Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.05.31/35(1488).1 Հոդ.421.22
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.01.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
24.01.2019
Дата вступления в силу
24.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԱԴԴ/0154/04/16 

Սնանկության գործ թիվ ԵԱԴԴ/0154/04/16 
2019թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝

Կ. Չիլինգարյան

 

Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ե. Խունդկարյան

 

զեկուցող

Մ. Դրմեյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

  

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

 

 

Գ. Հակոբյան

 

 

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունվարի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ Կոմիտեի դիմումի` անհատ ձեռնարկատեր Աննա Ղամբարյանին (այսուհետ՝ Ձեռնարկատեր) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչել։

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2016 թվականին Ձեռնարկատիրոջ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սպարտակ Ստեփանյանը (այսուհետ՝ սնանկության գործով կառավարիչ):

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2017 թվականի վճռով Ձեռնարկատիրոջ սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջնորդությունը՝ սնանկության գործն ավարտելու մասին, բավարարվել է, և սնանկության վերաբերյալ գործը համարվել է ավարտված, իսկ Ձեռնարկատերը՝ ֆինանսապես առողջացած։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.03.2018 թվականի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) որոշմամբ Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 213-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի պատճենը, որի բոլոր էջերի վրա առկա է Կոմիտեի զինանշանով կնիքը, ինչպես նաև Կոմիտեի քարտուղարության պետի «իսկականի հետ ճիշտ է» գրառումն ու կնիքը: Կոմիտեն, հանդիսանալով պետական կառավարչական հիմնարկ, ունի ՀՀ զինանշանով կնիք և գործում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կառուցվածքով: Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից է նաև Կոմիտեի քարտուղարությունը, որը՝ որպես ստորաբաժանում, ունի նաև իր կնիքը, իսկ քարտուղարության գործառույթներից են նաև Կոմիտեի նախագահի հրամանների համարակալումը, ելքագրումը, հաշվառումը: Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներից բխող փաստաթղթի պատճենի պատշաճ վավերացումը չի նշանակում բացառապես նոտարական վավերացում, և վերաքննիչ բողոքին կից ներկայացված 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի պատճենը համարվում է պատշաճ վավերացված, ուստի և  Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այդ մասով անհիմն է:

 

 Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեի նախագահի կողմից տրված 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանից չնայած անցել է մեկ տարի, այդուհանդերձ, Արման Մնացականյանը շարունակում է պաշտոնավարել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնում, որպիսի պայմաններում հիմնավոր չէ նաև Վերաքննիչ դատարանի եզրահանգումը կապված լիազորագրի գործողության ժամկետի հետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և այն փոփոխել՝ վերաքննիչ բողոքը համարել վարույթ ընդունված բողոքը ներկայացնելու սկզբնական օրը»:  

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի միատեսակ կիրառության համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե ինչ կարգով է ենթակա ձևակերպման և հաստատման տվյալ դեպքում Կոմիտեի կողմից տրված լիազորագիրը, և արդյոք լիազորագրում հստակ ժամկետ նշված չլինելու դեպքում այն կարող է իր ուժը պահպանել լիազորագրի տրման օրվանից մեկ տարվա ընթացքում:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652,  ՍԴՈ-690, ՍԴՈ-719,  ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890,  ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037,   ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115,  ՍԴՈ-1127,  ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192,  ՍԴՈ-1196,  ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև Նախկին օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածները:

Նախկին օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն`  Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Նկատի ունենալով այն, որ «Սնանկության մասին» ՀՀ  օրենքով դատարանում ներկայացուցչության վերաբերյալ Նախկին օրենսգրքի համեմատ այլ կանոններ սահմանված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այդ հարցի վերաբերյալ ենթակա են կիրառման Նախկին օրենսգրքով սահմանված կանոնները:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:  

Նախկին օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ  վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ նրանց ներկայացուցիչները:

Նախկին օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

 

Նախկին օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ։

Նախկին օրենսգրքի 42-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ բողոքարկելու դատական ակտը: Նույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Նախկին օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես է գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով, և նրա նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պետության՝ որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտի առանձնահատկություններից:

Ըստ այդմ էլ, նկատի ունենալով այն, որ Կոմիտեն Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմին է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում ենթակա են կիրառման Նախկին օրենսգրքում ամրագրված՝ իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը: Մասնավորապես` նշված նորմերի համաձայն` կազմակերպության (տվյալ դեպքում` Կոմիտեի) անունից   լիազորագիրը կարող էր տրվել նրա գործադիր մարմնի ղեկավարի, տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը, տվյալ դեպքում Կոմիտեին առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ: Ընդ որում, Նախկին օրենսգրքի կարգավորումների համաձայն` վերաքննիչ բողոքը ենթակա էր վերադարձման, եթե այն բերվել էր որպես ներկայացուցիչ հանդես եկող անձի կողմից, որի լիազորությունները հավաստված չէին Նախկին օրենսգրքով սահմանված կարգով:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու էր Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` նույն հոդվածի 3-րդ կետի հիմքով սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` սնանկության գործով կառավարիչը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» օրենքի 89-րդ հոդվածը, միջնորդել էր դատարանին ավարտել  թիվ ԵԱԴԴ/0154/04/16 սնանկության գործը (հատոր 1-ին, գ.թ. 65):

Դատարանի վճռով սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է և սնանկության վերաբերյալ գործն ավարտված է համարվել, իսկ Ձեռնարկատեր Աննա Ղամբարյանը՝ ֆինանսապես առողջացած (հատոր 1-ին, գ.թ. 85-88):

Նշված որոշման դեմ Կոմիտեի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` դրան կցելով Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանը: Նշված հրամանն ստորագրված է Կոմիտեի նախագահ Վ. Հարությունյանի կողմից, վավերացված է Կոմիտեի կնիքով, որը պատճենի տեսքով է, վրան կատարված է գրառում «Իսկականի հետ ճիշտ է, քարտուղարության պետ (ստորագրություն) Ս. Մարտիրոսյան», ինչպես նաև վավերացված է Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության կնիքով (հատոր 2-րդ, գ.թ. 4-12, 22-24):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 05.03.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ «տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը Կոմիտեի անունից ստորագրել է Արման Մնացականյանը։բողոքին կից ներկայացված են Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի պատճենը, որը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքն ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ պատճեն է»: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ քաղաքացիական գործում առկա «հրամանի պատճենի վրա առկա են «քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում և «քարտուղարություն» գրառում բովանդակող կնիք, որպիսի պայմաններում հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես  պատշաճ վավերացված,  քանի որ  առկա  չէ  քարտուղարության պետ  Ս. Մարտիրոսյանի՝ իրավաբանական անձի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը հավաստող փաստաթուղթ, իսկ գործող իրավակարգավորումների պայմաններում փաստաթուղթը համարվում է պատշաճ վավերացված, եթե պատճենի իսկությունը կամ համապատասխանությունը բնօրինակին վավերացված է նոտարական կարգով»: Միաժամանակ 05.03.2018 թվականի որոշմամբ սահմանվել է ժամկետ` բողոքում թույլ տրված այդ խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 30-33):

Կոմիտեի անունից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը՝ բողոքին կցելով Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա վերը նշված նույնաբովանդակ հրամանը` վավերացված Կոմիտեի բնօրինակ կնիքով (հատոր 2-րդ, գ.թ. 44-52, 54-56):

 Վերաքննիչ դատարանը, 30.03.2018 թվականի որոշմամբ կրկին վերադարձնելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ մատնանշված թերությունները վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ամբողջությամբ չեն վերացվել: Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգելիս մասնավորապես նշել է, որ «տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը Կոմիտեի անունից ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, բողոքին կից կրկին ներկայացվել է Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի պատճենը, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքն ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ պատճեն է։ Հրամանի պատճենի վրա առկա են քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում և «քարտուղարություն» գրառում բովանդակող, «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքներ, որպիսի պայմաններում հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված, քանի որ առկա չէ քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի՝ իրավաբանական անձի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը հավաստող փաստաթուղթ կամ Կոմիտեի նախագահի հրամանները վավերացնելու լիազորությունը հավաստող փաստաթուղթ, իսկ գործող իրավակարգավորումների պայմաններում փաստաթուղթը համարվում է պատշաճ վավերացված, եթե պատճենի իսկությունը կամ համապատասխանությունը բնօրինակին վավերացված է նոտարական կարգով»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ ներկայացված 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի պատճենի բովանդակությունից հետևում է, որ հրամանը տրվել է 21.03.2017 թվականին, իսկ հրամանի 6-րդ կետի համաձայն՝ հրամանը գործում է մինչև կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի պաշտոնավարման ավարտի օրը, հանգել է այն հետևության, որ «ներկայացված հրամանում, որպես այդպիսին ժամկետ նշված չէ, հետևաբար որպես լիազորագիր այն ուժը պահպանած է համարվում տալու օրվանից մեկ տարվա ընթացքում, որպիսի պայմաններում այն չի կարող դիտվել որպես 27.03.2018 թվականի վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորություն, քանի որ լրացել է հրամանի՝ որպես դատարանում գործը վարելու լիազորագրի գործողության ժամկետը» (հատոր 2-րդ, գ.թ. 64-67): 

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու ժամանակ գործող ՀՀ կառավարության 10.03.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշման (ուժը կորցրել է 30.06.2018 թվականին) 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` Կոմիտեի նախագահն իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր (…):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրած անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի լիազորությունները Նախկին օրենսգրքով սահմանված կարգով հավաստված լինելու հարցին, արձանագրում է, որ Կոմիտեի կանոնադրության ուժով վերջինիս անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունքը վերապահված է Կոմիտեի նախագահին, որը կարող է այլ անձանց օժտել Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ՝ տալով համապատասխան լիազորագիր: Այսինքն` դատարանում Կոմիտեի գործերը ենթակա են վարման Կոմիտեի նախագահի, ինչպես նաև Կոմիտեի անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող այլ անձանց միջոցով: Ընդ որում, Կոմիտեի անունից լիազորագիրը պետք է տրվի նրա ղեկավարի ստորագրությամբ: Ավելին՝ լիազորագիրը պետք է նշում պարունակի ներկայացուցչին Նախկին օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված հատուկ լիազորությունների (տվյալ դեպքում դատական ակտը բողոքարկելու լիազորության) վերապահման մասին:

Տվյալ դեպքում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, ում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կոմիտեի նախագահը` օգտվելով ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ իրեն վերապահված իրավունքից: Նշված լիազորագիրն ստորագրված է Կոմիտեի նախագահի կողմից: Ավելին` այդ լիազորագրի վրա առկա են Կոմիտեի կնիքները, որոնցից մեկը բնօրինակի ձևով է, մյուսը` պատճենի, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության պետի գրառումն այն մասին, որ «իսկականի հետ ճիշտ է»` վավերացված նաև նույն քարտուղարության կնիքով և քարտուղարության պետի ստորագրությամբ: Նույն լիազորագրում հատուկ նախատեսված է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Այսինքն` լիազորագիրը տրվել է Նախկին օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետում և 42-րդ հոդվածի 8-րդ կետում  նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պահպանված է Նախկին օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջը:

Ինչ վերաբերում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից լիազորագիրը պատճենի ձևով ներկայացված լինելուն, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան կարգավորումները, Եվրոպական դատարանի դիրքորոշումը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերը նշված հանձնարարականը և ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումներն ու նպատակ ունենալով ապահովելու յուրաքանչյուրի` իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում նաև` երկրորդ ատյանի դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու միջոցով, և թույլ չտալու դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում` պայմանավորված այդ իրավունքի բուն էության խախտմամբ, այդ լիազորագրի վրա առկա վերը նշված գրառումների և բնօրինակ կնիքների առկայության պայմաններում հաստատված է համարում Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորությունները հավաստված լինելու հանգամանքը՝ լիազորագրի ձևին ներկայացվող պահանջները պահպանված լինելու առումով:

Ինչ վերաբերում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից պատճենի ձևով լիազորագիրը նոտարական կարգով վավերացված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությանը, ապա այն անհիմն է, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Նախկին օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կազմակերպության անունից տրված լիազորագրի դեպքում այն ենթակա է հաստատման միայն տվյալ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ կազմակերպության կանոնադրությամբ այն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ. նման լիազորագրերը նոտարական կարգով վավերացնելու պայման ինչպես Նախկին օրենսգրքով, այնպես էլ այլ իրավական ակտով նախատեսված չի եղել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունը կապված վերաքննիչ բողոքը վերը նշված պատճառաբանությամբ վերադարձնելու հետ հիմնավոր չէ:

Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ լրացել է 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի՝ որպես դատարանում գործը վարելու լիազորագրի գործողության ժամկետը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`  լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`  լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով լիազորագրի հասկացությունը, միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետով հստակ նախատեսել է լիազորագրի գործողության ժամկետները: Մասնավորապես՝ օրենսդիրը, լիազորագրի գործողության ժամկետները կանոնակարգելով, ըստ էության, սահմանել է այն ընդհանուր կանոնը, ըստ որի՝ յուրաքանչյուր լիազորագրի գործողության առավելագույն ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել, իսկ դրանում գործողության ժամկետը նշված չլինելու դեպքում՝ այն չի կարող պակաս լինել մեկ տարուց: Այսինքն՝ այն դեպքում, երբ լիազորագրի գործողության ժամկետը դրանում նշված է երեք տարուց ավելի ժամկետով, ապա միևնույնն է՝ այդ ժամկետը պետք է դիտարկել առավելագույնը երեք տարի՝ հաշված դրանում նշված գործողության կատարման, իսկ նման նշման բացակայության դեպքում՝ լիազորագրի տրման օրվանից։ Ընդ որում՝ լիազորագրի վավերականության պարտադիր պայմանն է դիտարկվում դրա կատարման (տրման) տարին, ամիսը և ամսաթիվը նշված լինելը, որի չպահպանման դեպքում այն համարվում է առոչինչ:

 

 Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ լիազորագրի գործողության  ժամկետների պարզումը յուրաքանչյուր գործով էական նշանակություն ունի, քանի որ լիազորագիրը, որպես միակողմ գործարք, լիազորվողին իրավունք է վերապահում որոշակի ժամանակահատվածում ներկայացնելու լիազորողին և կատարելու դրանում նշված որոշակի գործողություններ դրանում նշված հստակ ժամկետներում: Այսինքն՝ լիազորագրի գործողության ժամկետի ավարտից հետո լիազորագիրը կորցնում է իր ուժը և անձը, ով տվյալ լիազորագրով օժտված էր որոշակի իրավունքներով, դրա գործողության ժամկետի ավարտից հետո իրավասու չէ կատարելու դրանում նշված լիազորությունները և ներկայացնել լիազորողին:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործում առկա՝ Կոմիտեի կողմից տրված 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանին՝ որպես դատարանում գործը վարելու լիազորագրի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ըստ տվյալ հրամանի 6-րդ կետի՝ նույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի պաշտոնավարման ավարտի օրը:

Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով սույն գործում առկա հրամանի բովանդակությունը, հարկ է համարում արձանագրել, որ նույն հրամանում բացի վերը նշված կետից լիազորագրի գործողության ժամկետ նախատեսված չէ: Հետևաբար, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված հրամանում լիազորագրի գործողության ժամկետ նշված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ լիազորագիրը գործել է մեկ տարի ժամկետով, որը լրացել է 22.03.2018 թվականին, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով կրկին ներկայացնելու պահին, այն է՝ 27.03.2018 թվականի դրությամբ Կոմիտեի ներկայացուցիչը չի ունեցել լիազորություն վերաքննիչ բողոք ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 60):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է վերադարձրել Կոմիտեի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, որպիսի պայմաններում սույն գործով Կոմիտեի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա էր վերադարձման նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով, ինչն էլ իրավաչափորեն արձանագրվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 30.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Կոմիտեի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը, կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.03.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Զեկուցող`

Մ. Դրմեյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

  

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

 

 

Գ. Հակոբյան

 

 

Ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան