Գլխավոր տեղեկություն
Номер
N 681-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 11.06.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.06.2019
Дата вступления в силу
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2019 թվականի N 681-Լ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-127-02.05.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

2019 թ. հունիսի 5

Երևան

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-127-02.05.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

       

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում է՝

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է համայնքի ավագանու լիազորություններից հանել համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ ՀՈԱԿ) ղեկավարներին համաձայնություն տալու լիազորությունը, իսկ նախագծի 2-րդ հոդվածով համայնքի ղեկավարի ընդհանուր լիազորություններից հանել ՀՈԱԿ-ի ղեկավարների նշանակման և ազատման լիազորությունը: Սակայն, հարկ է նշել, որ նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 35.1-ին հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ եզրակացությունն աշխատակազմի կողմից ուղարկվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Հիշյալ նորմերի վերլուծությունից ելնելով՝ առաջարկում ենք նախագծով հստակեցնել պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից հանել «Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ» բառերը: Մինչդեռ ներկայացվող նախագծի կարգավորման առարկայից դուրս է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելու հարցերը: Ուստի, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնում նշանակելու կարգավորումները տրվում են նախագծի 35.1-ին հոդվածում:

3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է օրենքը լրացնել 35.1-ին հոդվածով, ինչի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նշված օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, Գյումրի և Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները: Մինչդեռ, նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ սահմանվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը, որը չի կարող հանդիսանալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորման առարկա:

Բացի այդ, կարգում անհրաժեշտ է նախատեսել մրցույթի կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող լրացուցիչ կարգավորումներ, ինչը հնարավորություն կտա ապահովելու մրցույթի անցկացման թափանցիկությունը, օբյեկտիվությունը և միաժամանակ խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից:

Այսպես` անհրաժեշտ է նախատեսել, թե ինչ ժամկետում են ընդունվում մրցույթին մասնակցելու մասին հայտերը հայտարարությունները հրապարակվելուց հետո: Անհրաժեշտ է նաև նախատեսել, թե երբ է նշանակվում մրցույթը` հայտերն ընդունելու ավարտից հետո: Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել բոլոր թեկնածուների հետ քննարկման անցկացման համար որոշակի ժամկետ` օրինակ, 30 րոպե կամ 1 ժամ: Նախագծի համաձայն` մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում թեկնածուն ներկայացնում է նաև իր աշխատանքային ծրագիրը: Այդ առումով հարցազրույցի անցկացման չափանիշները հստակեցնելու և սուբյեկտիվիզմի գործոնը վերացնելու համար գտնում ենք, որ հարցազրույցի ընթացքում պետք է քննարկվի միայն թեկնածուի կողմից ներկայացված աշխատանքային ծրագիրը: Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել մրցույթի ձայնագրմանը վերաբերող դրույթներ, ինչը նույնպես կապահովի մրցույթի անցկացման օբյեկտիվությունը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև հետևյալը`

1) 35.1-ին հոդվածի 11-րդ մասի համաձայն` եզրակացությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնում։ Նկատի ունենալով օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները, պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե որ պաշտոնատար անձի մասին է խոսքը.

2) 35.1-ին հոդվածի դրույթները վերաբերում են համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին և այդ պաշտոնին նշանակվելուն: Նախագծով առաջարկվող օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին` բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների։ Նախագծով առաջարկվող կարգավորումների դեպքում նախագծում բացակայում են համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնից ազատելու վերաբերյալ դրույթները, որոնք անհրաժեշտ է նախատեսել:

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ նշված կարգավորումները պետք է տեղ գտնեն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգում, սակայն մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման դետալացված նկարագրությունը նպատակահարմար չէ կատարել օրենքում: Այդ առումով առաջարկում ենք նախագծով սահմանել, որ մրցույթի անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: Այդ նպատակով առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածը հանել, իսկ 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի առաջին նախադասությունը «ղեկավարներին» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված մարմինը» բառերով:»:

      

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան