Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.05.31/35(1488).1 Հոդ.421.26
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.04.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
16.04.2019
Дата вступления в силу
16.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0612/04/16

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0612/04/16
2019թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան    

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Ե. Խունդկարյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Գ. Հակոբյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

     

2019 թվականի ապրիլի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայկ Ջավախյանի և Վարդան Աբրահամյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Հայկ Ջավախյանի ընդդեմ Վարդան Աբրահամյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հայկ Ջավախյանը պահանջել է Վարդան Աբրահամյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Վարդան Աբրահամյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Կ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 30.07.2018 թվականի որոշմամբ բավարարվել է Վարդան Աբրահամյանի դիմումը՝ ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.09.2018 թվականի որոշմամբ բավարարել է Դատարանի 30.07.2018 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» որոշման դեմ «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացրած վերաքննիչ բողոքը` վերացնելով Դատարանի 30.07.2018 թվականի որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Հայկ Ջավախյանը և Վարդան Աբրահամյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Հայկ Ջավախյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ հոդվածները, 369-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոքաբերը զրկվել է արդար դատաքննության իրավունքից, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության պայմաններում վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր պատասխանը ներկայացնելու հնարավորությունից, ինչը բխում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:

Պարտապանին ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու հնարավորություն տալը, այդ թվում` ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման ժամկետը երկարաձգելու միջոցով, բխում է դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքից, որն անհրաժեշտ է նաև պարտատիրոջ շահերի պաշտպանության համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի թիվ ԵԿԴ/0612/04/16 սնանկության գործով 18.09.2018 թվականի որոշումը»:

 

2.1 Վարդան Աբրահամյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ հոդվածները, 369-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքաբերին զրկել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից` խախտելով կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր դատավարությունը կազմակերպել այնպես, որ ապահովվի գործին մասնակցող անձանց կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրականացումը:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 59-րդ հոդվածի 1-ին մասը և 60-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ անտեսել է, որ պարտապանի կողմից ամբողջությամբ բողոքարկվել է պարտատերերի վերջնական ցուցակը, ինչն օրենքի ուժով արգելք է պարտատերերի առաջին ժողովի անցկացմանը: Նշված հանգամանքը հաշվի առնելով` պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշման բողոքարկման արդյունքում վերջնական դատական ակտի կայացումից հետո` 30.07.2018 թվականին, իսկ Վարդան Աբրահամյանը միջնորդությունը ներկայացրել է մինչև ժողովի կայանալը (մինչև 30.07.2018 թվականի ժամը 16:00-ն), ուստի Դատարանն արդարացիորեն բավարարել է միջնորդությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի թիվ ԵԿԴ/0612/04/16 սնանկության գործով 18.09.2018 թվականի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 30.07.2018 թվականի որոշմանը»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Վերաքննիչ դատարանի 03.09.2018 թվականի որոշմամբ Դատարանի 30.07.2018 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» որոշման դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Վերաքննիչ դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով և վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտը հրապարակել 18.09.2018 թվականին (գործի հավելված, գ.թ. 58-59):

2) Վերաքննիչ դատարանի 03.09.2018 թվականի որոշումը և դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ դատական ծանուցագիրը Հայկ Ջավախյանին և Վարդան Աբրահամյանին ուղարկելու համար փոստային ծառայությանն են հանձնվել 24.09.2018 թվականին: Վարդան Աբրահամյանին ուղարկված փոստային ծրարը վերադարձվել է` «չպահանջված» նշումով, իսկ Հայկ Ջավախյանին ուղարկված փոստային ծրարը վերջինս ստացել է 25.09.2018 թվականին (գործի հավելված, գ.թ. 60, 62, 64, 65, 71):

3) Վերաքննիչ դատարանի 18.09.2018 թվականի որոշումը Հայկ Ջավախյանին և Վարդան Աբրահամյանին ուղարկելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 26.09.2018 թվականին: Որոշումը Հայկ Ջավախյանը և Վարդան Աբրահամյանը ստացել են 27.09.2018 թվականին (գործի հավելված, գ.թ. 82, 83, 87, 88):

4) Հայկ Ջավախյանը փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել 27.09.2018 թվականին (գործի հավելված, գ.թ. 89-92):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը և բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ հոդվածների և 369-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնելիս դատավարության մասնակցի կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացման ապահովման խնդրին:

 

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ սույն գործով Հայկ Ջավախյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիմքը և հիմնավորումները և Վարդան Աբրահամյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի առաջին հիմքը և հիմնավորումները, ըստ էության, նույնաբովանդակ են, նպատակահարմար է համարում դրանց անդրադառնալ ներքոշարադրյալ՝ ընդհանուր պատճառաբանությամբ.

 

1. Հայկ Ջավախյանի վճռաբեկ բողոքը և Վարդան Աբրահամյանի վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա: Նույն հոդվածի     2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` (1) վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը, (2) որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվելիս նրանք տեղեկացվում են բողոքին պատասխան ներկայացնելու իրավունքի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի պատասխանում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Ankerl v. Switzerland գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Ankerl v. Switzerland գործով (գանգատ թիվ 17748/91) Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավական հնարավորությանը` նշելով, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պայմանավորված վերաքննության վարույթի և վերաքննիչ դատարանում գործի քննության առանձնահատկություններով՝ վերաքննիչ դատարանում անձն իր դատավարական իրավունքները, որպես կանոն, իրացնում է վերաքննիչ բողոքի կամ դրա պատասխանի ներկայացմամբ՝ հաշվի առնելով, որ բացատրություն տալու անհրաժեշտությունը որոշում է դատարանը: Ամեն դեպքում անձը չպետք է զրկվի իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, որն էլ հիմնականում արվում է գրավոր եղանակով՝ վերաքննիչ բողոքում և դրա պատասխանում: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, ապա այն պատշաճ գնահատման պետք է արժանանա՝ հաշվի առնելով, որ դատավարական նման իրավունքի սահմանումն ինքնանպատակ չէ (տե'ս, ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Ամփոփելով և զարգացնելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննության փուլում դատավարության մրցակցության և դատավարության մասնակիցների իրավահավասարության սկզբունքների պահպանությանն այն դեպքերում, երբ բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 11.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1020 որոշմամբ եզրահանգել է, որ գրավոր ընթացակարգով գործի քննությունն ինքնին չի կարող խախտել գործի հրապարակային քննության իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատաքննության գրավոր, ինչպես և բանավոր ընթացակարգերն արդարադատության իրականացման կազմակերպական-ընթացակարգային ձևեր են, որոնք իրավական ամրագրմամբ ներդրվելով արդարադատական պրակտիկայում` կոչված են մի դեպքում՝ առանց «բանավոր լսումների» դատաքննական գործողությունների իրականացման, մյուս դեպքում` դրանց կատարմամբ ապահովելու դատական գործերի արդար, արդյունավետ և հրապարակային քննություն, դատական ակտերի կայացում և դրանց հրապարակում: Բոլոր դեպքերում, թե՛ բանավոր և թե՛ գրավոր ընթացակարգով գործերի դատաքննությունը պետք է անհրաժեշտ երաշխիքներ ապահովի դատաքննության մասնակիցների իրավունքների իրացման համար: ՀՀ սահմանադրական դատարանը նաև գտել է, որ գրավոր ընթացակարգով դատաքննությունը, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, չի կարող մեկնաբանվել որպես ոչ հրապարակային սկզբունքով արդարադատության իրականացում, առավել ևս՝ մեկնաբանվել որպես [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասի նորմատիվ պայմանների անտեսման միջոց, եթե այն իրականացվում է հստակ սահմանված ընթացակարգով` երաշխավորելով դատաքննության մասնակիցների իրավունքների արդյունավետ իրացումը:

Այլ խոսքով` ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննությունը չի համարում արդար դատաքննության իրավունքի սահմանափակում, եթե գործի քննության ընթացքում ապահովվում է դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրացումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Եվրոպական դատարանը նույնպես մի շարք որոշումներով արտահայտված դիրքորոշումներով կարևորել է գրավոր ընթացակարգով գործի քննության ժամանակ դատավարության մասնակիցներին իրենց իրավունքների արդյունավետ իրացման հնարավորություն տալու հանգամանքը (տե'ս, օրինակ, Sancakli v. Turkey գործով (գանգատ թիվ 1385/07) Եվրոպական դատարանի 15.05.2018 թվականի վճիռը, կետ 51):

