Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.03.27/21(1474) Հոդ.252
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.09.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
20.09.2018
Дата вступления в силу
20.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՏԴ2/0039/01/17

Քրեական գործ թիվ ՏԴ2/0039/01/17

 

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

 

Դատավորներ՝  

 Կ. Ղազարյան

 

 Մ. Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ` ամբաստանյալ

Ս. Քոչարյանի

2018 թվականի սեպտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ ամբաստանյալ Սեպուհ Սերգեյի Քոչարյանի պաշտպան Հ.Մանգոյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց
 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 38155617 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Սեպուհ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ս.Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` վերջինիս գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2017 թվականի հուլիսի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով ամբաստանյալ Ս.Քոչարյանն արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 11-ին բողոքը բավարարել է և Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը բեկանել. Ս.Քոչարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

4. Վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Ս.Քոչարյանի պաշտպան Հ.Մանգոյանը: Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի  20-ի  որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Ս.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ի]րեն պատկանող «Գազ 3302-414» մակնիշի 76 QQ 007 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխվող 3.2 [խմ] հաճար տեսակի կողահատ տախտակի օրինականությունը հավաստելու` պատասխանատվությունից ազատվելու նպատակով, 2017 թվականի մայիսի 4-ին հետաքննության մարմնին է ներկայացրել ակնհայտ կեղծ փաստաթուղթ` նշված կողահատ տախտակի ձեռքբերման հետ որևէ առնչություն չունեցող, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Սամվել Մուշեղի Հովհաննիսյանի անվամբ 3 [խմ] շինափայտ ձեռք բերելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղից տրված թիվ Ա 8890635597 ապրանքների մատակարարման հարկային հաշիվը և թիվ 88 անդորրագիրը» 1 :

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) [Ա]մբաստանյալ Սեպուհ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ և նրան պետք է արդարացնել (…):

(...) [Հ]ետազոտված ապացույցները բավարար չեն հանգելու այն եզրակացության, որ ամբաստանյալը կատարել է այն արարքը, որը վերագրվում է նրան:

(…)

Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ վարույթ իրականացնող մարմինը նշելով, որ Սեպուհ Քոչարյանը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ` միաժամանակ պարզաբանում է, որ այն միանգամայն օրինական փաստաթուղթ է, որը տրվել է Սամվել Հովհաննիսյանին` նմանատիպ շինափայտ ձեռք բերելու համար:

(...) [Ն]ույն որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինն ապացուցում է, որ փաստաթուղթն ակնհայտ կեղծ չէ, պարզապես այն տվյալ ապրանքին վերաբերելի չէ:

Սա նշանակում է, որ ամբաստանյալը չի կարող պատասխանատվության ենթարկվել ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, քանի որ տվյալ փաստաթուղթն ակնհայտ կեղծ չէ: Փաստաթղթի ակնհայտ կեղծ լինելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը որևէ փաստ չի մատնանշել (…)» 2 ։

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) [Գ]ործի փաստական հանգամանքների մասին [Առաջին ատյանի] դատարանի դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին:

(...) Ս.Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումից չի բխում առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, որ վարույթն իրականացնող մարմինը այդ որոշման մեջ պատճառաբանել է, թե Ս.Քոչարյանի ներկայացրած փաստաթուղթը միանգամայն օրինական է, որը տրվել է Սամվել Հովհաննիսյանին` նմանատիպ շինափայտ ձեռք բերելու համար:

(...) Ս.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումից հստակ երևում է, որ վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել իրեն պատկանող «Գազ 3302-414» մակնիշի 76 QQ 007 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխվող 3.2 [խմ] հաճար տեսակի կողահատ տախտակի օրինականությունը հավաստելու` պատասխանատվությունից ազատվելու նպատակով, 2017թ. մայիսի 4-ին հետաքննության մարմնին ակնհայտ կեղծ փաստաթուղթ` նշված կողահատ տախտակի ձեռք բերման հետ որևէ առնչություն չունեցող, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Սամվել Մուշեղի Հովհաննիսյանի անվամբ 3 [խմ] շինափայտ ձեռք բերելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղից տրված թիվ Ա 8890635597 ապրանքների մատակարարման հարկային հաշիվը և թիվ 88 անդորրագիրը ներկայացնելու համար:

