Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
15.12.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
15.12.2017
Дата вступления в силу
15.12.2017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2709/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2709/02/14

2017թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 15-ին

քննարկելով ըստ հայցի Աշոտ Գրիգորյանի ընդդեմ Սամվել և Տիգրան Օհանյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Տիգրան Օհանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի վճռաբեկ բողոքը, 

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Գրիգորյանը պահանջել է Սամվել և Տիգրան Օհանյաններից բռնագանձել 185.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` ՍԹադևոսյան) (այսուհետ` Դատարան) 15.10.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Լ. Գրիգորյան, Ն. Բարսեղյան, Մ. Հարթենյան) 23.12.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին Տիգրան Օհանյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է, և Դատարանի 15.10.2014 թվականի վճռի դեմ Տիգրան Օհանյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու և վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքը վճարված չլինելու հիմքերով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.02.2017  թվականի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին Տիգրան Օհանյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է, և Դատարանի 15.10.2014 թվականի վճռի դեմ Տիգրան Օհանյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Օհանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մաuին» ՀՀ oրենքի 21-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 68-րդ, 210-րդ և 213-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տիգրան Օհանյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքի մնացած մասի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն այն հիմնավորմամբ, որ նա չի աշխատում և գտնվում է սոցիալապես անապահով վիճակում՝ ներկայացնելով Երևանի Արաբկիր համայնքի սեփական տնատիրություն սպասարկող թիվ 11 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Հ. Հարությունյանի կողմից տրված տեղեկանքի պատճենը՝ վավերացված տնատիրության կնիքով։ Հետևաբար, երբ Տիգրան Օհանյանը չի աշխատում, ապա ինչպես կարող էր վճարել 5.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ որպես պետական տուրք. Տիգրան Օհանյանն ընդամենն ի վիճակի էր վճարել 10.000 ՀՀ դրամ՝ նվազագույն պետական տուրքի գումարը, որը և վճարել է։

Բացի այդ, Տիգրան Օհանյանը, Վերաքննիչ դատարան ներկայացնելով պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետի հետաձգման միջնորդություն, ակնկալել է իր կողմից բարձրացված հարցի որոշակի հիմնավորված լուծում, որը պետք է դրսևորվեր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել ներկայացված միջնորդությունը և արդյունքում անհիմն մերժել է միջնորդությունը:

Ավելին, Տիգրան Օհանյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է նաև վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 06.02.2017 թվականի որոշումը և փոփոխել այն՝ որոշում կայացնել պետական տուրքի մնացածի մասի վճարումը հետաձգելու մասին»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար­ է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը եզրահանգել է նաև, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում են «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքները, բացարձակ չեն և կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճան սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովվմամբ (տե՛ս, Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, պարբ. 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, պարբ. 35, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, պարբ. 44): Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս, Էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, պարբ. 26):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, բ) պետական տուրքի նվազեցում, գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներում անդրադառնալով վկայակոչված հոդվածներին,  նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի  1-ին կետով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյաններն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ 3-734(ՎԴ) որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 վճիռը, կետ 44):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառումը պետք է հիմնվի դատարանի ներքին համոզման վրա (սուբյեկտիվ չափորոշիչ), որը, սակայն, ձևավորվում է ապացույցների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտման վրա (օբյեկտիվ չափորոշիչ): Բացի այդ, ներքին համոզման հիման վրա ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի բաղկացուցիչ մաս, չպետք է լինի կամայական, այլ պետք է ուղղված լինի քաղաքացիական դատավարության նպատակների իրականացմանը, որոնցից ամենահիմնականը` իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է (տե´ս, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ, Ռոբերտ, Անահիտ Ափինյանների, Սիրանուշ Ծատինյանի թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն` հաշվի առնելով նաև գործի հանգամանքները: Այսպես, օրինակ, օրենսդիրը, ամրագրելով հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն, տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը` գույքային կամ ոչ գույքային: Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա):

Վերոգրյալից հետևում է, որ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրության գնահատումը չի կարող իրականացվել` անտեսելով գործի հանգամանքները, հետևաբար դատարանները նման միջնորդություններ քննության առնելիս պետք է ուսումնասիրեն նաև համապատասխանաբար հայցադիմումները, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի  վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք, հետևաբար դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Միշա և Յաշա Գրիգորյաններն ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և մյուսների թիվ ՏԴ1/0171/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տիգրան Օհանյանի ներկայացուցիչը, 07.12.2016 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք, միջնորդել է պետական տուրքի վճարումը հետաձգել և դրան անդրադառնալ դատական ակտով՝ պատճառաբանելով, որ չի աշխատում և գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կցել է Երևանի Արաբկիր համայնքի սեփական տնատիրություն սպասարկող թիվ 11 տեղամասի լիազոր ներկայացուցչի տեղեկանքը, ըստ որի՝ Տիգրան Օհանյանը չի աշխատում (հատոր 2-րդ, գ.թ. 5-10, 15):

 Վերաքննիչ դատարանը 23.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ նշել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման՝ նկատի ունենալով, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջին, քանի որ այն բերվել է դրա համար սահմանված ժամկետը լրանալուց հետո և բացակայում է այդ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը:

Անդրադառնալով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությանը, Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, իսկ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման՝ նկատի ունենալով նաև, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջին, քանի որ բողոքին կցված չէ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց (վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի չափը կազմում է` 5.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), իսկ պետական տուրքի վճարման վերաբերյալ արտոնություն կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 17-18):

Տիգրան Օհանյանի ներկայացուցիչը, 01.02.2017 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարել: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կցել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր, իսկ պետական տուրքի մնացած՝ չվճարված մասը խնդրել է հետաձգել և անդրադառնալ դատական ակտով՝  պատճառաբանելով, որ Տիգրան Օհանյանը չի աշխատում և գտնվում է սոցիալապես ծանր վիճակում (հատոր 2-րդ, գ.թ. 42,      43-48)։

Վերաքննիչ դատարանի 06.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Տիգրան Օհանյանի միջնորդությունը՝ պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու մասին, մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմքով, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջին (հատոր 2-րդ, գ.թ. 54-55)։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի 06.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տիգրան Օհանյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքում միջնորդել է հետաձգել պետական տուրքի մնացած մասի վճարումը և որպես իր միջնորդության հիմնավորում՝ նշել է իր չաշխատելու և սոցիալապես անապահով լինելու հանգամանքը, միաժամանակ ներկայացրել է Երևանի Արաբկիր համայնքի սեփական տնատիրություն սպասարկող թիվ 11 տեղամասի լիազոր ներկայացուցչի տեղեկանքը, ըստ որի՝ Տիգրան Օհանյանը չի աշխատում: Վերաքննիչ դատարանը, իր 06.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մերժելով պետական տուրքի մնացած մասի  վճարումը հետաձգելու Տիգրան Օհանյանի ներկայացուցչի միջնորդությունը և վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի գնահատել գործում առկա՝ Երևանի Արաբկիր համայնքի սեփական տնատիրություն սպասարկող թիվ 11 տեղամասի լիազոր ներկայացուցչի տեղեկանքը և դրա վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել: Մինչդեռ ներկայացված տեղեկանքն արտացոլում է Տիգրան Օհանյանի գույքային դրությունը. տեղեկանքում նշված է, որ վերջինս չի աշխատում, հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի հիմքով որպես պետական տուրքի գծով արտոնություն, այն է՝ պետական տուրքի վճարման հետաձգումը, կարող էր սահմանվել Վերաքննիչ դատարանի կողմից:

 Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է Տիգրան Օհանյանի` 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքներ և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) եզրահանգումը քննարկվող հարցով.

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի վերադարձման հիմք է նաև վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելը և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացնելը, կամ այդ միջնորդությունը Վերաքննիչ դատարանի կողմից մերժելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ ընդգծել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ապա Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տե´ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի թիվ ԵԿԴ/2791/02/13 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Տիգրան Օհանյանի ներկայացուցիչը, Դատարանի 15.10.2014 թվականի վճռի դեմ բերելով վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել (հատոր 2-րդ, գ.թ. 47):

Վերաքննիչ դատարանը 06.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Տիգրան Օհանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձրել է միայն այն հիմքով, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջին, քանի որ բողոքին կցված չէ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, իսկ պետական տուրքի չվճարված մասի վճարման վերաբերյալ արտոնություն կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 55)։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 06.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման մեջ բացակայում է որևէ նշում  Տիգրան Օհանյանի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ: Այսինքն` Վերաքննիչ դատարանի 06.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը չի պարունակում որևէ եզրահանգում վերաքննիչ բողոքում ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ որոշում չի կայացրել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ, ինչն անձի դատական պաշտպանության իրավունքի խախտում է: Մասնավորապես` շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն՝ դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տիգրան Օհանյանի ներկայացուցչի` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, և միջնորդության քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը  

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան