Գլխավոր տեղեկություն
Номер
N 683-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 11.06.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.06.2019
Дата вступления в силу
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2019 թվականի N 683-Լ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-130-03.05.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

2019 թ. հունիսի 5

Երևան

       

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-130-03.05.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-115-Ն օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխության արդյունքում որպես ինքնավար մարմին հանձնաժողովի առաջին կազմը նախատեսվում է ձևավորել Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունիսի 30-ը, ուստի նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում նախևառաջ հարց է առաջանում, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման կարգավորումը արդյոք գործելու է հանձնաժողովի առաջին կազմի ձևավորման պարագայում, թե կիրառվելու է առաջին կազմի ձևավորումից հետո առաջին իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

Եթե կիրառվելու է նաև առաջին կազմի ձևավորման դեպքում, ապա տվյալ պարագայում պարզ չէ, թե կոնկրետ որ ժամկետով պաշտոնավարման համար թեկնածու առաջադրելու իրավունքն է վերապահվելու ընդդիմադիր խմբակցություններին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն` հանձնաժողովի չորս անդամների համար նախատեսված են պաշտոնավարման տարբեր ժամկետներ:

Այս առումով գտնում ենք, որ նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնավորող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու, օրինակ՝ հստակ ամրագրել, որ 1 կամ 3 տարով պաշտոնավարող անդամի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը:

Այն դեպքում, եթե Նախագծով նշված կարգավորումը վերաբերելու է առաջին կազմից հետո ձևավորվող կազմերին, ապա պարզ չէ նաև թափուր պաշտոն առաջանալու դեպքում թեկնածուների առաջադրման առաջնահերթ նախապատվության հարցը, այսինքն՝ ինչ հաջորդականությամբ են Հայաստանի Հանրապետության վարչապետը և ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնելու իրենց թեկնածուներին:

Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառումը կարող է խնդրահարույց լինել, երբ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են: Մասնավորապես պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրվող թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ և արդյունքում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հարցում:

Նման խնդիրներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել կարգավորում, համաձայն որի` յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն կընձեռվի առաջադրել հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու, որոնցից մեկը կնշանակվի հանձնաժողովի անդամ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ նույն խնդրի կարգավորմանն է ուղղված ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան