ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ն. Տավարացյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2017 թվականի նոյեմբերի 06-ին
քննարկելով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ Թամարա Դոմազյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, անշարժ գույքի սեփականության և վարձակալության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է լուծել իր և Թամարա Դոմազյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը, անվավեր ճանաչել Թամարա Դոմազյանին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության իրավունքի գրանցման վկայականը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր`Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.01.2007 թվականի որոշմամբ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.07.2017 թվականի որոշմամբ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և այն վերացվել է. Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վարույթ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Դոմազյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածը, նույն օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 2-րդ կետը, 139-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա չէ որևէ ապացույց (հանձնման մասին ծանուցում, ստացական և այլն), որով կհաստատվեր առաջին ատյանի դատարանի վճիռը պատասխանողին սահմանված ժամկետում հանձնված լինելու հանգամանքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի, նույն օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 2-րդ կետի, 139-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Եվրոպական դատարանն իր մեկ այլ վճռով նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93, 22095/93 գանգատներով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51, 55):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 207-րդ և 212-րդ հոդվածները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 138-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճիռը կայացնելուց անմիջապես հետո նախագահողը դատական նիստում հրապարակում է վճռի եզրափակիչ մասը և հայտարարում, թե գործին մասնակցող անձինք երբ կարող են ծանոթանալ վճռի բնագրին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճռի բնագրի կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով, իսկ բացառիկ դեպքերում, առանձնապես բարդ գործերով` ոչ ավելի, քան յոթ օրով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 139-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի վճիռը, այն կազմելուց անմիջապես հետո, պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 140-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց տասնհինգ օր հետո:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 207-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոք բերվում է առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 212-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալվինա Սիմոնյանն ընդդեմ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/3145/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2017 թվականի որոշումը):
Այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):
Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորումների նկատմամբ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այնուհանդերձ չի փոփոխվել անձի դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունը, որը ներառում է նաև բողոքարկման իրավունքը: Փոփոխությունները հիմնականում կրել են ձևական բնույթ, մասնավորապես՝ փոփոխվել են ժամկետները, սակայն ընդհանուր սկզբունքը՝ անձի դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը խաթարող սահմանափակման անթույլատրելիությունը, մնացել է անփոփոխ:
Սույն գործով Դատարանը վճիռը հրապարակել է 01.11.2006 թվականին՝ հայտարարելով, որ գործին մասնակցող անձինք 5 օրվա ընթացքում կարող են ծանոթանալ վճռի բնագրին (թիվ 2-2563/06թ. քաղաքացիական գործ, գ.թ. 52-53): Թամարա Դոմազյանը վճռի հրապարակմանը ներկա չի գտնվել, ինչպես նաև գործում առկա չէ Թամարա Դոմազյանի կողմից վճիռն առձեռն ստանալու վերաբերյալ ապացույց: Գործին մասնակցող մյուս անձինք 06.11.2006 թվականին առձեռն ստացել են վճիռը (թիվ 2-2563/06թ. քաղաքացիական գործ, գ.թ. 57-58): Գործում առկա է Դատարանի 01.11.2006 թվականի վճիռը Թամարա Դոմազյանին հանձնելու համար 18.11.2006 թվականին փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ թիվ 1337 անդորրագիրը (թիվ 2-2563/06թ. քաղաքացիական գործ, գ.թ. 59): Թամարա Դոմազյանի ներկայացուցիչը Դատարանի 01.11.2006 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 28.11.2006 թվականին, այսինքն` օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետը լրանալուց հետո, և միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը` այն հիմնավորմամբ, որ Դատարանի 01.11.2006 թվականի վճիռը Թամարա Դոմազյանին սահմանված ժամկետից ուշ է հանձնվել (թիվ 07-884 քաղաքացիական գործ, գ.թ. 3):
Վերաքննիչ դատարանը 19.01.2007 թվականին որոշում է կայացրել Թամարա Դոմազյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին, մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին՝ պատճառաբանելով, որ «բողոքաբերն իր միջնորդությունում նշված հանգամանքը հիմնավորող որևէ գրավոր ապացույց չի ներկայացրել, ավելին քաղաքացիական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ գործում առկա է 1337 անդորրագիրը, համաձայն որի՝ առաջին ատյանի դատարանի կողմից վերը նշված վճռի օրինակը պատասխանող Թամարա Դոմազյանին ուղարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում՝ 08.11.2006 թվականին՝ պատվիրված նամակով»:
Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 01.11.2006 թվականին, վճռի բնագիրը պատրաստ է եղել 06.11.2006 թվականին, իսկ Թամարա Դոմազյանին ուղղված նամակը փոստային ծառայությանը հանձնվել է 18.11.2006 թվականին, այլ ոչ թե վճիռը կազմելուց անմիջապես հետո: Այսինքն՝ վճիռը Թամարա Դոմազյանին ուղարկվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վճռի օրինակը Թամարա Դոմազյանին ուղարկվել է 08.11.2006 թվականին պատվիրված նամակով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Թամարա Դոմազյանին հասցեագրված՝ Դատարանի 01.11.2006 թվականի վճիռն ուղարկելու վերաբերյալ 08.11.2006 թվականով թվագրված ուղեկցական գրությունը (թիվ 2-2563/06թ. քաղաքացիական գործ, գ.թ. 60) չի կարող դիտվել որպես Դատարանի 01.11.2006 թվականի վճիռը սահմանված ժամկետում պատվիրված նամակով Թամարա Դոմազյանին ուղարկելու վերաբերյալ ապացույց՝ նկատի ունենալով, որ նամակը փոստին հանձնվել է 18.11.2006 թվականին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և ապացույցի առկայության դեպքում ենթակա է վերականգման իրավունքի ուժով (ex jure):
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, առանց հիմնավոր պատճառաբանության հաստատված է համարել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետն առանց հարգելի պատճառների բաց թողնելու հանգամանքը և վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ սահմանափակելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |