«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60210157
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 մարտի 2010 թ. |
N 2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.04.19 թիվ 34-Ն)
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 04.04.19 թիվ 34-Ն)
Հաստատել Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 04.04.19 թիվ 34-Ն)
Նախագահ |
Գ. Ամալյան |
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի մարտի 12-ի N 2-Ն որոշման |
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման
Կ Ա Ր Գ
(վերնագիրը փոփ. 04.04.19 թիվ 34-Ն)
1. Սույն կարգը սահմանում է հեռուստառադիոընկերությունների կողմից հաշվառման մատյանում իրենց կողմից հեռարձակված հեռուստառադիոհաղորդումների գրանցման, հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնելու կանոնները, ինչպես նաև հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի ձևը (Ձև 1):
(1-ին կետը փոփ. 04.04.19 թիվ 34-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 04.04.19 թիվ 34-Ն)
3. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի վարումը և պահպանումն իրականացնում է հեռուստառադիոընկերության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձը:
4. Պատասխանատու անձի տվյալները հեռուստառադիոընկերությունը ներկայացնում է Հանձնաժողով:
5. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի էջերը համարակալվում են, կարվում և հաստատվում են հեռուստառադիոընկերության կողմից «Բաղկացած ------ թերթից» գրառմամբ և ստորագրությամբ: Մատյանի շապիկի վրա նշվում են հետևյալ տեղեկությունները` հեռուստառադիոընկերության լրիվ անվանումը, սփռման տարածքը, մատյանի հերթական համարը, մատյանի վարումը սկսելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, էջերի քանակը, մատյանի վարումը ավարտելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
(5-րդ կետը փոփ. 04.04.19 թիվ 34-Ն)
6. Պատասխանատու անձը հեռուստառադիոընկերության կողմից հեռարձակված յուրաքանչյուր հաղորդում նույն օրը գրանցում է հաշվառման մատյանում` նշելով հաղորդման անվանումը, հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը (րոպեների և վայրկյանների ճշտությամբ), համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակ(ներ)ի և հեռարձակողի անունը, ազգանունը:
7. Յուրաքանչյուր օրվա հեռարձակված հաղորդումների մասին տեղեկությունները գրանցվում են նոր էջից:
8. Եթե հեռուստառադիոընկերությունը հեռուստառադիոհաղորդումներ է հեռարձակում մեկից ավելի բնակավայրերում և այդ բնակավայրերում հեռարձակվող հեռուստառադիոծրագրերը տարբեր են, ապա յուրաքանչյուր հեռուստառադիոծրագրի համար վարում է հեռուստառադիոհաղորդումների հաշվառման առանձին մատյան:
9. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները միաժամանակ կատարվում են նաև էլեկտրոնային տարբերակով:
10. Հեռուստառադիոընկերությունը հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի յուրաքանչյուր ամսվա առաջին կեսի տվյալները էլեկտրոնային տարբերակով` Հանձնաժողովի կողմից տրամադրած էլեկտրոնային ծրագրային ապահովմամբ, Հանձնաժողով է ներկայացնում մինչև տվյալ ամսվա 20-ը, իսկ երկրորդ կեսի տվյալները` մինչև հաջորդ ամսվա 5-ը: Ամբողջ ամսվա տվյալները գրավոր նամակով ամիսը մեկ անգամ ներկայացնում է Հանձնաժողով` մինչև հաջորդ ամսվա 5-ը:
11. Հեռուստառադիոընկերության ներկայացրած հաշվառման մատյանի տվյալների և Հանձնաժողովի իրականացրած ուղղակի դիտարկումների տվյալների անհամապատասխանության դեպքում, Հանձնաժողովի գրավոր պահանջի հիման վրա, հեռուստառադիոընկերությունը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություն: Եթե հեռուստառադիոընկերության ներկայացրած հաշվառման մատյանի գրավոր և էլեկտրոնային տարբերակների միջև կա անհամապատասխանություն, հիմք է ընդունվում գրավոր տարբերակը:
12. Սույն որոշման դրույթները չեն տարածվում այն հեռուստառադիոընկերությունների վրա, որոնք իրականացնում են հեռուստառադիոծրագրերի ամբողջական և անփոփոխ, այդ թվում` առանց գովազդ տեղադրելու իրավունքի վերահեռարձակում: Այն հեռուստառադիոընկերությունները, որոնք իրենց կողմից վերահեռարձակվող հեռուստառադիոծրագրերում տեղադրում են գովազդ կամ այլ հաղորդում, դրանց վերաբերյալ հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում կատարում են գրանցումներ` համաձայն Ձև 1-ի:
13. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում գրանցումները թերի կատարելու կամ հաշվառման մատյանի տվյալները ժամանակին Հանձնաժողով չներկայացնելու դեպքում հեռուստառադիոընկերությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ձև 1
____________________________
Ամսաթիվ, ամիս, տարեթիվ
Հ/հ |
Հաղորդման անվանումը |
Սկիզբը |
Ավարտը |
Համառոտ բովանդակությունը |
Հեղինակի անունը, ազգանունը |
Հեռարձակողի անունը, ազգանունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Հեռարձակող (պաշտոնը) |
__________________ |
_________________ |
Պատասխանատու անձ |
___________________ |
__________________ |
Հաշվառման մատյանը վարելու ուղեցույց
1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր հաղորդման հերթական համարը:
2-րդ սյունակում լրացվում է հաղորդման (ֆիլմի) անվանումը, անոնսով, հայտարարությամբ, պաշտոնական հաղորդագրությամբ, գովազդով ընդհատումների դեպքում համապատասխանաբար նշվում է «անոնս», «հայտարարություն», «պաշտոնական հաղորդագրություն», «գովազդ» կամ «սոցիալական գովազդ»: Ընդ որում, հաղորդման ընդհատումների մասին նշումները կատարվում են հաղորդման մասին բոլոր տվյալները գրանցելուց հետո: Նախընտրական քարոզչական հաղորդում հեռարձակելու դեպքում կատարվում է «նախընտրական քարոզչական հաղորդում» նշումը: Եթե տվյալ օրը հեռուստառադիոընկերությունում եղել է պրոֆիլակտիկա կամ տեխնիկական պատճառներով անջատում, ապա համապատասխանաբար կատարվում է «պրոֆիլակտիկա» կամ «տեխնիկական անջատում» նշումը:
3-րդ սյունակում լրացվում է հաղորդման կամ հաղորդման ընդհատումների (գովազդ, անոնս և այլն) հեռարձակման սկիզբը` րոպեների և վայրկյանների ճշտությամբ:
4-րդ սյունակում լրացվում է հաղորդման կամ հաղորդման ընդհատումների հեռարձակման ավարտը` րոպեների և վայրկյանների ճշտությամբ:
5-րդ սյունակում լրացվում է հաղորդման թեմատիկան և առարկան, օրինակ` մարզական լրատվական թողարկում, թոք-շոու երիտասարդությանն առնչվող խնդիրների վերաբերյալ, կենդանիների մասին գիտահանրամատչելի հաղորդում, եթե գեղարվեստական ֆիլմ է, ապա նշվում է ֆիլմի ժանրը (մելոդրամա, կատակերգություն, արկածային, էրոտիկա, սարսափ և այլն) և արտադրողի կողմից արված դասակարգումը (G, PG-13, R և այլն): Նախընտրական քարոզչական հաղորդման դեպքում նշվում է ընտրություններին մասնակցող թեկնածուի անունը, կուսակցության և կուսակցության դաշինքի անվանումը:
6-րդ սյունակում ոչ սեփական արտադրության հաղորդումների դեպքում նշվում է արտադրող կազմակերպության անվանումը և հեղինակի անունը, ազգանունը: Սեփական արտադրության հաղորդումների դեպքում նշվում է հաղորդման հեղինակի անունը, ազգանունը: Սեփական արտադրության հաղորդումների համար կատարվում է «Ս» նշումը, հայրենական արտադրության հաղորդումների համար կատարվում է «Հ» նշումը:
7-րդ սյունակում լրացվում է եթերի պատասխանատուի (եթերի թողարկիչ կամ նույն գործառույթներ իրականացնող այլ աշխատակից) անունը և ազգանունը: Եթե տվյալ հեռուստառադիոընկերությունում եթերի պատասխանատուները մեկ եթերային օրվա ընթացքում հերթափոխվում են, ապա նշվում է բոլորի անունները և ազգանունները:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հաշվառման մատյանում ուղղումներ կամ ջնջումներ կատարելու դեպքում, տվյալ ուղղումը կամ ջնջումը պետք է վավերացվի հեռուստառադիոընկերության ղեկավարի, հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանը վարելու համար նշանակված պատասխանատու անձի ստորագրություններով:
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանը ստորագրվում է տվյալ օրվա եթերի պատասխանատու(ներ)ի և մատյանը վարելու համար հեռուստառադիոընկերության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձի կողմից:
(հավելվածը փոփ. 04.04.19 թիվ 34-Ն)