Այդ որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը որևէ պարզաբանում չի ներկայացրել այն առումով, որ Սամվել Հովհաննիսյանի անվամբ տրված փաստաթուղթը համարվում է միանգամայն օրինական, այլ հավաստել է այն փաստը, որ Ս.Հովհաննիսյանի անվամբ տրված և Ս.Քոչարյանի կողմից ներկայացված փաստաթղթերը որևէ առնչություն չունեն վերջինիս կողմից տեղափոխվող կողահատ տախտակի ձեռք բերման հետ:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ [Ա]ռաջին ատյանի դատարանը Սամվել Հովհաննիսյանի անվամբ տրված և ամբաստանյալ Ս.Քոչարյանի կողմից հետաքննության մարմին ներկայացված փաստաթղթերը համարելով օրինական` անտեսել է այն հանգամանքը, որ փաստաթղթերը լինում են կեղծ ինչպես ձևի, այնպես էլ բովանդակային առումով:

Տվյալ դեպքում, վերը նշված ապացույցների վերլուծությունից ակնհայտ է, որ Սեպուհ Քոչարյանը որպես իր վարած ավտոմեքենայում առկա 3,2 խմ հաճարի շինափայտի ձեռքբերման փաստաթուղթ ճանապարհային ոստիկանության ծառայողներին է ներկայացրել «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության կողմից Բերդավան գյուղի բնակիչ Սամվել Հովհաննիսյանին 3 խմ հաճար տեսակի շինափայտ ձեռք բերելու համար 26.04.2017թ. տրված թիվ Ա8890635597 ապրանքների մատակարարման հարկային հաշիվը։

(...) Սեպուհ Քոչարյանի կողմից որպես իր վարած ավտոմեքենայում առկա շինափայտի ձեռք բերման փաստաթուղթ ներկայացված հաշիվ ապրանքագիրը տրված է եղել այլ անձի անվամբ, դրանում առկա շինափայտի ծավալը չի համապատասխանել ամբաստանյալի վարած ավտոմեքենայում առկա շինափայտի ծավալին, և այն ձեռք է բերվել բոլորովին այլ եղանակով՝ գործով չպարզված անձից, այլ ոչ թե ինչպես նշված է ներակայացված փաստաթղթում՝ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղից, որպիսի հանգամանքները գիտակցել է նաև Սեպուհ Քոչարյանը։ Այս ամենից ակնհայտ է, որ Սեպուհ Քոչարյանի կողմից ներկայացված փաստաթուղթը բովանդակությամբ կեղծ է (…)» 3 :

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործի ելքի վրա:

Բողոքաբերը գտել է նաև, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զար­գացման խնդիր` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի կիրառության վերաբերյալ: Մասնավորապես.

1) իրավասու՞ էր արդյոք Վերաքննիչ դատարանն արդարացման դատական ակտի բեկանման իրավաչափությունը սահմանող հատուկ նորմի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդված) պայ­ման­ներում չկիրառելու այն և ղեկավարվելու վերաքննիչ դատարանի լիազորությունները սահ­մանող ընդհանուր նորմերով,

2) արդյո՞ք իրական պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելը (քննարկվող դեպքում` անդորրագիր), որը միայն վերաբերելի չէ անտառանյութին, բավարար է փաստելու, որ կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հան­ցագործություն։

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռին կամ գործը վերադարձնել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության։  

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու հանցակազմի առարկա հանդիսացող կեղծ փաստաթղթի քրեաիրավական հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Ս.Քոչարյանի կողմից օգտագործված Ս.Հովհաննիսյանի անվամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղից տրված անդորրագիրը և հարկային հաշիվը հանդիսանում են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու հանցակազմի առարկա:     

12. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում հետևյալ արարքի համար. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»:

13. Մեջբերված քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ս.Գաբրիելյանի վերաբերյալ որոշման շրջանակներում. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում հանցագործության առարկան` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթը, դրոշմը, կնիքը, ձևաթուղթը, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը:

Տվյալ դեպքում որպես պաշտոնական փաստաթուղթ պետք է համարել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից տրվող այն վավերացված տեղեկատվությունը, որը գտնվում է նյութական կրիչների վրա և հավաստում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր կամ իրադարձություններ:

Փաստաթղթերի, դրոշմների և մյուս առարկաների կեղծումը կարող է իրականացվել երկու ձևով`

1. իրական փաստաթղթերի կամ մյուս առարկաների տեքստի, բովանդակության, դրանցում առկա տեղեկատվության աղավաղումը տարբեր եղանակներով (ջնջում, քերծվածք, լրացում),

2. ամբողջովին կեղծ փաստաթղթի կամ այլ առարկայի պատրաստում:

Օգտագործել կեղծ փաստաթղթեր` նշանակում է դրանք շրջանառության մեջ դնել սեփական կարիքների համար` դրանց միջոցով իրավունքներ ձեռք բերելու կամ պատասխանատվությունից ազատվելու նպատակով (...)» 4 :

14. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առարկա հանդիսացող «պաշտոնական փաստաթուղթ» հասկացությունը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել  Ս.Պապիկյանի և Ա.Սարգսյանի վերաբերյալ որոշմամբ` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով «իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ» եզրույթի բնութագրական հատկանիշներին՝ Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ հիշյալ եզրույթը ենթադրում է, որ համապատասխան հանցակազմի առարկան է կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, իրադարձություն հավաստող այն փաստաթուղթը, որը տրամադրում է որևէ իրավունք կամ ազատում պատասխանատվությունից։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ խնդրո առարկա հոդվածի իմաստով «պատասխանատվությունից ազատել» եզրույթը ներառում է ինչպես իրավական պատասխանատվության որևէ տեսակից (քրեական, վարչական, կարգապահական, քաղաքացիաիրավական և այլն), այնպես էլ որևէ պարտականությունից ազատելու հատկանիշը (...):

(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի իմաստով իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ կարող է տրվել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների, այնպես էլ այլ իրավաբանական անձանց կողմից (...)» 5 :

15. Ընդհանրացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված` փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ գործողություններից որևէ մեկն իրականացնելով` պաշտոնական փաստաթուղթ կեղծելով` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կեղծ փաստաթուղթ իրացնելով, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու եղանակով:

Անդրադառնալով ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու հանցակազմին` հարկ է նկատել, որ վերոնշյալ հանցագործության առարկա հանդիսացող փաստաթուղթը ևս պետք է համապատասխանի պաշտոնական փաստաթղթի չափանիշներին, այն է` հավաստի իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, իրադարձություն, որն անձին վերապահում է որևէ իրավունք կամ ազատում պատասխանատվությունից, պետք է գտնվի նյութական կամ էլեկտրոնային կրիչի վրա, ունենա որոշակի վավերապայմաններ, օրինակ` կնիք, դրոշմ, ստորագրություն և այլն: Ընդ որում, պաշտոնական փաստաթուղթը կարող է տրվել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց կազմակերպությունների, այնպես էլ այլ իրավաբանական անձանց կողմից:

Ինչ վերաբերում է քննարկվող հանցագործության առարկա ակնհայտ կեղծ փաստաթղթին, ապա որպես այդպիսին կարող են հանդես գալ`

ա) տարբեր եղանակներով աղավաղված, փոփոխված իրական փաստաթուղթը (ջնջում, քերծվածք, լրացում): Ընդ որում, կարող են կեղծվել ինչպես իրական փաստաթղթի վավերապայմանները (օրինակ՝ ստորագրությունը), այնպես էլ դրա բովանդակությունը (օրինակ՝ այն անձի վերաբերյալ տվյալները, ով կարող է օգտվել փաստաթղթում նշված իրավունքներից),

բ) ամբողջովին կեղծ փաստաթուղթը: Տվյալ դեպքում կեղծվում են ոչ թե իրական փաստաթղթի բովանդակությունը կամ վավերապայմանները, այլ ամբողջությամբ կեղծ փաստաթուղթ է պատրաստվում:

Այսպիսով, փաստաթղթերը կարող են կեղծ լինել թե՛ բովանդակության, թե՛ ձևի առումով: Բովանդակային կեղծ փաստաթուղթ է ինչպես իրական փաստաթուղթը, որում կեղծ տվյալներ կամ գրառումներ են կատարված, կամ տարբեր եղանակներով փաստաթղթի իրական բովանդակությունը խեղաթյուրված է, այնպես էլ բովանդակությամբ ամբողջովին կեղծ փաստաթուղթը, այսինքն` այնպիսին, որը պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ձևով կեղծ փաստաթղթի դեպքում փոփոխված կամ աղավաղված են փաստաթղթի վավերապայմանները:

Ընդ որում, փաստաթղթի կեղծված լինելը պետք է ակնհայտ լինի, այսինքն` անձը գիտակցի, որ օգտագործում է կեղծ փաստաթուղթ և ցանկանա այն կատարել, ուստի քննարկվող հանցանքը սուբյեկտիվ կողմից կարող է դրսևորվել միայն ուղղակի դիտավորությամբ:

15.1. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որպես «ակնհայտ կեղծ փաստաթուղթ» որևէ պարագայում չի կարող հանդես գալ իրական, սահմանված կարգով տրված փաստաթուղթը:

Նման փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու դեպքում կարող է խոսք գնալ իրական (օրինական) փաստաթղթի ապօրինի շրջանառության մասին, որը պատասխանատվություն է առաջացնում ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով: Այլ կերպ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 326-րդ հոդվածները նախևառաջ տարբերվում են հանցագործության առարկայով, մասնավորապես, եթե ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնական փաստաթղթի կեղծման և կեղծված փաստաթղթի ապօրինի շրջանառության համար, ապա նույն օրենսգրքի 326-րդ հոդվածը` իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող իրական փաստաթղթի ապօրինի շրջանառության համար: Հետևաբար իրական փաստաթուղթը, որում որևէ կեղծիք առկա չէ, դուրս է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցագործության առարկայի շրջանակներից:      

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ս.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 3.2 խմ հաճար տեսակի կողահատ տախտակը տեղափոխելու օրինականությունը հավաստելու համար` պատասխանատվությունից ազատվելու նպատակով, հետաքննության մարմնին է ներկայացրել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, այն է` նշված կողահատ տախտակի ձեռքբերման հետ որևէ առնչություն չունեցող, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Ս.Հովհաննիսյանի անվամբ 3 խմ շինափայտ ձեռք բերելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղից տրված թիվ Ա 8890635597 ապրանքների մատակարարման հարկային հաշիվը և թիվ 88 անդորրագիրը 6 :

Առաջին ատյանի դատարանը Ս.Քոչարյանին հանցակազմի բացակայության հիմքով արդարացրել է` պատճառաբանելով, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ վարույթ իրականացնող մարմինը, նշելով, որ Ս.Քոչարյանն օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ, միաժամանակ պարզաբանել է, որ այն միանգամայն օրինական փաստաթուղթ է, որը տրվել է Ս.Հովհաննիսյանին` նմանատիպ շինափայտ ձեռք բերելու համար: Այսինքն` փաստաթուղթն ակնհայտ կեղծ չէ, պարզապես այն տվյալ ապրանքին վերաբերելի չէ: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալը չի կարող պատասխանատվության ենթարկվել ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար 7 :

Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ս.Քոչարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը, Ս.Հովհաննիսյանի անվամբ տրված և ամբաստանյալ Ս.Քոչարյանի կողմից հետաքննության մարմնին ներկայացված փաստաթղթերը համարելով օրինական, անտեսել է, որ փաստաթղթերը լինում են կեղծ ինչպես ձևի, այնպես էլ բովանդակային առումով: Ս.Քոչարյանի կողմից որպես իր վարած ավտոմեքենայում առկա շինափայտի ձեռք բերման փաստաթուղթ ներկայացված հաշիվ-ապրանքագիրը տրված է եղել այլ անձի անվամբ, դրանում առկա շինափայտի ծավալը չի համապատասխանել ամբաստանյալի վարած ավտոմեքենայում առկա շինափայտի ծավալին, և այն ձեռք է բերվել բոլորովին այլ եղանակով՝ գործով չպարզված անձից, այլ ոչ թե, ինչպես նշված է ներկայացված փաստաթղթում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղից, որպիսի հանգամանքը գիտակցել է նաև Ս.Քոչարյանը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ս.Քոչարյանի կողմից ներկայացված փաստաթուղթը բովանդակությամբ կեղծ է 8 :

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15.1-րդ կետերում շարադրված իրավանորմերի վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ Ս.Հովհաննիսյանի անվամբ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղից տրված թիվ Ա 8890635597 ապրանքների մատակարարման հարկային հաշիվը և թիվ 88 անդորրագիրը հանդիսանում են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու հանցակազմի առարկա, այն է՝ կեղծ փաստաթուղթ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ խնդրո առարկա փաստաթղթերը բովանդակային առումով կեղծ են, քանի որ տրված են այլ անձի անվամբ և վերաբերելի չեն համապատասխան ապրանքին: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթը կա՛մ տարբեր եղանակներով բովանդակային փոփոխությունների ենթարկված իրական փաստաթուղթն է, կա՛մ ամբողջությամբ կեղծ փաստաթուղթը, որը պարունակում է իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Մինչդեռ Ս.Քոչարյանն օգտագործել է միանգամայն օրինական փաստաթղթեր, որոնք տրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղից Ս.Հովհաննիսյանին, և դրանցում որևէ կեղծում չի կատարվել: Այսինքն` թիվ Ա 8890635597 ապրանքների մատակարարման հարկային հաշվի և թիվ 88 անդորրագրի վավերապայմաններն ու բովանդակությունը համապատասխանում են իրականությանը, պարզապես չեն վերաբերում Ս.Քոչարյանի կողմից տեղափոխված 3.2 խմ հաճար տեսակի կողահատ տախտակի ձեռքբերմանը, որպիսի պայմաններում տվյալ փաստաթղթերը չեն կարող ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առարկա հանդիսանալ:  

18. Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Ս.Քոչարյանի կողմից օգտագործված, Ս.Հովհաննիսյանի անվամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղից տրված անդորրագիրը և հարկային հաշիվը հանդիսանում են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու հանցակազմի առարկա:       

19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ս.Քոչարյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը բեկանելով և վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ Ս.Քոչարյանի օգտագործած փաստաթղթերն ակնհայտ կեղծ չեն և վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում արդարացնելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռին:

20. Վերոշարադրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի կողմից սույն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետում մատնանշված փաստարկին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ 423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը 


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սեպուհ Սերգեյի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

 

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
    ե. դԱՆԻԵԼՅԱՆ
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

_______________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 156:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 47-48:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 106-109:

4 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Գաբրիելյանի գործով 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵՇԴ/0115/01/09 որոշման 16-րդ կետը:

5 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Պապիկյանի և Արարատ Սարգսյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԱՐԴ/0116/01/15 որոշման 15-րդ կետը:

6 Տե'ս նաև սույն որոշման 5-րդ կետը:

7 Տե'ս նաև սույն որոշման 6-րդ կետը:

8 Տե'ս նաև սույն որոշման 7-րդ կետը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան