ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2019 թվականի N 278-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի դրույթները՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել՝
1) հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 19-ի N 278-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 19-ի N 278-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման նպատակով ստեղծված ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթները, աշխատանքների կազմակերպումը, որոշումների ընդունման կարգը և հայտերի գնահատման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Հանձնաժողովի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման նպատակով ծրագրային հայտերի քննարկումն ու գնահատումն է:
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝
1) սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի (այսուհետ՝ հայտեր) վերաբերյալ եզրակացության ներկայացման ապահովումը.
2) հայտերի վերլուծության և որոշումների ընդունման անաչառությունը և շահերի բախման բացառումը.
3) հայտերի վերաբերյալ եզրակացության ներկայացման գործընթացի թափանցիկության ապահովումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
6. Հանձնաժողովի նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ, կարող են գումարվել արտահերթ նիստեր:
7. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի ցուցումով:
8. Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հարցման միջոցով:
9. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ։
10. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
11. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
12. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:
13. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:
14. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են՝
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
15. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով ներկայացվում են հանձնաժողովի նիստի անցկացումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
16. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական և քարտուղարության աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
17. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարությունը:
18. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից՝ հանձնաժողովի նիստի անցկացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
19. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմում:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
20. Հանձնաժողովի նախագահը՝
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց կազմը.
4) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ:
21. Հանձնաժողովի անդամները՝
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.
2) հայտերն ստանալուց հետո գնահատում են հայտերը՝ հանձնաժողովի առաջին նիստում հաստատված գնահատման ընթացակարգին համապատասխան և դրանք ներկայացնում են հանձնաժողովի քարտուղարություն.
3) մասնակցում են որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.
4) հանձնաժողովի ընդունած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում են գրավոր (հատուկ) կարծիք.
5) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին:
22. Հանձնաժողովի քարտուղարությունը՝
1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.
2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումն ու տրամադրումը.
3) հանձնաժողովի անդամների կողմից հայտերի վերաբերյալ դիրքորոշումներն ու եզրակացություններն ստանալուց հետո ամփոփ տեղեկանքը ներկայացնում է հանձնաժողովի նիստին.
4) ապահովում է հանձնաժողովի նիստի արձանագրության կազմումը, արձանագրությանը կցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր (հատուկ) կարծիքները, այն տրամադրում է հանձնաժողովի բոլոր անդամներին և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.
5) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |