ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ռ. Հակոբյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի սեպտեմբերի 04-ին,
քննարկելով ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Ալբերտ Վիրաբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ալբերտ Վիրաբյանի ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ալբերտ Վիրաբյանից գումար բռնագանձել:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ալբերտ Վիրաբյանը պահանջել է վարկային պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, միաժամանակ միջնորդել է պետական տուրքի վճարումը հետաձգել և լուծել այն վերջնական դատական ակտով:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 01.09.2016 թվականի որոշմամբ Ալբերտ Վիրաբյանի պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է և հակընդդեմ հայցադիմումը` վերադարձվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2016 թվականի որոշմամբ Ալբերտ Վիրաբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ` բողոքում առկա թերությունները վերացնելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալբերտ Վիրաբյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով պետական տուրք չի վճարվում: Ավելին, առկա չէ որևէ օրենսդրական իմպերատիվ պահանջ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացվող բողոքներով պետական տուրք գանձելու վերաբերյալ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքաբերի համար ստեղծվել են դատարանի մատչելիության իրավունքի պաշտպանության խոչընդոտներ` վերջինիս վրա դնելով մի այնպիսի պարտականություն, որն օրենսդրությամբ նախատեսված չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.10.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման դեպքում պետական տուրք վճարելու հարցի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`
ա) պետական տուրքի վճարումից ազատում,
բ) պետական տուրքի նվազեցում,
գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում,
դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում,
ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման՝ համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունից անձն ազատվում է օրենքի ուժով, որով բացառվում է այդ պարտականությունից անձին ազատելու հայեցողական մոտեցումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դիրքորոշումների հիման վրա նախկինում կայացրած որոշման շրջանակներում անդրադառնալով պետական տուրքի հետ կապված խնդիրներին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյաններն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի թիվ 3-734(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 վճիռը, կետ 44):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին` գույքային և ոչ գույքային պահանջների համար գանձվող պետական տուրքերի առնչությամբ, նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ պետական տուրքի հաշվարկման հիմքն այն գույքային կամ ոչ գույքային պահանջն է, որով անձը դիմել է դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով` արդյունքում ակնկալելով ներկայացված պահանջի ըստ էության քննություն և լուծում: Այսինքն` գործող իրավակարգավորման պայմաններում պետական տուրքի գանձում իրականացվում է ոչ թե դատարանի ցանկացած գործողության, այլ այն գործողությունների համար, որոնց արդյունքում վերջնական դատական ակտի կայացմամբ քննարկվում և լուծվում է ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջը: Հետևաբար այն դեպքում, երբ դատարան դիմած անձը հայցում է դատարանի որևէ գործողության իրականացում, որն անմիջականորեն պայմանավորված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ, այլ ուղղված է վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելուն, թեկուզև այդ գործողության հայցումն իրականացվում է բողոքարկման ընթացակարգի միջոցով, այնուամենայնիվ, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը, օրինակ` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման պարագայում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պարագայում, երբ անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված չէ ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի քննությանը և լուծմանը, ընդհակառակը` շահագրգիռ անձը տվյալ դեպքում վիճարկում է միջանկյալ դատական ակտի իրավաչափության հարցը, հետևաբար բողոք բերող անձը վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում:
Սույն գործով Ալբերտ Վիրաբյանը Դատարան է ներկայացրել հակընդդեմ հայցադիմում՝ վարկային պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին՝ միաժամանակ միջնորդելով պետական տուրքի վճարումը հետաձգել և անդրադառնալ վերջնական դատական ակտով (գ.թ. 38-41)։ Դատարանի 06.06.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցադիմումը` վերադարձվել (գ.թ. 42-44): Ալբերտ Վիրաբյանը կրկին Դատարան է ներկայացրել հակընդդեմ հայցադիմում՝ վարկային պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին՝ կրկին միջնորդելով հետաձգել պետական տուրքի վճարումը (գ.թ. 61-65)։ Դատարանի 01.09.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը կրկին մերժվել է, իսկ հակընդդեմ հայցադիմումը՝ վերադարձվել (գ.թ. 66-67):
Դատարանի 01.09.2016 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժելու և հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ» որոշման դեմ Ալբերտ Վիրաբյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք (գ.թ. 74-76): Վերաքննիչ դատարանի 20.10.2016 թվականի որոշմամբ Ալբերտ Վիրաբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կից չեն ներկայացվել բողոքի պատճենները գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու և պետական տուրքը վճարելու վերաբերյալ ապացույցներ (գ.թ. 79):
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ պետական տուրքի վճարված չլինելու մասով եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերը չունի պետական տուրքի վճարման պարտականություն, քանի որ Դատարանի 01.09.2016 թվականի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժելու և հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ» որոշումը հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, որի բողոքարկման պարագայում բողոքաբերը չի ակնկալում դատարանից որևէ գույքային կամ ոչ գույքային պահանջի բավարարում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ալբերտ Վիրաբյանը վերոնշյալ իրավական դիրքորոշման հիմքով ազատված է պետական տուրքի վճարման պարտականությունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Ալբերտ Վիրաբյանի վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքը վճարված լինելու վերաբերյալ ապացույց, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածների խախտում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 20.10.2016 թվականի որոշմամբ Ալբերտ Վիրաբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն հիմքով, որ վերաքննիչ բողոքին կից չեն ներկայացվել բողոքի պատճենները գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է նաև բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները վերաքննիչ բողոքին կից չներկայացնելը:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 20.10.2016 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկել է միայն պետական տուրքի մասով, հնարավոր չի համարում անդրադառնալ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մյուս հիմքի իրավաչափության գնահատմանը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է վերացման միայն պետական տուրքի մասով արձանագրված դատական սխալի մասով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքը՝ պետական տուրքը վճարելու վերաբերյալ ապացույց չներկայացնելու հիմքով վերադարձնելու մասով, վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերաքննիչ բողոքը՝ պետական տուրքը վճարելու վերաբերյալ ապացույց չներկայացնելու հիմքով վերադարձնելու մասով, վերացնել:
Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ռ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|