ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 հունիսի 2019 թվականի ք. Երևան |
N 231-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 101-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացվում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
9. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվությունը ներկայացվում է փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ:».
2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-15-րդ կետերով.
«10. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում տեղեկատվության ներկայացման օր է համարվում հանձնաժողովում տեղեկատվության և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ տեղեկատվության և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում՝ տեղեկատվության և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը:
11. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) տեղեկատվությունը ներկայացվում է Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով՝ էլեկտրոնային ստորագրությամբ, գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆտ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:
12. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում լիցենզավորված անձը տեղեկատվությունը Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով հանձնաժողով է ներկայացնում նաև e-reports@psrc.am էլեկտրոնային հասցեին։
13. Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում լիցենզավորված անձը հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված տեղեկատվություն կամ տեղեկատվությանն առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:
14. Տեղեկատվության կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում լիցենզավորված անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում տեղեկատվությունը ներկայացնում է հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում տեղեկատվությունում կատարում է փոփոխություններ և հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված տեղեկատվություն:
15. Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունում լիցենզավորված անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված տեղեկատվություն: Սույն կարգի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի տեղեկատվությունից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված տեղեկատվություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող՝ |
Ս. Աղինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|