Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.03.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
28.03.2017
Дата вступления в силу
28.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 07-3080

Քաղաքացիական գործ թիվ 07-3080

2017թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի մարտի 28-ին

քննարկելով Ռեհան Թովմասյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Ռեհան Թովմասյանի և Հայկ Հարությունյանի ընդդեմ «Կանազ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) լուծարային հանձնաժողովի` բնակարան կամ դրան համարժեք գումար հատկացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռեհան Թովմասյանը և Հայկ Հարությունյանը պահանջել են պարտավորեցնել Ընկերությանն իրենց հատկացնել երեք սենյականոց բնակարան կամ դրան համարժեք փոխհատուցում` 25.000.000 ՀՀ դրամի չափով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Հունանյան) (այսուհետ` Դատարան) 19.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներ` Վ. Ավանեսյան,              Գ. Մատինյան, Դ. Խաչատրյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան), վերստին քննելով սույն քաղաքացիական գործը, 15.10.2007 թվականի վճռով հայցը մերժել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին Ռեհան Թովմասյանի միջնորդությունը մերժվել է, և վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռեհան Թովմասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին Ռեհան Թովմասյանի միջնորդությունը մերժվել է, և վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Ռեհան Թովմասյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) 21.01.2016 թվականի վճռով, հաշվի առնելով, որ տվյալ ժամանակահատվածում գործող ընթացակարգային այն պահանջը, որի համաձայն` վճռաբեկ բողոքները ՀՀ վճռաբեկ դատարան կարող էին ներկայացվել միայն հավատարմագրված փաստաբանի միջոցով, անհամաչափորեն սահմանափակում էր դիմումատուի` դատարանի արդյունավետ մատչելիության իրավունքը, եզրահանգել է, որ տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմաններում Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը վերջնական է դարձել 21.04.2016 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել գործը` հիմք ընդունելով Եվրոպական դատարանի 21.01.2016 թվականի վճիռը, բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճիռը և հայցը բավարարել»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատությունները ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով:

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, 249-րդ կետ):

Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.

1.    Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,

2.    կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,

3.    restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով:

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece (Article 50) գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, 34-րդ կետ, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, 125-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.

-       դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,

-       Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,

-       Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, 210-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.

1)   նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,

2)   դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր հանգամանքի հիմքով գործի վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ» դեպքերում, հատկապես երբ գործի քննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Տվյալ դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացված իր վճիռներից մեկում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում հայտնաբերելուց հետո նշել է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, վարույթի վերաբացումն ու արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան գործի վերաքննության կազմակերպումն է (տե՛ս, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճիռը, 104-րդ կետ):

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռով Ռեհան Թովմասյանի և Հայկ Հարությունյանի հայցը մերժվել է (գ.թ. 54), իսկ Ռեհան Թովմասյանը նախքան Եվրոպական դատարան դիմելն այդ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացրել հավատարմագրված փաստաբանի ծառայություններից օգտվելու ֆինանսական հնարավորության բացակայության պատճառով: Այնուհետև օրենսդրական փոփոխությունների արդյունքում միայն հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումը վերացվել է, և 09.06.2009 թվականին Ռեհան Թովմասյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ` միջնորդելով հարգելի ճանաչել վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը (գ.թ. 57-59): Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին Ռեհան Թովմասյանի միջնորդությունը մերժվել է, և վճռաբեկ բողոքը վերադարձվել է            (գ.թ. 61-62):

Ռեհան Թովմասյանի գանգատի (թիվ 11578/08) հիման վրա Եվրոպական դատարանը 21.01.2016 թվականին կայացված վճռում նշել է, որ արդեն քննել է համանման բողոք և գտել, որ իրավաբանական օգնության դիմելու հնարավորության բացակայությունը, հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում գործող ընթացակարգային այն պահանջը, որի համաձայն` վճռաբեկ բողոքները ՀՀ վճռաբեկ դատարան կարող էին ներկայացվել միայն հավատարմագրված փաստաբանի միջոցով, անհամաչափորեն սահմանափակում էր դիմումատուի` դատարանի արդյունավետ մատչելիության իրավունքը (տե՛ս, Շամոյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 07.07.2015 թվականի վճիռը): Եվրոպական դատարանը գտել է, որ որևէ պատճառ չկա սույն գործի պարագայում շեղվելու վերոնշյալ Շամոյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռում կատարված իր եզրահանգումներից, թեև, ի տարբերություն նշված գործի, սույն գործով դիմումատուն  մինչև Եվրոպական դատարան դիմելը բողոք չի ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ դիմումատուն վճռաբեկ բողոք չի ներկայացրել` գիտակցելով, որ այն չի քննվի` հաշվի առնելով տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրությունը: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքի խախտումը սույն գործով հանգում է Ռեհան Թովմասյանի` ՀՀ վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը: Մասնավորապես` Ռեհան Թովմասյանը զրկված է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունից` գործի քննության ժամանակ գործող օրենսդրական այն պահանջի պատճառով, ըստ որի` ՀՀ վճռաբեկ դատարանում որպես բողոքի ընդունելիության ընթացակարգային պայման էր նախատեսված բողոքը հավատարմագրված փաստաբանի միջոցով ներկայացնելը: Եվրոպական դատարանի գնահատմամբ ընթացակարգային այդ պահանջն անհամաչափորեն սահմանափակում է արդար դատաքննության իրավունքի մաս կազմող` դատարանի մատչելիության իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի 21.01.2016 թվականի վճռով արձանագրվել է Ռեհան Թովմասյանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արդար դատաքննության իրավունքի տարր կազմող դատարանի մատչելիության իրավունքի խախտում, այսինքն` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է Ռեհան Թովմասյանի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

Հետևաբար սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 21.01.2016 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Ռեհան Թովմասյանի խախտված կոնվենցիոն իրավունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու համար անհրաժեշտ է ապահովել Ռեհան Թովմասյանի` ՀՀ վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը, որը կարող է իրականացվել Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ նրա ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու միջոցով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռեհան Թովմասյանի խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգնումը հնարավոր է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին Ռեհան Թովմասյանի միջնորդությունը հարգելի համարելու,  արդյունքում` Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ Ռեհան Թովմասյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու միջոցով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ Ռեհան Թովմասյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ, 231-234-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.    Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.07.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և այն վերացնել:

2.    Ռեհան Թովմասյանի միջնորդությունը բավարարել` հարգելի ճանաչել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել բաց թողնված ժամկետը:

3.    Թիվ 07-3080 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ Ռեհան Թովմասյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:

4.    Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան