Գլխավոր տեղեկություն
Номер
N 890-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.07.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 20.07.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.07.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.07.2019
Дата вступления в силу
21.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2019 թվականի N 890-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-187-14.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-187-14.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 17

Երևան

     

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-187-14.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված նյութական հանցակազմը դարձնել ձևական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 226.1-ին հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվեն բռնություն գործադրելու հրապարակային կոչերը:

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝

1) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված հանցագործությունն ավարտված կհամարվի ոչ թե մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին փաստացի վնաս պատճառելու, այլ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները՝ նորմի դիսպոզիցիայում նշված որևէ հատկանիշից կախված, խախտելու պահից: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ քննարկվող հանցակազմը ձևական դարձնելու դեպքում արհեստականորեն իջեցվում է արարքի քրեականացման շեմը, ինչը հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքների լայն շրջանակի առկայության պայմաններում կարող է հանգեցնել քրեաիրավական նորմի ծայրահեղ մեկնաբանման ու, ըստ էության, ցածր հանրային վտանգավորություն ունեցող արարքների քրեաիրավական որակման: Օրինակ` արարքը կարող է որակվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով, եթե ղեկավարը հանձնարարի իգական սեռի աշխատողներին նստել առավել հարմարավետ աշխատասենյակում, քան արական սեռի աշխատողներին: Կամ որևէ անձ, ով մերժում է ամուսնության առաջարկը՝ կախված առաջարկ անողի՝ 143-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված հատկանիշներից որևէ մեկին համապատասխանելու հետ, նույնպես, ըստ նախագծի, ընկնում է խնդրո առարկա հանցակազմի գործողության տակ և ենթակա է քրեական պատասխանատվության: Օրինակները բազմաթիվ են և վկայում են այն մասին, որ հավասարության խախտման ոչ բոլոր դեպքերն են ենթակա քրեականացման, այլ միայն նրանք, որոնք էական վնաս են պատճառել անձի՝ օրենքով պաշտպանվող իրավունքներին և շահերին` առաջացնելով իրական բացասական հետևանք հանցավոր ոտնձգության օբյեկտի համար: Ուստի, վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում տեղ գտած ձևակերպումների համակարգային միասնությունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք քննարկվող հոդվածի 1-ին մասում «որը վնաս է պատճառել» բառերը փոխարինել «որը էական վնաս է պատճառել» բառերով՝ այդպիսով հանցագործությունն ավարտված համարել այն ժամանակ, երբ օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությանն արարքով էական վնաս է պատճառվել։ Միաժամանակ առաջարկում ենք իրավահավասարության քրեաիրավական պաշտպանության հարցին առավել համակարգային դիրքերից անդրադառնալ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելիս, որոնք արդեն մեկնարկել են, քանի որ չենք ժխտում, որ նորմը, ընդհանուր առմամբ, թերի է ձևակերպված:

2) Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից սույն թվականի հունիսի 3-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Կ-042-06.03.2019-ՊԻ-011/1), որով քրեականացվող արարքը՝ այն է ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226.1-ին հոդվածում: Հատկանշական է այն հանգամանքը, որ հիշատակված նախագծով նշված արարքներն ինքնին չեն քրեականացվում, այլ քրեական պատասխանատվությունը վրա է հասնելու բացառապես այն դեպքում, երբ այդպիսիք առաջացնեն նշված հանցանքները կատարելու իրական վտանգ: Նման կարգավորումը նպատակաուղղված է բացառելու խոսքի ազատության անհարկի և անհամաչափ սահմանափակումները, ինչպես նաև կանխելու ավելորդ քրեականացումը:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում առկա լուծումները: Բացի այդ, անհրաժեշտ է վերանայել նախագծով առաջարկվող հոդվածի համարակալումը:

 Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի բռնության կոչերի համար պատասխանատվություն նախատեսելու հարցի ուսումնասիրության հանձնարարականը, գտնում ենք, որ իրավահավասարության ապահովման անկյունաքարային նպատակի իրականացման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել մանրամասն քննարկելու ոչ միայն բռնության կոչերի, այլև ատելության խոսքի համար պատասխանատվություն նախատեսելու ավելի համակարգային մոտեցումը, որը բազմիցս ընդգծվել է նաև քաղաքացիական հասարակության հետ մեր քննարկումներում: Այդ նպատակով, գտնում ենք, որ ավելի նպատակահարմար է տվյալ նախագծի քննարկումը հետաձգել մինչև ատելության խոսքի համար պատասխանատվություն նախատեսելու հարցի համակողմանի ուսումնասիրությունը: