Գլխավոր տեղեկություն
Номер
N 658-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.2019-24.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 05.06.2019
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2019
Дата вступления в силу
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

1 հունիսի 2019 թվականի N 658-Լ

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 744-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 742-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Պետական կառավարման մարմինների համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 742-Լ որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. հունիսի 1

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

հունիսի 1-ի N 658-Լ որոշման

           

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

     

Հայաստանի Հանրապետության ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ նախարարության

    

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

2) ռուսերեն` Министерство экономики Республики Армения.

3) անգլերեն` The Ministry of Economy of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Ministe`re de l'Economie de la Re´publique d'Arme´nie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի (խորհրդականների), մամուլի քարտուղարի, նախարարի օգնականի (օգնականների) և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակները, նախարարությանը ենթակա մարմինները:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

     

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

      

9. Նախարարության նպատակներն են տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում:

10. Նախարարության խնդիրներն են՝

1) մրցակցային պայմանների բարելավումը.

2) գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանումը.

3) ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովումը.

4) արտահանման խթանումը և արտաքին տնտեսական կապերի զարգացումը.

5) արդյունաբերության մրցունակության բարձրացումը.

6) զբոսաշրջության և վերջինիս առնչվող ճյուղերի մրցունակության բարձրացումը.

7) սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.

8) որակի ենթակառուցվածքների զարգացումը.

9) պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը.

10) մտավոր սեփականության պահպանության համակարգի և ստեղծարար արդյունաբերության զարգացումը.

11) հանրային ներդրումների արդյունավետության բարձրացումը.

12) գյուղատնտեսության և գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտների զարգացման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման և գյուղատնտեսությանը պետական աջակցության ապահովումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության միասնական ագրարային քաղաքականության իրականացումը.

14) գյուղատնտեսության ոլորտում տեխնիկո-տեխնոլոգիական վերազինումը և ինովացիոն լուծումների ներդնումը.

15) բարձրարժեք և արդյունաբերականացված գյուղատնտեսության խթանումը.

16) օրգանական գյուղատնտեսության խթանումը.

17) Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացումը և պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը.

18) գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը.

19) արտադրության բոլոր փուլերում սպառողների համար միջազգայնորեն ընդունված անվտանգության պահանջներին համապատասխան ապրանքների ապահովումը.

20) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովումը.

21) անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների զարգացումը.

22) տարածքային տնտեսական զարգացումը:

      

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

    

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն.

2) առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ.

3) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ.

4) համակարգում է տնտեսության զարգացման հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման գործընթացը, իրականացնում դրանց ընթացքի դիտանցում և արդյունքների գնահատում.

5) համակարգում և դիտանցում է Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերը.

6) ապահովում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ առևտրի և առևտրին առնչվող դրույթների իրականացումը և առևտրատնտեսական համագործակցությունը.

7) ապահովում է Եվրոպական միության կողմից տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակներում արտահանման գործընթացների դյուրացումը, գրանցված արտահանողների համակարգի կիրառումը.

8) նախապատրաստում և կազմակերպում է նախարարության կողմից համակարգվող առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների ու երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը և աշխատանքային խմբերի նիստերի անցկացումը.

9) իրականացնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության և ստանձնած պարտավորությունների ապահովման աշխատանքները.

10) մշակում է բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ․

11) մշակում է օտարերկրյա պետությունների հետ կնքվող համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծեր.

12) մշակում է «պետություն – մասնավոր հատված» համագործակցության քաղաքականությունը.

13) մշակում և իրականացնում է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները.

14) իր իրավասության սահմաններում վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր.

15) առաջարկություններ է ներկայացնում տարածքային տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ, նախաձեռնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում․

16) մշակում և իրականացնում է ձեռներեցության այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունը, խորացնում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ.

17) մշակում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը և դիտանցում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

18) մշակում և իրականացնում է արդյունաբերական ներուժի ընդլայնման և մրցունակության բարձրացման, արդյունաբերության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման քաղաքականությունը՝ ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը.

19) մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը.

20) մշակում և իրականացնում է արտահանման զարգացման քաղաքականությունը.

21) ձևավորում է պետական և մասնավոր հատվածի համագործակցության ոլորտային հարթակներ.

22) մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը.

23) մշակում է սպառողների անվտանգության ապահովման մեխանիզմները.

24) մշակում, իրականացնում և համակարգում է որակի ենթակառուցվածքի` տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավատարմագրման ոլորտների պետական քաղաքականությունը.

25) իրականացնում է համապատասխանության գնահատման մարմինների նշանակման գործընթացը.

26) մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը.

27) մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները.

28) մշակում է ներդրումների ներգրավման քաղաքականությունը և օրենսդրական դաշտը.

29) մշակում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը և իրականացնում դիտանցում.

30) բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծմանը և զարգացմանը նպաստող գործարար միջավայր.

31) մշակում և իրականացնում է թանկարժեք մետաղների բնագավառում քաղաքականությունը.

32) կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները.

33) ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը.

34) իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, ինչպես նաև լիցենզիաների, արտոնագրերի, վկայականների, վկայագրերի, եզրակացությունների, թույլտվությունների, ակտերի, հավաստագրերի տրամադրման ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող աշխատանքները.

35) մշակում և իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականությունը.

36) ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

37) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

38) գյուղատնտեսության ռիսկերի կառավարման քաղաքականության մշակումը.

39) մշակում է ագրովերամշակման, անասնաբուծության, բուսաբուծության, անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և որակի, գյուղատնտեսական կոոպերացիայի և գյուղատնտեսական հողերի շուկայի զարգացման քաղաքականությունը.

40) մշակում է ագրովերամշակման, բուսաբուծության և բուսասանիտարիայի, անասնաբուծության և տոհմային գործի, արդյունագործական ձկնաբուծության զարգացման, անասնաբուժության և հակաանասնահամաճարակային միջոցառումների, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության տեխնիկական վերազինմանն ուղղված, գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցումը.

41) գյուղատնտեսական արտադրանքի իրացման համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդրում.

42) նախարարության իրավասության ոլորտներում առկա չսեփականաշնորհված պետական գույքի մասնավորեցման գործընթացին աջակցություն.

43) ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

44) իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում.

45) Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության ծրագրերի մշակում, պարենային անվտանգության հիմնախնդիրների գնահատում, դրանց լուծման մոտեցումների ձևավորում և իրականացվող ծրագրերի մոնիթորինգ.

46) գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման բնագավառի ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

47) մշակում է մտավոր սեփականության պահպանության և ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականությունը, նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց դիտանցումը.

48) մշակում է արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները.

49) Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ), Եվրոպական միությունում (ԵՄ), Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) և միջազգային մասնագիտական մարմիններում և կառույցներում Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական շահերի ներկայացման ապահովումը.

50) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

11.1 Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով` նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

   

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

    

12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ՝ նախարար):

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է նախարարության, իսկ առկայության դեպքում՝ նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, նախարարությանը ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը (խորհրդականները), օգնականը (օգնականները), մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

18. Նախարարը՝

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է նախարարի տեղակալներից յուրաքանչյուրի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց ու կազմակերպություններին շնորհում է նախարարության պարգևներ, ինչպես նաև սահմանում է այդ պարգևների ձևերը, դրանց ներկայացման և շնորհման կարգը.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

19) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարությանը ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների, հիմնադրամների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

20) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, նախարարությանը ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների, հիմնադրամների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

21) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը՝

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, նախարարությանը ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, նախարարությանը ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին, հիմնադրամին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի, նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.

11) կազմակերպում և համակարգում է նախարարության հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումն ու ներկայացումը:

27. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

28. Նախարարի խորհրդականը՝

1) կազմում է իր աշխատանքային ծրագրերը՝ համաձայնեցնելով դրանք նախարարի հետ.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) նախարարի հրամանով կարող է համակարգել նախարարության որոշակի գործառույթներ.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի հանձնարարութամբ ներկայացնում է նախարարության դիրքորոշումն արտասահմանյան երկկողմ հարաբերություններում և միջազգային կառույցներում.

6) նախարարի հրամանով կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

7) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

8) նախարարի հանձնարարությամբ կարող է կազմակերպել քաղաքացիների և առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների ընդունելություն.

9) կարող է ընդգրկվել միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.

10) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ։

29. Նախարարի մամուլի քարտուղարը՝

1) ներկայացնում է նախարարի պաշտոնական տեսակետները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ։

30. Նախարարի օգնականը՝

1) հաշվետու է անմիջապես նախարարին.

2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների, ստորաբաժանումների ղեկավարների հետ և նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

3) առաջարկություններ է ներկայացնում նախարարին՝ ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին և քննարկումներին.

5) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) ցուցաբերում է կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն նախարարին.

8) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

31. Նախարարի տեղակալի օգնականը՝

1) ցուցաբերում է կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն նախարարի տեղակալին.

2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների հետ և նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

3) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված հանձնարարականներ։

   

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

    

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչությունը.

2) սննդամթերքի անվտանգության վարչությունը.

3) պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչությունը.

4) գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությունը.

5) գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչությունը.

6) գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը.

7) արդյունաբերության զարգացման վարչությունը.

8) որակի ենթակառուցվածքների զարգացման վարչությունը.

9) գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչությունը.

10) Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչությունը.

11) Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչությունը.

12) ձեռներեցության զարգացման վարչությունը.

13) հանրային ներդրումների քաղաքականության վարչությունը.

33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) իրավաբանական վարչությունը.

2) ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունը.

3) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը.

4) անձնակազմի կառավարման վարչությունը.

5) գործերի կառավարման վարչությունը.

6) քարտուղարությունը.

7) առաջին բաժինը.

8) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժինը.

9) արտաքին կապերի վարչությունը.

10) ներքին աուդիտի բաժինը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ

    

34. Նախարարության գրասենյակներն են՝

1) Մտավոր սեփականության գործակալությունը.

2) «Հավատարմագրման ազգային մարմին» գործակալությունը.

3) Լիցենզավորման և թույլտվությունների գործակալությունը.

4) Առևտրային ներկայացուցիչների և ներդրողների աջակցության գրասենյակը:

   

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

    

35. Նախարարությանը ենթակա մարմինն է՝

1) Զբոսաշրջության կոմիտեն:

     

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

   

36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

39.Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

40. Նախարարության կարիքների համար պետական գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

   

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

     

41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան