Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.34
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.12.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
07.12.2018
Дата вступления в силу
07.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵՄԴ/0013/04/17

Սնանկության գործ թիվ ԵՄԴ/0013/04/17
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան   

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան
   Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Մ. Դրմեյան

   

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

   

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2018 թվականի դեկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշման դեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանին ճանաչել սնանկ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.01.2018 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.10.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով դիմումի հիմքում դրված պահանջը հանրային իրավական է, որը կարող է գոյություն ունենալ բացառապես այն դեպքում, երբ հիմնված է անբողոքարկելի վարչական ակտի վրա, ինչը սույն դեպքում առկա չէ, հետևաբար սույն գործով հաստատված չէ ոչ միայն պարտավորության անվիճելիությունը, այլև դրա առկայությունն ընդհանրապես:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հաշվետվությունն ինքնին հարկային պարտավորությունների ծագման հիմք չէ, քանի որ այն կարող է ներկայացվել սխալ, թերի, հետագայում կարող է ճշգրտվել, որոշակի ծախսերի հաշվապահական ձևակերպման արդյունքում հաշվետվությամբ նախատեսված հարկային պարտավորությունները կարող են նվազել կամ վերանալ ընդհանրապես, ինչը չի կարող տեղի ունենալ վարչական ակտի դեպքում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.01.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` դիմումը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոմիտեի կողմից ներկայացված մնացորդների վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի հարկային պարտավորությունները 21.11.2016 թվականի դրությամբ կազմել են ընդամենը 3.772.928 ՀՀ դրամ, որից 338.884 ՀՀ դրամը՝ արտոնագրային վճարի գծով, 48.351 ՀՀ դրամը՝ արտոնագրային վճարի մասով առաջացած պարտավորության գումարի 10%, 3.282.697 ՀՀ դրամ՝ եկամտային հարկի գծով, 102.996 ՀՀ դրամ՝ սոցիալական վճարի գծով առաջացած պարտավորություններ  (հատոր    1-ին, գ.թ. 68).

2) Կոմիտեի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանից 21.11.2016 թվականի դրությամբ առկա հարկային պարտավորությունների չվճարված գումարների բռնագանձման մասին որոշում չի կայացվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը որպես անվիճելի պարտավորություն վկայակոչելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն կարող է դրվել օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունն այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը նշված գումարները պարտապանից բռնագանձելու վերաբերյալ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշում չի կայացրել, և նշված որոշումը չի դարձել անբողոքարկելի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում` լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են՝

-  երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

-  երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

-  երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով «անվճարունակություն» հասկացությանը, նշել է որ «անվճարունակությունը» մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն՝ անվճարունակությունը նշանակում է վճարելու կարողության բացակայություն: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքը հիմնվում է «անվճարունակության կանխավարկածի» վրա, այն է՝ եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու ժամկետանց վճարային պարտավորությունները, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, և այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը չի կատարվել կամ վիճարկվել ու հերքվել: Ընդ որում, «անվճարունակության կանխավարկածն» իր հերթին հիմնվում է պարտապանի «բարեխղճության և պարտաճանաչության կանխավարկածի» վրա, այսինքն, եթե պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ի սկզբանե պարտավորության չկատարումը բացատրվում է ոչ թե նրա անբարեխղճությամբ, այլ վճարում կատարելու կարողության բացակայությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը, արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն   60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար` անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում են վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն) (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Նշված դիրքորոշումը հիմք ընդունելով` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը դիտարկելով նույն կետի «գ» ենթակետի համատեքստում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից, կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հակառակ պարագայում, երբ այդպիսի պահանջի հիմքում դրված է համապատասխան օրենքից չբխող հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, և ապացուցվում է, որ տվյալ պահանջի դեմ պարտապանն ունի առարկելու բավարար հիմքեր, ապա պարտավորությունը դառնում է վիճելի:

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից` օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը (տե´ս, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործով ներկայացված դիմումի հիմքում դրված մինչև 01.01.2018 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետին բնորոշ օրենսդրական կարգավորմանը, արձանագրում է հետևյալը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` (ա) անձի դիմումը, բողոքը. (բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում սպառիչ կերպով թվարկել է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող հանգամանքները. դրանք են՝ (1) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումը կամ բողոքը և (2) վարչական մարմնի նախաձեռնությունը: Ընդ որում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթի հարուցումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով վարչական մարմնին համապատասխան վարչական ակտ ընդունելու իմպերատիվ կամ հայեցողական լիազորություն վերապահված լինելու դեպքում: Իրացնելով իր այդ լիազորությունը՝ վարչական մարմինը հարուցում է վարչական վարույթ, որը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ:

Նախկին որոշումներում անդրադառնալով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտի հասկացությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1)   վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2)   վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3)   վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4)   վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5)   վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6)   վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն՝ ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը:

Փաստորեն, վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին: Այսինքն՝ վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականություններն ստանում են անհատականացված ուղղվածություն՝ վերագրվում են կոնկրետ հասցեատերերի՝ ձեռք բերելով պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից վարչական մարմնի համար իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ ընդունելու իմպերատիվ լիազորություն նախատեսված լինելու դեպքերից մեկն ամրագրված էր իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 14.04.1997 թվականին, ուժի մեջ է մտել 30.05.1997 թվականին, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին՝ ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն)   29.1-րդ հոդվածով:

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: (...) Պարտավոր անձի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով (հոդվածներ 87-89) սահմանված կարգով (...):

Անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների վերլուծությանը՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ օրենքին համապատասխան սահմանված հարկեր մուծելը յուրաքանչյուրի սահմանադրաիրավական պարտականությունն է (2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդված և 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մաս): Օրենսդիրն իր հերթին հարկ վճարողների համար սահմանել է հարկերը ժամանակին վճարելու պարտականություն (իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» կետ), որի չկատարման դեպքում իրավասու վարչական մարմինը՝ հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով լիազորված է որոշում կայացնել հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ գտել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կամովին չկատարվելու դեպքում այդ պարտավորության հարկադիր կատարումը գործող օրենսդրության պայմաններում հնարավոր է իրականացնել միայն համապատասխան անբողոքարկելի վարչական ակտի առկայության դեպքում: Այլ կերպ ասած՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշման հարկադիր կատարման միջոցով իրավասու վարչական մարմինը հնարավորություն է ստանում փաստացի ապահովելու հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարների մուտքը պետական կամ համայնքային բյուջե, իսկ նման որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում, երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում Կոմիտեի կողմից դրվել են պարտապանի՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի միայն վկայակոչումը չի կարող բավարար լինել պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը,  պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում: Նշվածը մի կողմից հնարավորություն կտար որոշակիացնելու պարտավորությունների բնույթը, իսկ մյուս կողմից հնարավորություն կընձեռեր վարչական ակտի հասցեատիրոջը հնարավոր անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված կարգով վիճարկելու համապատասխան վարչական ակտը:

Այսինքն՝ վերոգրյալից հետևում է, որ այդպիսի որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության, ինչից բխում է, որ առանց նման որոշման կայացման գումարի բռնագանձման իրավասությունը չի կարող իրացվել, հետևաբար առանց այդ որոշման և դրա՝ անբողոքարկելի դառնալու պայմանների առկայության` համապատասխան պետական մարմինը չի կարող վկայակոչել պարտապանի՝ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորության անվիճելիությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի կողմից ներկայացված մնացորդների վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի հարկային պարտավորությունները 21.11.2016 թվականի դրությամբ կազմել են ընդամենը 3.772.928 ՀՀ դրամ, որից 338.884 ՀՀ դրամը՝ արտոնագրային վճարի գծով, 48.351 ՀՀ դրամը՝ արտոնագրային վճարի մասով առաջացած պարտավորության գումարի 10%, 3.282.697 ՀՀ դրամ՝ եկամտային հարկի գծով, 102.996 ՀՀ դրամ՝ սոցիալական վճարի գծով առաջացած պարտավորություններ:

Կոմիտեի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի ուժով անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանից 21.11.2016 թվականի դրությամբ առկա հարկային պարտավորությունների չվճարված գումարների բռնագանձման մասին որոշում չի կայացվել:

Դատարանը դիմումի բավարարման հիմքում դրել է այն, որ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանին սնանկ ճանաչելու համար բավարար հիմք է վերջինիս կողմից հարկային մարմին ներկայացված հարկային պարտավորությունների հաշվարկները և հաշվարկված գումարները չվճարված լինելու փաստը, հետևաբար որևէ վարչական ակտ կայացնելու անհրաժեշտություն առկա չի եղել:

Վերաքննիչ դատարանը, մերժելով անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «սնանկության վարույթում հարկային պարտավորություններն անվիճելի դիտելու համար դրանք անբողոքարկելի կամ բողոքարկվելուց հետո անփոփոխ թողնված վարչական ակտով արձանագրված լինելու օրենսդրական պահանջ նախատեսված չէ», և տվյալ պարագայում պարտապանի վճարային պարտավորությունն անվիճելի է, քանի որ բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, իսկ պարտապանը ներկայացված պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր չունի, ներառյալ պահանջի հաշվանցը:

Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել, որ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի՝ հարկային պարտավորությունների մասով առաջացած և չվճարված գումարի բռնագանձման վերաբերյալ իրավասու մարմինը որոշում չի կայացրել: Տվյալ պարագայում Կոմիտեն չէր կարող վկայակոչել անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի մոտ հարկային պարտավորությունների առկայությունը` առանց անբողոքարկելի դարձած վարչական ակտի գոյության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում բացակայում է անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը, քանի որ վերը նշված հարկատեսակների գծով չկատարված հարկային պարտավորությունների փաստը հաստատված չէ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշմամբ (անբողոքարկելի վարչական ակտով):

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև  20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.05.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումը` անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.05.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

 

Զեկուցող

Մ. Դրմեյան

   

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

   

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան