ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2019 թվականի N 284-Լ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-016-21.02.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 28 Երևան |
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-016-21.02.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ գործող օրենսգրքում ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող լրացումը կատարելուց` ստորև ներկայացված հիմնավորմամբ.
Նախագծի համաձայն վարչական պատասխանատվություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների. համայնքների ղեկավարների և հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, որն արտահայտվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատգամավորին վերապահված իրավունքներն ապահովելուց հրաժարվելու, դրանք ապահովելուց խուսափելու կամ այդ իրավունքների ապահովման ուղղությամբ խելամիտ գործողություններ չձեռնարկելու կամ պատգամավորի գործունեությանը ցանկացած այլ եղանակով խոչընդոտելով:
Այս առումով հարկ է նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ, 12-րդ և 119-րդ հոդվածներով հստակ սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և մշտական հանձնաժողովների լիազորությունները: Այսպես, 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն պատգամավորն իրավունք ունի հարցումներով և առաջարկություններով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետը նույնպես սահմանում է մշտական հանձնաժողովի նմանատիպ իրավունքը: Նշված հոդվածով ամրագրված է նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել գրավոր հարցումը և գրավոր պատասխանել նրան: 119-րդ հոդվածի համաձայն պատգամավորներն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելու իրավունք, և հարցն ստանալուց հետո երեքշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամը գրավոր պատասխանում է հարցին:
«Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանել նրան, պատգամավորի բարձրացրած հարցի քննարկումը կազմակերպելու դեպքում հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել նրան: Պատգամավորը հնարավորինս սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների կամ իր գրավոր հարցմանը, առաջարկին պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ: Պատգամավորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա լինել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։
Նշված հոդվածների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ նախագծով նախատեսված համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելն արտահայտվելու է գրավոր հարցմանը չպատասխանելու կամ պատասխանելու երեքշաբաթյա ժամկետը խախտելու, պատգամավորի բարձրացրած հարցի քննարկումը կազմակերպելու դեպքում հնարավորին սեղմ ժամկետում նրան չտեղեկացնելու, պատգամավորի հնարավորին սեղմ ժամկետում ընդունելությունը չիրականացնելու, պատգամավորի ներկայությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին չապահովելու միջոցով:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 147-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերից և Հայաստանի Հանրապետության նախարարներից, և այդ տեսանկյունից պատահական չէ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որի համաձայն հարցն ստանալուց հետո երեքշաբաթյա ժամկետում վարչապետը կամ նրա հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամը գրավոր պատասխանում է հարցին: Այսինքն, տվյալ դեպքում խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանի մասին, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես գրավոր պատասխանը ներկայացնող մարմին, հանդես է գալիս որպես կոլեգիալ մարմին: Ուստի գտնում ենք, որ պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում խոսքը կարող է գնալ ոչ թե վարչական, այլ քաղաքական պատասխանատվության մասին: Այլ կերպ ասած՝ պատգամավորը կամ մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված համապատասխան գրությամբ կարող է արձանագրել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի կամ այլ պաշտոնատար անձի կողմից պատգամավորի գործունեությանը խոչընդոտելու փաստերը, որի արդյունքում կարող է բարձրացվել պաշտոնատար անձի հետագա պաշտոնավարման հարցը:
Ինչ վերաբերում է հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարներին, ապա դրանք նախատեսված չեն ինչպես «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով: Այդ առումով նշված ձևակերպումը չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին:
Բացի դրանից, նախագծով առաջարկվող իրավախախտումն առաջարկվում է զետեղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 5-րդ գլխում, որի վերտառությունն է «Քաղաքացիների իրավունքների և բնակչության առողջության դեմ ոտնձգող վարչական իրավախախտումներ»-ը, ինչը չի համապատասխանում նախագծի բովանդակությանը: