Գլխավոր տեղեկություն
Номер
N 550-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 18.05.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.05.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
16.05.2019
Дата вступления в силу
19.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2019 թվականի N 550-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 667-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 30-րդ կետում՝

ա․ «փոխվարչապետներից մեկը» բառերից հետո լրացնել «կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը» բառերով,

բ․ «Վերջինս» բառը փոխարինել «Տվյալ նախանիստ վարողը» բառերով․

2) 32-րդ կետում «վարչապետի աշխատակազմի գլխադասային» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների կամ վարչապետի աշխատակազմի գլխադասային» բառերով․

3) 46-րդ կետի 4-րդ ենթակետում «ֆինանսատնտեսագիտական» բառը փոխարինել «ֆինանսատնտեսական» բառով.

4) 51-րդ կետում «հինգշաբթի» բառը փոխարինել «ուրբաթ» բառով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52.1-ին և 52.2-րդ կետերով.

«52.1. Բացառիկ դեպքերում կոմիտեի անդամ հանդիսացող նախարարի փոխարեն կոմիտեի նիստին կարող է մասնակցել համապատասխան նախարարի տեղակալը՝ նախօրոք կոմիտեի նիստը վարող փոխվարչապետի բանավոր համաձայնության առկայության դեպքում։ Այդ դեպքում կոմիտեի անդամ հանդիսացող նախարարին փոխարինող տեղակալն օգտվում է սույն աշխատակարգով կոմիտեի անդամին վերապահված բոլոր իրավունքներից՝ ներառյալ քվեարկության իրավունքը։

52.2. Կոմիտեի նիստերին վարչապետի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի՝ տվյալ կոմիտեի քարտուղարության աշխատանքների կատարումն ապահովող ստորաբաժանման աշխատանքները համակարգող տեղակալը՝ քվեարկության իրավունքով։».

6) հավելվածի 56-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օրակարգում ներառված՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող հարցերի վերնագրերի փոխարեն նշվում է «Գաղտնի» բառը և նշում է կատարվում հարցը զեկուցողի վերաբերյալ: ».

7) հավելվածի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«57. Եթե նիստը վարող փոխվարչապետը գտնում է, որ կոմիտեի նիստի օրակարգ ընդգրկելու համար առաջարկվող որևէ հարցի քննարկման անհրաժեշտություն չկա, ապա օրակարգի նախագիծը կոմիտեի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հրավիրված այլ անձանց ուղարկելիս նշվում է դրա մասին: Տվյալ հարցը կոմիտեի նիստում դրական դիրքորոշում է ստանում առանց քննարկման և զեկուցման, եթե կոմիտեի անդամներից որևէ մեկը կամ հրավիրված որևէ այլ անձ կոմիտեի նիստում դրան չի առարկում: Առարկելու դեպքում հարցը քննարկվում է ընդհանուր կարգով: ».

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 57.1-57.7-րդ կետերով.

«57.1. Կոմիտեների նիստերի օրակարգերի հարցերի վերաբերյալ զեկուցվում են կառավարության անդամների, կառավարությանը, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների, վարչապետի աշխատակազմի՝ ոլորտի քաղաքականություն մշակող գրասենյակների ղեկավարների, իսկ կոմիտեի նիստը վարող փոխվարչապետի թույլտվությամբ՝ նաև նախարարների տեղակալների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների տեղակալների և այլ անձանց կողմից:

57.2. Կոմիտեների նիստերի օրակարգերում ընդգրկված զեկուցվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 15 րոպե, ելույթների համար` մինչև 5 րոպե ժամանակ: Նիստը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:

57.3. Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները կամ հարցադրումները:

57.4. Կոմիտեի նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ելույթով հանդես գալու կամ հարցադրումներ անելու իրավունք ունեն՝

1) կոմիտեի այն անդամները կամ հրավիրված այն պաշտոնատար անձինք, ովքեր նախագծի շրջանառության փուլում հարցը զեկուցող մարմնին ներկայացրել են տվյալ առարկությունները կամ առաջարկությունները, սակայն այդ առարկությունները կամ առաջարկները չեն ընդունվել կամ հաշվի չեն առնվել հարցը զեկուցողի կողմից։ Այդ առաջարկներն ու առարկությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ հարցը զեկուցողի դիրքորոշումը պետք է արտացոլված լինեն քննարկվող հարցի վերաբերյալ կազմված ամփոփաթերթում.

2) կոմիտեի այն անդամները կամ հրավիրված այն պաշտոնատար անձինք, որոնք ներկայացնում են այն պետական մարմինը, որին նախագիծը նախքան կոմիտեի նիստը կարծիքի չի ներկայացվել, կամ նախագիծը կոմիտեի օրակարգ ընդգրկվել է շրջանառության դրված տարբերակից էականորեն փոփոխված տարբերակով և կոմիտեի անդամը կամ հրավիրված անձը հնարավորություն չի ունեցել հարցը զեկուցող մարմին նախօրոք ներկայացնել իր դիրքորոշումը տվյալ նախագծի կամ նախագծի տվյալ խմբագրության վերաբերյալ․

3) կոմիտեի նիստը վարողի համաձայնությամբ այլ անձինք.

57.5. Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի քննարկմանը ներկա լինելու իրավունք ունեն կոմիտեի անդամները: Նախքան կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված գաղտնի հարցերի քննարկումն սկսելը պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք չունեցող անձինք պարտավոր են լքել նիստի դահլիճը՝ նիստը վարողի կողմից գաղտնի հարցերի քննարկմանն անցնելու մասին հայտարարությունից անմիջապես հետո:

57.6. Կոմիտեի նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է նիստը վարողը: Արձանագրությունում ներառվում են յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կոմիտեի անդամների վերջնական ընդհանուր դիրքորոշումը (այսուհետ՝ կոմիտեի դիրքորոշում), որը կարող է լինել նաև որպես պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին ուղղված վարչապետի կամ վարչապետի որոշմամբ նախատեսված դեպքերում՝ փոխվարչապետի հանձնարարական կամ որպես այլ մարմինների, կազմակերպությունների ղեկավարներին ուղղված առաջարկություն: Սույն կետում նշված հանձնարարականների սկզբնաժամկետ է համարվում տվյալ նիստին հաջորդող օրը, եթե հանձնարարականների հասցեատերը մասնակցում է կոմիտեի նիստին: Հակառակ դեպքում սկզբնաժամկետը հաշվարկվում է արձանագրությունն ստանալու օրվանից:

57.7. Արձանագրությունները ճշգրիտ կազմելու նպատակով կոմիտեի նիստերը ձայնագրվում են` բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի քննարկման:»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. մայիսի 16

 Երևան