Գլխավոր տեղեկություն
Номер
N 500-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.05.15/31(1484) Հոդ.367
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.05.2019
Дата вступления в силу
16.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 500-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» N 439-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.

«9.1. Եթե ներկայացված հաղորդումը հանցագործության մասին չէ, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը եռօրյա ժամկետում հաղորդումը փաստաթղթային տարբերակով վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ ծանուցելով ազդարարին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     
2019 թ. մայիսի 7
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 2-ի N 500-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 439-Ն որոշման

 

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն    Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ

 

1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ նաև միասնական էլեկտրոնային հարթակ) բաղկացած է հետևյալ բաժիններից՝ «Գլխավոր էջ», «Ազդարարել», «Հարթակի մասին», «Հարթակի օգտագործման ուղեցույց», «Վիճակագրություն», «Հարթակի միջոցով բացահայտված հանցագործություններ»:

2. Միասնական էլեկտրոնային հարթակի «Գլխավոր էջ» բաժինը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի հիմնական նպատակի և միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անանուն ազդարարում իրականացնելու դեպքում անանունության իրավական երաշխիքների, ինչպես նաև նախազգուշացում համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու անհրաժեշտության վերաբերյալ: Սույն կետում նշված բաժնի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակի այցելուները ծանուցվում են այն մասին, որ համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) հնարավոր է ծածկագրել «ՏՈՌ» (TOR), «Օպերա» (Opera), «Օպերա Մինի» (Opera Mini) կամ այլ ցանցային դիտարկիչների (browser) միջոցով:

3. «Ազդարարել» բաժինը նախատեսված է միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար: Միասնական էլեկտրոնային հարթակի այցելուները սույն կետում նշված բաժնի միջոցով կարող են՝

1) ընտրել անանուն կամ տվյալներ ներկայացնելու միջոցով ազդարարման եղանակներից իրենց համար նախընտրելի տարբերակը.

2) լրացնել համապատասխան դաշտերում ընտրված ազդարարման եղանակին համապատասխան տվյալները, ինչպես նաև ամրակցել հաղորդմանն առնչվող էլեկտրոնային նյութերը.

3) լրացված տվյալներն ստուգելուց հետո հաստատել հաղորդումը՝ այն ներկայացնելով համակարգի հաղորդումների կառավարման մոդուլ:

4. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հաղորդում ներկայացնելիս՝ լրացվում է հետևյալ հարցերը պարունակող հարցաշարը՝

1) այն մարմինը, որտեղ կամ որի աշխատողի մասնակցությամբ, ըստ ազդարարի, կատարվել է հանցագործություն (պարտադիր).

2) հանցագործություն կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).

3) հանցագործությանն առնչություն ունեցող այլ անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր).

4) հանցագործության կատարման ամսաթիվը, իսկ եթե դա հայտնի չէ, ապա՝ այն ժամանակագրական միջակայքը, երբ տեղի է ունեցել հանցագործությունը (պարտադիր).

5) հանցագործության հետ կապված մանրամասները՝ նշելով, թե երբ և ինչ պայմաններում է կատարվել հանցագործությունը:

5. Միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդում ներկայացնելու դեպքում ազդարարը ծանուցվում է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ հաղորդումն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգելու պայմանների մասին:

6. Օգտատիրոջ վավերապայմաններով միասնական էլեկտրոնային հարթակ մուտք չգործած յուրաքանչյուր ազդարարի համար, հաղորդում ներկայացնելու պահին, համակարգն ինքնաշխատ եղանակով գեներացնում է օգտվողի անուն և գաղտնաբառ, որոնց միջոցով՝

1) ազդարարը կարող է մուտք գործել համակարգում իր անձնական տիրույթ, հետևել ներկայացված հաղորդման ընթացքին և հետադարձ կապի միջոցով պարզաբանումներ և լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձին.

2) տվյալներ ներկայացնելու եղանակով հաղորդում ներկայացրած ազդարարը, մուտք գործելով միասնական էլեկտրոնային հարթակ, կարող է նաև այլ հաղորդումներ ներկայացնել իր անձնական տիրույթից:

7. «Հարթակի մասին» բաժինը պարունակում է տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին՝ ներառյալ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը և ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

8. «Հարթակի օգտագործման ուղեցույց» բաժինը պարունակում է ուղեցույց, որտեղ քայլ առ քայլ նկարագրված են անանուն և տվյալներ ներկայացնելու եղանակով ազդարարման կարգերը, տարբեր տեսակի սարքերով և հենքերով միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործելու դեպքում համացանցային հաղորդակարգի հասցեի (Internet Protocol Address) ծածկագրման առաջարկվող եղանակները, ինչպես նաև ներկայացված հաղորդման պարագայում հետադարձ կապի իրականացման առանձնահատկությունները:

9. «Վիճակագրություն» բաժնում ներկայացվում են վիճակագրական տվյալներ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների թվի, միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված հաղորդումների թվի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգված և չստուգված հաղորդումների տոկոսային հարաբերության, ինչպես նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգված հաղորդումների արդյունքում ընդունված՝ քրեական գործ հարուցելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների տոկոսային հարաբերության վերաբերյալ:

10. «Հարթակի միջոցով բացահայտված հանցագործություններ» բաժինը ներկայացնում է միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների միջոցով բացահայտված հանցագործությունների մասին համառոտ տեղեկատվություն:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան