Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
15.01.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
15.01.2018
Дата вступления в силу
15.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3698/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3698/02/15
2018թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝

 Ա. Խառատյան
   Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

  

2018 թվականի հունվարի 15-ին

քննարկելով ըստ հայցի Ռուզաննա Ֆարմանյանի ընդդեմ Վարուժան Կարապետյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Վարուժան Կարապետյանի ներկայացուցիչ Սամվել Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուզաննա Ֆարմանյանը պահանջել է Վարուժան Կարապետյանից հօգուտ անչափահաս երեխաներ Գոհար Վարուժանի Կարապետյանի` ծնված 25.10.2001 թվականին, և Արսեն Վարուժանի Կարապետյանի` ծնված 28.01.2008 թվականին,  բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` ամսական 40.000-ական ՀՀ դրամի չափով` մինչև վերջիններիս չափահաս դառնալը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 30.09.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Վարուժան Կարապետյանից հօգուտ Ռուզաննա Ֆարմանյանի 10.12.2015 թվականից բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` ամսական 30.000-ական ՀՀ դրամի չափով` մինչև կողմերի անչափահաս երեխաներ Գոհար և Արսեն Կարապետյանների չափահաս դառնալը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2017 թվականի որոշմամբ Վարուժան Կարապետյանի միջնորդությունը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին բավարարվել է, իսկ պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.03.2017 թվականի որոշմամբ Վարուժան Կարապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժան Կարապետյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ, 213-րդ և 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վարուժան Կարապետյանը սույն քաղաքացիական գործի քննության մասին տեղյակ չի եղել, դատական ծանուցագրեր չի ստացել, որի արդյունքում զրկվել է դատական պաշտպանության իր իրավունքն իրավահավասարության և մրցակցության պայմաններում իրականացնելու հնարավորությունից: Նշված փաստերն արտացոլված են եղել 09.03.2017 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում, մինչդեռ Վերաքննիչ դատարանն այդ փաստերի անտեսմամբ արձանագրել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում 20.02.2017 թվականի որոշմամբ մատնանշված խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել, այն է՝ վերաքննիչ բողոքում չի նշվել բողոքարկվող հարցի վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35-36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերած անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն (…) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքարկվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): 

Վերահաստատելով և զարգացնելով վկայակոչված իրավական դիրքորոշումը՝  Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդրական նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով, որի պայմաններում վերաքննիչ դատարանը գործը վերանայում է միայն վերաքննիչ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների շրջանակում: Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի վերաքննիչ բողոքում արտահայտած դիրքորոշումը վերաքննիչ բողոք բերած անձը հայտնած լինի նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս վերաքննիչ դատարանը հայտնաբերում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա հայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը: Միաժամանակ օրենսդիրը բացառություն է համարել այն դեպքը, երբ բողոք բերած անձն օբյեկտիվորեն զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, այսինքն, երբ խոչընդոտվել կամ սահմանափակվել է դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորումն իր շարունակական ամրագրումն է ստացել նաև նույն  օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ կետում: Այսպես, վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում պետք է նաև նշի իր դիրքորոշումը բողոքարկվող հարցի վերաբերյալ, եթե նա հնարավորություն չի ունեցել առաջին ատյանի դատարանում դրա մասին հայտնելու: Վկայակոչված հոդվածներում օրենսդիրը գործածել է «բողոքարկվող հարց» արտահայտությունը՝ առանց բացահայտելու դրա բովանդակությունը: Այդուհանդերձ, նշված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքում նշված հիմքը և դրա կապակցությամբ ներկայացված հիմնավորումն էլ պայմանավորում են «բողոքարկվող հարցի» բովանդակությունը: Հետևաբար «բողոքարկվող հարցի» վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը չի կարող մեկնաբանվել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե վերաքննիչ բողոքն ինչ հիմքի (կամ հիմքերի) և հիմնավորումների սահմաններում է բերվել: Ընդ որում, յուրաքանչյուր գործով, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, վերաքննիչ բողոք բերած անձն է որոշում ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը (նյութական և (կամ) դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ), այնպես էլ դրանց հիմնավորումները` պայմանավորելով նաև բողոքարկվող հարցի բովանդակությունը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վարուժան Կարապետյանը 10.02.2017 թվականին Դատարանի 30.09.2016 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք. բողոք բերած անձը միաժամանակ միջնորդել է հետաձգել պետական տուրքի չվճարված մասի վճարումը և հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը (գ.թ.    64-66)

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Վարուժան Կարապետյանի միջնորդությունը բավարարել է, իսկ պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքում չի նշվել բողոքարկվող հարցի վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը (գ.թ. 71-72):

Վարուժան Կարապետյանը 09.03.2017 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք. ներկայացված վերաքննիչ բողոքում Վարուժան Կարապետյանը, պատճառաբանելով, որ Դատարանը վճիռ կայացնելիս խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 78-րդ և 132-րդ հոդվածները, նշել է, որ դատարան ներկայացված պահանջի մասին տեղյակ չի եղել, դատական ծանուցագրեր չի ստացել, հետևաբար զրկված է եղել դատական պաշտպանության իր իրավունքն իրավահավասարության և մրցակցության պայմաններում իրականացնելու հնարավորությունից: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կցել է 11.600 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր (գ.թ. 79-81)։

Վերաքննիչ դատարանը 13.03.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ պատճառաբանել է, որ «վերաքննիչ բողոքը կրկին ենթակա է վերադարձման, քանի որ կրկին ներկայացված բողոքում դարձյալ չի նշվել բողոքարկվող հարցի վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը, ընդ որում, նշված դիրքորոշումը պետք է վերաբերի մինչև գործի քննության ավարտը տեղի ունեցած փաստերին և իրադարձություններին, մինչդեռ բողոքում այդպիսիք բացակայում են» (գ.թ. 86-87)։

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վարուժան Կարապետյանը 09.03.2017 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում վկայակոչել է Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները և նշել է դրանց վերաբերյալ հիմնավորումներ, որոնք, ըստ վերջինիս, ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես՝ ներկայացված վերաքննիչ բողոքում, որպես դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, Վարուժան Կարապետյանը վկայակոչել է Դատարանի կողմից 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և   63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 78-րդ և 132-րդ հոդվածների խախտումները: Միաժամանակ Վարուժան Կարապետյանը նշել է, որ դատարան ներկայացված պահանջի մասին տեղյակ չի եղել, դատական ծանուցագրեր չի ստացել, վճռի մասին տեղեկացել է 2017 թվականին ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող  ծառայությունից, որի պատճառով զրկված է եղել դատական պաշտպանության իր իրավունքն իրականացնելու հնարավորությունից:

Փաստորեն, Վարուժան Կարապետյանի 09.03.2017 թվականի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 78-րդ և 132-րդ հոդվածների խախտումների հիմքով, իսկ որպես հիմնավորում՝ նշվել է գործի քննությանը պատշաճ ծանուցված չլինելու և գործի քննությանը մասնակցած չլինելու հանգամանքը: Այսինքն՝ վերաքննիչ բողոք բերած անձն իր դիրքորոշումը տվյալ դատավարական իրավունքի խախտման վերաբերյալ հայտնել է: Ընդ որում, նշված դիրքորոշումը վերաբերում է Դատարանում մինչև գործի քննության ավարտը տեղի ունեցած դատավարական փաստերին, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի   2-րդ կետի պահանջն ըստ էության պահպանվել է բողոքաբերի կողմից, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Վարուժան Կարապետյանը բողոքում չի նշել դիրքորոշում բողոքարկվող հարցի վերաբերյալ, հիմնավոր չէ, ուստի Վերաքննիչ դատարանը, Վարուժան Կարապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ Վարուժան Կարապետյանի դատական պաշտպանության իրավունքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

  Ն. Տավարացյան