Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.17
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2018
Дата вступления в силу
26.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0219/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0219/02/15
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան  

Դատավորներ՝

 Ս. Թորոսյան

 

 Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Ս. Միքայելյան

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

   

Ե. Խունդկարյան

   

Գ. Հակոբյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

 

2018 թվականի դեկտեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձել 15.300.000 ՀՀ դրամ` որպես Երևանի Լուսինյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքին պատճառված վնասի հատուցման գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 15.300.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.03.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 06.11.2017 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Կազմակերպության անունից վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լևոն Բաղդասարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 208-րդ հոդվածի 3-րդ կետը, 219-րդ հոդվածի 1-ին կետը, 220-րդ հոդվածի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքի շրջանակներից, քննարկման առարկա է դարձրել և բողոքի բավարարման հիմքում դրել է այնպիսի հանգամանքներ, որոնք ո՛չ առաջին ատյանի դատարանում են եղել քննարկման առարկա, ո՛չ էլ վերաքննիչ բողոքում են ներկայացվել, ինչի հետևանքով խախտվել են մրցակցության և իրավահավասարության սկզբունքները: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, թե պատասխանողը խնդրել է հետաձգել դատական նիստը՝ փորձագետի եզրակացությանը ծանոթանալու համար, մինչդեռ վերաքննիչ բողոքում նման փաստարկ չի ներկայացվել:

Լրացուցիչ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ բողոքի բավարարման հիմքում ևս Վերաքննիչ դատարանը դրել է այնպիսի հանգամանքներ, որ վերաքննիչ բողոքում չեն ներկայացվել՝ մասնավորապես այն հանգամանքը, որ մերժելով դատական նիստը հետաձգելու մասին Կազմակերպության միջնորդությունը՝ Դատարանը նշանակել է դատաքննություն՝ Կազմակերպությանը զրկելով լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պատասխանողն ունեցել է բավարար ժամանակ փորձագետի եզրակացությանը ծանոթանալու համար: Ընդ որում Դատարանը քննարկել և մերժել է լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին պատասխանողի միջնորդությունը, ուստի միջնորդությունը չքննարկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը եղել է առարկայազուրկ և չէր կարող բողոքը բավարարելու հիմք հանդիսանալ:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատական չի տվել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.03.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.11.2017 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Կազմակերպության անունից 03.07.2018 թվականին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լևոն Բաղդասարյանը: Վճռաբեկ բողոքի պատասխանին չի կցվել Լևոն Բաղդասարյանի՝ Կազմակերպության անունից հանդես գալու լիազորությունները հաստատող ապացույց: 18.10.2018 թվականի գրությամբ Լևոն Բաղդասարյանը ներկայացրել է 08.10.2018 թվականին Կազմակերպության կողմից իրեն երեք ամիս ժամկետով տրված լիազորագիր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 15.03.2016 թվականի որոշմամբ սույն գործով նշանակվել է դատաապրանքագիտական և շինարարատեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետներին (հատոր 1-ին, գ.թ. 145-146).

2) 02.06.2016 թվականի դիմումով Կազմակերպությունը ներկայացրել է լրացուցիչ հարցեր՝ փորձաքննության ընթացքում պատասխանելու նպատակով (հատոր 2-րդ, գ.թ. 16-18).

3) «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 11.07.2016 թվականի թիվ 11711607 փորձագիտական եզրակացությամբ փորձագետները պատասխանել են ինչպես Դատարանի, այնպես էլ Կազմակերպության առաջադրած հարցերին (հատոր 2-րդ, գ.թ. 23-49).

4) Դատարանը 26.07.2016 թվականի «Գործի վարույթը վերսկսելու մասին» որոշմամբ նշել է, որ ստացվել է փորձագետի եզրակացությունը և նշանակել է դատական նիստ 14.10.2016 թվականին: Նշված որոշումը Կազմակերպությունում ստացվել է 03.08.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 50, 52).

5) Կազմակերպության ներկայացուցիչը 18.08.2016 թվականի դիմումով խնդրել է տրամադրել փորձագետի եզրակացության պատճենը՝ հայտնելով, որ երաշխավորում է պետական տուրքի վճարումը (հատոր 2-րդ, գ.թ. 55).

6) Կազմակերպության ներկայացուցիչը 12.10.2016 թվականին Դատարան մուտքագրված դիմումով 29.09.2018 թվականից մինչև 27.10.2018 թվականն ընկած ժամանակահատվածում հերթական արձակուրդում գտնվելու, ինչպես նաև փորձագիտական եզրակացության պատճենն իրեն չտրամադրվելու պատճառաբանությամբ խնդրել է հետաձգել 14.10.2016 թվականին նշանակված դատական նիստը: Դատարանը 14.10.2018 թվականի դատական նիստի ընթացքում բավարարել է Կազմակերպության միջնորդությունը և հետաձգել դատական նիստը` այն նշանակելով 02.11.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 58, 60-62, հատոր 3-րդ, գ.թ.137).

7) Կազմակերպության ներկայացուցիչը 02.11.2016 թվականի դատական նիստի ընթացքում միջնորդել է հետաձգել դատական նիստը և տրամադրել փորձաքննության եզրակացությունը՝ ծանոթանալու համար: Դատարանը հետաձգել է գործի քննությունը, պատասխանողին տրամադրել ժամանակ ապացույցին ծանոթանալու համար` դատական նիստը նշանակելով 08.11.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 65-67, հատոր 3-րդ, գ.թ.137).

8) Կազմակերպության ներկայացուցիչը 07.11.2016 թվականին Դատարան մուտքագրված դիմումով խնդրել է հետաձգել 08.11.2016 թվականին նշանակված դատական նիստը` պատճառաբանելով, որ պատասխանողին չի տրամադրվել փորձագիտական եզրակացությունը: Դատարանը 08.11.2016 թվականի դատական նիստը հետաձգել է և գործի քննությունը նշանակել 24.11.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 71, 79-80, հատոր 3-րդ, գ.թ.137).

9) Դատարանը 14.11.2016 թվականի թիվ Ե-54403 գրությամբ Կազմակերպության ներկայացուցչին է ուղարկել «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձաքննության եզրակացության պատճենը, որը Կազմակերպությունում ստացվել է 21.11.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 81-82).

10) Կազմակերպության ներկայացուցիչը 22.11.2016 թվականին Դատարան մուտքագրված դիմումով խնդրել է հետաձգել 24.11.2016 թվականին նշանակված դատական նիստը` տալով ողջամիտ ժամկետ փորձագիտական եզրակացությունը մանրամասն ուսումնասիրելու և պատշաճ դիրքորոշում ներկայացնելու համար: Դատարանը 24.11.2016 թվականի նիստի ընթացքում պատճառաբանել է, որ արդեն երկու անգամ նշված պատճառաբանությամբ դատական նիստերը հետաձգվել են, Կազմակերպությունը հնարավորություն ուներ եզրակացությունը ստանալ դատարանում, մինչդեռ չի ստացել, եզրակացությունը Կազմակերպությանն ուղարկվել է փոստային եղանակով, և վերջինս ունեցել է առնվազն երեք օր՝ եզրակացությանը ծանոթանալու համար, ուստի մերժել է Կազմակերպության ներկայացուցչի միջնորդությունը` գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, համարել է գործը դատաքննությանը նախապատրաստված և 08.02.2017 թվականին գործը նշանակել է դատաքննություն (հատոր 2-րդ, գ.թ. 83, 99-101, հատոր 3-րդ, գ.թ.137).

11) Դատարանը 08.02.2017 թվականի արձանագրային որոշմամբ մերժել է լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին Կազմակերպության ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ ըստ էության առաջադրվում են նոր հարցեր, հետևաբար ստացվելիք ապացույցը կհամարվի նոր ապացույց, մինչդեռ դրա՝ նախքան դատաքննությունը ներկայացնելու անհնարինությունը չի հիմնավորվել, ավելին Կազմակերպությանը հնարավորություն է տրվել ավելի վաղ նման միջնորդություն ներկայացնելու համար՝ նկատի ունենալով, որ առնվազն երկու դատական նիստ հետաձգվել է Կազմակերպության կողմից փորձագետի եզրակացությանը ծանոթանալու նպատակով (հատոր 3-րդ, գ.թ. 8-11, 137).

12) 19.06.2017 թվականի դատական նիստի ընթացքում առաջադրված հարցերին հրավիրված փորձագետի կողմից պատասխանելուց հետո Կազմակերպության ներկայացուցիչը կրկին միջնորդել է նշանակել լրացուցիչ փորձաքննություն, որը մերժվել է Դատարանի կողմից այն պատճառաբանությամբ, որ նախքան փորձագետին լսելը Դատարանն արդեն իսկ մերժել է լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ չի հիմնավորվել նախքան դատաքննությունը դրա ներկայացման անհնարինությունը, իսկ կրկին ներկայացված միջնորդությամբ Կազմակերպության ներկայացուցիչը դարձյալ չի հիմնավորել վերոնշյալ անհնարինությունը (հատոր 3-րդ, գ.թ. 102-106).

13) Դատարանը 20.10.2017 թվականին մերժել է դատական նիստը հետաձգելու վերաբերյալ Կազմակերպության ներկայացուցչի կողմից 17.10.2017 թվականին ներկայացված միջնորդությունը՝ գտնելով, որ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ ներկայացված ապացույցով չի հիմնավորվում Կազմակերպության ներկայացուցչի կողմից տվյալ դատական գործին մասնակցելու հանգամանքը, բացի այդ, Կազմակերպությունը կարող էր այլ ներկայացուցչի միջոցով հանդես գալ դատական նիստին: Դատարանը սույն նիստով ավարտել է գործի քննությունը (հատոր 3-րդ, գ.թ. 118-120, 131-133, 136).

14) Կազմակերպության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք հետևյալ հիմքերով և հիմնավորումներով՝

1. Դատարանը սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, չի հիմնավորել, որ առաջացած վնասվածքներն առաջացել են ջրի արտահոսքի պատճառով և վնասը պատճառվել է պատասխանողի կողմից.

2. Դատարանը քննարկման առարկա չի դարձրել պատասխանողի կողմից ներկայացված լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, մասնավորապես՝ Դատարանն այդ միջնորդությանը պետք է անդրադառնար տեղատեսություն կատարելուց հետո, սակայն Դատարանի կողմից որևէ որոշում չի կայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության վերաբերյալ, ինչպես նաև դրան անդրադարձ չի կատարվել վճռով.

3. Կազմակերպության ներկայացուցչի կողմից դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ներկայացվել Դատարան, որը Դատարանի կողմից հաշվի չի առնվել (հատոր 4-րդ, գ.թ. 28-36):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին և ներկայացրել է գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին` նշելով, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

Անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե´ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե´ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառության այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից: Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին:

Արձանագրելով, որ վերոգրյալ կարգավորումը գործում էր նախորդ քաղաքացիական դատավարության գործողության ընթացքում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներին՝ նկատի ունենալով, որ բացի վերոգրյալ կարգավորումներից, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է նաև այլ բացառություններ վերաքննության սահմաններից:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի   1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Վերոնշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասով թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով: Վերոնշյալ 365-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկվում են այն հիմքերը, որոնց դեպքում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ քաղաքացիական դատավարությունը մրցակցային դատավարություն է, որը ենթադրում է գործին մասնակցող անձանց հավասարության և մրցակցության իրավունքների ապահովում գործի քննության ողջ ընթացքում: Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ դատարանի կողմից իր հայեցողական լիազորությունների իրականացումը նույնպես պետք է բխի սույն իրավունքների պահպանման անհրաժեշտությունից, և եթե վերաքննության փուլում քննության առարկա է դառնում դատարանի կողմից հայեցողական լիազորության իրականացումը, ապա տվյալ դեպքում նույնպես պետք է պահպանվեն ինչպես վերաքննության սահմանները (մասնավորապես՝ բողոքի հիմքերում և հիմնավորումներում պետք է ներկայացված լինեն առաջին ատյանի դատարանի կողմից հայեցողական լիազորություններն իրականացնելիս դատական խախտում թույլ տալը), այնպես էլ գործին մասնակցող անձանց մրցակցության և իրավահավասարության սկզբունքները:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 15.03.2016 թվականի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն: Դատարանը 26.07.2016 թվականի «Գործի վարույթը վերսկսելու մասին» որոշմամբ արձանագրել է փորձագետի եզրակացությունը ստացված լինելու մասին, որի վերաբերյալ Կազմակերպությունը տեղեկացվել է 03.08.2016 թվականին: Կազմակերպության ներկայացուցիչը 18.08.2016 թվականից մինչև 07.11.2016 թվականն ընկած ժամանակահատվածում ներկայացրել է դիմումներ՝ փորձագետի եզրակացությունն իրեն տրամադրելու վերաբերյալ՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստակամ է վճարել պետական տուրքը: Փորձագետի եզրակացությանը Կազմակերպության կողմից ծանոթանալու նպատակով 14.10.2016 թվականի, 02.11.2016 թվականի և 08.11.2016 թվականի դատական նիստերը հետաձգվել են:

Կազմակերպությունը 21.11.2016 թվականին ստացել է փորձագետի եզրակացությունը և 22.11.2016 թվականին Դատարան մուտքագրված դիմումով խնդրել է հետաձգել 24.11.2016 թվականին նշանակված դատական նիստը` եզրակացությանը ծանոթանալու համար: Դատարանը 24.11.2016 թվականի նախնական դատական նիստի ընթացքում մերժել է միջնորդությունը և գործը համարելով դատաքննությանը նախապատրաստված՝ գործը նշանակել է դատաքննության: Դատաքննության փուլում Դատարանը մերժել է Կազմակերպության ներկայացուցչի միջնորդությունները՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին՝ նկատի ունենալով, որ չի հիմնավորվել նախքան դատաքննությունը դրանք ներկայացնելու անհնարինությունը:

Կազմակերպությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք հետևյալ հիմքերով՝ (1) Դատարանը սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, չի հիմնավորել, որ առաջացած վնասվածքներն առաջացել են ջրի արտահոսքի պատճառով և վնասը պատճառվել է պատասխանողի կողմից, (2) Դատարանը քննարկման առարկա չի դարձրել պատասխանողի կողմից ներկայացված լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, (3) Կազմակերպության ներկայացուցչի կողմից դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ներկայացվել Դատարան, որը Դատարանի կողմից հաշվի չի առնվել:

Քննելով Կազմակերպության վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանը նախ և առաջ արձանագրել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձը «հետաձգված բողոքարկման» կարգով վիճարկում է Դատարանի՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշման օրինականությունը, ինչպես նաև դատական նիստը հետաձգելու միջնորդությունը մերժելու իրավաչափությունը: Վերաքննիչ դատարանը, գնահատելով փորձագետի եզրակացությունը, փաստել է, որ սույն գործով պարզման էին ենթակա նաև այլ հարցեր: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դատական նիստը հետաձգելը թեև Դատարանի հայեցողական լիազորությունն էր, այնուամենայնիվ, սույն գործով առկա էր դատական նիստը հետաձգելու անհրաժեշտություն: Մինչդեռ մերժելով դատական նիստը հետաձգելու միջնորդությունը՝ Դատարանն անտեսել է, որ Կազմակերպությունը փորձագետի եզրակացությունը ստացել է միայն 21.11.2016 թվականին և դա այն դեպքում, երբ վերջինիս դիմումը՝ եզրակացությունը տրամադրելու մասին, Դատարանում մուտքագրվել է 07.11.2016 թվականին, ընդ որում Կազմակերպությունը խնդրել է հետաձգել 24.11.2016 թվականի դատական նիստը, քանի որ բավարար ժամանակ չի ունեցել 41 թերթից բաղկացած Եզրակացությանը ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար: Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ Դատարանը զրկել է բողոքաբերին դատավարության նախապատրաստական փուլում իր միջնորդությունները՝ մասնավորապես կապված լրացուցիչ փորձաքննություն նշանակելու հետ, իրացնելու իրական հնարավորությունից: Արձանագրելով, որ Դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման, Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ միաժամանակ եզրակացնելով, որ «նման պայմաններում նյութական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկների հիմնավորվածության աստիճանը գնահատել հնարավոր չէ, քանի որ գործում եղած ապացույցներից յուրաքանչյուրի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու գնահատում չի կատարվել, և չեն հաստատվել կամ հերքվել այն փաստերը, որոնք նշանակություն ունեն սույն գործի լուծման համար»։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ նկատի ունենալով, որ բողոքաբերը դատական նիստը հետաձգելու միջնորդությունը մերժելու մասով միայն փաստարկել է, որ Դատարանը հաշվի չի առել դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, թե Կազմակերպությունը բավարար ժամանակ չի ունեցել եզրակացությանը ծանոթանալու համար, Կազմակերպության կողմից որպես բողոքի հիմնավորում չի ներկայացվել: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Դատարանն իր հայեցողական լիազորությունն իրացրել է՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի պահպանմամբ՝ հաշվի առնելով, որ Կազմակերպությանը բազմիցս տրվել է եզրակացությանը ծանոթանալու հնարավորություն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոք ներկայացվել է ոչ թե այն հիմքով, որ Դատարանն անհիմն կերպով է մերժել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը, այլ որ Դատարանն այն քննարկման առարկա չի դարձրել: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը երկու անգամ էլ անդրադարձել և մերժել է լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ չի հիմնավորվել մինչև դատաքննությունը ներկայացնելու անհնարինությունը:

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գնահատելով Դատարանի կողմից իր հայեցողական լիազորությունն իրականացնելու հանգամանքը, ինչպես նաև գնահատելով լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդության հիմնավորվածությունը՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից՝ նկատի ունենալով, որ Կազմակերպության կողմից բողոք բերվել է այլ հիմնավորումներով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դուրս գալով վերաքննության սահմաններից, ինչպես նաև չքննելով բողոքի բոլոր հիմքերը՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:

 

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի պատասխանին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ գործում:

Կազմակերպության անունից 03.07.2018 թվականին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լևոն Բաղդասարյանը: Վճռաբեկ բողոքի պատասխանին չի կցվել Լևոն Բաղդասարյանի՝ Կազմակերպության անունից հանդես գալու լիազորությունները հաստատող ապացույց: Գործում առկա է 21.04.2017 թվականին Կազմակերպության կողմից մեկ տարի ժամկետով Լևոն Բաղդասարյանին տրված լիազորագիր (հատոր 1-ին, գ.թ. 7): Կազմակերպությունը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստացել է 19.09.2018 թվականին: 18.10.2018 թվականի գրությամբ Լևոն Բաղդասարյանը ներկայացրել է 08.10.2018 թվականին Կազմակերպության կողմից իրեն երեք ամիս ժամկետով տրված լիազորագիր:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կազմակերպության անունից 03.07.2018 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվել է Կազմակերպության կողմից տվյալ պահին հանդես գալու լիազորություն չունեցող անձի կողմից: Նկատի ունենալով, որ Կազմակերպության ներկայացուցիչը 18.10.2018 թվականին Վճռաբեկ դատարանին է ներկայացրել իր լիազորությունները հավաստող ապացույց, վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու կարգը պահպանած լինելու հանգամանքը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում գնահատել 18.10.2018 թվականի դրությամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կազմակերպությունը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստացել է 19.09.2018 թվականին և վճռաբեկ բողոքի պատասխան կարող էր ներկայացնել մինչև 15.10.2018 թվականը ներառյալ (հաշվարկում ներառված չեն ոչ աշխատանքային օրերը): Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվել է 18.10.2018 թվականին՝ սահմանված ժամկետի խախտմամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը չի գնահատում ներկայացված պատասխանը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` վերաքննիչ բողոքի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Կազմակերպության վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները Վերաքննիչ դատարանի կողմից քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.09.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.09.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան