Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 113-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2019-25.02.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.05.15/16(290) Հոդ.161
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.04.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
14.04.2008
Дата вступления в силу
25.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մայիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 ապրիլի 2008 թ.

  թիվ 113-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 61-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 5-րդ մասը, 65-րդ հոդվածի 3-րդ մասը, 66-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 7-րդ մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. 2008 թվականի հունիսի 30-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ բաժինները և 79.2-2(բ), 79.2-3(բ), 79.2-3(դ) ձևերը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 14
Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի ապրիլի 8-ի
թիվ 113-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  4/07

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջներ». ներդրումային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, ներդրումային ծառայությունների առանձին տեսակների մատուցման սահմանափակումները և դրանց մատուցման հատուկ կարգը, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից հաճախորդներին տրամադրման ենթակա տեղեկությունների, հաշվետվությունների և նման այլ փաստաթղթերի կազմի, ձևի, բովանդակության և տրամադրման կարգի նկատմամբ մանրամասն պահանջները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացառությունները, ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերին ներկայացվող պարտադիր պահանջները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված պահանջների կատարման մանրամասն չափանիշները.

2) «Պատվեր». արժեթղթերով գործարքների կնքման նպատակով ներկայացվող հաճախորդի հանձնարարականը, ինչպես նաև ներդրումային ծառայություն մատուցող անձի կարգադրությունը, հանձնարարությունը, հայտը կամ առաջարկը.

3) «Լիմիտային պատվեր». առքի դեպքում պատվերում նշված գնով կամ դրանից ավելի ցածր գնով (վաճառքի դեպքում՝ պատվերում նշված գնով կամ դրանից ավելի բարձր գնով) որոշակի ծավալի արժեթղթի առքի (վաճառքի) պատվերն է.

4) «Շուկայական պատվեր». շուկայում տվյալ պահին ձևավորված գնով որոշակի ծավալի արժեթղթի առքի (վաճառքի) պատվերն է.

5) «Օրենք». «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

6) «Կենտրոնական բանկ». Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

7) «Շահագրգիռ անձ». ներդրումային ընկերության գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը կամ նման այլ մարմնի ղեկավարը և անդամը, բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնող աշխատակիցները.

8) «Հաճախորդների միջոցների տիրապետում». ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից հաճախորդի միջոցների (արժեթղթեր և(կամ) դրամական միջոցներ) պահում կամ իր հաշվում հաշվառում կամ դրանք փաստացի տիրապետելու հնարավորություն.

9) «Տեղեկատվության փոխանցման հուսալի միջոց». ցանկացած միջոց, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ և պահպանել անձնապես իրեն ուղղված տեղեկատվությունը, և որը հետագայում հնարավորություն կտա այն լիարժեք օգտագործել և պահպանված տեղեկատվությունը վերարտադրել:

10) «Լեվերիջ». գործարք կնքելու համար նախապես ներդրված ապահովվածության գումարի (մարժայի) և գործարքի ամբողջ գումարի հարաբերություն, որը փոքր է մեկից:

11) «Ֆորեքս գործարք». «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք չհանդիսացող ցանկացած ածանցյալ ֆինանսական գործիք (ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք (գործարք)), որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է արտարժույթի փոխարժեքից և որը կնքվում է լեվերիջով:

12) «Լեվերիջով գործարք». ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործարք, որը կնքվում է լեվերիջով, այդ թվում՝ ֆորեքս գործարք:

13) «Արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին». որևէ անձին ուղղված անհատական բնույթի խորհրդատվություն, առաջարկություն կամ նմանատիպ բնույթի այլ գործողություն կամ ծառայություն (այսուհետ՝ խորհրդատվություն)՝ կապված արժեթղթերով կամ ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների կնքման հետ, մասնավորապես՝

ա. խորհրդատվության տրամադրումը որևէ արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների գնման, վաճառքի, բաժանորդագրման, մարման, պահելու, երաշխավորելու կամ նմանատիպ բնույթի գործարքի վերաբերյալ, կամ

բ. խորհրդատվության տրամադրումը կոնկրետ արժեթղթից կամ ածանցյալ ֆինանսական գործիքներից բխող որևէ իրավունքի իրականացման կամ չիրականացման վերաբերյալ, որը կապված է արժեթղթի գնման, վաճառքի, բաժանորդագրման, մարման, պահելու, երաշխավորելու կամ նմանատիպ բնույթի գործարքի հետ, կամ

գ. կրթումը, վերապատրաստումը, ուսուցումը, դասընթացը և վերլուծությունների ու այլ տեղեկությունների տրամադրումը լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների վերաբերյալ (բացառությամբ, եթե տվյալ գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գործող հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից), ինչպես նաև տվյալ գործարքների կնքման նպատակով ստեղծված օնլայն առևտրային հարթակների (էլեկտրոնային հաղորդակցման համակարգերի, տերմինալների և այլ ծրագրերի) վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:

14) «Պրոֆեսիոնալ հաճախորդ». հաճախորդ, որն ունի համապատասխան փորձ և գիտելիք ինքնուրույն ներդրումային որոշումներ իրականացնելու և դրանցից բխող ռիսկերը գնահատելու համար: Պրոֆեսիոնալ հաճախորդներ համարվելու մանրամասն չափանիշները սահմանված են սույն կանոնակարգի 3.1-րդ գլխում:

15) «Կանոնակարգ 4/05». Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05:

16) «Կանոնակարգ 4/06». Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 69-Ն որոշմամբ հաստատված «Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց՝ որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը» կանոնակարգ 4/06:

17) «Գործընկեր». Ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ համագործակցող կազմակերպություն, որի կողմից տրամադրված օնլայն առևտրային հարթակների (էլեկտրոնային հաղորդակցման համակարգերի, տերմինալների և այլ ծրագրերի) միջոցով կամ որի հետ կնքվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձի հաճախորդների լեվերիջով գործարքները, այդ թվում՝ ֆորեքս գործարքները:

18) «Ռեզիդենտ». ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության»:

19) «Ոչ ռեզիդենտ». ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության:

(1-ին կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

2. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից հաճախորդին տրամադրվող ողջ տեղեկատվությունը (այդ թվում՝ գովազդային նյութերի տեղեկատվությունը) պետք է լինի պարզ, անկողմնակալ և չլինի ապակողմնորոշիչ:

4. Տրամադրվող տեղեկատվությունը համարվում է պարզ, անկողմնակալ և ոչ ապակողմնորոշիչ, եթե բավարարվում են սույն կանոնակարգի 5-10-րդ կետերում նշված պայմանները:

5. Տեղեկատվությունը պետք է ներառի ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը:

6. Եթե տեղեկատվությունում առանձնահատուկ շեշտադրվել են ներդրումային ծառայությունների կամ արժեթղթերի սպասվելիք օգուտները, ապա միաժամանակ պետք է ներկայացվի անկողմնակալ և աչքի ընկնող տեղեկատվություն համապատասխան ռիսկերի մասին:

7. Տեղեկատվությունը պետք է հասկանալի լինի ներդրումների բնագավառում միջին մակարդակի գիտելիքներ և փորձ ունեցող մարդկանց համար:

8. Տեղեկատվությունը չպետք է ներկայացվի այն ձևով, որ թաքցվեն կարևոր դրույթները կամ նախազգուշացումները, ինչպես նաև տպավորություն ստեղծվի, որ դրանք ոչ կարևոր են:

9. Այն դեպքերում, երբ տեղեկատվությունը պարունակում է համեմատություններ այլ անձանց հետ կամ այլ անձանց կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների հետ, ապա՝

1) այդ համեմատությունները պետք է լինեն տեղին և իմաստալից ու պետք է ներկայացվեն անկողմնակալ և հավասարակշռված ձևով.

2) համեմատություններում պետք է նշվեն համեմատությունների համար հիմք հանդիսացած տեղեկությունների աղբյուրները.

3) համեմատություններում պետք է ներառվեն այն հիմնական փաստերը կամ ենթադրությունները, որոնք հիմք են հանդիսացել համեմատության կատարման համար:

10. Այն դեպքերում, երբ տեղեկատվությունը պարունակում է դրույթներ ներդրումային ծառայությունների, արժեթղթի կամ ֆինանսական ինդեքսի վերջին ժամանակներում դրսևորած վարքագծի կամ ցուցանիշների մասին, ապա՝

1) այդ դրույթները չպետք է մյուս դրույթների համեմատությամբ լինեն ավելի աչքի ընկնող,

2) այդ տեղեկատվությունը պետք է ներառի ներդրումային ծառայությունների, արժեթղթի կամ ֆինանսական ինդեքսի դրսևորած վարքագիծը կամ ցուցանիշները վերջին 5 տարվա համար (առկայության դեպքում),

3) պետք է նշվեն տեղեկատվության աղբյուրները,

4) այդ տեղեկատվությունը պետք է ներառի նախազգուշական դրույթ այն մասին, որ նախկինում ցուցաբերած վարքագիծը կամ նախկին ցուցանիշները չեն նշանակում, որ դրանք շարունակվելու են նաև ապագայում,

5) այն դեպքում, երբ դրանք համախառն ցուցանիշներ են, այսինքն՝ ներառված չեն հարկերի, միջնորդավճարների կամ նման այլ վճարների գումարները, պետք է բացահայտվի այդ հանգամանքը:

11. Նախքան ներդրումային ծառայությունների պայմանագրի կնքումը և ներդրումային ծառայությունների մատուցումը հաճախորդներին պետք է տրամադրվի տեղեկատվություն հետևյալի մասին (այսուհետ՝ տրամադրվող տեղեկատվություն)՝

1) ներդրումային ծառայություններ մատուցող անձի և նրա կողմից մատուցվող ծառայությունների մասին՝ ըստ 4-րդ գլխի,

2) արժեթղթերի մասին՝ ըստ 5-րդ գլխի,

3) գործարքի կնքման վայրի (միջոցի) մասին (ֆոնդային բորսա, այլ կարգավորվող շուկա կամ չկարգավորվող շուկա),

4) համապատասխան ծախսերի և միջնորդավճարների մասին՝ ըստ 6-րդ գլխի:

12. Տրամադրվող տեղեկատվությունը հաճախորդներին պետք է հնարավորություն տա հասկանալու իրեն առաջարկվող կոնկրետ ներդրումային ծառայության և արժեթղթերի էությունը և դրանց հետ կապված ռիսկերը: Այդ տեղեկատվությունը կարող է ներկայացվել հաճախորդներին ստանդարտ ձևով (մասնավորապես՝ գրքույկների ձևով):

 

ԳԼՈՒԽ 3.1

 

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՎ ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

 

13. Նախքան ներդրումային ծառայությունների պայմանագրի կնքումը և ներդրումային ծառայությունների մատուցումը ներդրումային ծառայություններ մատուցող անձը դասակարգում է հաճախորդներին՝ որպես պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ ներդրումային ծառայություններից որևէ մեկի կամ բոլոր ծառայությունների մասով, կամ որևէ գործարքի կամ արժեթղթի որևէ տեսակով (դասով) գործարքների մասով: Ընդ որում՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք պետք է ունենան հաճախորդների դասակարգման ներքին իրավական ակտերով սահմանված կանոններ՝ դասակարգման պատշաճ գործընթացն ապահովելու համար:

(13-րդ կետը խմբ. 10.12.18 թիվ 212-Ն)

14. Պրոֆեսիոնալ հաճախորդ են համարվում.

1) ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային, կենսաթոշակային ֆոնդերը և ներդրումային ֆոնդի կառավարիչները, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գրանցված այն իրավաբանական անձինք, որոնք, տվյալ պետության օրենսդրության համաձայն, իրավունք ունեն իրականացնելու սույն ենթակետով սահմանված որևէ անձի գործունեություն.

2) Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքները, Կենտրոնական բանկը, օտարերկրյա պետությունները, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները, օտարերկրյա պետությունների կենտրոնական բանկերը.

3) միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը.

4) իրավաբանական անձինք, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին.

ա. ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի կնքմանը նախորդող տարվա վերջի դրությամբ անձի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը,

բ. ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի կնքմանը նախորդող տարվա գործունեությունից ստացված անձի իրացման շրջանառությունը (համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի) գերազանցում է մեկ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը,

գ. ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման պահին նախորդող ամսվա վերջի դրությամբ (հայտնի չլինելու դեպքում վերջին ամսվան նախորդող ամսվա դրությամբ) անձի ընդհանուր կապիտալը կազմում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

(14-րդ կետը խմբ. 10.12.18 թիվ 212-Ն)

14.1 Հաճախորդի նախաձեռնությամբ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից պրոֆեսիոնալ հաճախորդ կարող են դասակարգվել սույն կանոնակարգի 14-րդ կետում չնշված այն անձինք, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին.

1) հաճախորդը դիմումի ներկայացմանը նախորդող 4 եռամսյակների ընթացքում արժեթղթերի շուկայում իրականացրել է 10 և ավելի գործարք միջին եռամսյակային կտրվածքով, ընդ որում` մեկ գործարքի ծավալը միջին հաշվով կազմում է առնվազն մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ,

2) հաճախորդի արժեթղթերի փաթեթի մեծությունը դիմումի ներկայացման պահին գերազանցում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը,

3) հաճախորդը ֆինանսական շուկայում ունի առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որը պահանջում է հաճախորդին մատուցվող այն ծառայությունների հետ կապված գիտելիքներ, որոնց հետ կապված վերջինս նախաձեռնություն է իրականացնում պրոֆեսիոնալ դասակարգվելու համար:

(14.1-ին կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.2 Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից սույն կանոնակարգի 14.1-րդ կետում նշված անձանց պրոֆեսիոնալ հաճախորդի դասակարգումը համարվում է վավեր, եթե հաճախորդի գիտելիքների և փորձի վերաբերյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից իրականացված գնահատումը հավաստիացնում է, որ հաճախորդը ներդրումային ծառայություններից օգտվելու, ներդրումային որոշում կայացնելու և դրանց հետ կապված ռիսկերն ընկալելու համապատասխան ունակություն և գիտելիք ունի: Կազմակերպությունների դեպքում գիտելիքի և փորձի վերաբերյալ գնահատումն իրականացվում է կազմակերպության այն ղեկավարի, աշխատակցի կամ անձի նկատմամբ, որն իրավասու է կազմակերպության անունից գործարքներ կնքել: Ընդ որում՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձն իր ներքին իրավական ակտերով սահմանում է հաճախորդի՝ սույն կետով սահմանված գնահատման ընթացակարգ: Յուրաքանչյուր հաճախորդի ունակության և գիտելիքի գնահատման դեպքում նշված ընթացակարգի հիման վրա կազմվում է գնահատող ղեկավարի (աշխատակցի) կողմից ստորագրված արձանագրություն (փաստաթուղթ), որը ներառում է հաճախորդի գնահատման արդյունքները՝ պատշաճ հիմնավորմամբ:

(14.2-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.3 Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց ղեկավարների և ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց համար Կանոնակարգ 4/05-ով սահմանված որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները կարող են ուղեցույց հանդիսանալ հաճախորդների՝ սույն կանոնակարգի 14.2-րդ կետում նշված գիտելիքների և փորձի գնահատման համար:

(14.3-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.4 Նախքան պրոֆեսիոնալ հաճախորդների հետ ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը կամ սույն կանոնակարգի 14.1-րդ կետում նշված անձանց պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգելը ներդրումային ծառայություններ մատուցող անձն այդ հաճախորդին գրավոր տեղեկացնում է այն մասին, որ սույն կանոնակարգով սահմանված որոշակի պահանջներ չեն գործելու իր և հաճախորդի փոխհարաբերություններում՝ ներկայացնելով այդ պահանջների էությունը:

(14.4-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.5 Սույն կանոնակարգի 14.1-րդ կետում սահմանված հաճախորդները, որոնք Օրենքում նշված ներդրումային ծառայություններից որևէ մեկի մասով կամ բոլոր ծառայությունների, կամ որևէ գործարքի կամ արժեթղթի որևէ տեսակով (դասով) գործարքներին վերաբերող ծառայության կամ ծառայությունների մասով նախաձեռնել են պրոֆեսիոնալ դասակարգվել, համապատասխան գրավոր հայտարարություն են ներկայացնում ներդրումային ծառայություններ մատուցող անձին այն մասին, որ.

1) համաձայն են դասակարգվել որպես պրոֆեսիոնալ հաճախորդ՝ տվյալ ծառայության կամ գործարքի մասով,

2) տեղյակ են, որ որևէ ծառայության կամ որևէ գործարքի մասով որպես պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգվելու դեպքում հաճախորդների պաշտպանությանն ուղղված օրենսդրական որոշակի պահանջներ չեն գործում իրենց նկատմամբ տվյալ ծառայության կամ գործարքի մասով, և այդ պատճառով իրենք կորցնում են որոշակի պաշտպանվածություն:

(14.5-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.6 Նախքան պրոֆեսիոնալ հաճախորդների հետ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը կամ սույն կանոնակարգի 14.1-րդ կետում նշված անձանց՝ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների մասով պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգելը.

1) ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդին ծանուցում է տվյալ գործարքներին առնչվող ռիսկերի մասին: Ընդ որում՝ լեվերիջով գործարքներ, այդ թվում՝ ֆորեքս գործարքներ կնքելու նպատակով օնլայն առևտրային հարթակներին (էլեկտրոնային հաղորդակցման համակարգերին, տերմինալներին և այլ ծրագրերին) մուտք գործելու հնարավորության տրամադրումը համարվում է հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման հետ կապված ներդրումային ծառայություն կամ իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,

2) տվյալ հաճախորդները գրավոր հայտարարություն են ներկայացնում ներդրումային ծառայություններ մատուցող անձին այն մասին, որ տեղյակ են լեվերիջով գործարքներին, այդ թվում՝ ֆորեքս գործարքներին առնչվող ռիսկերի մասին, ընդ որում՝ այս հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված բովանդակությամբ՝ հաճախորդի ստորագրությամբ:

(14.6-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.7 Պրոֆեսիոնալ համարվող հաճախորդի նախաձեռնությամբ, կամ եթե առկա է հաճախորդի համաձայնությունը՝ նաև ներդրումային ծառայություններ մատուցող անձի նախաձեռնությամբ, թույլատրվում է պրոֆեսիոնալ համարվող հաճախորդին վերաբերվել որպես ոչ պրոֆեսիոնալ և տվյալ հաճախորդի նկատմամբ կիրառել ոչ պրոֆեսիոնալ հաճախորդների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջները:

(14.7-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.8 Ներդրումային ծառայություններ մատուցող անձը իր և հաճախորդի միջև կնքվող պայմանագրում պարտադիր կերպով ներառում է դրույթ, որի համաձայն նշվում է, որ եթե պրոֆեսիոնալ համարվող հաճախորդը կարծում է, որ ի վիճակի չէ գնահատել և կառավարել ներդրումային ծառայություններից կամ ներդրումներից բխող ռիսկերը, պրոֆեսիոնալ հաճախորդի պարտավորությունն է դիմել ներդրումային ծառայություններ մատուցող անձին՝ իրեն որպես ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ վերաբերվելու համար, ինչը հնարավորություն կտա օգտվել ոչ պրոֆեսիոնալ հաճախորդների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջներից:

(14.8-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.9 Պրոֆեսիոնալ հաճախորդ համարվող անձը սույն կանոնակարգի 14.7-րդ և 14.8-րդ կետերի համաձայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից դասակարգվում է ոչ պրոֆեսիոնալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա: Պայմանագրում հստակ ամրագրվում է, թե արդյոք հաճախորդի ոչ պրոֆեսիոնալ դասակարգումը վերաբերում է ներդրումային ծառայություններից որևէ մեկին, բոլոր ծառայություններին, որևէ գործարքին, թե արժեթղթի որևէ տեսակով (դասով) գործարքներին:

(14.9-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.10 Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք սույն կանոնակարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պրոֆեսիոնալ հաճախորդների հետ ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելիս կամ սույն կանոնակարգի 14.1-րդ կետում նշված անձանց պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգելիս գրավոր հարցում են կատարում տվյալ հաճախորդներին նաև որակավորված ներդրող համարվելու համաձայնության վերաբերյալ: Եթե առկա է հաճախորդի համաձայնությունը, ապա վերջինս ստորագրում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից տրամադրված Կանոնակարգ 4/06-ի Հավելված 1-ով սահմանված որակավորված ներդրող գրանցվելու դիմումը: Ստորագրված դիմումը ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկ դիմումը ստորագրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով (Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով): Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում դիմումը Կենտրոնական բանկ է ներկայացվում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում ներկայացնում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

(14.10-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.11 Պրոֆեսիոնալ համարվող հաճախորդները, որոնք սույն կանոնակարգի 14.10-րդ կետի համաձայն ստորագրել են որակավորված ներդրող գրանցվելու դիմում, Կանոնակարգ 4/06-ով սահմանված գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում գրանցումից դուրս գալու համար ստորագրում և տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձին են ներկայացնում Կանոնակարգ 4/06-ի հավելված 2-ով սահմանված Տեղեկատվական բազայում գրանցումից հանելու մասին դիմումը: Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք ստորագրված դիմումը էլեկտրոնային՝ սույն կանոնակարգի 14.10-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ անհապաղ, բայց ոչ ուշ, քան պրոֆեսիոնալ հաճախորդի կողմից ստորագրված դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

(14.11-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.12 Ներդրումային ծառայություն մատուցող անձինք պրոֆեսիոնալ հաճախորդներին դասակարգելիս պարտավոր են այդ հաճախորդի հետ պայմանագրում ներառել դրույթ, համաձայն որի պրոֆեսիոնալ համարվող հաճախորդները պարտավոր են ներդրումային ծառայություններ մատուցող անձին տեղեկացնել այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել հաճախորդի պրոֆեսիոնալ դասակարգման վրա: Եթե հաճախորդի կողմից տրամադրված կամ այլ կերպ ներդրումային ծառայություններ մատուցող անձին հասանելի դարձած տեղեկատվության հիման վրա ներդրումային ծառայություններ մատուցող անձի գնահատականով հաճախորդն այլևս չի բավարարում այն պայմաններին, որոնց հիման վրա դասակարգվել է պրոֆեսիոնալ հաճախորդ, կամ եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարզում է, որ հաճախորդի կողմից տրամադրված տեղեկությունները եղել են անարժանահավատ, ներդրումային ծառայություններ մատուցող անձն անհապաղ դադարեցնում է հաճախորդի պրոֆեսիոնալ դասակարգումը, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հաճախորդին:

(14.12-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.13 Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք սույն կանոնակարգի 14.12-րդ կետի համաձայն իրենց հաճախորդների պրոֆեսիոնալ կարգավիճակի դադարեցման վերաբերյալ, ինչպես նաև սույն կանոնակարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պրոֆեսիոնալ հաճախորդների ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծելու վերաբերյալ (միայն այն հաճախորդների մասով, որոնք սույն կանոնակարգի 14.10-րդ կետի համաձայն համաձայնություն են տվել ներդրումային ծառայություններ մատուցող անձին համարվել որակավորված ներդրող) տեղեկացում են ներկայացնում Կենտրոնական բանկ անհապաղ, բայց ոչ ուշ, քան պրոֆեսիոնալ կարգավիճակի դադարեցումից (սույն կանոնակարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պրոֆեսիոնալ հաճախորդների դեպքում ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծելուց) հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկացումը ներկայացվում է էլեկտրոնային՝ սույն կանոնակարգի 14.10-րդ կետով սահմանված կարգով և ներառում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը, հաճախորդի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը), հաճախորդի հանրային ծառայության համարանիշը, բացակայության դեպքում՝ անձին նույնականացնող այլ փաստաթղթի համարը (հարկ վճարողի հաշվառման համարը), պրոֆեսիոնալ հաճախորդի պրոֆեսիոնալ կարգավիճակի դադարեցման ամսաթիվը (սույն կանոնակարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պրոֆեսիոնալ հաճախորդների դեպքում ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի լուծման ամսաթիվը), դադարեցման (պայմանագրի լուծման) հիմքը (հիմքերը):

(14.13-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

14.14 Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք Կանոնակարգ 4/06-ի 23-րդ կետի համաձայն իրենց պրոֆեսիոնալ հաճախորդներից ստացված տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկին 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային՝ սույն կանոնակարգի 14.10-րդ կետով սահմանված կարգով:

(14.14-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

15. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդներին տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը իր և իր կողմից մատուցվող ծառայությունների մասին՝

1) ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը և կապի միջոցները,

2) տեղեկատվություն, թե ինչ լեզուներով հաճախորդը կարող է կապ հաստատել ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ և ստանալ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն,

3) միմյանց հետ կապ հաստատելու և տեղեկատվություն փոխանակելու մեթոդները, ինչպես նաև պատվերների ընդունման և հաղորդման կարգը,

4) այն հիմքերը, որի համաձայն ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրավասու է մատուցել ներդրումային ծառայություններ, ինչպես նաև այդ անձին լիցենզավորած և(կամ) գրանցած իրավասու մարմնի անվանումը և կապի միջոցները,

5) տեղեկատվություն հաճախորդներին ներկայացվող հաշվետվությունների, դրանց ներկայացման հաճախականության և ժամկետների, ինչպես նաև ներկայացման կարգի մասին,

6) եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը տիրապետում է հաճախորդի միջոցներին, ապա այն քայլերի համառոտ նկարագիրը, որոնք ձեռք են առնված հաճախորդի միջոցների պաշտպանությունը ապահովելու համար, ներառյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից ներդրողների փոխհատուցման, միջոցների երաշխավորման կամ նման այլ սխեմաներում մասնակցության մասին,

7) շահերի բախման սահմանափակման քաղաքականության համառոտ նկարագիրը (հաճախորդի պահանջի դեպքում՝ շահերի բախման քաղաքականության ամբողջ նկարագիրը):

16. Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության մատուցման դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը պետք է առաջարկի այնպիսի մեթոդ, որը հաճախորդին հնարավորություն կընձեռի գնահատել և որևէ իմաստալից հենանիշի հետ համեմատել կառավարման արդյունավետությունը: Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության մատուցման դեպքում եկամտաբերության որևէ երաշխավորված մակարդակի խոստանալն արգելվում է:

16.1. Սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված իմաստալից հենանիշը պետք է բավարարի հետևյալ պայմաններին միաժամանակ.

1) պետք է արտահայտի այլընտրանքային ներդրումների եկամտաբերությունը, որը հնարավորություն կտա հաճախորդին համեմատել կառավարման արդյունավետությունը այլընտրանքային ներդրումների արդյունավետության հետ: Մասնավորապես, իմաստալից հենանիշը պետք է արտահայտի ֆինանսական շուկայում առկա համադրելի այլ գործիքների եկամտաբերությունը, որոնց ժամկետայնությունը, ռիսկը, ներդրման երկիրը և այլ էական բնութագրիչները համապատասխանում են, հնարավորինս մոտ կամ համեմատելի են հաճախորդի կողմից նշված սահմանափակումներին,

2) չպետք է հիմնվի տվյալ կառավարչի` անցյալում ձեռք բերված եկամտաբերության կամ տվյալ կառավարչի ազդեցության տակ գտնվող ցուցանիշների վրա:

(16.1 կետը լրաց. 25.05.10 թիվ 122-Ն)

16.2. Սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված իմաստալից հենանիշը կարող է հիմնվել նաև բորսայական ինդեքսների, բանկային ավանդների, այլ կառավարիչների կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման արդյունավետությունն արտահայտող ամփոփ ցուցանիշների, համանման գործիքների որոշակի խմբի համար հաշվարկված միջին եկամտաբերության և նմանատիպ այլ ցուցանիշների վրա:

(16.2 կետը լրաց. 25.05.10 թիվ 122-Ն)

17. Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայության մատուցման դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը ի լրումն սույն կանոնակարգի 15-րդ կետում նշված տեղեկատվության, հաճախորդին պետք է տրամադրի նաև հետևյալ տեղեկատվությունը՝

1) տեղեկատվություն հաճախորդի արժեթղթերի փաթեթի արժեքի գնահատման մեթոդի և հաճախականության մասին,

2) այն հենանիշի առանձնահատկությունները, որի հետ պետք է համեմատվի կառավարման արդյունավետությունը (հաճախորդի արժեթղթերի փաթեթի եկամտաբերությունը),

3) այն արժեթղթերի տեսակները, որոնք կարող են ընդգրկվել փաթեթում և այն գործարքները (ներառյալ սահմանափակումները), որոնք կարող են իրականացվել այդ արժեթղթերով կառավարման շրջանակներում:

18. Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը տիրապետում է հաճախորդի միջոցներին, ապա հաճախորդին պետք է տեղեկացնի նաև՝

1) այն մասին, որ հաճախորդի միջոցները կարող են հաշվառվել անվանատիրոջ հաշվում կամ ներդրումային ծառայություններ մատուցող անձի անունով բացված արժեթղթերի կամ բանկային հաշվում, ինչպես նաև այդ հաշիվներում պահելու հետ կապված ռիսկերը.

2) հաճախորդի միջոցները իր անունից գրավադրման կամ փոխառությամբ տրամադրելու հնարավորության մասին, ինչպես նաև պահառուի կողմից հաճախորդի միջոցները որպես հաճախորդի պարտավորության կատարումն ապահովող միջոց հաշվառելու հնարավորության մասին.

3) ներդրումային ծառայություններ մատուցող անձի պարտավորությունների մասին, եթե հաճախորդի միջոցները փոխառությամբ տրամադրվում են կամ այլ կերպ օգտագործվում են ի շահ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կամ այլ հաճախորդի:

19. Սույն գլխի (բացառությամբ 18-րդ կետի 2-րդ ենթակետի) պահանջները կարող են չպահպանվել պրոֆեսիոնալ հաճախորդների դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

20. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդներին պետք է տրամադրի արժեթղթերի և դրանց հետ առնչվող ռիսկերի նկարագիրը: Այդ նկարագրով պարզ և հասկանալի ձևով ներկայացվում են յուրաքանչյուր տեսակի (բաժնետոմս, պարտատոմս և այլն) արժեթղթի առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը:

21. Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդին տրամադրում է տեղեկություններ այնպիսի արժեթղթերի մասին, որն այդ պահին հրապարակային առաջարկի առարկա է և այդ նպատակով ազդագիր է հրապարակվել, ապա այդ անձը հաճախորդին պետք է տեղեկացնի, թե որտեղ է հրապարակված այդ ազդագիրը կամ որտեղից կարելի է այն ձեռք բերել:

22. Այն դեպքերում, եթե արժեթղթից բխող ռիսկերը երաշխավորված են երրորդ անձի կողմից, ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդին պետք է ներկայացնի տեղեկատվություն երաշխավորության և երաշխավորություն տվողի մասին: Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը բանկ է, ապա վերջինս հաճախորդներին պետք է տեղեկացնի, որ արժեթղթերում ներդրումները երաշխավորված չեն ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցներով:

23. Սույն գլխի պահանջները կարող են չպահպանվել պրոֆեսիոնալ հաճախորդների դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

24. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդներին պետք է տրամադրի հետևյալ տեղեկատվությունը ծախսերի և միջնորդավճարների մասին՝

1) ներդրումային ծառայություններից օգտվելու համար հաճախորդի կողմից վճարման ենթակա համախառն գումարը՝ ներառյալ բոլոր միջնորդավճարները, ծախսերը և այլ վճարները, ինչպես նաև բոլոր հարկային վճարները, որոնք պահվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից՝ որպես հարկային գործակալ: Եթե հնարավոր չի լինում տեղեկացնել գանձման ենթակա ճշգրիտ գումարի մասին, ապա պետք է ներկայացնել հաշվարկման կարգ.

2) եթե 1-ին ենթակետում նշված համախառն գումարի որևէ մաս վճարվում է արտարժույթով կամ ներկայացված է արտարժույթով, ապա նշվում է արտարժույթը, փոխանակման կուրսը և դրա հետ կապված ծախսերը.

3) վճարումներ կատարելու եղանակները:

25. Գանձվող միջնորդավճարների մասին տեղեկատվությունը հաճախորդին ներկայացվում է նաև առանձին տողով:

26. Սույն գլխի պահանջները կարող են չպահպանվել պրոֆեսիոնալ հաճախորդների դեպքում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

27. Արժեթղթերի փաթեթի կառավարման կամ արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայության մատուցման դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն ներդրումային գործունեության բնագավառում հաճախորդի գիտելիքների և փորձի, նրա ֆինանսական վիճակի և ներդրումային նպատակների մասին, որը հնարավորություն կտա հաճախորդին առաջարկել կամ խորհուրդ տալ այնպիսի ներդրումային ծառայություններ և արժեթղթեր, որոնք առավելագույնս համապատասխանում են հաճախորդի ցանկությանը: Նշված տեղեկատվությունը չստանալու դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրավունք չունի հաճախորդին հորդորել որևէ արժեթղթում ներդրում կատարել:

28. Ֆինանսական վիճակի մասին տեղեկությունները ներառում են հետևյալը՝

1) հաճախորդի կանոնավոր եկամտի աղբյուրները և մեծությունը,

2) ընդհանուր ակտիվները և իրացվելի ակտիվները,

3) ֆինանսական ներդրումները և անշարժ գույքի մասին տեղեկություններ,

4) կանոնավոր ֆինանսական արտահոսքերը:

29. Ներդրումային նպատակների մասին տեղեկությունները ներառում են հետևյալը՝

1) այն ժամանակահատվածը, որի ողջ ընթացքում հաճախորդը ցանկանում է պահել այդ ներդրումը,

2) ռիսկերի նկատմամբ իր նախապատվությունը և դրանց շրջանակը,

3) կատարվող ներդրման նպատակը:

30. Ներդրումային գործունեության բնագավառում հաճախորդի գիտելիքների և փորձի մասին տեղեկությունները ներառում են հետևյալը՝

1) տեղեկություններ այն ներդրումային ծառայությունների, արժեթղթերով գործարքների և արժեթղթերի մասին, որոնց հետ որևէ կերպ առնչվել է հաճախորդը,

2) հաճախորդի կողմից արժեթղթերով կատարված գործարքների բնույթը, ծավալը և հաճախականությունը, ինչպես նաև ժամանակահատվածը, որի ընթացքում կատարվել են այդ գործարքները,

3) հաճախորդի կրթական մակարդակը, մասնագիտությունները և զբաղմունքը:

31. Սույն կանոնակարգի 27-րդ կետում չնշված ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդից պետք է պահանջի տեղեկատվություն միայն մատուցվող ներդրումային ծառայության կամ արժեթղթի վերաբերյալ հաճախորդի գիտելիքների և փորձի մասին, որը հնարավորություն կտա ներդրումային ծառայություններ մատուցող անձին գնահատել, թե արդյո՞ք տվյալ ներդրումային ծառայությունը կամ արժեթուղթը համապատասխանում է հաճախորդի պահանջներին: Այն դեպքում, եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա գտնում է, որ տվյալ ներդրումային ծառայությունը կամ արժեթուղթը չի համապատասխանում հաճախորդի պահանջներին, ապա ներդրումային ծառայություններ մատուցող անձը զգուշացնում է հաճախորդին այդ մասին: Այդ զգուշացումը կարող է ներկայացվել հաճախորդներին ստանդարտ ձևով:

32. Այն դեպքում, երբ հաճախորդը չի տրամադրում սույն կանոնակարգի 27-րդ կետում նշված տեղեկատվությունը կամ տրամադրում է ոչ բավարար տեղեկատվություն, ապա ներդրումային ծառայություններ մատուցող անձը զգուշացնում է հաճախորդին այն մասին, որ հաճախորդի նման վարքագիծը թույլ չի տալիս առաջարկել կամ խորհուրդ տալ այնպիսի ներդրումային ծառայություններ և արժեթղթեր, որոնք առավելագույնս համապատասխանում են հաճախորդի ցանկությանը: Այդ զգուշացումը կարող է ներկայացվել հաճախորդներին ստանդարտ ձևով:

33. Այն դեպքում, երբ հաճախորդը չի տրամադրում սույն կանոնակարգի 31-րդ կետում նշված տեղեկատվությունը կամ տրամադրում է ոչ բավարար տեղեկատվություն, ապա ներդրումային ծառայություններ մատուցող անձը զգուշացնում է հաճախորդին այն մասին, որ հաճախորդի նման վարքագիծը թույլ չի տալիս գնահատել, թե արդյո՞ք տվյալ ներդրումային ծառայությունը կամ արժեթուղթը համապատասխանում է հաճախորդի պահանջներին: Այդ զգուշացումը կարող է ներկայացվել հաճախորդներին ստանդարտ ձևով:

34. Սույն կանոնակարգի 27-րդ և 31-րդ կետերում նշված գործողություններն իրականացնելիս ներդրումային ծառայություններ մատուցող անձը որոշում է, թե արդյո՞ք հաճախորդն ունի ներդրումային գործունեության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, որպեսզի հասկանա տվյալ ներդրումային ծառայությունից կամ արժեթղթից բխող ռիսկերը: Ներդրումային ծառայություններ մատուցող անձը կարող է համարել, որ պրոֆեսիոնալ հաճախորդներն ունեն այդ անհրաժեշտ գիտելիքները և փորձը:

35. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը կարող է հիմնվել հաճախորդի կողմից տրամադրված տեղեկությունների վրա, բացառությամբ եթե գիտեր կամ կարող էր իմանալ, որ տեղեկատվությունն ակնհայտորեն հնացած է, ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

36. Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը մատուցում է Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և(կամ) 2-րդ կետերում նշված ծառայությունները առանձին կամ ոչ հիմնական ծառայությունների հետ մեկտեղ, ապա նա իրավունք ունի հաճախորդից չպահանջել նրա գիտելիքների և փորձի մասին տեղեկություններ միայն այն դեպքում, եթե բավարարվում են ներքոհիշյալ պահանջները միաժամանակ՝

1) նշված ծառայությունները կապված են Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերում նշված արժեթղթերի հետ.

2) ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդին պարզ ձևով ներկայացրել է սույն բացառության կիրառման մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

37. Մինչև ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ներդրումային ծառայությունների մատուցումը կարգավորող իրավական ակտերին:

38. Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը սահմանում է`

1) կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

2) ներդրումային ծառայությունների դիմաց վարձատրության չափի հաշվարկման և վճարման կարգը,

3) հաճախորդներին հաշվետվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, ժամկետները և ձևը,

4) հաճախորդի հետ կապի իրականացման կարգը, ինչպես նաև այն միջոցները, որոնք տվյալ հաճախորդի համար հանդիսանում են տեղեկատվության փոխանակման հուսալի միջոցներ,

5) պայմանագրի պահանջների չպահպանման համար կողմերի պատասխանատվությունը,

6) կողմերի միջև առաջացող վեճերի լուծման կարգը,

7) պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխությունների և լրացումների կատարման, գործողության դադարեցման կարգը, այդ թվում՝ հաճախորդի կողմից պայմանագիրը միակողմանիորեն լուծելու իրավունքը՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով,

8) պայմանագրի դադարեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադարձման կարգը,

8.1) լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների մատուցման պայմանագրի դեպքում լրացվում է նաև.

ա. լեվերիջի առավելագույն մեծությունը, դրա փոփոխության պայմանները,

բ. ծառայության կամ գործարքի արդյունքում կորուստների դեպքում փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ տեղեկություններ,

գ. մարժայի և այլ միջոցների փոխանցման կարգը,

դ. գործարքին բնորոշ այլ առանձնահատուկ պայմանները,

9) օրենքով նախատեսված պարտադիր այլ տեղեկություններ:

(38-րդ կետը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

39. Ի լրումն 38-րդ կետում նշված տեղեկությունների՝ պայմանագիրը կարող է պարունակել նաև օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին և ներդրումային ծառայություններ մատուցող անձի ներքին կանոններին ու կանոնակարգերին չհակասող այլ դրույթներ:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

40. Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը կատարել է հաճախորդի պատվերը (բացառությամբ արժեթղթերի փաթեթի կառավարման), ապա նա պետք է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցով հաճախորդին տրամադրի պատվերի կատարման մասին հաշվետվություն՝ համաձայն սույն կանոնակարգի 41-րդ կետի:

41. Հաճախորդի պատվերի կատարման մասին հաշվետվությունը առնվազն ներառում է՝

1) ներդրումային ծառայություն մատուցող անձի անվանումը,

2) հաճախորդի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը) կամ հաճախորդին նույնականացնող համարը,

3) գործարքի կնքման ամսաթիվը՝ հաջորդաբար նշելով տարին, ամիսը, օրը,

4) գործարքի կնքման ժամը՝ հաջորդաբար նշելով ժամը և րոպեն,

5) հաճախորդի կողմից տրված պատվերի տեսակը (շուկայական, լիմիտային և այլն),

6) գործարքի կնքման վայրը (նշվում է ֆոնդային բորսայի անվանումը, այլ կարգավորվող շուկայի անվանումը կամ «չկարգավորվող շուկա»),

7) արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը, թողարկման համարը (բացակայության դեպքում՝ թողարկողի անվանումը և արժեթղթի տեսակը, իսկ ածանցյալ գործիքի դեպքում՝ դրա նկարագիրը),

8) պատվերում նշված գործարքի տեսակը (առք, վաճառք),

9) պատվերի բնույթը, եթե պատվերում նշված գործարքի տեսակը առք կամ վաճառք չէ (արժեթղթերի բաժանորդագրություն, օպցիոնի իրականացում և այլն),

10) արժեթղթերի քանակը (ծավալային արժեթղթերի դեպքում՝ անվանական արժեքը),

11) միավորի գինը (ծավալային արժեթղթերի դեպքում չի լրացվում),

12) ընդհանուր ծավալը,

13) գանձված միջնորդավճարների կամ այլ վճարների համախառն գումարը, իսկ ոչ պրոֆեսիոնալ հաճախորդի պահանջի դեպքում՝ նաև դրանց բացվածքը (ըստ յուրաքանչյուր վճարի),

14) հաճախորդի կողմից վճարումները կատարելու պայմանները և ժամկետը, եթե դրանց մասին հաճախորդը նախօրոք չի տեղեկացվել (բանկային հաշվեհամարը և այլն),

