ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2019 թվականի N 684-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-128-02.05.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-128-02.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 381-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն և լրացում՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) արտահայտված իրավական դիրքորոշումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հիմքում դրված մոտեցումը համարում է ընդունելի, սակայն գտնում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև հետևյալ դիտարկումները՝
1) որոշման 4.3-րդ կետում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) իրավակարգավորման ամբողջական վերլուծությունից հետևում է, որ այն պարունակում է նաև վերաքննիչ բողոքին ներկայացվող զուտ բովանդակային պահանջներ: Այսպես` բողոք բերող անձը պարտավոր է շարադրել «բողոքի հիմքերը և պահանջը», «վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ՝ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը», «առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները:
Նման պայմաններում ակնհայտ է, որ վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:»:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նշված դիրքորոշումից, ի թիվս այլնի, բխում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերում սահմանված իրավակարգավորումները դիտարկվում են որպես զուտ բովանդակային պահանջներ, հետևաբար, այս առումով վրա հասնող հետևանքները պետք է նույնաբովանդակ լինեն, այն է՝ դրսևորվեն վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու ձևով: Այնինչ, նախագծով նշված երկու իրավակարգավորումները դիտարկվում են որպես ոչ թե վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու, այլ՝ վերադարձնելու հիմքեր, ինչը, մեր կարծիքով, վիճահարույց է, քանի որ վերաքննիչ բողոքի հիմքերը չնշելը նշանակում է, որ ինքնին վերաքննիչ բողոքի բովանդակությունը բացակայում է: Հետևաբար, գտնում ենք, որ քննարկվող պահանջներն անհրաժեշտ է միավորել մեկ կետում՝ դրանք դիտարկելով որպես վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքեր, իսկ բողոքի պահանջն առանձնացնել՝ հստակեցնելով, որ վերջինս պետք է բխի վերաքննիչ դատարանի լիազորություններից.
2) նախագծով դատավարության մասնակցին հնարավորություն է տրվում վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող՝ բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման դեպքում վերացնելու այն և վերաքննիչ բողոքը նորից ներկայացնելու դատարան: Մինչդեռ, որոշման 4.3-րդ կետում արձանագրվել է. «Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ, հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս, օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր: Հետևաբար, այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն իրավունքի իրացման կարգի՝ օրենքով նախատեսման փաստը սոսկ, այլև նման կարգի արդյունավետությունը, այսինքն՝ օրենքի նորմերում բովանդակվող իրավակարգավորիչ այնպիսի միջոցների, ձևերի առկայությունը և դրանց գործադրման հնարավորությունը, որոնք կերաշխավորեն սահմանադրորեն կանխորոշված նպատակի լիարժեք իրացումը՝ կոնկրետ դեպքում հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածների պահանջները:»: Այս համատեքստում հարկավոր է նշել, որ նախագծով առաջարկվող՝ օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումից պարզ չէ, թե վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո ինչ ժամկետներում դատավարության մասնակիցը պետք է շտկի առկա թերությունները: Միաժամանակ պարզ չէ, թե ինչ որոշում է կայացնելու վերաքննիչ դատարանը, եթե վերաքննիչ բողոքն այն ներկայացրած անձին վերադարձնելուց հետո վերջինս չշտկի համապատասխան թերությունները և բողոքը նույն կամ այլ թերություններով ներկայացնի դատարան: Հիշյալ դեպքում գտնում ենք, որ անհրաժեշտ է նախատեսել իրավական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք կբացառեն անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահումը և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելը՝ առանց թերությունները շտկելու: Մասնավորապես, առաջարկում ենք օրենսդրորեն ամրագրել, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում առկա բոլոր առերևույթ սխալները, իսկ թույլ տրված սխալները վերացնելու և որոշումն ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում բողոքը վերաքննիչ դատարան կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված՝ սկզբնական ներկայացնելու օրը, իսկ սխալների շտկման անվերջ շրջապտույտը բացառելու նպատակով սահմանել, որ բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Անհրաժեշտ է նաև նախատեսել, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել՝ դիմելով վճռաբեկ դատարան` օրենսգրքով սահմանված կարգով.
3) նախագծի ընդունման դեպքում օրենսգրքի 381-րդ հոդվածի 6-րդ մասի խմբագրությունը մնում է անփոփոխ: Նշված քրեադատավարական նորմի համաձայն՝ վերաքննիչ դատարանն ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ բողոքը բերվել է սույն օրենսգրքի 376.1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դատական ակտի դեմ, որի հիմքերի բավարարության հարցը վերաքննիչ դատարանը լուծում է կոլեգիալ կազմով: Ստացվում է, որ վերաքննիչ դատարանը նույն հիմքով կարող է ինչպես մերժել, այնպես էլ՝ առանց քննության թողնել վերաքննիչ բողոքը, ինչը խնդրահարույց ենք համարում իրավական որոշակիության սկզբունքի իրացման տեսանկյունից:
Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագիծն ընդունելի կհամարի խնդրահարույց դրույթները խմբագրելուց հետո:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|