վերստին ստուգելը (քերականական, լեզվաբանական, տառասխալների, գրավրիպակների, ամսաթվերի և այլ տեխնիկական սխալների) և տպագրելը երկարաժամկետ, ծավալուն, աշխատատար և ժամանակատար գործընթաց է եղել՝ հաշվի առնելով դատավճռի 128 էջանոց մեծ ծավալը:

Դատավորը վկայակոչել է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1394 և ՍԴՈ-1052 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները և հանգել այն հետևության, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է անձի կողմից դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման բոլոր հնարավոր խոչընդոտները՝ դրանով, միաժամանակ, չեզոքացնելով դատական ակտը սահմանված ժամկետից ուշ տրամադրելու արդյունքում վրա հասնող բացասական հետևանքները:

Իր վարքագծի հետևանքների առնչությամբ Դատավորը նշել է հետևյալը. «… քննարկվող գործով դատավարության բոլոր մասնակիցներն օգտվել են դատական ակտը բողոքարկելու իրենց իրավունքից, բողոքներն ընդունվել են վարույթ և ներկայումս քննվում են Վերաքննիչ քրեական դատարանում, հետևաբար՝ որևէ անձի իրավունք չի ոտնահարվել»:

Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած գրավոր պատասխանի մեջ Դատավորը վերահաստատել է Հանձնաժողով ներկայացրած գրավոր բացատրության մեջ արտահայտված իրավական փաստարկները, ինչպես նաև պատասխանին կից ներկայացրել է իր առողջական վիճակի, բժշկական միջամտությունների վերաբերյալ փաստաթղթեր և խնդրել է մերժել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թվականի հունվարի 21-ին Դատավորի նկատմամբ կայացրել էր կարգապահական վարույթ հարուցելու մասին թիվ N-Կ-4/2019 որոշումը (թիվ N-Կ-4/2019 կարգապահական վարույթը կարճվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թվականի մարտի 4-ի որոշմամբ):

2. Թիվ N-Կ-4/2019 կարգապահական վարույթի շրջանակներում Կարգապահական հարցերի հանձնաժողովին է տրամադրվել թիվ ԵԷԴ/0025/01/16 քրեական գործով համապատասխան նյութեր, որոնց ուսումնասիրությունից պարզվել է, որ Դատավորը թիվ ԵԷԴ/0025/01/16 քրեական գործով դատավճիռը հրապարակել է 2018 թվականի օգոստոսի 27-ին, սակայն դատավճռի պատճենը դատապարտվածներին, նրանց պաշտպաններին և մեղադրողին հանձնել է նույն թվականի դեկտեմբերի 3-ին:

3. Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թվականի մարտի 4-ին առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերման առիթով Դատավորի նկատմամբ կայացրել է կարգապահական վարույթ հարուցելու մասին նոր որոշում, իսկ նույն թվականի ապրիլի 5-ին՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ N-Կ-10/2019 որոշումը:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1) արդյո՞ք թիվ ԵԷԴ/0025/01/16 քրեական գործով Դատավորը խախտել է դատավճռի պատճենը դատավարության մասնակիցներին հանձնելու՝ օրենքով սահմանված ժամկետը,

2) արդյո՞ք խախտումը կարող է որակվել որպես ակնհայտ և կոպիտ:

Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Սահմանադրության 63-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն՝ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը պետք է հանձնվի դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին: Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ:

2018 թվականի օգոստոսի 27-ին կայացված Դատավճռի պատճենը վերը նշված անձանց ուղարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին (ընդ որում, տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի դիմումը Դատավորին է հանձնվել 2018 թվականի նոյեմբերի 27-ին):

Գործի նյութերից պարզ է դառնում, որ Դատավորը խախտել է դատավճռի պատճենի հանձնման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական նորմը:

Սույն գործի շրջանակներում թույլ տրված խախտման ակնհայտ և կոպիտ բնույթը պարզելու համար Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է սույն դատավարական նորմի դիտարկումը թե՛ իրավական նորմերի խախտման, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշման, թեԲ վրա հասած հետևանքների համատեքստում:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1052 որոշման մեջ արձանագրել է. »...վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում՝ ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը»։ Նույն որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատական ակտը հրապարակելուց, այն հասցեատիրոջն ուղարկելուց մինչև հասցեատիրոջ կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, որը կարող է ձգձգվել` պայմանավորված նաև սուբյեկտիվ գործոններով: Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «ուղարկել» եզրույթը ժամանակի առումով բոլորովին համարժեք չէ «հանձնելուն», քանզի հայտնի չէ, թե այն իրականում երբ կհասնի տվյալ իրավահարաբերության սուբյեկտին:

Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ ՍԴՈ-1394 որոշման մեջ արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանի թերացման հետևանքով դատական ակտն ուշ է հասանելի դարձել իրավասու անձին, և դա փաստարկվել ու հիմնավորվել է, ապա նրա համար իրավունքի ուժով պետք է երաշխավորվի դատական ակտը հասանելի դառնալու պահից մեկամսյա ժամկետում բողոք բերելու հնարավորությունը:

Ըստ Դատավորի դիրքորոշման՝ դատավարության մասնակիցներն օգտվել են դատական ակտը բողոքարկելու իրենց իրավունքից, բողոքներն ընդունվել են վարույթ և ներկայումս քննվում են Վերաքննիչ քրեական դատարանում, ինչը փաստում է, որ չի խոչընդոտվել դատավարության որևէ մասնակցի իրավունքի իրացմանը:

Այս փաստարկը Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում, քանզի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1394 որոշման մեջ արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումը բացառապես լուծել է Դատավորի կողմից ժամկետը խախտելու պարագայում բացառապես բողոքարկման իրավունքի երաշխավորման խնդիրը, սակայն այն ինքնըստինքյան չի բացառել և տվյալ իրավակարգավորման համատեքստում չէր էլ կարող բացառել անձի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը: Թեպետ ժամկետի խախտման պարագայում Սահմանադրական դատարանը երաշխավորել է բողոքարկման իրավունքը, սակայն, երբ այդ ժամկետն ակնհայտ տևական է, ապա էապես խաթարվում է անձի արդար դատաքննության իրավունքը, քանզի անձը, ունենալով իր համար բարենպաստ դատական ակտի կայացման ակնկալիքով բողոքարկման իրավունք, զրկված է լինում ողջամիտ ժամկետում դրա իրացման հնարավորությունից:

Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմամբ անձանց տրվել է դատական ակտն ուշ ստանալու դեպքում այն ընդհանուր կարգով բողոքարկելու իրավական հնարավորություն, սակայն այդ դիրքորոշումը չպետք է ընկալվի որպես դատական ակտի պատճենն օրենքով սահմանված ժամկետում հանձնելու կանոնից շեղվելու իրավաչափ և իբրև որևէ բացասական հետևանք չառաջացնող հնարավորություն:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ օրենքով դատավարական ժամկետների նախատեսումը ոչ միայն նպաստում է իրավական որոշակիությանը, այլև արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը: Այս իրավիճակում դատական ակտը հնգօրյա ժամկետում ստանալու վերաբերյալ իրավական նորմը կարևորվում է հենց իրավական որոշակիության և իրավական ակնկալիքների տեսանկյունից. դատավարության մասնակիցների կողմից օրենքով նախատեսված ժամկետում դատական ակտի պատճենն ստանալը հնարավորություն է ընձեռում վերջիններիս կանխատեսելու իրենց հետագա վարքագիծը, նախապատրաստվելու բողոքարկման հաջորդ փուլին և ունենալու ակնկալվող հնարավոր դրական ելք: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1394 որոշման մեջ ամրագրել է. «Այդ նորմից հետևում է, որ հնգօրյա ժամկետում դատավճռի պատճենի հանձնումը դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին պարտադիր է, ինչը երաշխիք է ինչպես դատապարտվածի բողոքարկման իրավունքի իրացման, այնպես էլ այլ քաղաքացիաիրավական գործառույթների իրականացման համար»: Ավելին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատավճիռը հրապարակվելուց ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը դատապարտվածին կամ արդարացվածին, նրա պաշտպանին և մեղադրողին հանձնելը ենթադրում է, որ հնարավորության դեպքում դատարանը պետք է ձգտի, որ դատավճռի պատճենը հանձնվի ավելի կարճ ժամանակահատվածում, որպեսզի դատապարտվածը կամ արդարացվածը հնարավորություն ունենա ծանոթանալու իր նկատմամբ կայացված դատական ակտին և անհրաժեշտության դեպքում նախապատրաստվի դրա բողոքարկմանը:

Այս համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում Կարգապահական հարցերի հանձնաժողովի այն փաստարկը, համաձայն որի. «... նման պարագայում բացասական հետևանքների վրա հասնելու հարցը հնարավոր չէ քննարկել միայն դատական ակտը բողոքարկելու համար օրենքով սահմանված ժամկետի առկայության տեսանկյունից, քանի որ, եթե անգամ անձն ունենում է դատական ակտը բողոքարկելու համար օբյեկտիվ հնարավորություն, հետևաբար դատական ակտն ավելի ուշ ստանալու պարագայում անձի համար այն բողոքարկելու հնարավորությունը ծագում է նույն ժամանակահատվածին համապատասխանող ժամանակահատվածով ավելի ուշ»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումն ակնհայտ բնույթ է կրում: Խախտած դատավարական նորմը հստակ և որոշակի ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին: Քննարկվող իրավիճակում դատավարական ժամկետի խախտման փաստի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Ըստ էության, խախտման փաստը չի վիճարկում նաև Դատավորը, վերջինս պարզապես, հղում անելով Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին, արտահայտել է այն մոտեցումը, ըստ որի՝ թույլ տրված խախտումը չի հանգեցրել բացասական հետևանքների:

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե կարո՞ղ է, արդյոք, Դատավորի կողմից թույլ տրված խախտումը համարվել կոպիտ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ տվյալ դեպքում՝ զուտ հետևանքների տեսանկյունից, առկա են բավարար հիմքեր խախտումը կոպիտ որակելու համար, մինչդեռ՝ կոնկրետ օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի հանգամանքների հաշվառմամբ Դատավորի կողմից տվյալ իրավիճակում խախտման փաստը չի կարող գնահատվել որպես դատական իշխանությունը հեղինակազրկող: Այսպես, դատական ակտի հանձնումն ուշացնելու ողջ ժամանակահատվածում Դատավորի մոտ արձանագրվել է աննախադեպ մեծ ծանրաբեռնվածություն: Ընդ որում, անհրաժեշտ է արձանագրել, որ պայմանավորված քրեական գործի բարդությամբ, դրա առնչությամբ կայացված դատական ակտի կազմման գործընթացն ուղեկցվել է անհամեմատ մեծ ծավալի աշխատանքով: Որպես օբյեկտիվ գործոն, դիտարկվում է նաև այդ ժամանակահատվածում Դատավորի առողջական վիճակը, որի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված պարզաբանմանը կից ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր:

Խախտման կոպիտ լինելը չի հիմնավորվում նաև Դատավորի առողջական վիճակի փաստարկի պարագայում: Տվյալ դեպքում Դատավորը ներկայացրել է իր առողջական վիճակի, մասնավորապես ծանր վիրահատության ենթարկված լինելը հիմնավորող բավարար փաստաթղթեր: Ընդ որում, նշված ժամանակահատվածում Դատավորը հարկադրված է եղել 15 օրով մեկնել արձակուրդի՝ հետվիրահատական պրոֆիլակտիկ զննության և համապատասխան բժշկական միջամտությունների նպատակով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց.

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ մերժել։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

 Բարձրագույն դատական
 խորհրդի նախագահի
պաշտոնակատար`
  

 Գ. Դանիելյանի,

 Անդամներ`    Ա. Բեկթաշյան
     Ա. Խաչատրյան
     Լ. Մելիքջանյան
     Ս. Մեղրյան
     Ա. Մխիթարյան
     Ս. Չիչոյան
   

 Հ. Հովհաննիսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան