ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0412/02/18 Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0412/02/18
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Ե. Խունդկարյան |
|
|
Ս. Անտոնյան |
|
|
Ա. Բարսեղյան |
|
|
Գ. Հակոբյան |
Ս. Միքայելյան | ||
|
|
Տ. Պետրոսյան |
|
|
Է. Սեդրակյան |
|
|
Ն. Տավարացյան |
2019 թվականի մայիսի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Նարինե Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձել 1.300.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի համար նախատեսված գումար:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Խաչիկյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.12.2018 թվականի որոշմամբ «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 302-րդ և 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռը պետք է հրապարակեր 02.08.2018 թվականին, մինչդեռ դատական ակտը տվյալ օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում «Datalex.am» կայքում չի հրապարակվել, իսկ բողոք բերած անձն այն ստացել է միայն 2018 թվականի նոյեմբերի 19-ին: Հետևաբար Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հարգելի չի համարել բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը՝ թույլ տալով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 25.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ կարող են էական նշանակություն ունենալ տվյալ իրավադրույթի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 302-րդ հոդվածի 2-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. դատարանի կողմից դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դիտարկվում է արդյո±ք դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում այն պարագայում, երբ դատարանը դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկել գործին մասնակցող անձին կամ մինչ այդ առձեռն չի հանձնել:
3.1) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):
Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում Պայմանավորվող պետություններին ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, պետությունը, որը հիմնադրել է նման դատարաններ, պետք է հոգա այն մասին, որ այդ դատարանների առջև երաշխավորվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Բացի այդ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները կախված են կոնկրետ գործով դատավարության առանձնահատուկ հատկանիշներից, և կարևոր է ուշադրության արժանացնել այդ գործի ամբողջ դատավարական ընթացքը՝ իրականացված ներպետական իրավական համակարգին համապատասխան, և այդ Բարձրագույն դատարանի կողմից ունեցած դերակատարումն այդ գործում, քանի որ բողոքի ընդունելիությանը ներկայացվող չափանիշները կարող են լինել ավելի խիստ, քան հայցադիմումինը (տե՛ս, Běleš and others v. The Czech Republic գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ 62):
Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: Վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգում է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը:
Ելնելով վերոշարադրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
3.2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակվում, գործին մասնակցող անձանց հանձնվում և ուղարկվում է ընդհանուր կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործին մասնակցող անձանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում, բացառությամբ որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման դեպքերի:
Վճռաբեկ դատարանը, սույն որոշման 3.1 կետում շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով և համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին և գործող օրենսգրքերի համարժեք կարգավորումները, հարկ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգիրքը սահմանում էր, որ դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում, և հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց, իսկ եթե գործին մասնակցող անձանցից որևէ մեկը չի ներկայացել, ապա վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան: Փաստորեն, սույն կարգավորման համաձայն՝ դատարանի կողմից վճիռն անձին հանձնելու պարտավորությունը պատշաճ կատարված էր համարվում, եթե առձեռն հանձնվում էր գործին մասնակցող անձին, իսկ դրա կատարման անհնարինության դեպքում, որպես այլընտրանք, սահմանված էր պատվիրված նամակով գործին մասնակցող անձանց վճիռն ուղարկելը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգիրքը նախատեսում էր վճռի օրինակը գործին մասնակցող անձանց հանձնելու երկու եղանակ, որոնցից երկրորդն օրենսդիրը դիտարկում էր որպես կատարման ևս մեկ հավասարազոր և հնարավոր տարբերակ առաջինի անհնարինության դեպքում: Գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն՝ եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի պատվիրված նամակով: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը ևս որդեգրել է այն մոտեցումը, համաձայն որի՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում պատվիրված նամակով վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն վճռի հրապարակումը կատարվում էր դատական նիստով, ապա գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում այն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նախկինում գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից տարբերվող հրապարակման նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդիրը նախատեսել է հրապարակման նոր կարգ, բայց միաժամանակ պահպանել է դատական ակտի առձեռն հանձնման կամ ուղարկման՝ դատարանի պարտականությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությանը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտնում է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաև պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը՝ հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 19.06.2018 թվականին կայացրել է որոշում՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որով դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2018 թվականի օգոստոսի 02-ը: Համաձայն փոստային անդորրագրի՝ պարզեցված վարույթի կարգով գործը քննելու մասին որոշումը բողոքաբերին ուղարկելու համար փոստին է հանձնվել 21.06.2018 թվականին, իսկ վերջինս այն ստացել է 25.06.2018 թվականին: Համաձայն թիվ ԴԴ-23/Ե14909/18 գրության՝ Դատարանի 02.08.2018 թվականի վճիռը ելքագրվել է 06.11.2018 թվականին, և բողոքաբերը Դատարանի 02.08.2018 թվականի վճիռը ստացել է 19.11.2018 թվականին:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 02.08.2018 թվականին, և բողոքաբերն օբյեկտիվորեն հնարավորություն է ունեցել ծանոթանալու դատական ակտի բովանդակությանը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը 19.06.2018 թվականին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որը բողոքաբերը պատշաճ կերպով ստացել է 25.06.2018 թվականին: Այսինքն՝ վերջինս կարող էր դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված վճռի հրապարակմանը հաջորդած օրենքով սահմանված ժամկետում բողոքարկել այն` անկախ վճռի թղթային օրինակը ստացած լինելու հանգամանքից:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և° սույն գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և° վճիռն օրենքով սահմանված ժամկետում Ընկերությանը հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակումից հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Վճռաբեկ դատարանը, բացահայտելով օրենսդրի կամքը, գտնում է, որ միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է՝
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից պարզ չէ, թե դատական իշխանության կայքում դատական ակտը երբ է հրապարակվել այն պայմաններում, երբ Դատարանը դրա հրապարակման օր էր հայտարարել 02.08.2018 թվականը: Ավելին, գործում առկա չէ նաև ապացույց այն մասին, թե Դատարանը վճիռը երբ է ուղարկել Ընկերությանը՝ փոստային ծառայությանը հանձնելու միջոցով: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի թիվ ԴԴ-23/Ե14909/18 գրությունը, համաձայն որի՝ Դատարանի 02.08.2018 թվականի վճիռը ելքագրվել է 06.11.2018 թվականին, և հանձնման ծանուցագիրն այն մասին, որ Ընկերությունը դատական ակտի օրինակը ստացել է 19.11.2018 թվականին, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացվել:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 02.08.2018 թվականին, և բողոքաբերն օբյեկտիվորեն հնարավորություն է ունեցել ծանոթանալու դատական ակտի բովանդակությանը, քանի որ սույն գործով պարզ չէ, թե դատական ակտը երբ է հրապարակվել դատական իշխանության պաշտոնական կայքում, ավելին՝ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դատարանի 02.08.2018 թվականի վճիռը ելքագրվել է 06.11.2018 թվականին, և արդյունքում Ընկերությունը Դատարանի վճիռը ստացել է 19.11.2018 թվականին, այսինքն՝ Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր պարտականությունը, ինչի արդյունքում Դատարանի վճիռը գործին մասնակցող անձին հասու է դարձել դրա՝ վերաքննության կարգով բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունը իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 302-րդ հոդվածի 2-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Ընկերության՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Ե. Խունդկարյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Ս. Միքայելյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|