Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1451
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.17/25(1478) Հոդ.296
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.04.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
02.04.2019
Дата вступления в силу
02.04.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 ապրիլի  2019 թ.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված՝ «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի փետրվարի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Դուշանբեում:

Արձանագրությամբ «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրի (Համաձայնագիր) 9-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրվում է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհուրդն իր աշխատանքում առաջնորդվում է Կանոնակարգով, որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է»:

Արձանագրությամբ Համաձայնագիրը լրացվում է «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհրդի մասին կանոնակարգ» վերտառությամբ հավելվածով, որով, մասնավորապես, սահմանվում են Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհրդի (Խորհուրդ) խնդիրների և գործառույթների, իրավունքների, աշխատանքի կազմակերպման ու կարգի, ինչպես նաև Խորհրդի քարտուղարության և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Արձանագրությամբ Համաձայնագիրը լրացվում է նաև 10.1-րդ հոդվածով, համաձայն որի՝ «Համաձայնագրի մասնակիցների համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս»:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝

- ապահովել, որ Խորհրդի անդամներին փոխարինող անձանց Խորհրդի նիստերին ուղարկելիս նրանց լիազորությունները հաստատված լինեն,

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունները և գերատեսչությունները Խորհրդին տրամադրեն նրա կողմից հայցվող տեղեկությունը, որի հասանելիությունը չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկություն, որն անհրաժեշտ է Խորհրդի գործառույթների կատարման համար,

- ապահովել, որ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները ցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն Խորհրդի աշխատանքներին,

- ապահովել, որ Խորհրդի նիստերը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնելու դեպքում՝ դրանց հետ կապված ֆինանսական ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական իշխանության համապատասխան մարմնի հաշվին:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության կատարելագործմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2015 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրված` «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

2 ապրիլի 2019 թվականի

ՍԴՈ-1451