Եվրոպական դատարանը նաև կարևորել է, որ եթե անգամ վերադաս դատական ատյանն ունի լիազորություն վերանայելու գործն ինչպես փաստերի, այնպես էլ օրենքի հիմքով, ապա Կոնվենցիայի 6-րդ հոդվածը ոչ միշտ է պարտադրում հրապարակային քննություն և առավել ևս անձամբ ներկայանալու անհրաժեշտություն (տե'ս, Fejde v. Sweden գործով 29.10.1991 թվականի վճիռ, գանգատ թիվ  12631/87, կետ 31): Կարևոր է հաշվի առնել բողոքարկման քննության առանձնահատկությունները, ինչպես նաև այն հանգամանքը, թե դիմումատուի շահերն ինչպես են փաստացի ներկայացվել և պաշտպանվել բողոքարկման ատյանում, ընդ որում` հատկապես այն հարցերը, որոնք պետք է որոշի տվյալ բողոքարկման դատարանը (տե'ս, օրինակ, Helmers v. Sweden գործով 29.10.1991 թվականի վճիռը, գանգատ թիվ 11826/85, կետեր 31-32 կամ Kremzow v. Austria գործով 21.09.1993 թվականի վճիռը, գանգատ թիվ 12350/86, կետ 59):

Եվրոպական դատարանի արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու հարցին` Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ օրենսդիրն ապահովել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտ նախադրյալներ դատավարության մասնակցի համար` սահմանելով, որ վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո: Միաժամանակ, որպես վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետ՝ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ կամ 5-րդ օրը` կախված բողոքարկվող դատական ակտի տեսակից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ վերաքննիչ դատարանն իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս (տվյալ դեպքում` բողոքի քննությունը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում կայացնելիս) պարտավոր է այնպես կազմակերպել բողոքի քննության համար նախատեսված ժամկետները (այդ թվում` դատական ակտի հրապարակման օրը որոշելիս), որպեսզի դատավարության որևէ մասնակից մյուսի համեմատ չգտնվի էականորեն նվազ բարենպաստ վիճակում:

 

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 03.09.2018 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով և վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտը հրապարակել 18.09.2018 թվականին: Վերաքննիչ դատարանի 03.09.2018 թվականի որոշումը և դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ դատական ծանուցագիրը Հայկ Ջավախյանին և Վարդան Աբրահամյանին ուղարկելու համար փոստային ծառայությանն են հանձնվել 24.09.2018 թվականին` փաստորեն Վերաքննիչ դատարանի 18.09.2018 թվականի որոշման (որը հենց բողոքի քննության արդյունքում կայացված որոշումն է) հրապարակումից հետո` դրանով իսկ զրկելով Հայկ Ջավախյանին և Վարդան Աբրահամյանին վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից (ընդ որում, Հայկ Ջավախյանը փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրել է 27.09.2018 թվականին):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Հայկ Ջավախյանին և Վարդան Աբրահամյանին զրկել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից` թույլ տալով դատավարության մրցակցության և դատավարության մասնակիցների հավասարության սկզբունքների խախտում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ գործին մասնակցող անձինք զրկվել են բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու իրավական հնարավորությունից, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ մրցակցային վարույթի անհարկի սահմանափակման:

 

2. Ինչ վերաբերում է Հայկ Ջավախյանի բողոքի մյուս փաստարկին` կապված ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու անհրաժեշտության հետ, և Վարդան Աբրահամյանի վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման արդյունքում Հայկ Ջավախյանը և Վարդան Աբրահամյանը զրկվել են վերաքննիչ բողոքի պատասխաններ ներկայացնելու հնարավորությունից, որի արդյունքում Հայկ Ջավախյանի բողոքի մյուս փաստարկը և Վարդան Աբրահամյանի վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի հիմնավորումներն օբյեկտիվորեն ներկայացված չեն եղել Վերաքննիչ դատարանում և որևէ իրավական գնահատական չեն ստացել դատական այս ատյանի կողմից, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վերջիններիս վճռաբեկ բողոքների հիմնավորվածությանը մյուս հիմքով կամ փաստարկով: Վերոգրյալ դիրքորոշումներից ելնելով՝ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նույն դատարան` Ընկերության վերաքննիչ բողոքի նոր քննության համար` Հայկ Ջավախյանի և Վարդան Աբրահամյանի դատավարական իրավունքների իրացումն արդյունավետ կերպով ապահովելու համար:

 

Այսպիսով, Հայկ Ջավախյանի վճռաբեկ բողոքի հիմքը և Վարդան Աբրահամյանի վճռաբեկ բողոքի առաջին հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Դատարանի 30.07.2018 թվականի որոշման դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը կրկին քննելու նպատակով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2018 թվականի «Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» որոշման դեմ «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի նոր քննության համար:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ե. Խունդկարյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան