Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.22
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.12.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
07.12.2018
Дата вступления в силу
07.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 
դատարանի
որոշում
Քաղաքացիական գործ
թիվ ԵԱՆԴ/0563/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0563/02/16
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի դեկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վահան Տերյանիներկայացուցիչ Սյուզաննա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ժաննա Տերյանի ընդդեմ Վահան Տերյանի` ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Վահան Տերյանի ընդդեմ Ժաննա Տերյանի, երրորդ անձ Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` երեխայի բնակության վայրը սահմանելու պահանջի մասին 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ժաննա Տերյանը պահանջել է իրեն ամուսնալուծել և Վահան Տերյանից բռնագանձել նրա վաստակի կամ  այլ եկամտի 1/3-ը՝ որպես իր խնամքի տակ գտնվող երեխաներ՝ Հրանտ Վահանի Տերյանի և Դավիթ Վահանի Տերյանի համար օրենքով նախատեսված ալիմենտ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վահան Տերյանը պահանջել է երեխայի` Հրանտ Վահանի Տերյանի բնակության վայրը սահմանել Երևան քաղաքի Ավան-Առինջ թիվ 3/1-29 հասցեն:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2017 թվականի որոշմամբ Վահան Տերյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.10.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան)  12.12.2017 թվականի որոշմամբ կատարողական թերթ տրամադրելու մասին Վահան Տերյանի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  11.01.2018 թվականի որոշմամբ Վահան Տերյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Տերյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 144-րդ հոդվածները:   

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, հաշվի չի առել, որ օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանվել է իր և իր երեխաների միջև տեսակցության կարգ` համապատասխան տեսակցության օրերով, որը կամովին չկատարելու դեպքում կարող է կատարվել հարկադիր կարգով, ուստի վճռի կատարման նպատակով կողմին պետք է տրամադրվեր կատարողական թերթ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերաբերել է իր իրավունքի իրականացմանը: Մինչդեռ ստորադաս դատարանները, կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելով և հետագայում այդ մերժման դեմ բերված վերաքննիչ բողոքը, բողոքարկման ոչ ենթակա ակտի դեմ բերված լինելու հիմքով, վերադարձնելով, վերաքննիչ բողոք բերած անձին զրկել են իրեն վերաբերող դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակել են նրա դատական պաշտպանության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում է  կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին Դատարանի որոշման բողոքարկման ենթակա չլինելու եզրահանգման իրավական հիմնավորումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 11.01.2018 թվականի որոշումը և բողոքը համարել վարույթ ընդունված»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.    

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով  և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական  հարցադրմանը. կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման օրենսդրական հնարավորության բացակայության պատճառով կարող է արդյո՞ք սահմանափակվել անձի դատական պաշտպանության իրավունքը:  

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Սահմանելով դատարանի մատչելիության իրավունքի` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը լինելու հանգամանքը, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վերոհիշյալ իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որի կարևոր բաղադրիչներից մեկն, ի թիվս այլնի, բողոքարկման իրավունքն է:  Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի բողոքարկման դատավարական ինստիտուտն իրավական այնպիսի միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Բողոքարկման իրավունքի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորումներով քաղաքացիական դատավարության շրջանակներում նախատեսել էր առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն, մինչդեռ միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել էր անմիջական բողոքարկման հնարավորություն միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված լինելու դեպքերում, ինչն իր հերթին չէր բացառում միջանկյալ դատական ակտերի հետաձգված բողոքարկումը։

Անդրադառնալով սույն վճռաբեկ բողոքում բարձրացված՝ կատարողական թերթի տրամադրումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա չէր որևէ կանոնակարգում կատարողական թերթի տրամադրումը մերժելու մասին դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորության վերաբերյալ: Ըստ այդմ էլ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերը նշված հարցին անդրադառնալ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լույսի ներքո: Այսպես, կատարողական վարույթի հարուցման հիմքում ընկած է կատարողական թերթը, որը տրվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանի կողմից: Կատարողական թերթի տրամադրումը նպատակ ունի ապահովել դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացը, ըստ այդմ էլ՝ այն ոչ միայն երաշխավորում է դատական ակտի պարտադիրության սկզբունքը, այլ նաև ապահովում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի լիարժեք իրականացումը: 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատական ակտերի պարտադիր կատարմանը, որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասի, նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արդար դատաքննության իրավունքը կդառնա վերացական, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ դատարանի՝ ի վնաս կողմերից մեկի կայացրած վերջնական, պարտադիր դատական ակտը մնա անկատար: Ավելին, եթե Կոնվենցիայի 6-րդ հոդվածն առանց պաշտպանության թողնի դատական ակտերի ի կատար ածումը, ապա դա, հավանաբար, կհանգեցնի այնպիսի իրողության, որ անհամատեղելի կլինի իրավունքի գերակայության սկզբունքների հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան վավերացնելիս (տե՛ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40): 

Ի հավելումն վերոգրյալի՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5  Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի  վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկում անդրադառնալով առաջին ատյանի դատարանի որոշ դատական ակտերի բողոքարկման հարցին, արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում (իրավահարաբերության ծագման պահին գործող) ինչպես կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշման, այնպես էլ քաղաքացիական դատավարության շրջանակներում վճռի հարկադիր կատարման հարցերին առնչվող` առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն: Միևնույն ժամանակ հարկ է նաև նշել, որ (իրավահարաբերության ծագման պահին գործող) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում բացակայում է կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու որոշման բողոքարկումն արգելող նորմ»: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել դիմողի (հայցվորի) քաղաքացիաիրավական պահանջը: Եթե կատարողական թերթը պահանջվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի բավարարված մասով, իսկ այն կազմում է այդ դատական ակտի օրգանական մասը, հետևաբար այն ենթարկվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրենքով նախատեսված բողոքարկման ընդհանուր կանոնին (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 13.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1330 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 21.10.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Ժաննա Տերյանի հայցը, իսկ Վահան Տերյանի հակընդդեմ հայցը մերժվել է: Միաժամանակ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վճռվել է Հրանտ Վահանի Տերյանի, ծնված՝ 06.11.2004 թվականին, և Դավիթ Վահանի Տերյանի, ծնված՝ 11.11.2008 թվականին, բնակության վայր սահմանել մոր՝ Ժաննա Տերյանի (Հարությունյան) բնակության վայրը՝ ք. Երևան, Ավան-Առինջ թաղ. 1 մկշ. 3/1շ. բն. 29, հոր` Վահան Տերյանի հետ անարգել տեսակցելու և շփվելու իրավունքով, իսկ յուրաքանչյուր օրացուցային շաբաթ՝ ուրբաթ և շաբաթ օրերին գիշերակացով, հոր՝ Վահան Տերյանի բնակության վայրում  (հատոր 2-րդ, գ.թ. 22-32):

Վահան Տերյանը 09.12.2017 թվականին դատարան է ներկայացրել դիմում` կատարողական թերթ տրամադրելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 108-109):

Դատարանը 12.12.2017 թվականի որոշմամբ մերժել է կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը՝ պատճառաբանելով, որ « (…) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2016 թվականի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 վճիռն օրինական ուժ է ստացել, որի համաձայն` հայցն ամբողջությամբ բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցն ամբողջությամբ մերժվել է, այսինքն` պատասխանողը (հակընդդեմ հայցով հայցվորը) չի հանդիսանում թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով պահանջատեր և հակընդդեմ հայցն ամբողջությամբ մերժվելու պայմաններում առկա չէ որևէ պարտականություն, որը ենթակա  է հարկադիր կատարման»:

Վերաքննիչ դատարանը, 11.01.2018 թվականի որոշմամբ վերադարձնելով Վահան Տերյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «(…) բողոք բերած անձը բողոքարկում է Դատարանի` կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը մերժելու որոշումը, մինչդեռ նշված որոշումը բողոքարկման ենթակա լինելու մասին որևէ նորմ օրենքով, մասնավորապես` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի              205-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վերաքննիչ բողոք կարող է բերվել առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն oրենքով նախատեuված չէ»: Միաժամանակ որոշմամբ արձանագրվել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 125):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Օրենսդիրը,  իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորելով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա ակտերի հետ կապված իրավահարաբերությունները, չի նախատեսել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա բողոքարկելու կատարողական թերթ տրամադրելը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ դրանով իսկ սահմանափակելով դրա օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը: Մինչդեռ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 13.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1330 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման` վերջինիս առկայությունն անհրաժեշտություն է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում, որպիսի պայմաններում կատարողական թերթ տրամադրելը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: Ընդ որում, նշված որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման կանոններով: Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 13.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1330 որոշման մեջ արտահայտված իրավական վերլուծությունից, ըստ որի՝ կատարողական թերթը կազմում է գործն ըստ էության լուծող դատական ակտի օրգանական մասը, հետևաբար այն ենթարկվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրենքով նախատեսված բողոքարկման ընդհանուր կանոնին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին Դատարանի որոշման բողոքարկման օրենսդրական հնարավորության բացակայության պատճառով անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումն ու այդ սահմանափակմամբ հետապնդվող նպատակը չեն կարող լինել իրավաչափ, քանի որ չեն ապահովում դատարանի մատչելիության, արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու ու արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից օգտվելու հնարավորությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին Դատարանի որոշման բողոքարկման՝ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը հանգեցրել է Վահան Տերյանի դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում Վահան Տերյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, 11.01.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելով, որպես վերադարձման հիմք արձանագրել է միայն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել նույն դատարան՝ նոր քննության, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մյուս պայմանների առկայությունը պարզելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան