ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/3939/05/17 |
Վարչական գործ թիվ ՎԴ/3939/05/17 |
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան |
Դատավորներ՝ |
Ա. Առաքելյան |
Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի մարտի 07-ին
քննարկելով ըստ հայցի Արևիկ Հակոբյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ 29.03.2017 թվականի թիվ 1705895803 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արևիկ Հակոբյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բերած վճռաբեկ բողոքը,
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արևիկ Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 29.03.2017 թվականի թիվ 1705895803 որոշումը:ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.08.2017 թվականի որոշմամբ Դատարանի 19.06.2017 թվականի վճռի դեմ Արևիկ Հակոբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արևիկ Հակոբյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 137-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Արևիկ Հակոբյանը Դատարանի վճիռը ստացել է 29.06.2017 թվականին, հետևաբար վերաքննիչ բողոքը ներկայացրել է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված մեկամսյա ժամկետի պահպանմամբ: Այսինքն` վճռի օրինակը բողոքաբերին մատչելի է դարձել 29.06.2017 թվականին, նշված փաստը հավաստող փոստային ծրարի լուսապատճենը ներկայացվել է բողոքին կից, իսկ քանի որ 2017 թվականի հուլիսի 29-ը ոչ աշխատանքային օր էր, ապա վերաքննիչ բողոքը ներկայացվել է առաջին իսկ աշխատանքային օրը` 31.07.2017 թվականին, որպիսի ապացույցը նույնպես կցված էր բողոքին: Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով մերժելով Արևիկ Հակոբյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելը, խախտել է վերջինիս դատական պաշտպանության իրավունքը՝ զրկելով նրան վերաքննիչ ատյանի մատչելիության հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.06.2017 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 137-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային)։ Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը։ Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը։ Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը (...) հանձնվել են փոստին (...) մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված (...):
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն` եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե′ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե′ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51,55):
Միաժամանակ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական որոշումը ծանուցելու՝ իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատարանի որոշման մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ և 132-րդ հոդվածների համակարգային վերլուծությունը վկայում է, որ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, հետևաբար գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, այսինքն` վերաքննիչ բողոք բերելու համար օրենսդիրը սահմանել է մեկամսյա ժամկետ: Նշված դատավարական ժամկետը խախտելու իրավական հետևանքները նախատեսված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասի վկայակոչված իրավակարգավորումները, գտնում է, որ մինչև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված վերաքննիչ բողոքը պետք է համարվի վերաքննիչ դատարանին հանձնված այդ ժամկետի պահպանմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ դատարանում տվյալ բողոքը փաստացի երբ է ստացվել: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը չի կարող համարվել բաց թողնված՝ դրանից բխող իրավաբանական հետևանքներով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքը դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պետք է իրականացնի` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է քաղաքացիական գործով կայացված որոշման շրջանակներում, սակայն նկատի ունենալով, որ դատավարական նմանատիպ կարգավորում նախատեսում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարությունում:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:
Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Մեկ այլ՝ 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։
ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե´ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանի 19.06.2017 թվականի վճռի օրինակն Արևիկ Հակոբյանին ուղարկվել է 27.06.2017 թվականին (գ.թ. 32), որը վերջինս ստացել է 29.06.2017 թվականին (գ.թ. 33):
Վերաքննիչ դատարանը, 16.08.2017 թվականի որոշմամբ Արևիկ Հակոբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ անձի կողմից որոշակի գործողություններ կատարելու համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը կարող է դատարանի կողմից հարգելի համարվել միայն ծանրակշիռ փաստարկների պայմաններում, մասնավորապես, եթե անձի կողմից ժամկետները բաց թողնելու պատճառների, հանգամանքների ուսումնասիրությամբ գտել է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վճռի ստացման մասին անդորրագրի համաձայն` Արևիկ Հակոբյանը դատական ակտը ստացել է 29.06.2017 թվականին, հետևաբար վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրացել է 31.07.2017 թվականին (30.07.2018 թվականը ոչ աշխատանքային օր է), մինչդեռ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 01.08.2017 թվականին, այսինքն` սահմանված ժամկետը լրանալուց հետո, և վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը չի պարունակում մեկօրյա ժամկետի բացթողումը հարգելի լինելը հիմնավորող որևէ պատճառաբանություն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
«Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 16.02.2012 թվականի թիվ 211-Ն որոշման 38-րդ կետի համաձայն` փոստային վճարման պետական նշանները փակցվում են նամակագրական թղթակցության վերևի աջ անկյունում: Նամակագրական թղթակցության առաքման հաստատված սակագների համապատասխան նամականիշը փակցնելն ուղարկողի պարտականությունն է:
Նույն որոշման հավելվածի 39-րդ կետի համաձայն` արգելվում է մեկ նամականիշը մյուսի վրա փակցնելը: Նամականիշերը մարվում են օրացուցային դրոշմակնիքով, որպեսզի հնարավոր չլինի դրանց կրկնակի օգտագործումը:
Վերը նշված որոշման վերլուծությունից հետևում է, որ ուղարկողը պարտավոր է նամակագրական թղթակցության առաքման հաստատված սակագների համապատասխան նամականիշը փակցնել նամակագրական թղթակցության վերևի աջ անկյունում, որն էլ մարվում է օրացուցային դրոշմակնիքով` մեկ նամականիշը մյուսի վրա փակցնելը բացառելու նպատակով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործում առկա՝ վերաքննիչ բողոքն առաքելու ծրարի (գ.թ. 46) վերևի աջ անկյունում փոստային վճարման պետական նշանը` նամականիշը, և նրա վրա առկա օրացուցային դրոշմակնիքը բացակայում են, որի հետևանքով բացառապես ծրարի ուսումնասիրության արդյունքում վերաքննիչ բողոքը կապի կազմակերպությանը հանձնելու ստույգ օրը չի կարող պարզվել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված «Հայփոստ» ՓԲԸ-ի անդորրագրերի (գ.թ. 43-44) համաձայն` վերաքննիչ բողոքը Դատարանին և գործին մասնակցող մյուս անձին է ուղարկվել 31.07.2017 թվականին: Բացի այդ, Արևիկ Հակոբյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքում ներառված միջնորդության մեջ ևս հայտնել է, որ վերաքննիչ բողոքն իր կողմից ներկայացվել է 31.07.2017 թվականին:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ Արևիկ Հակոբյանի ներկայացուցչի կողմից սույն վճռաբեկ բողոքին կցված «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ RR244209535AM անդորրագրով ևս հաստատվում է, որ վերաքննիչ բողոքը փոստային կապի կազմակերպությանն է հանձնվել 31.07.2017 թվականին:
Փաստորեն, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Դատարանի 19.06.2017 թվականի վճռի դեմ Արևիկ Հակոբյանի կողմից վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 31.07.2017 թվականը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի հիմքով, եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, իսկ 2017 թվականի հուլիսի 30-ը ոչ աշխատանքային օր է` կիրակի):
Վերոգրյալ փաստական տվյալների համակցությունը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս հանգելու այն եզրակացության, որ Արևիկ Հակոբյանի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու օրվա վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողություններն անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանը չի ունեցել բավարար հիմքեր արձանագրելու, որ վերաքննիչ բողոքը փոստային կապի ծառայությանն է հանձնվել 01.08.2017 թվականին: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնավորում է բողոքարկվող դատական ակտն Արևիկ Հակոբյանի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը, ինչպես նաև այն, որ բողոքը ներկայացվել է դատական ակտը ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար Վերաքննիչ դատարանը բացթողած ժամկետը պետք էր վերականգներ իրավունքի ուժով (ex jure), ուստի սույն գործով Արևիկ Հակոբյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա չէին մերժման:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 16.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Ն. Տավարացյան