Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.05.31/35(1488).1 Հոդ.421.23
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.02.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
01.02.2019
Дата вступления в силу
01.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0135/04/16

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0135/04/16
2019թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝

Կ. Չիլինգարյան
  Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Տ. Պետրոսյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

  

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

 

 

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի փետրվարի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի ընդդեմ «Սրապյան ընդ ԿՕ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2018 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.06.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 371-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի  3-րդ և 65-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կոմիտեն, հանդիսանալով պետական կառավարչական հիմնարկ, ունի ՀՀ զինանշանով կնիք և գործում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կառուցվածքով, իսկ Կոմիտեի քարտուղարությունը Կոմիտեի ստորաբաժանումներից է, որն ունի նաև իր կնիքը, և քարտուղարության գործառույթներից մեկն էլ հանդիսանում է Կոմիտեի նախագահի հրամանների համարակալումը, ելքագրումը, հաշվառումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Կոմիտեի զինանշանով կնիքի և քարտուղարության կնիքի առկայությունը հավաստում է նաև փաստաթղթում շարադրված փաստերի իսկությունը, հետևաբար վերաքննիչ բողոքին կից ներկայացված լիազորագիրը պատշաճ է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 28.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և այն փոփոխել` վերաքննիչ բողոքը համարել վարույթ ընդունված բողոքը ներկայացնելու սկզբնական օրը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.      

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե ինչ կարգով է ենթակա ձևակերպման և հաստատման տվյալ դեպքում Կոմիտեի կողմից տրված լիազորագիրը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652,  ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ` սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Նկատի ունենալով այն, որ «Սնանկության մասին» ՀՀ  օրենքով դատարանում ներկայացուցչության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համեմատ այլ կանոններ սահմանված չեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում այդ հարցի վերաբերյալ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները՝ այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝ նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա ղեկավարի` նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական մարմնի (տվյալ դեպքում` Կոմիտեի) անունից լիազորագիր հասարակ գրավոր ձևով կարող է տրվել նրա ղեկավարի կամ վերջինիս տեղակալի (տվյալ դեպքում Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի) կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 10.04.2018 թվականի վճռի դեմ Կոմիտեի անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` դրան կցելով Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանը: Նշված հրամանն ստորագրված է Կոմիտեի նախագահ Վ. Հարությունյանի կողմից, վավերացված է Կոմիտեի կնիքով, որը պատճենի տեսքով է (հատոր 2-րդ, գ.թ. 12-14):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24.05.2018 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ «տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը Կոմիտեի անունից ստորագրել է Արման Մնացականյանը, (...) գործում առկա է Կոմիտեի նախագահի 2-Ա հրամանի պատճենը, իսկ բողոքին կից ներկայացված է Կոմիտեի նախագահի 21.03.2017 թվականի թիվ 90-Ա հրամանի պատճենը, որոնք, սակայն, չեն կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքն ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագրեր այն հիմնավորմամբ, որ պատճեններ են»: Միաժամանակ սահմանվել է ժամկետ` բողոքում թույլ տրված նաև այդ խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 40-43):

Կոմիտեի անունից կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը` բողոքին կցելով Կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանը` վավերացված Կոմիտեի բնօրինակ կնիքով (հատոր 2-րդ, գ.թ. 60-62):

Վերաքննիչ դատարանը, 28.06.2018 թվականի որոշմամբ մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրել է, որ մատնանշված թերությունները վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ամբողջությամբ չեն վերացվել: Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգելիս մասնավորապես նշել է, որ «տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը Կոմիտեի անունից ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, բողոքին կից կրկին ներկայացվել է Կոմիտեի նախագահի 21.05.2018 թվականի թիվ 314-Ա հրամանի պատճենը, ինչը, սակայն, չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքն ստորագրելու լիազորությունը հավաստող լիազորագիր այն հիմնավորմամբ, որ պատճեն է, հրամանի պատճենի վրա առկա են քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի ստորագրությամբ հաստատված «իսկականի հետ ճիշտ է» գրառում և «քարտուղարություն» գրառում բովանդակող, «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» գրառում բովանդակող կնիքներ, որպիսի պայմաններում, հրամանի պատճենը չի կարող գնահատվել որպես պատշաճ վավերացված, քանի որ առկա չէ քարտուղարության պետ Ս. Մարտիրոսյանի` իրավաբանական անձի շահերն առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունենալը հավաստող փաստաթուղթ կամ Կոմիտեի նախագահի հրամանները վավերացնելու լիազորությունը հավաստող փաստաթուղթ, իսկ գործող իրավակարգավորումների պայմաններում փաստաթուղթը համարվում է պատշաճ վավերացված, եթե պատճենի իսկությունը կամ համապատասխանությունը բնօրինակին վավերացված է նոտարական կարգով» (հատոր 2-րդ, գ.թ. 90-92):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու ժամանակ գործող ՀՀ կառավարության 10.03.2016 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշման (ուժը կորցրել է 30.06.2018 թվականին) 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` Կոմիտեի նախագահն իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր (...):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրած անձի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի լիազորությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հավաստված լինելու հարցին, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի և Կոմիտեի կանոնադրության ուժով վերջինիս անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունքը վերապահված է Կոմիտեի նախագահին, որը կարող է այլ անձանց օժտել Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ` տալով համապատասխան լիազորագիր: Այսինքն` դատարանում Կոմիտեի գործերը ենթակա են վարման Կոմիտեի նախագահի, ինչպես նաև Կոմիտեի անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող այլ անձանց միջոցով: Ընդ որում, Կոմիտեի անունից լիազորագիրը պետք է տրվի նրա ղեկավարի ստորագրությամբ: Ավելին` լիազորագիրը պետք է նշում պարունակի ներկայացուցչին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված հատուկ լիազորությունների (տվյալ դեպքում դատական ակտը բողոքարկելու լիազորության) վերապահման մասին:

Տվյալ դեպքում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրել է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, ում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագիր է տվել Կոմիտեի նախագահը` օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ իրեն վերապահված իրավունքից: Նշված լիազորագիրն ստորագրված է Կոմիտեի նախագահի կողմից: Ավելին` այդ լիազորագրի վրա առկա են Կոմիտեի կնիքները, որոնցից մեկը բնօրինակի ձևով է, մյուսը` պատճենի, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի քարտուղարության պետի գրառումն այն մասին, որ «իսկականի հետ ճիշտ է»` վավերացված նաև նույն քարտուղարության կնիքով և քարտուղարության պետի ստորագրությամբ: Նույն լիազորագրում հատուկ նախատեսված է Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Այսինքն` լիազորագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված պարտադիր պայմանների պահպանմամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները:

Ինչ վերաբերում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից լիազորագիրը պատճենի ձևով ներկայացված լինելուն, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան կարգավորումները, Եվրոպական դատարանի դիրքորոշումը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերը նշված հանձնարարականը և ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումներն ու նպատակ ունենալով ապահովելու յուրաքանչյուրի` իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում նաև` երկրորդ ատյանի դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայելու միջոցով, և թույլ չտալու դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում` պայմանավորված այդ իրավունքի բուն էության խախտմամբ, այդ լիազորագրի վրա առկա վերը նշված գրառումների և բնօրինակ կնիքների առկայության պայմաններում հաստատված է համարում Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի` դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորությունները հավաստված լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից պատճենի ձևով լիազորագիրը նոտարական կարգով վավերացված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությանը, ապա այն անհիմն է, քանի որ նման լիազորագրերը նոտարական կարգով վավերացնելու պայման ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, այնպես էլ այլ իրավական ակտով նախատեսված չի եղել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է մերժել Կոմիտեի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 10.04.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 28.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ռ. Հակոբյան

Զեկուցող`

Տ. Պետրոսյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Ե. Խունդկարյան
 

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան
  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան