Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1462
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.05.29/34(1487) Հոդ.406
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
21.05.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
21.05.2019
Дата вступления в силу
21.05.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

21 մայիսի 2019 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրված՝ «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի ապրիլի 9-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում` ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման, դրա նպատակների, կառուցվածքի և գործառույթների սահմանման նպատակով: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև: Այն բաց է այլ պետությունների միանալու համար, որը կատարվում է բոլոր Կողմերի համաձայնության դեպքում:

Միջազգային բյուրոն գտնվելու է Մոսկվա քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն), բայց անհրաժեշտության դեպքում, Կողմերի միջև կնքված առանձին միջազգային պայմանագրերի համաձայն, Կողմերի տարածքում կարող են հիմնադրվել Բյուրոյի մասնաճյուղեր, որոնց գործունեության հետ կապված հարցերը, այդ թվում՝ նաև ֆինանսական ապահովման հետ կապված, կարգավորվում են վերոնշյալ միջազգային պայմանագրերով, իսկ Բյուրոյի բյուջեն, որը պետք է հավասարակշռված լինի ըստ եկամուտների և ծախսերի, ձևավորվում է կողմերի բաժնային վճարումների հաշվին, որոնց ձևավորման և կատարման մասին կանոնակարգը, չափերը (սանդղակը) սահմանվում են Կողմերի կառավարությունների ղեկավարների կողմից և վերանայվում են ըստ անհրաժեշտության:

Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող Հավելված՝ «Կարգ Բյուրոյի, Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ» վերտառությամբ:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- կողմերի հետ համատեղ ստեղծել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային իրավունակությամբ օժտված Միջազգային բյուրո (այսուհետ` Բյուրո), որի աշխատանքային լեզուն ռուսերենն է՝ որպես ԻԿԱՕ-ի պաշտոնական լեզուներից մեկը (հոդված 2, կետեր 1 և 2, հոդված 5),

- ապահովել, որ Ղեկավար խորհրդի նիստը ՀՀ տարածքում՝ ՀՀ հրավերով գումարվելու դեպքում, նիստի գումարման ծախսերը հոգա հյուրընկալող ՀՀ լիազորված պետական մարմինը (հոդված 8, կետ 7, մաս 2),

- ապահովել, որ գործուղում ուղարկած ՀՀ պետական մարմինները և կազմակերպությունները կատարեն Ղեկավար խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման հետ կապված ծախսերը (հոդված 8, կետ 7, մաս 3),

- ուսումնասիրել թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկությունները, որոնք ստացվել են պատահարների և լուրջ միջադեպերի քննության արդյունքում, և տեղեկություն տրամադրել Բյուրոյին՝ ձեռնարկված կամ քննարկվող միջոցների կամ որևէ միջոց չձեռնարկելու պատճառների մասին (հոդված 11, կետ «ա»),

- ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանությունը Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան մշակված փաստաթղթերին (հոդված 11, կետ «բ»),

- ապահովել բաժնային վճարումների կատարումը՝ ըստ Բյուրոյի հաստատված բյուջեի (հոդված 11, կետ «գ»),

- ընդունել և միջոցներ ձեռնարկել՝ զերծ պահելու համար Բյուրոյի կողմից իրականացվող ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննությունը քաղաքական կամ այլ միջամտությունից (հոդված 11, կետ «դ»),

- ապահովել, որ ՀՀ տարածքում Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները օգտվեն սոցիալական երաշխիքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են նրանց ստանձնած լիազորությունների և պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման համար (հոդված 14, կետ 2),

- առարկաները և այլ գույքը, որոնք նախատեսված են Բյուրոյի կողմից պաշտոնական օգտագործման համար, ՀՀ տարածքում ազատել մաքսային տուրքերից, հարկերից և մաքսային վճարներից (Հավելված, կետ 11),

- Բյուրոյի Նախագահին և Բյուրոյի աշխատակիցներին չենթարկել քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության իրենց պարտականությունների կատարման ընթացքում կատարած բոլոր գործողությունների, գրավոր կամ բանավոր հայտարարությունների համար՝ բացառությամբ իրենց վարած կամ իրենց պատկանող տրանսպորտային միջոցով տեղի ունեցած ճանապարհային տրանսպորտային պատահարի հետ կապված վնասների հատուցման հայցերի դեպքերի (Հավելված, կետ 14, ենթակետ «ա»),

- Բյուրոյի Նախագահին և Բյուրոյի աշխատակիցներին ազատել աշխատավարձերի և Բյուրոյի կողմից տրված այլ վճարումների հարկումներից (Հավելված, կետ 14, ենթակետ «բ»),

- երաշխավորել Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների հայրենադարձության այն նույն արտոնություններից օգտվելու իրավունքը, որոնցից միջազգային ճգնաժամերի ժամանակ օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչները (Հավելված, կետ 14, ենթակետ «ե»),

- պահպանել Բյուրոյի Նախագահի կամ Բյուրոյի աշխատակիցների՝ որպես Բյուրոյի Նախագահ կամ Բյուրոյի աշխատակիցներ, իրենց գործառույթների և գործողությունների իրականացման շրջանակներում ասվածի կամ գրվածի նկատմամբ վարչական, քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունը նաև նրանց լիազորությունների ավարտից հետո (Հավելված, կետ 22),

- ապահովել, որ Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների՝ Բյուրոյում աշխատելու ժամանակահատվածը հաշվարկվի որպես ապահովագրական (աշխատանքային) ստաժ՝ կենսաթոշակի սահմանման համար (Հավելված, կետ 24, մաս 3),

- ապահովել, որ ՀՀ քաղաքացու՝ Բյուրոյի Նախագահ և Բյուրոյի աշխատակից եղած ժամանակահատվածում ստացած շահույթը հաշվի առնվի կենսաթոշակի չափը որոշելիս՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի և կարգի (Հավելված, կետ 24, մաս 4),

- ապահովել, որ սոցիալական ապահովագրության նպաստներ նշանակելիս սոցիալական (աշխատանքային) ստաժում հաշվարկվի Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների աշխատաժամանակը՝ համաձայն գտնվելու վայրի պետության օրենսդրության (Հավելված, կետ 26),

- ապահովել, որ ՀՀ քաղաքացի Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների աշխատաժամանակը մտնի ՀՀ պետական (պետական քաղաքացիական) ծառայության ստաժի մեջ՝ պետական (պետական քաղաքացիական) ծառայություն անցնելու ընթացքում սոցիալական երաշխիքների կարգավորման և պետական ծառայողներին (դաշնային պետական քաղաքացիական ծառայողներ) երկարամյա ծառայության դիմաց կենսաթոշակներ նշանակելու համար (Հավելված, կետ 29):

3. Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրի վերաբերյալ կատարել է վերապահում, որում, մասնավորապես, հայտարարվում է, որ Համաձայնագրի Հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետի «Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները ազատվում են պետական պարտականություններից» դրույթները չեն կիրառվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև հայտարարվում է, որ Համաձայնագրի Հավելվածի 24-րդ կետը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ կիրառելիս, որոնք զբաղեցնում են Բյուրոյի Նախագահի կամ Բյուրոյի աշխատակցի պաշտոնը, նրանց կենսաթոշակային ապահովման պարտադիր պահումները կատարվում են Բյուրոյի կողմից:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «2018 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրված՝ «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

21 մայիսի 2019 թվականի

ՍԴՈ-1462

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան