Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.01.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
24.01.2018
Дата вступления в силу
24.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ3/0048/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ3/0048/05/17
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2018 թվականի հունվարի 24-ին

քննարկելով ըստ հայցի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ Արտակ Ջանազյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման դեմ Ծառայության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Արտակ Ջանազյանից բռնագանձել 375.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 06.03.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 06.03.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը՝ Արտակ Ջանազյանից 250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, վերացվել է. մնացած մասով` թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված և 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած մասը պետք է դիտարկվեն ամբողջականության մեջ՝ որպես մեկ հանրային իրավական դրամական պահանջ:  Ընդ որում, օրենսդիրը տուգանքի չափի ավելացումը սահմանել է որպես ինքնաբերաբար տեղի ունեցող իրադարձություն, այսինքն` տուգանքի չափի ավելացման կապակցությամբ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտություն առկա չէ: Հետևաբար սույն գործով ներկայացված հանրային իրավական դրամական պահանջը՝ 375.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է հարկադիր կատարման դատական կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «չբավարարված մասով վերացնել Վերաքննիչ դատարանի 12.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին»  որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմանների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման վերաբերյալ գործով հայցադիմումը՝ անբողոքարկելի վարչական ակտով ֆիզիկական անձի նկատմամբ նշանակված տուգանքի գումարի նկատմամբ իրավունքի ուժով ինքնաբերաբար ավելացած և որևէ վարչական ակտով չամրագրված գումարի բռնագանձման պահանջի մասով, ենթակա է արդյոք վերադարձման հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով կատարելու պայմանների բացակայության հիմքով, եթե այդ պահանջի հիմքում ընկած անբողոքարկելի վարչական ակտով ֆիզիկական անձից բռնագանձման ենթակա գումարի չափը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված պայմաններն առկա չեն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե`

ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (...) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով՝ այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է տեղեկություններ՝

1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին.

2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի համաձայն` բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված հիմքերի, վերադարձվում է նաև նույն օրենսգրքի 216.1-ին հոդվածի    1-ին մասով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «հանրային իրավական» է կոչվում պետական կամ համայնքային բյուջե դրամական գումարներ վճարելու այն պահանջը, որին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1)   այդ դրամական գումարները վճարելու կարգը սահմանված է օրենքով,

2)   այդ դրամական գումարները վճարելը պարտադիր է,

3)   այդ դրամական գումարները վճարելու պարտադիրությունը ծագում է և հաստատվում է վարչական ակտի հիման վրա:

Օրենսդիրը հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորել է  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավական նորմերի միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման առանձնահատկությունների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Կարեն Պետրոսյանի թիվ ՎԴ3/0196/05/16 վարչական գործով 19.06.2017 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, հանգում են հետևյալին.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ գոյություն ունեն հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման երկու տարբեր եղանակներ՝ դատական և արտադատական: Ընդ որում, հանրային իրավական դրամական պահանջի՝ արտադատական կարգով հարկադիր կատարման եղանակը նախատեսված է որպես ընդհանուր կանոն, իսկ դատական կարգով կատարման եղանակը՝ որպես բացառություն ընդհանուր կանոնից:

Այդ ընդհանուր կանոնը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման անմիջականորեն այդ պահանջի պարտադիրությունը հաստատող անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակում. այդ սահմանափակումները, իրենց հերթին, հանդիսանում են այն պայմանները, որոնց առկայությունն անհրաժեշտ է հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար: Վերոնշյալ պայմանները (սահմանափակումները) նախատեսված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասում և հանգում են հետևյալին.

ա) անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ) ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ) իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Այսպիսով, նշված իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը կանխորոշում է հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման եղանակը. այդ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում հանրային իրավական դրամական պահանջի՝ արտադատական կարգով հարկադիր կատարման եղանակը չի գործում, և գործում է հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը:

Օրենսդիրը հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի հետ կապված դատավարական հարաբերությունները կարգավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով՝ ամրագրելով, որ վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք կարող են դիմել վարչական դատարան` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով: Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը հարուցվում են այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա և վարչական դատավարությունում քննվում են հատուկ վարույթի կարգով, որի առանձնահատկությունները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 29.1-ին գլխում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոգրյալ գլխում ամրագրված իրավանորմերը նույն օրենսգրքի համակարգում վերլուծության ենթարկելու արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը ենթակա են դատարանի քննությանը և ընդդատյա են վարչական դատարանին: Այդպիսի գործը վարչական դատարանում հարուցվում է անբողոքարկելի վարչական ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա, որը պետք է ներառի տեղեկություններ հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին: Այդ սահմանափակումների առկայությունը հիմք է հանդիսանում հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական գործի հարուցման, այսինքն՝ հայցադիմումը դատարանի վարույթ ընդունելու համար: Ընդ որում, հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դատավարական հետևանքը հանգում է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի     80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելուն, այլ նույն օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով հայցադիմումը վերադարձնելուն (տե'ս, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Կարեն Պետրոսյանի թիվ ՎԴ3/0196/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.06.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ անբողոքարկելի վարչական ակտով հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման հայցով դատարան դիմած վարչական մարմնի հայցադիմումով պահանջվող դրամական գումարի չափը չի համապատասխանում այդ անբողոքարկելի վարչական ակտով վճարման ենթակա գումարի չափին: Որոշ դեպքերում այդ իրավիճակն առաջանում է օրենսդրական կարգավորումների արդյունքում:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի համաձայն՝ (...) նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով: Նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն նույն օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (...), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ,     129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի ծառայողները:

Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ օրենսդիրը սահմանել էր, որ որոշակի վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով, իսկ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսով: Այդպիսի վարչական իրավախախտումներից են, inter alia, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 126-րդ հոդվածներով նախատեսված և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին ոտնձգող զանցանքները, որոնց վերաբերյալ գործերի քննության և լուծման լիազորությունը վերապահված է ճանապարհային ոստիկանությանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 13.11.2012 թվականի թիվ ՍԴՈ-1056 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ սահմանված կանոնների մեկնաբանման հարցում: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն իրողությունը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ մինչև 26.07.2014 թվականը և 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությունների միջև էական տարբերություններ առկա չեն: Այսպես, եթե որոշակի վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ նախատեսվում էր տուգանքի չափի եռապատկման կամ հնգապատկման հնարավորություն, ապա նշված հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ այդ նույն դեպքի համար նախատեսվում էր տուգանքի չափի (դրա չվճարված մասի)՝ 25 կամ 50 տոկոսով ավելացման հնարավորություն: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ թե՛ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ նախատեսված տուգանքի չափի բազմապատկումը, թե՛ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ նախատեսված տուգանքի չափի՝ որոշակի տոկոսով ավելացումը կատարվում էին օրենքի ուժով՝ առանց հատուկ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտության:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումը, հիմնավոր է համարում այն մոտեցումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումների համատեքստում օրենքով նախատեսված զանցանքների համար նշանակված տուգանքի չափի ավելացումը կատարվում է ինքնաբերաբար, իրավունքի ուժով. տուգանքի չափի այդպիսի ավելացումը չի հաստատվում տվյալ զանցանքի համար անձին ի սկզբանե վարչական պատասխանատվության ենթարկած իրավասու վարչական մարմնի կողմից ընդունված առանձին վարչական ակտով:

Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը հանգում է հետևյալին.

-       անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ վարչական ակտով նշանակվում է տուգանք,

-       տուգանքը որոշակի ժամկետում չվճարելու դեպքում դրա փաստացի չվճարված մասն ավելանում է 25 կամ 50 տոկոսով (տոկոսային տարբերությունը պայմանավորված է տուգանքը չվճարելու ժամկետով),

-       տուգանքի փաստացի չվճարված մասի ավելացումը կատարվում է օրենքի ուժով՝ առանց որևէ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտության,

-       անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտը բովանդակում է միայն վարչական մարմնի կողմից ի սկզբանե նշանակված տուգանքի չափը,

-       տուգանքի փաստացի չվճարված մասի՝ 25 կամ 50 տոկոս ավելացման փաստը, ինչպես նաև ավելացված գումարի չափը չի հաստատվում որևէ վարչական ակտով:

ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Շավարշ Նալբանդյանի թիվ ՎԴ3/0224/05/16 վարչական գործով 15.11.2017 թվականի որոշմամբ քննարկման առարկա է դարձրել այն իրավիճակը, երբ վարչական մարմինը հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարի բռնագանձման հայցով դիմում է դատարան՝ այդ պահանջի հիմքում ունենալով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ, որպես վարչական պատասխանատվության միջոց, տուգանք նշանակելու մասին անբողոքարկելի վարչական ակտ, որով առաջադրված տուգանքի չափը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով տուգանքի չափն ինքնաբերաբար ավելանալու պայմաններում վարչական մարմինը պահանջում է ֆիզիկական անձից բռնագանձել ոչ միայն բուն վարչական ակտով առաջադրված 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքի գումարը, այլ նաև այդ գումարի՝ իրավունքի ուժով ավելացած մասը: Տվյալ դեպքում էական նշանակություն է ստանում այն հարցը, թե կարող է արդյոք հանրային իրավական դրամական այդ պահանջն ամբողջությամբ (և՛ բուն վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարը, և՛ դրա՝ իրավունքի ուժով ավելացած մասը) բռնագանձվել դատական կարգով, թե՝ ոչ:

