ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/0620/05/17 Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Վարչական գործ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող |
Ե. Խունդկարյան | |
|
զեկուցող |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
|
Վ. Ավանեսյան |
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
|
|
Ռ. Հակոբյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Ե. Սողոմոնյան | ||
|
|
Ն. Տավարացյան |
2017 թվականի սեպտեմբերի 04-ին
քննարկելով ըստ հայցի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ Գրիգոր Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ծառայության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Գրիգոր Գրիգորյանից բռնագանձել 225.000 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 03.02.2017 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 03.02.2017 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած մասը, որոնց հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, պետք է դիտարկվեն ամբողջականության մեջ` որպես մեկ հանրային իրավական դրամական պահանջ: Ընդ որում, օրենսդիրը տուգանքի չափի ավելացումը սահմանել է որպես ինքնաբերաբար տեղի ունեցող իրադարձություն, այսինքն` տուգանքի չափի ավելացման կապակցությամբ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտություն առկա չէ: Հետևաբար սույն գործով ներկայացված հանրային իրավական դրամական պահանջը` 225.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է հարկադիր կատարման դատական կարգով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված գումարի բռնագանձման վերաբերյալ հանրային իրավական դրամական պահանջ պարունակող հայցերը ենթակա են արդյո՞ք դատարանում քննության,
2) ի՞նչ նյութաիրավական պայմանների առկայության դեպքում է գործում անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջի` դատական կարգով հարկադիր կատարման եղանակը,
3) անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական մարմնի կողմից ներկայացված հանրային իրավական դրամական պահանջ պարունակող հայցադիմումի ընդունելիության փուլում ի՞նչ որոշում պետք է կայացնի վարչական դատարանը, եթե հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու` օրենքով սահմանված նյութաիրավական պայմանները բացակայում են,
4) հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը կարող է արդյո՞ք տեղի ունենալ դատական եղանակով, եթե այդ պահանջի հիմքում ընկած անբողոքարկելի վարչական ակտով ֆիզիկական անձից բռնագանձման ենթակա գումարի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, սակայն այդ գումարի և դրա նկատմամբ իրավունքի ուժով ինքնաբերաբար ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված պայմանները բացակայում են:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն` հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (...):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն` հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե`
ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,
բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում` ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,
գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` (...) նույն օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (...) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է տեղեկություններ`
1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին.
2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի համաձայն` բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված հիմքերի, վերադարձվում է նաև նույն օրենսգրքի 216.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի համաձայն` (...) նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով: Նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն նույն օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (...), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի ծառայողները:
ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման առանձնահատկությունների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Կարեն Պետրոսյանի` թիվ ՎԴ3/0196/05/16 վարչական գործով 19.06.2017 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, հանգում են հետևյալին.
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գոյություն ունեն հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման երկու տարբեր եղանակներ` դատական և արտադատական: Ընդ որում, հանրային իրավական դրամական պահանջների` դատական կարգով հարկադիր կատարման եղանակը կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու` օրենքով սահմանված որևէ սահմանափակում. այդ սահմանափակումները, իրենց հերթին, հանդիսանում են այն պայմանները, որոնց առկայությունն անհրաժեշտ է հանրային իրավական դրամական պահանջների` դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար: Վերոնշյալ պայմանները (սահմանափակումները) նախատեսված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասում և հանգում են հետևյալին.
ա) անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,
բ) ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում` ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,
գ) իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:
Օրենսդիրը հանրային իրավական դրամական պահանջի` դատական կարգով հարկադիր կատարման եղանակի հետ կապված դատավարական հարաբերությունները կարգավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, որի` «Անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 29.1-ին գլխում ամրագրված իրավանորմերը նույն օրենսգրքի համակարգում վերլուծության ենթարկելու արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը ենթակա են դատարանի քննությանը և ընդդատյա են վարչական դատարանին: Փաստորեն, հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դատավարական հետևանքը հանգում է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելուն, այլ նույն օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով հայցադիմումը վերադարձնելուն: Այլ կերպ ասած` հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարչական դատարանը պարտավոր է որոշում կայացնել վարչական մարմնի` ֆիզիկական կամ իրավաբանական անձից գումարի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վերադարձնելու մասին:
Այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իրավակիրառ պրակտիկայում օրենսդրական կարգավորումների արդյունքում առաջացող այն իրավիճակներին, երբ անբողոքարկելի վարչական ակտով հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման հայցով դատարան դիմած վարչական մարմնի հայցադիմումով պահանջվող դրամական գումարի չափը չի համապատասխանում այդ անբողոքարկելի վարչական ակտով վճարման ենթակա գումարի չափին: Այսպես, օրինակ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ օրենսդիրը սահմանել էր, որ որոշակի վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով, իսկ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում` 50 տոկոսով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 13.11.2012 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1056 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմնավոր է համարել այն մոտեցումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումների համատեքստում օրենքով նախատեսված զանցանքների համար նշանակված տուգանքի չափի ավելացումը կատարվում է ինքնաբերաբար, իրավունքի ուժով. տուգանքի չափի այդպիսի ավելացումը չի հաստատվում տվյալ զանցանքի համար անձին ի սկզբանե վարչական պատասխանատվության ենթարկած իրավասու վարչական մարմնի կողմից ընդունված առանձին վարչական ակտով:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված իրավանորմի բովանդակությունն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվի հետևյալ կերպ. անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական անձին ուղղված դրամական պահանջի հարկադիր կատարումը տեղի է ունենում դատական կարգով, եթե տվյալ վարչական ակտով ֆիզիկական անձից գանձման ենթակա գումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը:
Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած է ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու մասին անբողոքարկելի վարչական ակտ, որով առաջադրված տուգանքի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, ապա տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված` հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարը դատական կարգով բռնագանձելու հիմքը բացակայում է` անկախ այն հանգամանքից, որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքի և դրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը: Քննարկվող պարագայում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված` հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու մյուս սահմանափակումների բացակայության պայմաններում վարչական դատարանը չի կարող վարույթ ընդունել գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական մարմնի հայցադիմումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի ուժով պարտավոր է որոշում կայացնել այն վերադարձնելու մասին, քանի որ բացակայում են հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործի հարուցման օրենքով նախատեսված հիմքերը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը չի կարող տեղի ունենալ դատական կարգով հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտով նշանակված տուգանքի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը,
2) անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված տուգանքի և դրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը,
3) հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված սահմանափակումները բացակայում են:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը պետք է տեղի ունենա ընդհանուր կանոնի համաձայն, այսինքն` արտադատական կարգով` ընդգծելով, որ վերը նկարագրված դեպքում հանրային իրավական դրամական պահանջի արտադատական եղանակով հարկադիր կատարումը պետք է ուղղված լինի ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված և 200.000 ՀՀ դրամը չգերազանցող տուգանքի գումարի, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարի բռնագանձմանը (տե'ս, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Կարեն Պետրոսյանի թիվ ՎԴ3/0196/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.06.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Գրիգոր Գրիգորյանը Ծառայության 03.05.2016 թվականի որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 150.000 ՀՀ դրամի չափով և Գրիգոր Գրիգորյանը նշված վարչական ակտի մասին առձեռն եղանակով իրազեկվել է 03.05.2016 թվականին (գ.թ. 3): Ծառայությունը 27.01.2017 թվականին դիմել է դատարան` անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Գրիգոր Գրիգորյանից 225.000 ՀՀ դրամ բռնագանձման հայցով: Ծառայության հայցադիմումով պահանջվող գումարը ներառում է 03.05.2016 թվականի որոշմամբ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ նշանակված տուգանքը (150.000 ՀՀ դրամ), ինչպես նաև այդ տուգանքի 50 տոկոսը (75.000 ՀՀ դրամ), որն ավելացել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով (գ.թ. 2):
Դատարանը 03.02.2017 թվականի որոշմամբ մերժել է Ծառայության հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա գանձման ենթակա դրամական պահանջը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, հետևաբար ենթակա չէ կատարման դատական կարգով (գ.թ. 11-13):
Վերաքննիչ դատարանը 10.04.2017 թվականի որոշմամբ մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը և Դատարանի 03.02.2017 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ` ըստ էության հիմնավոր համարելով անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործի հարուցման իրավական հիմքերի բացակայության վերաբերյալ Դատարանի դիրքորոշումը (գ.թ. 32-38):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Ծառայությունը դիմել է դատարան անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Գրիգոր Գրիգորյանից 225.000 ՀՀ դրամ բռնագանձելու հայցով: Հայցի հիմքում վարչական մարմինը դրել է Գրիգոր Գրիգորյանին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ, որպես վարչական պատասխանատվության միջոց, տուգանք նշանակելու մասին Ծառայության 03.05.2016 թվականի որոշումը, որով առաջադրված տուգանքի չափը կազմում է 150.000 ՀՀ դրամ, սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով տուգանքի չափն ինքնաբերաբար ավելանալու պայմաններում վարչական ակտով առաջադրված տուգանքի ու դրա ավելացած մասի հանրագումարը կազմում է 225.000 ՀՀ դրամ: Փաստորեն, տվյալ դեպքում առկա է հետևյալ իրավիճակը.
1) ֆիզիկական անձին` Գրիգոր Գրիգորյանին, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտով` Ծառայության 03.05.2016 թվականի որոշմամբ, նշանակված տուգանքի չափը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը,
2) անբողոքարկելի վարչական ակտով` Ծառայության 03.05.2016 թվականի որոշմամբ, առաջադրված տուգանքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքի ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը,
3) հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված սահմանափակումները բացակայում են:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված` հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարը դատական կարգով բռնագանձելու հիմքը բացակայում է` անկախ այն հանգամանքից, որ անբողոքարկելի վարչական ակտով` Ծառայության 03.05.2016 թվականի որոշմամբ, առաջադրված տուգանքի և դրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով ավելացած մասի հանրագումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, քանի որ Ծառայության 03.05.2016 թվականի որոշմամբ նախատեսված գումարը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը:
Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Ծառայության 03.05.2016 թվականի որոշման վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը պետք է տեղի ունենա ոչ թե դատական, այլ արտադատական եղանակով. հանրային իրավական դրամական պահանջի` դատական կարգով հարկադիր կատարման համար հիմք է հանդիսանում տվյալ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով ամրագրված որևէ սահմանափակման առկայությունը, իսկ սույն գործով այդ սահմանափակումները (հանրային իրավական դրամական պահանջի` դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար անհրաժեշտ պայմանները) բացակայում են:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրավացիորեն են եկել այն եզրահանգման, որ սույն գործով անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործի հարուցման իրավական հիմքերը բացակայում են:
Մինչդեռ Դատարանը վերոգրյալ իրավաչափ եզրահանգման դատավարական հետևանքները կիրառելիս հանգել է սխալ հետևության` անհիմն կերպով մերժելով Ծառայության հայցադիմումի ընդունումը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այսպես, սույն գործով ձևավորված իրավական դիրքորոշումների համաձայն` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը ենթակա են դատարանի քննությանը և ընդդատյա են վարչական դատարանին: Այսինքն` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ Ծառայության հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, քանի որ հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու օրենքով նախատեսված պայմանների բացակայության դատավարական հետևանքը հանգում է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելուն, այլ` նույն օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով հայցադիմումը վերադարձնելուն: Հետևաբար տվյալ դեպքում Դատարանը պարտավոր էր որոշում կայացնել Գրիգոր Գրիգորյանից գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ Ծառայության հայցադիմումը վերադարձնելու մասին:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Ծառայության հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով վերադարձնելու դատավարական ընթացակարգի իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 03.02.2017 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 03.02.2017 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Զեկուցող Գ. Հակոբյան Ռ. Հակոբյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Ե. Խունդկարյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|