15) տեղեկատվություն այն փաստի մասին, որ հաճախորդի տեսանկյունից գործարքի մյուս կողմը հանդես է եկել տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձը, վերջինիս խմբի մեջ մտնող որևէ այլ անձ կամ այդ ներդրումային ծառայություններ մատուցող անձի մեկ այլ հաճախորդ, եթե գործարքը չի իրականացվել այնպիսի կարգավորվող շուկայում, որն ապահովում է գործարքի մի կողմի անհայտ լինելը մյուսի համար:

42. Եթե հաճախորդի պատվերը կատարվում է մասնաբաժիններով, ապա ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդին է ներկայացնում պատվերի կատարման մասին հաշվետվությունը՝ ըստ յուրաքանչյուր մասնաբաժնի:

43. Եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը մատուցում է արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն, ապա նա պետք է առնվազն եռամսյակային պարբերականությամբ տեղեկատվության փոխանցման հուսալի միջոցով հաճախորդին տրամադրի արժեթղթերի փաթեթի կառավարման մասին հաշվետվություն՝ համաձայն սույն կանոնակարգի 44-րդ կետի:

44. Արժեթղթերի փաթեթի կառավարման մասին հաշվետվությունը առնվազն ներառում է՝

1) ներդրումային ծառայություն մատուցող անձի անվանումը,

2) հաճախորդի արժեթղթերի կառավարման նպատակով բացված հաշվի նույնականացնող համարը,

3) հաշվետու ժամանակաշրջանի սկզբում և վերջում՝

ա. փաթեթում ընդգրկված արժեթղթերի ցանկը և փաթեթի արժեքը, ներառյալ փաթեթում ընդգրկված յուրաքանչյուր արժեթղթի իրական արժեքը,

բ. հաճախորդի դրամական միջոցների հաշվեկշիռը,

4) արժեթղթերի փաթեթի տարեկան եկամտաբերությունը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում,

5) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գանձվող վճարները՝ տալով դրանց բացվածքը առնվազն ըստ կառավարման դիմաց գանձվող վճարի և գործարքների կնքման համար կատարված ծախսերի,

6) կառավարման եկամտաբերության համեմատումը հաճախորդի հետ նախապես համաձայնեցված հենանիշի հետ (նման հենանիշի առկայության դեպքում),

7) հաշվետու ժամանակաշրջանում արժեթղթերի փաթեթում ներառված արժեթղթերի գծով ստացված շահութաբաժինները, տոկոսները և այլ վճարները,

8) արժեթղթերի փաթեթում ներառված արժեթղթերի գծով կորպորատիվ գործողությունները (արժեթղթերի փոխարկումը՝ թողարկողի տվյալ դասի արժեթղթերի բաժանման, կոնսոլիդացիայի կամ թողարկողի վերակազմակերպման արդյունքում),

9) հաշվետու ժամանակաշրջանում արժեթղթերի փաթեթի կառավարման շրջանակներում կնքված գործարքների մասին՝ ըստ սույն կանոնակարգի 41-րդ կետի 3-րդ ենթակետից 12-րդ ենթակետերում նշված տեղեկատվության, բացառությամբ, եթե հաճախորդը նախընտրել է ստանալ այդ տեղեկատվությունը նաև ըստ յուրաքանչյուր գործարքի` համաձայն սույն կանոնակարգի 45-րդ կետի:

45. Եթե հաճախորդը նախընտրել է ստանալ փաթեթի կառավարման մասին հաշվետվություն՝ ըստ յուրաքանչյուր գործարքի, ապա արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն մատուցող ներդրումային ծառայություններ մատուցող անձը, ի լրումն սույն կանոնակարգի 44-րդ կետում սահմանված հաշվետվության, նաև տրամադրում է հաշվետվություն սույն կանոնակարգի 40-րդ կետում սահմանված կարգով և ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՖԻԴՈՒՑԻԱՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

46. Ներդրումային ծառայություն մատուցող անձը պետք է ձեռնարկի բոլոր խելամիտ քայլերը, որպեսզի կատարի հաճախորդի պատվերը հաճախորդի համար հնարավոր լավագույն պայմաններով՝ հաշվի առնելով գինը, ծախսերը, ժամկետը (արագությունը), պատվերի կատարման և վերջնահաշվարկի իրականացման հավանականությունը, պատվերի ընդհանուր ծավալը, պատվերի բնույթը և պատվերի կատարման հետ կապված այլ գործոններ: Այս նպատակով, այն ներդրումային ծառայություն մատուցող անձինք, որոնք հաճախորդի պատվերի հիման վրա կատարում են գործարքներ, պետք է մշակեն պատվերների կատարման քաղաքականություն:

47. Սույն կանոնակարգի 46-րդ կետում նշված գործոնների հարաբերական կարևորությունը կամ կարևորության աստիճանը որոշելու համար հաշվի են առնվում հետևյալ չափանիշները՝

1) հաճախորդի պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ լինելը,

2) հաճախորդի պատվերի էական պայմանները (գնային, ծավալային և քանակական պայմանները, հաճախորդի առանձնահատուկ ցուցումները և այլն),

3) հաճախորդի պատվերում նշված արժեթղթերի բնութագրիչները (դասը և այլն),

4) գործարքի կնքման վայրի (միջոցի) առանձնահատկությունները:

48. Սույն գլխի իմաստով գործարքի կնքման վայրը (միջոցը) ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաները, այլ կարգավորվող շուկաները կամ չկարգավորվող շուկան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաները կամ նման գործառույթներ իրականացող անձինք:

49. Համարվում է, որ ներդրումային ծառայություն մատուցող անձը ձեռնարկել է բոլոր խելամիտ քայլերը հաճախորդի համար հնարավոր լավագույն պայմաններով պատվերը կատարելու համար, եթե այդ անձը կատարել է պատվերը կամ պատվերի առանձնահատուկ պայմանները՝ հետևելով հաճախորդի կողմից տրված առանձնահատուկ ցուցումներին:

50. Երբ հաճախորդի պատվերը կատարելու համար ներդրումային ծառայություններ մատուցող անձը ձեռնարկում է քայլեր լավագույն պայմանները որոշելու համար և փորձում է ընտրություն կատարել գործարքների կնքման տարբեր վայրերի միջև, ապա վերջինս պետք է ընտրի գործարքների կնքման այն վայրը, որի միջոցով պատվերի կատարման դեպքում հաճախորդի համախառն ծախսերը (արժեթղթերի գինը և գործարքի կնքման հետ կապված այլ ծախսերը) կլինեն նվազագույնը:

51. Արժեթղթերի փաթեթի կառավարման և Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ծառայության մատուցման դեպքում իր ֆիդուցիար պարտականությունները կատարելու նպատակով ներդրումային ծառայություններ մատուցող անձը պետք է ձեռնարկի բոլոր խելամիտ քայլերը, որպեսզի հաճախորդի համար ապահովի հնարավոր լավագույն արդյունք՝ հաշվի առնելով սույն կանոնակարգի 46-րդ կետում նշված գործոնները: Այս դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձի վրա տարածվում են նաև սույն կանոնակարգի 47-րդ և 50-րդ կետերի պահանջները:

52. Համարվում է, որ արժեթղթերի փաթեթի կառավարման և Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ծառայության մատուցման դեպքում ներդրումային ծառայություն մատուցող անձը կատարել է իր ֆիդուցիար պարտականությունները և կարող է չձեռնարկել սույն կանոնակարգի 51-րդ կետում նշված քայլերը, եթե այդ անձը հետևել է հաճախորդի կողմից կարևորություն տրված առանձնահատուկ ցուցումներին`

1) երբ արժեթղթերի փաթեթի կառավարման շրջանակում գործարք իրականացնելու համար երրորդ անձանց հանձնարարել է արժեթուղթ գնել կամ վաճառել, և (կամ)

2) երբ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ծառայության մատուցման շրջանակում երրորդ անձանց է հաղորդել արժեթղթերով գործարքի կատարման հանձնարարականը:

53. Այն դեպքում, երբ արժեթղթերի փաթեթի կառավարման և Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ծառայություն մատուցող անձը հենց ինքն էլ կատարում է գործարքները, ապա նրա վրա տարածվում են սույն կանոնակարգի 46-50-րդ կետերի պահանջները:

54. Պատվերների կատարման քաղաքականությունը ներառում է տեղեկատվություն գործարքի կնքման տարբեր վայրերի (միջոցների) մասին, ինչպես նաև այն գործոնների մասին, որը հաշվի է առնում ներդրումային ծառայություն մատուցող անձը այդ վայրերի միջև ընտրություն կատարելիս՝ ըստ արժեթղթերի յուրաքանչյուր դասի: Ներդրումային ծառայություն մատուցող անձը պետք է հաճախորդներին տեղյակ պահի պատվերների կատարման քաղաքականության մասին և ստանա հաճախորդի նախնական համաձայնությունն այդ քաղաքականությունն իր նկատմամբ կիրառելու վերաբերյալ:

55. Ներդրումային ծառայություն մատուցող անձը վերանայում է պատվերների կատարման քաղաքականությունը այն դեպքում, երբ կատարվել է այնպիսի զգալի փոփոխություն, որն այլևս հնարավորություն չի տալիս այդ քաղաքականության համաձայն ընտրված՝ գործարքների կնքման վայրի միջոցով կատարել հաճախորդի պատվերները հաճախորդի համար հնարավոր լավագույն պայմաններով:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԻՐ ԿԱՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

56. Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքներ կատարելիս ներդրումային ծառայություն մատուցող անձը հաճախորդների պատվերները կատարելիս ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի դրանք կատարվեն անկողմնակալ, անհապաղ և ճշգրիտ: Այդ միջոցառումները պետք է հնարավորություն տան հաճախորդի այլ հավասար պայմաններ ունեցող պատվերները կատարել ըստ ներդրումային ծառայություն մատուցող անձի կողմից դրանց ստացման հաջորդականության:

57. Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքներ կատարելիս ներդրումային ծառայություն մատուցող անձը պետք է՝

1) համոզվի, որ գործարք կատարելու համար պատվերները պատշաճ կերպով գրանցվել և ներկայացվել են կատարման,

2) այլ հավասար պայմաններ ունեցող պատվերները կատարի ըստ դրանց ստացման հաջորդականության, բացառությամբ, եթե պատվերի բնութագրիչները կամ շուկայում ստեղծված իրավիճակը դա անհնարին են դարձնում, և

3) հաճախորդին անհապաղ տեղյակ պահի այն էական դժվարությունների կամ բացասական հանգամանքների մասին, որոնք անհնարին են դարձնում հաճախորդի պատվերի ճշգրիտ կատարումը:

58. Ընդհանուր առմամբ ավելի լավ արդյունք ապահովելու նպատակով ներդրումային ծառայություն մատուցող անձը կարող է համախմբել իր հաճախորդի պատվերը կամ իր հաշվին կատարվող գործարքն իր մեկ այլ հաճախորդի պատվերի հետ և այդ ձևով կատարել դրանք, եթե՝

1) որևէ հաճախորդի համար այն չի ապահովում ավելի վատ արդյունք, քան այն դեպքում, եթե նրա պատվերը կատարվեր առանձին,

2) ընդհանուր առմամբ այն բխում է հաճախորդների շահերից:

59. Եթե ներդրումային ծառայություն մատուցող անձը իր հաճախորդի պատվերը համախմբում է իր հաշվին կատարվող գործարքի հետ, ապա այդ համախմբված պատվերի մասնակի բավարարման դեպքում նախապատվությունը տրվում է հաճախորդին՝ բացառությամբ, եթե ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

60. Հաճախորդի կողմից պատվերները կարող են ներկայացվել գրավոր կամ ոչ գրավոր ձևով:

61. Գրավոր ձևով պատվերը ներկայացվում է հաճախորդի կողմից էլեկտրոնային փոստի, ինտերնետի կամ ֆաքսի, իսկ հաճախորդի ցանկության դեպքում՝ թղթային ձևով:

62. Ոչ գրավոր ձևով պատվերի ներկայացման դեպքում պատվեր ընդունելու իրավասություն ունեցող աշխատակիցը ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը ոչ գրավոր ձևով ստացված տեղեկատվության հիման վրա լրացնում և ստորագրում է պատվերի ներկայացման սահմանված ձևը` նշելով տեղեկատվության ստացման ժամանակը (ոչ թե իր կողմից պատվերի լրացման ժամկետը) րոպեի ճշտությամբ և իր անունը, ազգանունը: Այսպիսի դեպքերում պատվերում նշում է կատարվում այն մասին, որ հաճախորդի կողմից այն ներկայացվել է ոչ գրավոր ձևով:

63. Հաճախորդի կողմից պատվերը կարող է ներկայացվել ոչ գրավոր ձևով, եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը համապատասխան տեխնիկական միջոցների օգնությամբ գրանցում է հաճախորդի կողմից պատվերի ներկայացման և դրա բովանդակությունը հավաստող փաստը (մասնավորապես՝ ձայնագրում է հեռախոսազրույցը)՝ ներառյալ ներկայացման ժամանակը՝ հաջորդաբար լրացնելով տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն: Ընդ որում, այդ տեխնիկական միջոցները պետք է թույլ չտան գրանցված տեղեկատվությունը որևէ կերպ փոփոխել:

64. Հաճախորդի կողմից ներկայացվող պատվերներում ներառվող տեղեկությունների կազմը, ներկայացման կարգը և ժամկետները, ինչպես նաև պատվերի պայմանների փոփոխման կամ պատվերի հետ կանչման կարգը և ժամկետները սահմանվում են ներդրումային ծառայությունների մատուցման ներքին կանոններով և ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼԻՍ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ (ՀԱՇՎԱՌՈՒՄ) ՎԱՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

65. Ներդրումային ծառայություններ մատուցող անձն իր կողմից մատուցված ծառայությունների և գործարքների մասով պետք է վարի այնպիսի գրանցումներ (հաշվառում), որը Կենտրոնական բանկին հնարավորություն կտա հետևել ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից Օրենքի և սույն կանոնակարգի, ներքին կանոնների և կանոնակարգերի պահանջների պահպանմանը: Մասնավորապես, այդ գրանցումները Կենտրոնական բանկին պետք է հնարավորություն տան հավաստիանալու, որ ներդրումային ծառայություններ մատուցող անձը կատարել է իր պարտականությունները հաճախորդների առջև:

66. Ծառայությունների և գործարքների մասով գրանցումները պետք է ներառեն համապատասխան տեղեկությունները՝ կապված արժեթղթերով կատարած բոլոր գործարքների հետ՝ անկախ այն բանից, թե ում հաշվին կամ անունից է այն կատարվել: Այդ տեղեկությունները պետք է ներառեն նաև հաճախորդների ինքնության մասին մանրամասն տեղեկատվություն:

67. Ծառայությունների և գործարքների մասով գրանցումները պետք է վարվեն այնպիսի եղանակով կամ միջոցներով, որպեսզի բավարարվեն հետևյալ պայմանները.

1) Կենտրոնական բանկի պահանջով այդ գրանցումները պետք է հասանելի և մատչելի լինեն Կենտրոնական բանկին և պետք է հնարավոր լինի վերծանել կատարված յուրաքանչյուր գործարքի յուրաքանչյուր փուլը,

2) եթե այդ գրանցումներում փոփոխություններ կամ լրացումներ են կատարվում, ապա դրանք պետք է կատարվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի պարզել այդ գրանցումների սկզբնական բովանդակությունը և յուրաքանչյուր փոփոխությունը կամ լրացումը, և

3) պետք է բացառվի երրորդ անձանց կողմից այդ գրանցումների չթույլատրված օգտագործումը:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

68. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք վարում են գրանցումներ հաճախորդի կողմից տրված յուրաքանչյուր պատվերի և արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունների մատուցման շրջանակում յուրաքանչյուր ներդրումային որոշման մասով:

69. Այդ գրանցումները պետք է կատարվեն պատվերների ստացման կամ ներդրումային որոշման կայացման պահից անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը:

70. Հաճախորդի կողմից տրված յուրաքանչյուր պատվերի մասին գրանցումները առնվազն ներառում են հետևյալ տեղեկությունները՝

1) հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) կամ հաճախորդին նույնականացնող համարը,

2) հաճախորդի կողմից տրված պատվերում նշված գործարքի տեսակը (առք, վաճառք),

3) հաճախորդի կողմից տրված պատվերի բնույթը, եթե պատվերում նշված գործարքի տեսակը առք կամ վաճառք չէ (արժեթղթերի բաժանորդագրության պատվեր, օպցիոնի իրականացման պատվեր և այլն),

4) հաճախորդի կողմից տրված պատվերի տեսակը (շուկայական, լիմիտային և այլն),

5) արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում՝ թողարկողի անվանումը և արժեթղթի տեսակը, իսկ ածանցյալ գործիքի դեպքում՝ դրա նկարագիրը),

6) արժեթղթերի քանակը,

7) միավորի գինը,

8) ընդհանուր ծավալը,

9) հաճախորդի կողմից տրված առանձնահատուկ ցուցումները (առկայության դեպքում),

10) հաճախորդի կողմից տրված պատվերի ստացման ճշգրիտ ժամանակը՝ հաջորդաբար նշելով տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն,

11) պատվերը գրանցող շահագրգիռ անձի անունը, ազգանունը:

71. Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունների մատուցման շրջանակում յուրաքանչյուր ներդրումային որոշման (գործարք կատարելու ներքին պատվերի) մասին գրանցումները առնվազն ներառում են հետևյալ տեղեկությունները՝

1) հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) կամ հաճախորդին նույնականացնող համարը,

2) որոշման մեջ նշված գործարքի տեսակը (առք, վաճառք),

3) որոշման բնույթը, եթե որոշման մեջ նշված գործարքի տեսակը առք կամ վաճառք չէ (արժեթղթերի բաժանորդագրություն, օպցիոնի իրականացում և այլն),

4) որոշման համաձայն տրվող պատվերի տեսակը (շուկայական, լիմիտային և այլն),

5) արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում՝ թողարկողի անվանումը և արժեթղթի տեսակը, իսկ ածանցյալ գործիքի դեպքում՝ դրա նկարագիրը),

6) արժեթղթերի քանակը,

7) միավորի գինը,

8) ընդհանուր ծավալը,

9) հաճախորդի կողմից տրված առանձնահատուկ ցուցումները (առկայության դեպքում),

10) ներդրումային որոշման կայացման ճշգրիտ ժամանակը՝ հաջորդաբար նշելով տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն,

11) ներդրումային որոշումը կայացնող շահագրգիռ անձի անունը, ազգանունը:

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

72. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ծառայություն մատուցող անձն ընդունված և հաղորդված պատվերների կատարման մասին հաստատումը ստանալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը, պետք է կատարի գրանցումներ կատարված գործարքի մասին:

73. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված ծառայություն մատուցող անձը հաճախորդի պատվերը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը, պետք է կատարի գրանցումներ կատարված գործարքի մասին:

74. Սույն գլխի 72-րդ և 73-րդ կետերի համաձայն կատարվող գրանցումները ներառում են հետևյալ տեղեկությունները.

1) հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) կամ հաճախորդին նույնականացնող համարը,

2) գործարքի կնքման ամսաթիվը՝ հաջորդաբար նշելով տարին, ամիսը և օրը,

3) գործարքի կնքման ժամը՝ հաջորդաբար նշելով ժամը և րոպեն,

4) գործարքի տեսակը (առք, վաճառք),

5) գործարքի բնույթը, եթե գործարքի տեսակը առք կամ վաճառք չէ (արժեթղթերի բաժանորդագրություն, օպցիոնի իրականացում և այլն),

6) արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում՝ թողարկողի և արժեթղթի անվանումը, իսկ ածանցյալ գործիքի դեպքում՝ դրա նկարագիրը),

7) արժեթղթերի քանակը,

8) միավորի գինը,

9) ընդհանուր ծավալը,

10) գործարքի մյուս կողմը,

11) գործարքի կնքման վայրը (նշվում է ֆոնդային բորսայի անվանումը, այլ կարգավորվող շուկայի անվանումը կամ «չկարգավորվող շուկա»),

12) գործարքը կատարող շահագրգիռ անձի անունը, ազգանունը (իսկ սույն գլխի 72-րդ կետով սահմանված դեպքում՝ գործարքի կատարման համար պատասխանատու շահագրգիռ անձի անունը, ազգանունը):

75. Եթե ներդրումային ծառայություն մատուցող անձը հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման պատվերներ է ընդունում և հաղորդում, ապա այդ անձը պատվերի հաղորդումից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը պետք է կատարի գրանցումներ ընդունված և հաղորդված պատվերների մասին: Այդ գրանցումները ներառում են հետևյալ տեղեկությունները՝

1) հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) կամ հաճախորդին նույնականացնող համարը,

2) այն անձի անվանումը կամ նույնականացնող համարը, ում հաղորդվել է պատվերը,

3) հաղորդված պատվերի պայմանները՝ համաձայն 70-րդ կետի 2-9-րդ ենթակետերում նշված տեղեկատվության,

4) պատվերի հաղորդման ամսաթիվը և ճշգրիտ ժամը՝ հաջորդաբար նշելով տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:

 

Գ Լ ՈՒ Խ  16

(գլուխը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

76. Արգելվում է լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցել ոչ պրոֆեսիոնալ հաճախորդներին:

77. Մինչև լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցելը ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարզում է հաճախորդի ռեզիդենտությունը։

78. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ռեզիդենտ պրոֆեսիոնալ հաճախորդներին կարող են տրամադրել առավելագույնը 1:300 լեվերիջ:

79. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ոչ ռեզիդենտ պրոֆեսիոնալ հաճախորդներին կարող են տրամադրել առավելագույնը 1:400 լեվերիջ:

80. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված կարող են ծառայություններ մատուցել միայն այն դեպքում, եթե ծառայության շրջանակում ռեզիդենտ հաճախորդի կողմից ներդրվող նվազագույն ապահովվածության գումարը (մարժան) առնվազն 5 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ է:

81. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված կարող են ծառայություններ մատուցել միայն այն դեպքում, եթե ծառայության շրջանակում ոչ ռեզիդենտ հաճախորդի կողմից ներդրվող նվազագույն ապահովվածության գումարը (մարժան) առնվազն 2 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ է:

82. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայություններ մատուցելիս պետք է ապահովեն, որպեսզի հաճախորդի կորուստը չլինի ավելին, քան իր կողմից ներդրված նվազագույն ապահովվածության գումարն (մարժան) է:

83. Հաճախորդներին լեվերիջով գործարքների, այդ թվում, ֆորեքս գործարքների կատարման հետ կապված ծառայություններ մատուցելու դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործընկեր կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք բավարարում են սույն կետով սահմանված չափանիշներից առնվազն երկուսին.

1) միջազգային լավագույն կարգավորման ստանդարտներին համապատասխանություն (գործընկերոջ կարգավորող մարմինը IOSCO-ի Հավելված Ա-ի անդամ է),

2) առնվազն 10 տարվա գործունեության պատմության առկայություն,

3) վարկանիշի առկայություն (առնվազն Մուդիս վարկանշող կազմակերպության տրամադրած Բաա1/Պ-2 վարկանիշ, կամ Ստանդարտ և Փուրզ վարկանշող կազմակերպության տրամադրած ԲԲԲ+/Ա-2 վարկանիշ, կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպության տրամադրած ԲԲԲ+/Ֆ2 վարկանիշ):

 

ԳԼՈՒԽ 17

(գլուխը լրաց. 11.06.19 թիվ 82-Ն)

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

84. Ներդրումային ընկերությունը Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գործառնությունները կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ դրա իրականացումն ուղղակիորեն պայմանավորված է.

1) Օրենքի 25-րդ հոդվածով, 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված ծառայությունների մատուցմամբ կամ գործունեության իրականացմամբ, և այն ծավալով, որն անհրաժեշտ է այդ ծառայությունների մատուցման կամ գործունեության իրականացման համար, կամ

2) ներդրումային ընկերության ակտիվների և պարտավորությունների կառավարմամբ` առանց առքի և(կամ) վաճառքի փոխարժեքների հրապարակային գնանշման, և այդ գործառնությունները կատարվում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված անձանց հետ կամ նրանց միջոցով:

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի
թիվ 113-Ն որոշման հավելվածի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների ռիսկայնության տեղեկացվածության վերաբերյալ

 

Ես՝ -----------------------------------------------------------------------------------------------------------------,

 անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անունը, ազգանունը, հայրանունը)

տեղյակ եմ, որ լեվերիջով գործարքները, այդ թվում՝ ֆորեքս գործարքներն ունեն բարձր ռիսկայնություն, և այս գործարքների կնքումը համապատասխանում է միայն այն հաճախորդներին, որոնք պատրաստ են կորցնել իրենց կողմից նախապես ներդրված ապահովվածության գումարը (մարժան): Գիտակցում եմ նաև, որ այս գործարքներին բնորոշ են զգալի գնային տատանումներ, որոնց արդյունքում կարող եմ ինչպես բարձր եկամուտներ ստանալ, այնպես էլ զգալի կորուստներ կրել:

 

———————————

 (ստորագրություն)

_____ ____________ 20 թ.

(հավելվածը լրաց. 10.12.18 թիվ 212-Ն)

(կանոնակարգը լրաց. 25.05.10 թիվ 122-Ն, լրաց., խմբ. 10.12.18 թիվ 212-Ն, լրաց. 11.06.19 թիվ 82-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան