ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1451/05/15
Վարչական գործ
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ |
Ք. Մկոյան |
Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ |
|
|
Վ. Ավանեսյան |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Գ. Հակոբյան |
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
|
Է. Սեդրակյան |
|
|
Ն. Տավարացյան |
2018 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.12.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռուբեն Տեր-Գրիգորյանի ընդդեմ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչություն), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման, չափումների, միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում շուկայի վերահսկողության պետական տեսչության գլխավոր պետական տեսուչի (այսուհետ՝ Գլխավոր տեսուչ) 26.02.2015 թվականի «Տուգանք նշանակելու մասին» թիվ 19 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռուբեն Տեր-Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Գլխավոր տեսուչի 26.02.2015 թվականի «Տուգանք նշանակելու մասին» թիվ 19 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) (այսուհետ՝ Դատարան) 24.02.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.12.2016 թվականի որոշմամբ Ռուբեն Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 24.02.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը և Տեսչությունը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ, 60-րդ հոդվածները և 146-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի դրույթները, 19.12.2016 թվականին կայացված որոշմամբ չի հայտնել իր դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցի վերաբերյալ։ Մինչդեռ տվյալ դեպքում օրենքը հստակ կարգավորում է, որ պատասխանող վարչական մարմնի որոշումը ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում դատական ծախսերը դրվում են պետության վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ միայն դատական ծախսերի բաշխման մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2016 թվականի որոշումը և փոփոխել այն՝ բաշխել հայցվորի կրած դատական ծախսերը՝ հատուցման պարտականությունը դնելով Հայաստանի Հանրապետության վրա։
2.1. ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ռուբեն Տեր-Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման: Սույն գործի շրջանակներում երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության գործողությունների կամ անգործության հետևանքով դատական ծախսեր չեն առաջացել, հետևաբար դատական ծախսերը չեն կարող դրվել ՀՀ ֆինանսների նախարարության վրա։ Բացի այդ, սույն գործով Ռուբեն Տեր-Գրիգորյանի կողմից ներկայացված դատական ծախսերի փոխհատուցման պահանջի չափը ողջամիտ չէ:
2.2. Տեսչության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով Ռուբեն Տեր-Գրիգորյանի կողմից ներկայացված՝ դատական ծախսերի փոխհատուցման պահանջի չափը ողջամիտ չէ, քանի որ փոխհատուցման ենթակա են կողմի կրած դատական ծախսերն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Գլխավոր տեսուչի 26.02.2015 թվականի «Տուգանք նշանակելու մասին» թիվ 19 որոշմամբ «Ստրոյ Մաստեր Դամաֆոն» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Տեր-Գրիգորյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքների համար նշանակվել է վարչական տույժ՝ 300.000 դրամ տուգանքի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16-17).
2) Մի կողմից՝ ««Ղուլյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Մարիամ Ղուլյանի (այսուհետ` Կատարող) և մյուս կողմից՝ «Ստրոյ Մաստեր Դամաֆոն» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Տեր-Գրիգորյանի և ՀՀ քաղաքացի Ռուբեն Տեր-Գրիգորյանի (այսուհետ` Պատվիրատուներ) միջև 20.04.2015 թվականին կնքված «Փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագրի 1.1-ին կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուների հանձնարարությամբ մատուցել փաստաբանական ծառայություններ, ներկայացնել Պատվիրատուների շահերը ՀՀ վարչական դատարանում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից կազմված ստուգման ակտի, վարչական տույժի որոշման վիճարկման գործի շրջանակներում, իսկ պայմանագրի 3.1-ին կետի համաձայն՝ այդ ծառայությունների գինը կազմում է 300.000 ՀՀ դրամ, որը պետք է վճարվի մինչև վարչական դատարանի կողմից վճռի կայացման օրը (հատոր 1-ին, գ.թ. 73-76).
3) Մարիամ Ղուլյանը՝ որպես Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ, սույն վարչական գործի շրջանակներում կատարել է հետևյալ դատավարական գործողությունները.
- 20.04.2015 թվականին փոստային կապի ծառայության միջոցով ներկայացրել է հայցադիմում, որը Դատարանի 30.04.2015 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 5-23),
- մասնակցել է 20.07.2015 թվականի նախնական դատական նիստին և այդ նիստի ընթացքում հանդես է եկել միջնորդությամբ (հատոր 1-ին, գ.թ. 41-42),
- 05.10.2015 թվականին փոստային կապի ծառայության միջոցով ներկայացրել է գործի նյութերին ծանոթանալու մասին միջնորդություն, իսկ 13.10.2015 թվականին ծանոթացել է գործի նյութերին (հատոր 1-ին, գ.թ. 63-64),
- մասնակցել է 13.10.2015 թվականի նախնական դատական նիստին և այդ նիստի ընթացքում ներկայացրել է հայցադիմումի հիմքերը լրացնելու վերաբերյալ դիմում և այլ փաստաթղթեր, ինչպես նաև հանդես է եկել միջնորդությամբ (հատոր 1-ին, գ.թ. 65-66),
- մասնակցել է 25.11.2015 թվականի նախնական դատական նիստին (հատոր 1-ին, գ.թ. 121-122),
- մասնակցել է 04.02.2016 թվականի դատական նիստին և հանդես է եկել ամփոփիչ ճառով (հատոր 1-ին, գ.թ. 134-135),
- 24.03.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.04.2016 թվականի որոշմամբ վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ. 3-15),
- 25.04.2016 թվականին փոստային կապի ծառայության միջոցով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.04.2016 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ.թ. 20-35),
- մասնակցել է Վերաքննիչ դատարանի 28.11.2016 թվականի դատական նիստին (հատոր 2-րդ, գ.թ. 64-67):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին և 10-րդ մասերի և 146-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով հայցապահանջը բավարարվելու դեպքում հայցվորի կրած դատական ծախսերի, մասնավորապես՝ ներկայացուցչին վճարված գումարի հատուցման պարտականությունը պատասխանողի վրա դնելիս ի՞նչ չափանիշներով պետք է որոշվի այդ դատական ծախսի հատուցման ողջամիտ չափը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են՝ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։ Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց։ Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է. այդ իրավունքը երաշխիք է իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի և արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն՝ այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով՝ անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր: Հետևաբար դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է անձին իրավաբանական օգնություն ցուցաբերող ներկայացուցչին վճարված գումարի՝ որպես դատական ծախսի համարժեք փոխհատուցման հնարավորություն: Պատշաճ փոխհատուցում տրամադրելը դատական պաշտպանության արդյունավետության անհրաժեշտ տարր է, որը լրացուցիչ երաշխիք է անձանց իրավունքների խախտումները վերացնելու, ընդհուպ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անձի դատական պաշտպանությունը չի կարող արդյունավետ լինել, երբ վերջինս վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար կրում է ավելի շատ ծախսեր, քան այն գույքի հնարավոր կորուստն էր, որի կանխման համար նա դիմել էր դատական պաշտպանության: Ուստի հատկապես վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դատական բողոքարկման հայցերով կայացված դատական ակտերով դատական ծախսերի բաշխումը պետք է կատարվի այն հաշվառմամբ, որ անձինք չզրկվեն որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու, մինչև խախտումը եղած իրադրությունը վերականգնելու իրական հնարավորությունից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «դատարանի իրավունքը» բացարձակ չէ և իր բնույթով պահանջում է ներպետական կարգավորումների առկայություն, որոնք կարող են որոշակի սահմանափակումների ենթարկել այդ իրավունքը (տե՛ս, Z and Others v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 10.05.2001 թվականի վճիռը, 91-93-րդ կետեր): Այս առումով դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 60-րդ կետ): Եվրոպական դատարանի տեսանկյունից որոշ դեպքերում դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերը կարող են նշանակություն ունենալ այն հանգամանքի գնահատման համար, թե դատավարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, թե՝ ոչ (տե՛ս, Stankiewicz v. Poland գործով Եվրոպական դատարանի 06.04.2006 թվականի վճիռը, 60-րդ կետ): Կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ (տե՛ս, Aït-Mouhoub v. France գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, 52-րդ կետ): Հետևաբար դատական այն ծախսերը, որոնց վճարման պարտականությունն անձը կրում է ոչ թե դատարան դիմելիս, այլ դատական քննության ավարտից հետո, գործնականում նույնպես կարող են դիտարկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում որպես «դատարանի իրավունքի» սահմանափակում (տե՛ս, Stankov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, 54-րդ կետ): Ընդ որում, «դատարանի իրավունքի» այդ սահմանափակման համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին ենթակա է գնահատման այն տեսանկյունից, թե արդյոք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և առկա է արդյոք ողջամիտ հավասարակշռություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, Apostol v. Georgia գործով Եվրոպական դատարանի 28.11.2006 թվականի վճիռը, 57-րդ կետ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները դատական ծախսերի մաս են կազմում և ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով: Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցիչներին վճարված գումարների հատուցման ընդհանուր կանոնն այն է, որ փոխհատուցման ենթակա է դատավարության մասնակցի կրած ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Ընդ որում, դատական ներկայացուցիչների վճարների հատուցման հետ կապված օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասում կատարել է հատուկ վերապահում այն մասին, որ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։ Այսինքն՝ ամեն դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել փաստաբանի վարձատրության ողջամտությունը, որպեսզի հնարավորինս բացառվի դատական ծախսի հատուցման պարտականություն կրող սուբյեկտին չարդարացված, ակնհայտ ոչ համաչափ պարտավորություններով ծանրաբեռնելը: Անձինք ազատ են կնքելու իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր իրենց նախընտրած փաստաբանի կամ ներկայացուցչություն իրականացնելու իրավասություն ունեցող ցանկացած անձի հետ՝ վճարելով փոխադարձ համաձայնությամբ որոշված ցանկացած գումար: Այդուհանդերձ, այդ գումարների փոխհատուցման ակնկալիք նրանք կարող են ունենալ միայն ծախսերի այն ծավալով, որն իրապես անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է հաշվի առնվի նաև դատական ծախսերի փոխհատուցման համաչափությունը, որպեսզի դատական պաշտպանության դիմելը չդառնա ոչ արդյունավետ (տե՛ս, նաև Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի Քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության հարցին՝ նշելով, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախևառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից՝ վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախսի, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ չափանիշները.
1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),
2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),
3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,
4) դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Թեև նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործերով անհրաժեշտություն է առաջանում որոշելու ներկայացուցչի վճարների գծով դատական ծախսերի հատուցման ողջամիտ չափը, իսկ վերոգրյալ չափանիշներն ուղղորդող նշանակություն կարող են ունենալ նաև վարչական գործերով ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը լուծելու համար:
Վերահաստատելով և զարգացնելով նշված իրավական դիրքորոշումերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշմամբ թվարկվածներից բացի, վարչական դատավարությունում ներկայացուցիչների վճարների չափի ողջամտության գնահատման կարևոր չափորոշիչներ են նաև դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար կատարված ծախսերի անհրաժեշտությունը, փոխհատուցման համարժեքությունն ու արդյունավետությունը: Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ փաստաբանի վճարների փոխհատուցման այս չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այն դեպքում, երբ ներկայացված վիճարկման հայցի բավարարման դեպքում վիճարկվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ վրա դրված գումարային պարտավորության չափը դատական ծախսերի բաշխման հարցի լուծման համար չպետք է դիտարկվի որպես միակ որոշիչ հանգամանք: Այլ կերպ՝ եթե վիճարկվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ վրա դրված գումարային պարտավորության չափն ավելի փոքր է, քան այդ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով անձի կատարած ծախսերը, ապա դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս պետք է հաշվի առնի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ծախսերի ողջամիտ չափը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ծախսերի հարցի լուծումը չպետք է պայմանավորել միայն վիճարկվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ վրա դրված գումարային պարտավորության չափով:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ծախսերի հատուցման հարցի լուծման համար դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ չափորոշիչները.
1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),
2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),
3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,
4) ներկայացուցչին վճարված գումարի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված գումարի չափի հարաբերակցությունը,
5) անձի կողմից փաստացի կատարված ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար (տե՛ս, Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Գլխավոր տեսուչի 26.02.2015 թվականի «Տուգանք նշանակելու մասին» թիվ 19 որոշումը։ Նշված վարչական ակտով Ռուբեն Տեր-Գրիգորյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով: Ռուբեն Տեր-Գրիգորյանը նշված վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել ««Ղուլյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի հետ, ինչի հիման վրա փաստաբան Մարիամ Ղուլյանը հանդես է եկել որպես սույն գործով Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ, իսկ պայմանագրով մատուցվելիք ծառայությունների գինը կազմել է 300.000 ՀՀ դրամ:
Սույն վարչական գործի քննության արդյունքում Դատարանը 24.02.2016 թվականի վճռով Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցը մերժել է։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 24.02.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։ Վերաքննիչ դատարանը դատական ծախսերի մասով որոշել է Տեսչությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 14.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված վճարման ենթակա պետական տուրքի գումար։ Սակայն Վերաքննիչ դատարանը Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչին վճարված գումարի մասով քննարկման առարկա չի դարձրել Ռուբեն Տեր-Գրիգորյանի կրած դատական ծախսերի բաշխման հարցը, որպիսի պայմաններում էլ չի անդրադարձել ներկայացուցչին վճարված գումարի հատուցման պարտականությունը Տեսչության վրա դնելու հարցին։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի կողմից կատարված դատական ծախսերի բաշխման իրավաչափությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել հայցը բավարարելու մասին, այսինքն՝ գործը լուծվել է ի վնաս Տեսչության, սակայն Վերաքննիչ դատարանը դատական ծախսերի մասով առհասարակ քննարկման առարկա չի դարձրել դատական պաշտպանության իրականացման համար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով հայցվոր Ռուբեն Տեր-Գրիգորյանի կողմից կատարված ծախսերի հատուցման հարցը։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հարցին անդրադառնալը պարտադիր է՝ ելնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներից և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավական դիրքորոշումներից:
Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով օրենսդիրը սահմանել է, որ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշման պատճառաբանական մասը բովանդակում է դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը: Նույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով օրենսդիրը սահմանել է, որ որոշման եզրափակիչ մասը բովանդակում է եզրակացություն դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները ներառված են դատական ծախսերի մեջ՝ որպես գործի քննության հետ կապված այլ ծախսեր։ Ընդ որում, սույն գործում առկա է ներկայացուցչի մատուցած ծառայությունների համար Ռուբեն Տեր-Գրիգորյանի կողմից կատարվելիք վճարումը հավաստող ապացույցը՝ ««Ղուլյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի և Ռուբեն Տեր-Գրիգորյանի միջև 20.04.2015 թվականին կնքված «Փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագիրը: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն՝ նշված ապացույցի առկայությունը բավարար էր, որպեսզի Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադառնար սույն գործով ներկայացուցչին վճարված գումարների՝ որպես դատական ծախսերի հատուցման հարցին:
Փաստորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով Ռուբեն Տեր-Գրիգորյանի հայցը բավարարելու մասին որոշում, դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ իրավադրույթների ուժով պարտավոր էր անդրադառնալ ոչ միայն պետական տուրքի, այլ նաև ներկայացուցչին վճարված գումարների հատուցման հարցին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր որոշման թե՛ պատճառաբանական, թե՛ եզրափակիչ մասերում առհասարակ չի անդրադարձել Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի վճարների գծով դատական ծախսի հատուցման հարցին՝ թույլ տալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին և 10-րդ մասերի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի և 5-րդ մասի 4-րդ կետի խախտումներ:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռուբեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի վճարների գծով դատական ծախսի հատուցման հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ գնահատական տար հետևյալ հարցերին.
- վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար անձի կատարած կամ կատարելիք ծախսերը չե՞ն գերազանցում արդյոք այն գումարների չափը, որոնց կորուստը կանխելու համար վերջինս դիմել է դատական պաշտպանության,
- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսն անհրաժեշտ է եղել իրավունքների պաշտպանության համար,
- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսի և դրա կատարման անհրաժեշտության միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն,
- ներկայացուցչի վճարի փոխհատուցման ի՞նչ չափը կարող է վերականգնել մինչև Ռուբեն Տեր-Գրիգորյանի կողմից դատարան դիմելն առկա դրությունը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 26.12.2013 թվականի թիվ 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» (այսուհետ՝ Գնացուցակ) համաձայն՝ հայցային վարույթի գործերով միջամտող վարչական ակտը, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի վարչական ակտը, վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 100-ապատիկի չափից և ոչ ավել բազային տուրքի 2000-ապատիկի չափից, իսկ եթե միջամտող վարչական ակտով տուգանք նախատեսված չէ՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով: Ընդ որում, Գնացուցակում օգտագործված բազային տուրքը սահմանվում է 1.000 ՀՀ դրամ։
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռուբեն Տեր-Գրիգորյանի կողմից իր իրավունքների դատական պաշտպանության համար ներկայացուցչին վճարված գումարների փոխհատուցման չափը սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո դատական պաշտպանության արդյունավետության տեսանկյունից ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից պարզելու և գնահատելու համար սույն գործը՝ դատական ծախսերի հատուցման մասով, անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկներն առ այն, որ փոխհատուցման ենթակա դատական ծախսեր սույն գործով չեն առաջացել: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկին` այդ ծախսերի ողջամիտ չլինելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ այդ փաստարկին` նկատի ունենալով, որ այն ենթակա է գնահատման գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը՝ դատական ծախսերի բաշխման, մասնավորապես՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 19.12.2016 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, իսկ Ռուբեն Տեր-Գրիգորյանը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուբեն Տեր-Գրիգորյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.12.2016 թվականի որոշման` դատական ծախսերի` ներկայացուցչի վճարի փոխհատուցման մասը, և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Է. Սեդրակյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|