Նշված հարցին պատասխանելու համար ՀՀ վճռաբեկ դատարանը ելակետ է ընդունել իր կողմից ձևավորված այն իրավական դիրքորոշումը, որ հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման համար հիմք է հանդիսանում տվյալ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված որևէ սահմանափակման առկայությունը: Մասնավորապես` անդրադառնալով հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված պայմանի բովանդակության բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ իրավական նորմը պետք է մեկնաբանվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնով, այսինքն՝ դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ առանց փոփոխելու դրանց իմաստը: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված իրավանորմի բովանդակությունն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվի հետևյալ կերպ. անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական անձին ուղղված դրամական պահանջի հարկադիր կատարումը տեղի է ունենում դատական կարգով, եթե տվյալ վարչական ակտով ֆիզիկական անձից գանձման ենթակա գումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական եղանակով հարկադիր կատարումը պետք է ուղղված լինի ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված և 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքի գումարի, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարի բռնագանձմանը: Այսինքն՝ տվյալ դեպքում դատական եղանակով հարկադիր կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջը ներառում է ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված և 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքի բուն գումարը, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարը: Փաստորեն, ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական եղանակով հարկադիր կատարման դեպքում ֆիզիկական անձից բռնագանձման ենթակա է ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը, որը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, այլ նաև այդ տուգանքի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով ավելացած մասը, որոնք միասին դիտարկվում են որպես անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա առաջադրված մեկ ամբողջական հանրային իրավական դրամական պահանջ(տե'ս, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Շավարշ Նալբանդյանի թիվ ՎԴ3/0224/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.11.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում հավելել, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածով սահմանել է, որ բացի հայցադիմումի վերադարձման ընդհանուր հիմքերից հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը ենթակա է վերադարձման նաև այն դեպքում, երբ բացակայում են հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով կատարելու հիմքերը: Նշված հիմքերը, ինչպես արդեն նշվել է, հստակ սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասում: Այն դեպքում, երբ անբողոքարկելի վարչական ակտով նշանակված տուգանքի բուն գումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, այսինքն՝ առկա է հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով կատարելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով նախատեսված պայմանը, ապա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը ենթակա չէ վերադարձման հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով կատարելու պայմանների բացակայության հիմքով ո՛չ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարի բռնագանձման պահանջի, ո՛չ այդ վարչական ակտով չնախատեսված և որևէ այլ վարչական ակտով չամրագրված, սակայն իրավունքի ուժով տուգանքի ավելացած մասի բռնագանձման պահանջների մասով:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արտակ Ջանազյանը Ծառայության 14.05.2016 թվականի թիվ ԱԹ 763711 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 250.000 ՀՀ դրամի չափով և Արտակ Ջանազյանը նշված վարչական ակտի մասին փոստային առաքմամբ իրազեկվել է 23.05.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3, 6): Ծառայությունը 03.03.2017 թվականին դիմել է դատարան՝ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Արտակ Ջանազյանից 375.000 ՀՀ դրամի բռնագանձման հայցով: Ծառայության հայցադիմումով պահանջվող գումարը ներառում է Ծառայության 14.05.2016 թվականի թիվ ԱԹ 763711 որոշմամբ Արտակ Ջանազյանի նկատմամբ նշանակված տուգանքը (250.000 ՀՀ դրամ), ինչպես նաև այդ տուգանքի 50 տոկոսը (125.000 ՀՀ դրամ), որն ավելացել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով (հատոր 1-ին, գ.թ. 2):

Դատարանը 06.03.2017 թվականի որոշմամբ վերադարձրել է Ծառայության հայցադիմումը՝ որոշման հիմքում դնելով այն պատճառաբանությունը, որ հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով կատարելու օրենքով նախատեսված պայմանները բացակայում են: Ըստ Դատարանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով տուգանքի գումարի 50 տոկոսի չափով ավելանալու և գանձման ենթակա լինելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտ (125.000 ՀՀ դրամի մասով) Ծառայության կողմից չի ներկայացվել: Բացի այդ, Ծառայության կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ Արտակ Ջանազյանից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանի վրա բռնագանձում տարածելուն (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

Վերաքննիչ դատարանը 12.05.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Արտակ Ջանազյանից 250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով վերացնելով Դատարանի 06.03.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, իսկ մնացած մասով Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ծառայության կողմից ներկայացված հայցադիմումը՝ Արտակ Ջանազյանից 250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով Ծառայության հայցադիմումը պետք է ընդունվեր Դատարանի վարույթ, քանի որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված գումարը 200.000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում այդ հանրային իրավական դրամական պահանջի կատարումը պետք է տեղի ունենա դատական կարգով: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ծառայության 14.05.2016 թվականի թիվ ԱԹ 763711 որոշմամբ առաջադրված գումարի վրա իրավունքի ուժով ավելացած մասը (125.000 ՀՀ դրամ) չի բավարարում վարչական ակտով առաջադրված լինելու պահանջին: Հետևաբար ըստ Վերաքննիչ դատարանի՝ Արտակ Ջանազյանից 125.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով Ծառայության հայցադիմումը ենթակա էր վերադարձման (հատոր 1-ին, գ.թ. 34-44):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Ծառայությունը դիմել է դատարան անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Արտակ Ջանազյանից 375.000 ՀՀ դրամ բռնագանձելու հայցով: Հայցի հիմքում վարչական մարմինը դրել է Արտակ Ջանազյանին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ, որպես վարչական պատասխանատվության միջոց, տուգանք նշանակելու մասին Ծառայության 14.05.2016 թվականի թիվ ԱԹ 763711 որոշումը, որով առաջադրված տուգանքի չափը կազմում է 250.000 ՀՀ դրամ, սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով տուգանքի չափն ինքնաբերաբար ավելանալու պայմաններում վարչական ակտով առաջադրված տուգանքի ու դրա ավելացած մասի հանրագումարը կազմում է 375.000 ՀՀ դրամ: Փաստորեն, տվյալ դեպքում ֆիզիկական անձին՝ Արտակ Ջանազյանին, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտով՝ Ծառայության 14.05.2016 թվականի թիվ ԱԹ 763711 որոշմամբ, նշանակված տուգանքի չափը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, ուստի ինչպես վարչական ակտով, այնպես էլ տուգանքի չափն օրենքի ուժով ինքնաբերաբար ավելացած գումարի հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը պետք է տեղի ունենա դատական կարգով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ծառայության 14.05.2016 թվականի թիվ ԱԹ 763711 որոշման վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի դատական եղանակով հարկադիր կատարումը պետք է ուղղված լինի ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված և 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքի գումարի, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարի՝ 125.000 ՀՀ դրամի բռնագանձմանը: Այսինքն՝ տվյալ դեպքում դատական եղանակով հարկադիր կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջը ներառում է ոչ միայն Ծառայության 14.05.2016 թվականի թիվ ԱԹ 763711 որոշմամբ նշանակված տուգանքի բուն գումարը՝ 250.000 ՀՀ դրամը, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարը՝ 125.000 ՀՀ դրամը: Հետևաբար Ծառայության հայցադիմումը ենթակա չէր վերադարձման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով ո՛չ Ծառայության 14.05.2016 թվականի թիվ ԱԹ 763711 որոշմամբ նախատեսված տուգանքի գումարի՝ 250.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի, ո՛չ այդ վարչական ակտով չնախատեսված և որևէ այլ վարչական ակտով չամրագրված, սակայն իրավունքի ուժով տուգանքի ավելացած մասի՝ 125.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով Ծառայության կողմից ներկայացված հայցադիմումը պետք է ընդունվեր Դատարանի վարույթ ամբողջությամբ՝ նաև Ծառայության 14.05.2016 թվականի թիվ ԱԹ 763711 որոշմամբ չնախատեսված և որևէ այլ վարչական ակտով չամրագրված, սակայն իրավունքի ուժով տուգանքի ավելացած մասի՝ 125.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով: Հետևաբար վարչական ակտով նշանակված տուգանքի գումարի՝ իրավունքի ուժով ավելացած մասի (125.000 ՀՀ դրամ) բռնագանձման պահանջի մասով վերադարձնելով Ծառայության հայցադիմումը` Դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն վերացնելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 12.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշումը ենթակա է վերացման միայն Դատարանի 06.03.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն անփոփոխ թողնելու մասով, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն այդ մասով:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման՝ ՀՀ վարչական դատարանի 06.03.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն անփոփոխ թողնելու մասը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 06.03.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման՝ Արտակ Ջանազյանից 125.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հայցադիմումը վերադարձնելու մասը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան